Մակրոն. «Եթե ոչինչ չձեռնարկենք, Եվրոպան հինգ տարում կվերանա» - Mediamax.am

Փետրվար 10, 2026
272 դիտում

Մակրոն. «Եթե ոչինչ չձեռնարկենք, Եվրոպան հինգ տարում կվերանա»


Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր
Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր
Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր
Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր

Լուսանկարը` REUTERS


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հարցազրույց է տվել խոշոր եվրոպական պարբերականներին՝ Süddeutsche Zeitung, Le Monde, Financial Times եւ El País:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ֆրանսիայի նախագահի հարցազրույցի հատվածները, որոնք պատրաստել ենք՝ հիմնվելով Süddeutsche Zeitung-ի հրապարակման վրա:

«Եվրոպան միշտ ձախողվել է, երբ եղել է ցրված»

Եվրոպան միշտ ձախողվել է, երբ գործել է դանդաղ եւ եղել է մասնատված: Վերցրեք ֆինանսական ճգնաժամը, ինչո՞ւ այն ժամանակ մենք այդքան վատ վիճակում հայտնվեցինք: Ֆինանսական ճգնաժամը եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Բայց մենք տասնապատիկ ավելի շատ տուժեցինք դրանից, քան ամերիկացիները, որովհետեւ նրանք արագ եւ միացյալ արձագանքեցին: 

2020 թվականի մարտին եկավ COVID-19-ը: Մայիսին մենք Անգելա Մերկելի հետ ֆրանկո-գերմանական գագաթնաժողով կազմակերպեցինք եւ ասացինք՝ սա հրատապ է, հակառակ դեպքում բոլորս կմեռնենք: Հուլիսին ընդունեցինք 750 միլիարդ եվրոյի տնտեսության վերականգնման ծրագիրը: Մենք գերարագ էինք եւ միասնական: Այն ժամանակ էլ շատ տարաձայնություններ կային, բայց մենք հաղթահարեցինք դրանք:

«Չի ավարտվել»

Պարզ չէ, թե որքան հեռու են պատրաստ գնալ ամերիկացիները: Հենց որ հերթական լարվածության գագաթնակետն անցնում է, գալիս է վախկոտ թեթեւացումը: Անցյալ ամռանը գագաթնակետը մաքսատուրքերն էին, ինչին հաջորդեց շոտլանդական գոլֆ ակումբում ձեռք բերված համաձայնությունը: Մարդիկ իրենց համոզում էին, որ դրանով մաքսատուրքերի թեման փակվում է եւ ամեն ինչ լավ կլինի: Մի հավատացեք դրան ոչ մի վայրկյան, դա չի ավարտվել: Ամեն օր, ամեն շաբաթ նոր սպառնալիքներ կլինեն:

Գրենլանդիայի հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ կային, հետո՝ հանկարծակի նահանջ: Ու մարդիկ դարձյալ կարծում են, որ թեման փակվել է: Բոլորը պետք է գիտակցեն, որ այս ճգնաժամը խորը աշխարհաքաղաքական խզում է նշանակում:

Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ ուզո՞ւմ ենք դիտորդ լինել, թե՞ մասնակից: Եթե ուզում ենք դիտորդ լինել, դա կհանգեցնի երջանիկ ենթարկվածության: Մենք ոչ ոքի չենք անհանգստացնում, փորձում ենք հաշտ լինել ամերիկացիների հետ, իսկ չինացիների հետ շարունակում ենք այնպես, ինչպես նախկինում: Բայց եթե ոչինչ չձեռնարկենք, Եվրոպան հինգ տարում կվերանա:

«Միշտ արգելել ենք մեզ մտածել ուժի մասին»

70 տարի առաջ մենք միավորվեցինք Եվրոպայում, որպեսզի այլեւս պատերազմներ չմղենք միմյանց դեմ, որպեսզի միացյալ շուկա ստեղծենք: Բայց մենք միշտ արգելել ենք մեզ մտածել ուժի մասին: Մենք պետք է մտածենք Եվրոպայի մասին որպես ուժ, որը միասին ենք ստեղծում: Պետք է կարողանանք պաշտպանել մեզ աշխարհի մնացած մասից, պետք է փորձենք տարածել մեր մոդելը:

Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր

Լուսանկարը` REUTERS


Արդեն ինը տարի է՝ ես հանդես եմ գալիս ավելի ինքնիշխան, ավելի անկախ Եվրոպայի օգտին: Կարծում եմ, որ հայեցակարգային փոխակերպումն ավարտված է, եւ որ մենք ձեռնարկել ենք բազմաթիվ միջոցներ, որոնց մասին անգամ մտածել չէինք կարող մի քանի տարի առաջ: Կասեմ, որ հաղթեցինք այս գաղափարախոսական մարտում եւ ստեղծեցինք գործիքներ մեր նպատակին հասնելու համար: 2022 թվականի մարտի Վերսալյան գագաթնաժողովից հետո մենք քաղաքական միջոցներ ենք ձեռնարկել ավելի մեծ ռազմավարական ինքնավարության համար: Բայց այսօր մեր Եվրոպան կանգնած է հսկայական մարտահրավերի առջեւ:

«Պաշտպանել մեր միասնությունը»

Մենք պետք է պաշտպանենք մեր միասնությունը, հատկապես՝ Ուկրաինայում: Եթե թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի, դա ազդանշան կլինի գիշատիչների համար, որ կարելի է հարձակվել մեզ վրա: Լավ լուրն այն է, որ մենք միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում, հատկապես վերջին երկու-երեք տարվա ընթացքում: Դեռեւս կան տարաձայնություններ, բայց մեր գլխավոր նպատակը հստակ է՝ Ուկրաինան պետք է հաղթի:

«Լինել ավելի մրցունակ»

Մենք պետք է ավելի մրցունակ լինենք: Դա նշանակում է պարզեցնել մեր կանոնները: Եվրոպան տասնամյակների ընթացքում կուտակել է կանոններ եւ նորմեր՝ միասնական շուկա կառուցելու համար: Բայց այդ կանոնները չափազանց բարդ են դարձել, դրանք արգելակում են մեր ընկերություններին: Հետեւաբար, մեզ անհրաժեշտ է արդյունաբերության եւ ստարտափների համար ապակարգավորման արմատական ծրագիր: Մենք պետք է ստեղծենք կապիտալի եւ էներգիայի իսկապես ինտեգրված շուկա: Դա նշանակում է՝ ավելի քիչ կանոններ, ավելի շատ ազատություն, ավելի շատ ճկունություն:

«Պաշտպանություն, բայց ոչ պրոտեկցիոնիզմ»

Մենք չենք կարող կախված լինել միայն Միացյալ Նահանգներից կամ միայն Չինաստանից: Մենք պետք է բազմազանեցնենք մեր առեւտրային հարաբերությունները, մեր մատակարարումները: Պետք է ավելի շատ առեւտուր անենք Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի հետ, ազատ առեւտրի համաձայնագրեր կնքենք: Պետք է մեր արտադրության մի մասը խելամտորեն  վերադարձնենք Եվրոպա:
Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր Էմանյուել Մակրոնն այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ArcelorMittal ընկերության գործարանր

Լուսանկարը` REUTERS


Մեր Եվրոպան ուժ դարձնելու համար պաշտպանություն է պետք: Ի նկատի չունեմ պրոտեկցիոնիզմը: Ի՞նչ կարող ենք անել չինական ավտոմեքենաների եւ հաստոցների դեմ: Պետք է պաշտպանենք մեր արդյունաբերությունը: Չինացիները նույնպես պաշտպանում են իրենց արդյունաբերությունը: Ամերիկացիներն էլ՝ իրենցը: Բայց մեր շուկան աշխարհում ամենաբացն է: Հիմա մենք սկսել ենք ավելի լավ պաշտպանվել: Խոսքը նաեւ սուբսիդավորված էլեկտրամեքենաների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հետաքննությունների մասին է: Մենք իրավունք ունեինք դա անելու: 

Եթե երկու մեծ տերություններ այլեւս հավատարիմ չեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, մենք պետք է պաշտպանվենք: Հակառակ դեպքում կվերանանք շուկայից:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին