Ներկայացնում ենք Al Monitor պարբերականում հրապարակված Direct Turkey-Armenia land trade to begin amid US-led Caucasus peace push հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):
Թուրքիան եւ Հայաստանը համաձայնել են ուղիղ երկկողմ ցամաքային առեւտուր իրականացնել Վրաստանի միջոցով՝ վերացնելով տասնամյակներ տեւած վերաարտահանման մեխանիզմը: Այդ մասին Al-Monitor-ին տեղեկացել է երկու աղբյուրից:
Հայաստանի հետ հարաբերություների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ համար Սերդար Քըլըչը եւ նրա հայ գործընկեր՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2025թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացրել էին իրենց վեցերորդ հանդիպումը:
Դրանից հետո Քըլըչը հանդիպել էր Թուրքիայի առեւտրի պալատների եւ ապրանքային բորսաների միության (TOBB) ղեկավար Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուի հետ՝ քննարկելու ձեռք բերված համաձայնության տեխնիկական մանրամասները:
Al-Monitor-ը դիմել է Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություններին մեկնաբանություն ստանալու համար:
«Որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, եւ տեխնիկական աշխատանքները շարունակվում են», - Al-Monitor-ին ասել է Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակը:
Մինչ այժմ երկու երկրների միջեւ ցամաքային առեւտուրն իրականացվում է վրացական միջնորդների միջոցով՝ անուղղակի վերաարտահանման գործընթացների շրջանակում: Վրաստան մուտք գործելիս Հայաստանի համար նախատեսված թուրքական ապրանքները պաշտոնապես վերակարգավորվում են որպես առանձին արտահանում:
Նոր համաձայնության համաձայն՝ Վրաստանով տարանցիկ բեռները այլեւս չեն դիտարկվի որպես վերաարտահանում: Առաքումները կպահպանեն իրենց սկզբնական արտահանման կարգավիճակը տարանցման ընթացքում՝ վերացնելով վրացական միջնորդ ընկերություններից օգտվելու անհրաժեշտությունը եւ հնարավորություն տալով ուղիղ երկկողմ առեւտուր վարել առանց փակ ցամաքային սահմանը բացելու:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը գերազանցել է 336 միլիոն դոլարը:
Հայաստանի ներմուծումը Թուրքիայից կազմել է մոտ 335 միլիոն դոլար, որից մոտ 40%-ը իրականացվել է ցամաքային ճանապարհով Վրաստանի միջոցով: Սա նշանակում է, որ նոր սխեման հիմնականում օգուտ կբերի թուրք առեւտրականներին:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: