Ներկայացնում ենք պատմաբան, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տված հարցազրույցի թարգմանությունը:
Թարգմանությունը կատարվել է անգլերեն տարբերակից, որը հրապարակվել էր Georgia Today կայքում:
Ժիրայր Լիպարիտյանի հետ զրուցել է Վաժա Թավբերիձեն:
- Վերջերս նշել էիք. «Հայաստանը պարտվեց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, բայց շատ հայեր վտանգավոր խաղ են խաղում՝ ձեւացնելով, թե դա տեղի չի ունեցել»։ Ի՞նչ գին ունի այդ խաղը շարունակությունը։
- Քաղաքականությունները աղետի են հանգեցնում, երբ իրողությունների վրա հիմնված չեն։ Եթե ունես նպատակներ, բայց չունես դրանք իրականացնելու միջոցներ ու ռազմավարություն եւ փոխարենը առաջադրում ես առավելապաշտական պահանջներ, դա բերում է մոլորության եւ ինքնախաբեության։ Ինչպես նախկինում գրել եմ, Ադրբեջանը կարող է պարտվել պատերազմում եւ վերադառնալ նոր պատերազմի՝ շատ ու շատ անգամներ։ Նրանք կարող են այդպիսի շքեղություն թույլ տալ իրենց։ Հայաստանը կարող է պարտվել պատերազմում միայն մեկ անգամ եւ վերականգնվելը շատ դժվար կլինի։ Ադրբեջանը ունի միջոցներ, ընկերներ եւ դաշնակիցներ դա անելու համար, Հայաստանը՝ ոչ։ Ռեալիզմի աշխարհում կարող ես ինչ-որ բանի նկատմամբ իրավունք ունենալ, բայց առանց այն իրականացնելու միջոցների պետք է գնաս փոխզիջումների այնտեղ, որտեղ հնարավոր է։
Որեւէ բանի նկատմամբ իրավունք ունենալը համարժեք չէ մյուս կողմի ռազմական միջոցներին եւ ռազմավարությանը։ Հայաստանի կողմից որդեգրված ոչ իրատեսական քաղաքականությունները, սկսած 1998 թվականից, հանգեցրել են Ղարաբաղի հայերի ամենահիմնական իրավունքի կորստին՝ իրենց նախնիների հողում ապրելու իրավունքի։ Նրանք այդ իրավունքը ունեն, բայց չունեն այն իրագործելու միջոցներ կամ կենսունակ ռազմավարություն։
Երկու տարի առաջ հայերը խիստ մտահոգված էին, որ կարող են կորցնել նաեւ հենց Հայաստանը։ Ոմանք նույնիսկ վստահ էին, որ դա տեղի է ունենալու։ Այժմ թվում է՝ շատերը մոռացել են դա եւ վերադառնում են հին օրինաչափությանը՝ առավելագույնը պահանջելու եւ քաղաքականություն ձեւավորելու՝ հիմնվելով միայն ունեցած իրավունքի, այլ ոչ թե իրական հնարավորությունների վրա։
- Երբ հետադարձ հայացք ենք գցում Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին, թվում էր կանխորոշված, որ Ադրբեջանը կհաղթի՝ հաշվի առնելով Զինված ուժերում կատարված ներդրումների ծավալը։ Ի՞նչն էր Հայաստանը համոզել, որ կարող է հաղթել՝ առանց փոխզիջումների։
- Դա ինքնախաբեության ձեւ էր։ Կենտրոնանում ես միայն քո քաղաքականության, միայն նրա վրա, ինչ ցանկանում ես, եւ մոռանում կամ անտեսում ես, որ կա նաեւ մյուս կողմը, որն էլ իր նպատակներն ունի։ Մի ժամանակ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ասում էին, թե հարցը լուծվել է 1990-ականներին, եւ եթե Բաքուն խնդիր ունի, թող այն լուծի որպես իր ներքին խնդիր։
Այն փաստը, որ խնդիրը երկու հակադիր կողմ ունի, կարծես նրանց համար նշանակություն չուներ. նրանք մտածում էին՝ հաղթել ենք, եւ վերջ, հարցը փակ է։ Ակնհայտորեն այդպես չէր։
- Ձեր ասած ինքնախաբեության մեջ ի՞նչ դեր ուներ Ռուսաստանը։
- Երկու բան կարող եմ նշել։ Առաջինը՝ Ղարաբաղի ղեկավարների մտածողությունը հաճախ պայմանավորված էր նրանով, թե ինչ էր նրանց ասում Ռուսաստանը։ Հայկական կողմը այդ ժամանակ առաջնորդվում էր Ռուսաստանի հանդեպ գրեթե բնազդային վստահությամբ՝ որպես պաշտպան եւ փրկիչ։ Հայերը հավատում էին, որ Ռուսաստանը չի կարող իրենց հուսախաբ անել։
Երկրորդը՝ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում որոշ ազգայնական ուժեր պնդում էին, որ եթե Ադրբեջանը նավթ ունի, ապա Հայաստանը սփյուռք ունի։ Ինչ-որ կերպ նրանք եկել էին այն եզրակացության, թե սփյուռքը համարժեք է Ադրբեջանի նավթին, եւ դա հայերի ինքնախաբեության կարեւոր գործոններից էր։ Այսօր, թվում է, Հայաստանի կառավարության մոտ ինքնուրացումն ու ինքնախաբեությունը նվազել են, եւ իրականությանն ավելի համապատասխան մոտեցում կա։ Դա կարելի է ասել՝ դիտելով ներկայիս կառավարության կեցվածքն ու տրամադրվածությունը։ Հայաստանում մարդկանց վերաբերմունքն էլ Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ փոխվում է։
- Այս համատեքստում՝ որքանո՞վ ենք մոտ իրական եւ տեւական խաղաղության պայմանագրին։
- Մենք մոտ ենք համաձայնեցված խաղաղությունը ամրապնդելուն։ Երկու կողմերը կառուցում են ձեռք բերված փոխադարձ վստահության վրա՝ ամեն օր առաջ եկող փոխվստահության ամրապնդման միջոցներով։ Որոշ հարցեր դեռ մնում են, բայց կողմերը, կարծես, հանձնառու են դրանք լուծել բանակցությունների միջոցով։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտարարել են, որ պատերազմն ավարտված է, եւ այդ հայտարարությունից հետո նրանց գործողությունները դա հաստատում են։
Կարեւոր է նշել, որ խաղաղության պայմանագիրը մշակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ, երկկողմ բանակցությունների արդյունքում, փոխադարձ վստահության աճի պայմաններում, ինչպես նաեւ երկու երկրների կողմից իրենց ազգային շահերի հստակ սահմանման հիման վրա։ Իհարկե, երբեք չի կարող լինել բացարձակ երաշխիք, որ խաղաղությունը կպահպանվի ցանկացած եւ բոլոր հանգամանքներում։ Օրինակ՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների արդյունքում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, եւ նոր կառավարությունը կարող է փոխել ընթացիկ քաղաքականությունը, մերժել խաղաղության պայմանագիրը եւ վերադառնալ առավելապաշտական հայտարարություններին։ Դա կարող է բերել նաեւ Ադրբեջանի քաղաքականության փոփոխության։ Եթե Հայաստանը փոխվի, Ադրբեջանը կհամապատասխանեցնի իր քաղաքականությունը։ Բացի այդ, միջազգային իրավիճակը, որը լավագույնս կարելի է բնութագրել որպես քաոսային, կարող է ստեղծել ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ անորոշություն ու անկանխատեսելիություն մեծ խաղացողների համար։ Մնում է հուսալ, որ Երեւանն ու Բաքուն կկարողանան խելամտորեն նավարկել այդ քաոսում։
- TRIPP նախագծի համատեքստում արդյո՞ք ականատես ենք լինում ԱՄՆ քաղաքականության երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ փոփոխության Հարավային Կովկասում, թե՞ սա պարզապես հերթական փաստարկն է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։
- Շատ տեղին հարց է։ Ամենակարեւոր հանգամանքը, որ պետք է հիշել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին, այն է, որ այն շատ ավելի քիչ է կախված արտաքին միջնորդներից, օրինակ՝ ԱՄՆ-ից, այդ թվում՝ TRIPP համաձայնագրի մանրամասներից։
Երկրորդ փաստն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր ԱՄՆ-ը հետաքրքրված է տարածաշրջանով, եւ Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը, ըստ էության, այդ քաղաքականության շարունակությունն է։ Փոխնախագահ Վենսի այցը եւս մեկ ցուցիչ է, որ ԱՄՆ-ը հետեւողական է եւ շարունակում է իր ներգրավվածությունը։
Մեծ փոփոխությունը ոչ այնքան ԱՄՆ քաղաքականությունն է, որքան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունների փոփոխությունը, եւ ԱՄՆ-ը օգտվում է այդ փոփոխությունից։ Հուսով եմ, սակայն, որ փոխնախագահի այցը չափազանցված վստահություն չի ստեղծի ԱՄՆ ներգրավվածության նկատմամբ՝ հատկապես անվտանգության հիմնարար հարցում։ Հաշվի առնելով, որ տարիների ընթացքում TRIPP-ը կարող է պակաս կարեւոր դառնալ, եթե բացվեն այլ տարանցիկ ուղիներ, եւ կենտրոնական Հայաստանի տարածքով անցնող ուղիները դառնան ավելի գործնական, քան հարավով շրջանցող եւ հետո հյուսիս բարձրացող երթուղիները։ Ի դեպ, կցանկանայի, որ TRIPP-ն այլ անվանում ունենար. նման խորհրդանիշներն էլ նշանակություն ունեն։
- Ձեր զգուշավորությունը հակադրվում է այն կարծիքին, որ Բաքուն եւ Երեւանը հմուտ քայլ կատարեցին՝ ներգրավելով ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին հակակշռելու համար։
- Ես այդքան նշանակություն չէի տա այն մտքին, թե Հայաստանը եւ Ադրբեջանը խաղադրույք են անում ԱՄՆ-ի վրա՝ Ռուսաստանին հակակշռելու համար։ Երբ խոսք է գնում անվտանգության հիմնարար հարցերում Մոսկվայի հնարավոր անցանկալի քայլերից պաշտպանվելու մասին, պետք է գիտակցել, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի քայլերը սահմաններ ունեն՝ առնվազն Հարավային Կովկասում։ Վրաստանը դրա լավագույն օրինակն է:
Քանի դեռ Երեւանն ու Բաքուն համակարգում են իրենց քաղաքականությունները եւ հիմնվում են նոր ձեւավորված խաղաղասիրական ոգու վրա, Մոսկվայի լծակները նվազում են, եւ երկու հանրապետությունները ստիպված չեն լինի հենվել ուրիշների վրա։ Հուսով եմ՝ նման համագործակցությունը կհանգեցնի տարածաշրջանային քաղաքական ինքնության եւ նոր կարգի ձեւավորմանը՝ մի կարգ, որը որեւէ մեկի դեմ ուղղված չէ, բայց տարածաշրջանը պակաս խոցելի կդարձնի արտաքին ազդեցությունների համար։
- Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող մնացած խնդիրները որքանո՞վ բարդ են։
- Ես մեծ խնդիր չեմ տեսնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ինչպես ասացի, երկրները սահմանել են իրենց ազգային շահերը, եւ այդ շահերը համընկնում են՝ հատկապես խաղաղություն ունենալու հարցում։
- Եթե այս խաղաղությունը իրականություն դառնա, ինչպե՞ս դա կփոխի տարածաշրջանը։
- Երբ վերլուծաբաններն ու մեկնաբանները մտածում են տարածաշրջանի մասին, նրանք պատկերացնում են խողովակաշարեր, տարանցիկ ուղիներ, աշխարհաքաղաքական շահեր եւ մրցակցություններ, եւ մոռանում են, որ այս հանրապետությունները գոյություն ունեն մարդկանց միջոցով եւ մարդկանց համար։ Ամենակարեւոր հետեւանքը կլինի այն, որ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղություն կունենան։ Դա նշանակում է, որ նրանց երիտասարդները չեն զոհվի նոր պատերազմներում, որ ներքին տնտեսական դինամիկան կբարելավվի, եւ որ երկարաժամկետ հեռանկարում պետական բյուջեները չեն հիմնվի պաշտպանության ծախսերի վրա։ Իհարկե, միջազգային հաղորդակցային ձեւաչափերը նույնպես կփոխվեն՝ Արեւելքը Արեւմուտքի հետ կապելու առումով՝ Չինաստանից Եվրոպա եւ ավելի հեռու, եւ դա լրացուցիչ օգուտներ կբերի։
- Դավոսում նախագահ Ալիեւը նշել էր, որ այն, ինչ այսօր անցնում է Վրաստանով, մի օր կարող է անցնել Հայաստանի տարածքով։
- Վրաստանը չի զրկվի տարանցիկ ուղու իր դերակատարությունից, հատկապես եթե տարածաշրջանային առեւտրի ծավալները աճեն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շնորհիվ։ Դա օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։
- Դավոսում նախագահ Թրամփը ասել էր, թե Պուտինը զարմացած էր իր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում իր դերակատարությամբ եւ ավելացրել էր՝ «դա նրա տարածքն է»։ Ինչպե՞ս մեկնաբանել դա։
- Ամենայն հարգանքով ԱՄՆ նախագահի նկատմամբ՝ ես չեմ հիմնվում նրա բնորոշումների վրա՝ Պուտինի հետ նրա քննարկումները վերլուծելու համար։ Իհարկե, TRIPP նախագիծը կարեւոր հարց էր երկու երկրների համար, եւ հատկապես տարանցիկ ուղու կառավարման վերաբերյալ կոնկրետ համաձայնությունը ԱՄՆ-ի համար ձեռքբերում էր: Հետաքրքիր է, որ Ռուսաստանը կարող էր նման ձեռքբերում ունենալ շատ ավելի վաղ, բայց չգնաց այդ ճանապարհով։
- Խոսելով Ռուսաստանի մասին՝ ինչպե՞ս եք պատկերացնում նրա արձագանքը, երբ եւ եթե Ուկրաինայի պատերազմն ավարտվի։
- Երբ եւ եթե Ուկրաինայի պատերազմն ավարտվի, միշտ կա հավանականություն, որ Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի գին կվճարեն։ Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Ռուսաստանը։ Սակայն թվում է անխուսափելի, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, պետք է վերանայվի։ Ուկրաինայով զբաղվածությունը եւ դրա միջազգային հետեւանքները որոշ չափով կաթվածահար են արել Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերանայման հնարավորությունը։ Շատ առումներով ռուսական քաղաքականությունը դեռ գործում է հին բնազդներով. ձեւավորվել է ավելի պաշտպանողական մտածելակերպ, որը խրախուսել է ազգայնական եւ ընդարձակողական քաղաքականություն, եւ մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ Մոսկվա։
Երկրորդ՝ Ռուսաստանը կորցրել է իր կարեւոր լծակներից մեկը Հայաստանում՝ բնակչության եւ որոշ քաղաքական ուժերի ավանդական ռուսամետ վերաբերմունքը։ Դա տեղի ունեցավ, որովհետեւ Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները՝ կապված 2020-ին Ղարաբաղում խաղաղապահության եւ 2023-ին Հայաստանի սահմանների պաշտպանության հետ։ Մոսկվան հրաժարվում է հասկանալ հայ հասարակության մտածելակերպի փոփոխության հետեւանքները եւ համապատասխանեցնել իր քաղաքականությունը։ Այն շարունակում է ակնկալել, որ Հայաստանը կլսի իրեն՝ անկախ իր վարքից։
Այդ քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված էր Թուրքիայի հանդեպ վախի պահպանման վրա. քանի դեռ հայկական քաղաքականության հիմքում վախն էր Թուրքիայից, Մոսկվան կարծում էր, որ Հայաստանը այլընտրանք չունի։ Որոշ հայկական հաստատություններ, ներառյալ եկեղեցին, ընդունել են այդ տրամաբանությունը, սակայն հասարակությունը կորցրել է վստահությունը Մոսկվայի հանդեպ, եւ դա ճանապարհ է հարթել նոր մտածողության համար, որի համաձայն Հայաստանը մենակ է եւ դաշնակիցներ չունի, ուստի պետք է փորձի լուծել իր խնդիրները հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել այդ ուղղություններով։
- Եվ թվում է՝ դրանք արդյունք են տալիս։
- Կառավարության քաղաքականությունն աշխատում է, որովհետեւ Ադրբեջանը նույնպես որոշել է, որ այլեւս Հայաստանի հետ հակամարտության կարիք չունի եւ խաղաղությունը անհրաժեշտ է իր ավելի լայն նպատակներին հասնելու համար։ Թուրքիան 1993-ից ի վեր հայտարարել է, որ խնդիր չունի Հայաստանի հետ, սակայն հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խնդիրների լուծմամբ։ Մենք աստիճանաբար մոտենում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Կարծում եմ՝ այդ հարաբերությունները կկարգավորվեն։ Այդ պայմաններում Մոսկվան ստիպված կլինի վերանայել իր դիրքորոշումը։
- Մոսկվան կարող է ուժ կիրառել կամ ներքին քաոս հրահրել Հայաստանում, բայց երկուսն էլ դժվար իրագործելի եւ ոչ արդյունավետ կլինեն։
- Ես չեմ պատրաստվում խորհուրդներ տալ Ռուսաստանին։ Որպես պատմաբան՝ ես միշտ մեծ հարգանք եմ ունեցել ռուսական դիվանագիտության նկատմամբ, եւ Մոսկվան ինքն է սահմանելու իր շահերը։ Բայց կարող եմ նշել, որ ուժի կամ քաոսի քաղաքականության հետեւանքները երկարաժամկետ հեռանկարում դժվար թե օգտակար լինեն Ռուսաստանի համար։ Բնակչությանը Ռուսաստանի դեմ տրամադրելը լավագույն ճանապարհը չէ տարածաշրջանում ազդեցիկ մնալու կամ օրինական շահերը պաշտպանելու համար, ինչպես ցույց տվեց Խորհրդային Միության փորձը։ Այն, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ բան անել, չի նշանակում, որ երկարաժամկետ արդյունքը կլինի այն, ինչ ինքն է ցանկանում։
Վերջապես, Ռուսաստանը կարող է օգտագործել իր տնտեսական լծակները Հայաստանում, բայց ինչպես վկայում է Վիետնամի փորձը ԱՄՆ-ի դեպքում կամ Աֆղանստանի փորձը ԽՍՀՄ-ի դեպքում՝ կարող ես գերազանց զենք եւ տնտեսական ազդեցություն ունենալ, բայց միշտ չէ, որ կարող ես դրանք կիրառել, որովհետեւ հետեւանքները կարող են ավելի ծանր լինել, քան այն խնդիրը, որը փորձում ես լուծել։
- Կարո՞ղ է Հայաստանը գնալ «վրացական սցենարով»՝ առանց Ռուսաստանին օտարացնելու։
- Ռուսաստանը փորձել է կրկնել վրացական սցենարը, բայց Հայաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է դա կանխելու ուղղությամբ։ Ազգայնական ուժերի, օլիգարխների կամ եկեղեցու միջոցով ձեռնարկվող այդ փորձերը դիմադրության են բախվում։ Կառավարությունը հստակորեն տարբերակում է Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը։ Մոսկվան ունի օրինական շահեր Հարավային Կովկասում, սակայն դրանցից ավելին հետապնդելը՝ հարկադրանքի կամ անընդունելի միջոցներով, այլ հարց է, եւ դրա հնարավորությունները սահմանափակ են։ Ադրբեջանում այդ հնարավորությունները նույնիսկ ավելի սահմանափակ են։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: