Գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձագետներ Ֆլորիան Բայնդերը, Մարլոն Հյուսմանը եւ Յակոբ Վոլենշտայնը հրապարակել են Vance in Armenia – A Tailwind for Yerevan? հոդվածը, որում անդրադարձել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցին:
Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
Ֆլորիան Բայնդեր, Մարլոն Հյուսման, Յակոբ Վոլենշտայն
2026 թվականի փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Ջեյ Դի Վենսի այցը Երեւան ոչ միայն խորհրդանշական կարեւոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում, այլեւ տեղի է ունենում Հարավային Կովկասում խորքային աշխարհաքաղաքական վերափոխումների փուլում։
Տեսանելի միջազգային աջակցություն
Այցը կայացավ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսանելի միջազգային աջակցություն ապահովեց։ Այս կերպ, Միացյալ Նահանգներն ընդգծում է Հարավային Կովկասում ձեւավորող դեր ունենալու իր շարունակական եւ աճող հավակնությունն՝ առաջարկելով տարածաշրջանային կայունության նոր հնարավորություններ, միաժամանակ վերաձեւելով ուժերի հավասարակշռությունն այնպիսի եղանակներով, որոնք կարող են նաեւ ռիսկեր պարունակել։ Նախկինից առավել, Վաշինգտոնն այժմ ապավինում է տնտեսական փոխկախվածությանը՝ իր շահերը պաշտպանելու եւ տարածաշրջանային կայունությունը խթանելու նպատակով։
Ընտրություններից առաջ Փաշինյանին ցուցաբերած բացահայտ աջակցությունը, հավանաբար, Հայաստանում ներքաղաքական հետեւանքներ կունենա։ Չնայած հայկական ընդդիմության ներկայացուցիչների եւ MAGA (Making America Great Again) շարժման որոշ շրջանակների միջեւ շփումներին, մասնավորապես, կրեմլամետ գործիչների միջոցով, ինչպիսին է Թաքեր Կարլսոնը, Վաշինգտոնը ցուցադրաբար ընտրեց համագործակցությունը գործող կառավարության հետ։
Ամուր հիմք եվրոպական ներկայության համար
Եվրոպական Միությունը ողջունեց ձեռք բերված համաձայնությունները։ Այնուամենայնիվ, Վենսի այցը եւ TRIPP նախաձեռնության առաջխաղացումը նշանավորում են Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության տեսանելի տեղաշարժ՝ Վաշինգտոնի օգտին։ Միեւնույն ժամանակ, Եվրոպական Միությունը մնում է Հայաստանի համար աճող կարեւորության գործընկեր՝ քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։ Այն ունի գործիքների լայն եւ արդյունավետ փաթեթ՝ իր ներգրավվածությունն ընդլայնելու եւ կայուն ազդեցություն ապահովելու համար։
Դրանց թվում են «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնությունը՝ որպես ենթակառուցվածքային եւ կապի նախագծերի ռազմավարական շրջանակ, առանձին անդամ պետությունների երկկողմ ներդրումային էական պարտավորությունները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում բարեփոխումների գործընթացների շարունակական աջակցությունը։ Այս ամենին գումարվում է էներգետիկայի եւ թվային ոլորտներում տեխնիկական ու տնտեսական համագործակցության արդեն հայտարարված ընդլայնումը։ Միասին վերցված՝ այս գործիքներն ամուր հիմք են ստեղծում Հայաստանում եվրոպական ներկայության համար։ Այնուամենայնիվ, դրանք կարող են լիարժեք ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, եթե ռազմավարական առումով համադրվեն, քաղաքականապես համահունչ կերպով ներկայացվեն եւ տեսանելիորեն իրականացվեն։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Թեեւ TRIPP-ի հետ կապված կոնկրետ շրջանակային պայմանները, որոնք անհրաժեշտ են խոշոր ներդրումների իրականացնելուց առաջ, դեռեւս մշակման փուլում են, ինչպես նաեւ միասնական եվրոպական ընդհանուր ռազմավարությունը, Եվրոպան նկատելիորեն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում. դիվանագիտական ներկայացուցչությունները համալրվում են անձնակազմով, ակտիվանում են բարձր մակարդակի այցերը, ընդլայնվում են քաղաքական երկխոսության ձեւաչափերը, եւ առաջընթաց է գրանցվում ԵՄ մեկնող հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստական գործընթացում։ Այսպիսով, Եվրոպան շատ ավելին է, քան պարզապես զարգացումների դիտորդ։
Հնարավորությունների լայն պատուհան
Գերմանիան 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրեց։ Այժմ երկու կողմերն էլ կանգնած են այս գործընկերությունը կոնկրետացնելու եւ խորացնելու խնդրի առջեւ։ TRIPP նախագծերին ուղղված նպատակային տնտեսական ներգրավվածությունը կարող է նպաստել եվրոպական ազդեցության տեսանելի պահպանմանը եւ աջակցել դիվերսիֆիկացմանը։ Միեւնույն ժամանակ, Բեռլինը պետք է խուսափի ինստիտուցիոնալ մարգինալացումից եւ ներկայացնի եվրոպական նախաձեռնությունները որպես ԱՄՆ ձեւաչափերը լրացնող, այլ ոչ թե դրանց հետ մրցակցող։ Այս կերպ Եվրոպան կարող է ամրապնդել իր դերը որպես անկախ եւ երկարաժամկետ գործընկեր Հարավային Կովկասում։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ջեյ Դի Վենսի այցը մեկուսացված դիվանագիտական իրադարձություն չէր, այլ Հարավային Կովկասում ընթացող ռազմավարական վերադասավորման դրսեւորում։ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան տեսանելիորեն առաջ է ընթանում։ Արեւմուտքի նկատմամբ խորացող կողմնորոշումը, այդ թվում՝ Եվրամիության հետ նկատելի մերձեցումը, այս բարձր մակարդակի այցի միջոցով ձեռք է բերում լրացուցիչ քաղաքական նշանակություն եւ ինստիտուցիոնալ բովանդակություն։ Արդյո՞ք սա կվերածվի պատմական շրջադարձի, կախված է մի քանի գործոններից: Առաջինը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջող կնքումն ու իրականացումն է, երկրորդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կայունությունը եւ Փաշինյանի կառավարության քաղաքական առաջնահերթություններին հանրային աջակցությունը, եւ երրորդը՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները՝ ներառյալ Ռուսաստանում եւ Իրանում ու դրանց շուրջ ընթացող գործընթացները, ինչպես նաեւ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների խորացումը։
Եվրոպական Միության համար այս փուլը հնարավորությունների լայն պատուհան է բացում։ Տնտեսական ներկայությունը, կարգավորող չափանիշները եւ գործընկերությունը երկարաժամկետ բարեփոխումների իրականացման հարցում այն ոլորտներն են, որտեղ Եվրոպան շարունակում է ունենալ համեմատական առավելություններ։ Որոշիչը կլինի ռազմավարական հստակության եւ գործառնական հետեւողականության համադրումը, ինչպես նաեւ եվրոպական առաջարկների այնպիսի ձեւակերպումը, որ դրանք լրացնեն եւ կառուցվածքային առումով ամրապնդեն Հայաստանի դիվերսիֆիկացիան։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












