Ներկայացնում ենք իսրայելական Globes պարբերականի Armenia unveils suicide drone resembling IAI's Harop հոդվածի հայերեն թարգմանությունը:
Միջազգային հարաբերությունները բարդ գործ են, հատկապես երբ խոսքը վերաբերում է զենքին: Իսրայելը հայտնվել է անհարմար իրավիճակում. Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերության կողմից մշակված Harop կամիկաձե ԱԹՍ-ի իր տարբերակը, ինչը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
Վիրաբուժական ճշգրտություն
Harop-ը տպավորիչ բնութագրերով «կամիկաձե» (պարեկող զինամթերք) ԱԹՍ է՝ 200 կիլոմետր գործողության շառավղով, մինչեւ 9 ժամ թռիչքի տեւողությամբ: Այն կարող է մոտ 16 կիլոգրամ պայթուցիկ նյութ կրել, աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ եւ ի վիճակի է գրոհել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքերից:
2020 թվականի պատերազմի ընթացքում IAI-ի արտադրության Harop-ը դարձավ Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի խորհրդանիշը: Նրա արդյունավետությունը մարտի դաշտում այնքան մեծ էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նկարվեց ԱԹՍ-ի հետ:
Իսրայելական տեխնոլոգիաների արտահո՞սք
Հնդկաստանը իսրայելական պաշտպանական արտադրանքի խոշոր գնորդ է. 2020-2024 թվականներին նրան է բաժին հասել իսրայելական պաշտպանական արտահանման մոտ 34%-ը:
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ այդ գործարքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 20.5 միլիարդ դոլար:
Վարչապետ Նարենդրա Մոդիի «Պատրաստված է Հնդկաստանում» քաղաքականությունը պարտավորեցնում է օտարերկրյա ընկերություններին արտադրական գծերն ու տեխնոլոգիաները փոխանցել հնդկական կողմին: Այսպիսով՝ Հնդկաստանը ներմուծողից աստիճանաբար վերածվում է ինքնուրույն սպառազինության արտահանողի, ինչը մի շարք դեպքերում հակասում է իսրայելական շահերին: Թերեւս, հենց սա է տեղի ունենում այժմ Հայաստանում:
Անցյալ տարվա մայիսին, Պակիստանի դեմ գործողության ընթացքում, Հնդկաստանը մեծ ծավալներով կիրառել է Harop-ները: Իսկ 2025 թվականի հոկտեմբերին հայկական Davaro ընկերությունը ներկայացրեց Dragonfly 3 կամիկաձե ԱԹՍ-ն, որը Harop-ի ճշգրիտ պատճենն է:
«Հնդկական հետքը» ի հայտ եկավ անցյալ շաբաթ, երբ Նյու Դելիից պատվիրակություն այցելեց Հայաստան եւ ծանոթացավ նոր ԱԹՍ-ի հետ:
Լուսանկարը` Davaro
Dragonfly 3-ը ունի 3000 մմ թեւերի բացվածք եւ 5 կգ մարտական բեռնվածություն: Ըստ Davaro-ի՝ ԱԹՍ-ն կարող է օդում մնալ մինչեւ մեկ ժամ, արագությունը կազմում է 126 կմ/ժ, իսկ գործողության շառավիղը՝ մինչեւ 120 կիլոմետր:
Լուսանկարը` Davaro/Զինուժ Մեդիա
Իսրայելի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան ղեկավարը Globes-ին հայտնել է, որ իր կարծիքով տեխնոլոգիաները Հայաստան են հասել Հնդկաստանից: Ըստ Globes-ի տեղեկատվության՝ Ադրբեջանը ծայրահեղ դժգոհ է ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանի մոտ նման ռազմավարական միջոցի առկայությունն ուղղակի սպառնալիք է նրա անվտանգությանը:
Լուսանկարը` Davaro/Զինուժ Մեդիա
Israel Aerospace Industries ընկերությունը հայտարարել է, որ «իրականացնում է միջազգային համագործակցություն, ներառյալ Հնդկաստանի հետ, բացառապես Իսրայելի օրենսդրությանը, պաշտպանության նախարարության եւ Պաշտպանական արտահանման վերահսկողության գործակալության (DECA) հրահանգներին համապատասխան»:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: