«Բառեր ջնջելը վրիպում չէր, այլ անպատվաբեր ընտրություն» - Mediamax.am

Փետրվար 16, 2026
125 դիտում

«Բառեր ջնջելը վրիպում չէր, այլ անպատվաբեր ընտրություն»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Փասադենայի նախկին քաղաքապետ, Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալ, Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի ռազմական փաստաբան Ուիլյամ Փափարյանի The Politics of a Deleted Word at Armenia’s Genocide Memorial հոդվածի հայերեն թարգմանությունը: 

Ուիլյամ Փափարյան

2026 թվականի փետրվարի 10-ին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կանգնած էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ իր կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Նա ԱՄՆ առաջին գործող փոխնախագահն էր, որ արեց դա։ Նրանք ծաղկեպսակ դրեցին, ստորագրեցին հյուրերի գիրքը եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից համակարգված կերպով սպանված եւ տեղահանված 1.5 միլիոն հայերին. վայրագություն, որը պատմաբանների կողմից միահամուռ ճանաչվել է որպես ցեղասպանություն։ 

Մի քանի րոպե անց Վենսի պաշտոնական X էջում տեղադրվեց լուսանկար եւ մակագրություն, որը ճշգրիտ նկարագրում էր այցը. նրանք այնտեղ էին «1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար»։ 

Ժամեր անց այդ գրառումն անհետացավ։ Ջնջվեց։ Փոխարինվեց արարողության տեսանյութեր եւ լուսանկարներ պարունակող «մաքուր» տարբերակով, բայց հանվեց «ցեղասպանության» հիշատակումը՝ դառնալով անմեղ գրառում հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու եւ հյուրերի գրքում ստորագրելու մասին: Սպիտակ տունը դա որակեց որպես «աշխատակցի սխալմունք» պատվիրակության անդամ չհանդիսացող անձի կողմից, բայց այս արդարացումը քննադատության չի դիմանում: Փոխնախագահի պաշտոնական օգտահաշիվները չեն հրապարակում չստուգված բովանդակություն կարեւոր դիվանագիտական այցերի ժամանակ: Սա պատահականություն չէր. սա միտումնավոր հերքում էր, պատմության հերքման հաշվարկված գործողություն՝ հաճոյանալու Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի դաշնակցին, որը ագրեսիվորեն ժխտում է Ցեղասպանությունը եւ պատժում այն ճանաչողներին: Այս ջնջումը ամենեւին փոքր սխալ չէր, այլ անպատվաբեր դավաճանություն՝ զոհերի, ճշմարտության, ամերիկյան բարոյական առաջնորդության եւ այն սկզբունքների նկատմամբ, որոնք Վենսը ժամանակին պնդում էր, որ պաշտպանում է:

Այս գործողությունը անպատվաբեր է նախ եւ առաջ այն պատճառով, որ նոր ցավ է պատճառում վերապրածների ժառանգներին եւ հայ ժողովրդին: Պատկերացրեք, որ այցելում եք Օսվենցիմ կամ Հոլոքոստի հուշարձան, հարգանքի տուրք մատուցում Հոլոքոստի զոհերին, ապա ժամեր անց ջնջում «Հոլոքոստ» բառը՝ Գերմանիային չվիրավորելու համար: Կհետեւեր անհապաղ եւ արդարացված վրդովմունք։ Սակայն այստեղ՝ անհավանական տառապանքների՝ սովամահության երթերի, զանգվածային մահապատիժների, մահվան ճամբարների հիշատակը հավերժացնող այս վայրում, վարչակազմը արժանապատվության փոխարեն նախընտրեց ջնջել այն։ 

Լուսանկարը` REUTERS


Սրբազան հողի վրա կանգնելուց հետո այդ եզրույթը ջնջելով՝ Վենսի թիմը ոչ միայն բաց թողեց մեկ բառ, այլ թուրքերի հետ մասնակցեց ցեղասպանության ժխտման երկարատեւ արշավին, որը ձգտում է զոհերից խլել նույնիսկ այն լեզուն, որով կարող են անվանել իրենց արհավիրքը։ Սա դիվանագիտություն չէ, այլ մոռացության տալու մեղսակցություն։

Հատկապես վատ է այն, որ այս բառը ջնջելով բացահայտվում է ակնհայտ քաղաքական վախկոտությունը: Թրամփի վարչակազմը մշտապես հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ Թուրքիայի զգայունությունը պատմական փաստերից վեր դասելով, թեեւ ԱՄՆ Կոնգրեսը 2019 թվականին ճանաչեց իրադարձությունները, իսկ նախագահ Բայդենը հաստատեց այդ եզրույթը 2021 թվականին: 

Վենսի սկզբնական գրառումը մի պահ խախտեց այդ օրինաչափությունը՝ անկեղծության փոքրիկ նշույլ պարգեւելով: Դրա հապշտապ հեռացումը բացահայտում է վախը. վախը Թուրքիայի բացասական արձագանքից, վախը Ադրբեջանի (Թուրքիայի մտերիմ դաշնակցի) հետ առաջիկա բանակցությունները բարդացնելուց, վախը աշխարհաքաղաքական մանեւրների ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վտանգելուց: Հաղորդագրությունները հստակ կապ են տեսնում այս պահի եւ Թուրքիայի դերի հետ Իրանի հետ միջնորդության եւ այլ տարածաշրջանային գործընթացների հետ: Կարճ ասած՝ ճշմարտությունը զոհաբերվեց նպատակահարմարության զոհասեղանին: Առաջնորդի համար, որն իր կերպարը կառուցել էր անկեղծության եւ վերնախավի վախկոտության նկատմամբ արհամարհանքի վրա, այս նահանջը հատկապես նշանակալից է: Այն ապացուցում է, որ երբ իրական ճնշում է գործադրվում ոչ թե ներքին քննադատների, այլ արտաքին տերության կողմից, կոշտ հայտարարությունները գոլորշիանում են:

Այս միջադեպը մեծ վնաս է հասցնում նաեւ Ամերիկայի հեղինակությանը որպես մարդու իրավունքների պաշտպանի: Միացյալ Նահանգները վաղուց ի վեր հանդես են գալիս որպես ավտորիտար ռեւիզիոնիզմի բարոյական հակակշիռ՝ դատապարտելով Հոլոքոստի ժխտումը, Ուկրաինայում Ռուսաստանի վայրագությունները, Չինաստանում ույղուրական ճամբարները: Սակայն այստեղ՝ Ցեղասպանության հուշարձանի մոտ, փոխնախագահը խոնարհվեց ժխտողական պետության առջեւ, որը քրեականացնում է հենց այն ճշմարտությունը, որը նա մի պահ ընդունել էր: Կեղծավորությունը ակնհայտ ու քայքայիչ է: Այն աշխարհին ասում է, որ ամերիկյան սկզբունքները ճկուն են, երբ ներգրավված են դաշնակիցներ, որ ցեղասպանության ճանաչումը բանակցելի է, եթե Անկարայի հետ բախումների վտանգ է ստեղծում: Հայկական սփյուռքի խմբերը եւ միջազգային դիտորդները իրավացիորեն այն անվանեցին «ամոթալի նահանջ», որը նորմալացնում է պատմության արդարացումը: Աճող ավտորիտարիզմի եւ «կեղծ լուրերի» դարաշրջանում ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակների նման գործողությունները խաթարում են վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ եւ խրախուսում նրանց, ովքեր վերաշարադրում են պատմությունը:

Լուսանկարը` REUTERS


Վերջում դիտարկենք նախադեպը: Եթե ԱՄՆ փոխնախագահը կարող է այցելել Ցեղասպանության հուշարձան, մի պահ ճշմարտությունն ասել, ապա ճնշման տակ ջնջել այն, ի՞նչ ուղերձ է դա ապագա առաջնորդներին կամ այժմյան վայրագությունների զոհերին: Այն ասում է, որ բարոյական քաջությունը ընտրովի է, որ անհարմար փաստերը կարող են հիշողության մեջ խեղաթյուրվել ուղղակի «աշխատակցի սխալի» պատրվակով: Վենսի նահանջը առաջնորդել չէր, այլ հանձնվել։ Այն վիրավորանք էր մահացածներին՝ նրանց հիշատակը դիվանագիտական առեւտրի խաղաքարտ դարձնելով, վիրավորանք էր ողջերին՝ կասկածի տակ դնելով իրենց փաստերը, եւ վիրավորանք էր պաշտոնին՝ հանդիսավոր հարգանքի տուրքը ցինիկ թատրոնի վերածելով։

Բառեր ջնջելը պարզապես վրիպում չէր։ Դա ընտրություն էր՝ անպատվաբեր ընտրություն, երբ աշխարհաքաղաքական բարեհարմարությունը գերադասվեց անպաճույճ ճշմարտությանը։ Պատմությունը կհիշի ոչ թե դրված ծաղկեպսակը, այլ ջնջված խոսքերը։ Իսկական պատիվը պահանջում է անսասանություն, նույնիսկ երբ այն բարեհարմար չէ։ Վենսը չանցավ այդ փորձությունը, եւ Ամերիկան այդ պատճառով տուժեց։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին