ԱՄՆ-ն առաջին անգամ ինքնաթիռով միջուկային միկռոռեակտոր է տեղափոխել - Mediamax.am

Փետրվար 17, 2026
165 դիտում

ԱՄՆ-ն առաջին անգամ ինքնաթիռով միջուկային միկռոռեակտոր է տեղափոխել


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Reuters-ի US conducts first air transport of nuclear microreactor in bid to show technology's viability հրապարակման հայերեն թարգմանությունը (կրճատումներով): 

Հիշեցնենք, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում փոքր ամերիկյան փոքր միջուկային ռեակտորի հանդեպ:

ԱՄՆ էներգետիկայի եւ պաշտպանության նախարարությունները փետրվարի 15-ին առաջին անգամ ինքնաթիռով փոքր միջուկային ռեակտոր են տեղափոխել Կալիֆոռնիայից Յուտա՝ զինվորական եւ քաղաքացիական նպատակների համար միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը ցուցադրելու նպատակով:

ԱՄՆ պետական մարմինները համագործակցել են Valar Atomics ընկերության հետ: 

Փոքր ռեակտորը՝ առանց միջուկային վառելիքի, տեղափոխվել է C-17 ռազմական բեռնատար ինքնաթիռով՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի եւ պաշտպանության փոխնախարար Մայքլ Դաֆիի ուղեկցությամբ:

Լուսանկարը` REUTERS


«Սա մեզ ավելի է մոտեցնում միջուկային էներգիայի տեղակայմանն այնտեղ եւ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է՝ մեր երկրի պատերազմողներին հաղթանակ տանելու համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելու նպատակով», - ասել է Դաֆին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փոքր միջուկային ռեակտորները դիտարկում է որպես ԱՄՆ էներգիայի արտադրությունն ընդլայնելու ուղիներից մեկը: Թրամփը 2025թ. մայիսին ստորագրել է չորս գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են ներքին միջուկային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը՝ ազգային անվտանգության եւ արհեստական բանականության ոլորտում աճող էներգիայի պահանջարկը բավարարելու համար:

Տեղափոխված միկռոռեակտորը, որը մի փոքր ավելի մեծ է սովորական միկրոավտոբուսից, կարող է արտադրել մինչեւ 5 մեգավատ էլեկտրականություն, որը բավարար է 5 000 տուն սնուցելու համար, ասել է Valar-ի գլխավոր տնօրեն Իսայա Թեյլորը: 

Այն կսկսի աշխատել ս.թ. հուլիսին՝ 100 կիլովատ հզորությամբ, հետո կհասնի 250 կիլովատի՝ նախքան ամբողջական հզորությամբ աշխատելուն անցնելը:

Լուսանկարը` REUTERS


Valar-ը նախատեսում է 2027 թվականին սկսել էներգիայի վաճառքը, իսկ 2028-ին ամբողջության առեւտրային դառնալ:

Իսայա Թեյլորն ասել է, որ թեեւ մասնավոր ոլորտը ինքնուրույն է ֆինանսավորում է այպիսի տեխնոլոգիայի զարգացումը, այն դաշնային կառավարության աջակցության կարիքն ունի՝ վառելիքի արտադրությունն ու ուրանի հարստացումը տեղում կազմակերպելու համար:

Թեեւ միջուկային թափոնների խնդիրը դեռ լուծված չէ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը քննարկումներ է տանում մի քանի նահանգների հետ, ներառյալ Յուտան, որպեսզի դրանք տարածքներ առաջարկեն թափոնների վերամշակման կամ դրանց մշտական պահեստավորման համար, ասել է Ռայթը:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին