«ANCA-ի դիրքորոշումը նմանվում Թեհրանի, Պեկինի եւ Մոսկվայի մոտեցումներին» - Mediamax.am

Փետրվար 02, 2026
74 դիտում

«ANCA-ի դիրքորոշումը նմանվում Թեհրանի, Պեկինի եւ Մոսկվայի մոտեցումներին»


Ուես Մարտինը
Ուես Մարտինը
Ուես Մարտինը
Ուես Մարտինը

Ներկայացնում ենք ամերիկյան Stars and Stripes պարբերականի «Կարծիքներ» խորագրում հրապարակված When Tehran retreats, Washington should advance հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հոդվածի հեղինակը ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Ուես Մարտինն է, որը եղել է Իրաքում կոալիցիոն ուժերի Հակաահաբեկչական գործողությունների եւ Անվտանգության ապահովման ավագ սպան։

Ուես Մարտին

Վերջերս Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, կրկին ընդգծում են մի ճշմարտություն, որը Վաշինգտոնը չի կարող անտեսել. ճնշումն առավել արդյունավետ է այն ժամանակ, երբ հակառակորդները դրան պատրաստ չեն։ Ներքին անկայունության պահերը ռազմավարական գործողությունների առիթ են դառնում։ 

Իսլամական Հանրապետությունը գոյատեւում է իր պրոքսիների՝ հուսիթների եւ Հեզբոլլահի միջոցով բռնություն արտահանելով, ինչպես նաեւ իր աշխարհագրական դիրքը որպես ճնշման գործիք օգտագործելով համաշխարհային այնպիսի կարեւորագույն ծովային միջանցքներում, ինչպիսիք են Հորմուզի նեղուցը Պարսից ծոցում եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը Կարմիր ծովում։ Սակայն շիա մեծամասնություն ունեցող բռնապետությունը հաճախ անտեսում էր Հարավային Կովկասը։ Հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորման հնարավորությունը նշանակալի գործոն է դարձել Իրանի ապագայի վերաբերյալ աշխարհաքաղաքական հաշվարկներում։

Օբամայի եւ Բայդենի վարչակազմերը Հարավային Կովկասը դիտարկում էին որպես սառեցված հակամարտություններով լի դիվանագիտական խուլ ծայրագավառ, որտեղ ամերիկյան ազդեցությունը նվազում էր։ Դա մեծ սխալ էր, որը շտկեց Դոնալդ Թրամփը՝ խաղաղության հուշագրի ստորագրման նպատակով անցյալ տարվա օգոստոսին հյուրընկալելով Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին։ Գտնվելով Արեւելք-Արեւմուտք էներգետիկ ուղիների եւ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքների, մասնավորապես՝ Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող եւ Եվրոպայից Ասիա տանող այսպես կոչված «միջին միջանցքի» հատման կետում՝ Ադրբեջանը դարձել է իրական ռազմավարական նշանակություն ունեցող հանգույց։ Այն օրական աշխարհին մատակարարում է կես միլիոն բարել նավթ, իսկ Եվրոպային՝ ոչ ռուսական գազ, եւ անվտանգության ոլորտում սերտ կապեր ունի Իսրայելի հետ։ 

Աշխարհում, որտեղ մատակարարման շղթաները մշտապես վիճարկվում են, իսկ որոշ երկրներ խուսափում են պատժամիջոցներից, աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղում։


Հենց այդ պատճառով էլ Մոսկվան եւ Թեհրանը մտադիր են զսպել Բաքվի ռազմավարական վերելքը։ Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանն օգտագործել է որպես լծակ՝ իր ազդեցությունն ու կարեւորությունը պահպանելու համար։ Մինչդեռ, Իրանը Հայաստանը համարել է դեպի հյուսիս տանող միակ հուսալի ելքը, որը կապված չէր Անկարայի, Երուսաղեմի կամ Վաշինգտոնի հետ։ Մոսկվան ու Թեհրանը դեմ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղությանը, քանի որ դա կնվազեցնի նրանց ազդեցությունը։ Մինչդեռ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կբացի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ կապող եւ դեպի Թուրքիա ու համաշխարհային շուկաներ տանող տարանցիկ ուղիները՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը տարածաշրջանային առեւտրի վրա եւ Ռուսաստանի անփոխարինելիության մասին պնդումները։ Սա թույլ է տալիս բացատրել խաղաղության գործընթացի նկատմամբ դիմադրությունը ոչ թե Երեւանում, այլ սփյուռքում՝ հազարավոր մղոններ հեռու հայկական համայնքներ ունեցող ամերիկյան քաղաքներում։

Ընդդիմախոսների շարքում գլխավորը տեղը զբաղեցնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), որը ներկայանում է որպես Հայաստանի անվտանգության ջատագով, բայց ակտիվորեն խաթարում է ամերիկյան դիվանագիտական ջանքերը։ Մերժելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ ANCA-ն դեմ է ոչ միայն Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը եւ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, այլեւ, թերեւս, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության երկարատեւ գոյատեւմանը։ Առողջ ազգայնականությունը կարող է լավ բան լինել, սակայն ծայրահեղ ազգայնականությունը կարող է մահացու դառնալ։ Սփյուռքի քաղաքականությունը հաճախ հակված է մաքսիմալիզմի։

Մինչդեռ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դիրքորոշումը անցնում է հուզական կապվածության բոլոր սահմանները եւ գնալով ավելի շատ է նմանվում Թեհրանի, Պեկինի եւ որոշ չափով Մոսկվայի դիրքորոշմանը։ Սա առավել ցայտուն երեւում է հանձնախմբի՝ Իսրայելի նկատմամբ մոտեցման մեջ։ ANCA-ն եւ դրա հետ կապված կազմակերպությունները սկսել են օգտագործել իռացիոնալ դատապարտող հռետորաբանություն` պնդելով, որ Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի գործողությունների եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների միջեւ: Որքան էլ զարմանալի է, նման պնդումները համընկնում են Իրանի եւ նրա պրոքսիների հռետորաբանության հետ, ինչը պատահական չէ: Իսրայելի գործընկերությունը Ադրբեջանի հետ պաշտպանության, տեխնոլոգիաների եւ հետախուզության ոլորտներում վաղուց է նյարդայնացնում Թեհրանին: Ադրբեջանը հանդես է գալիս որպես Իսրայելի գործընկերը Հարավային Կովկասում, իսկ Իսրայելը Ադրբեջանին առաջարկում է առաջադեմ գյուղատնտեսական ծառայություններ, էներգետիկ գործընկերություն, ռազմական տեխնոլոգիաներ եւ անվտանգային համագործակցություն: Դատապարտելով այս հարաբերությունները՝ ANCA-ն նպատակ ունի պառակտել Իրանի ազդեցությունը զսպող լուռ, բայց արդյունավետ գործընկերությունը։ ANCA-ն նաեւ չափազանցնում է Երուսաղեմի քրիստոնեական հաստատություններին սպառնացող վտանգների մասին պնդումները. սա հաշվարկված քայլ է՝ ամերիկացի քրիստոնյաներին Իսրայելի դեմ տրամադրելու համար: 


Ավելի վատն այն է, որ ANCA-ի՝ Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող տարանցիկ ուղիների մասին պայմանավորվածություններին դեմ լինելը լիովին համընկնում է Իրանի կարմիր գծերի հետ։ Իրանի դիրքորոշումը հստակ է. Թեհրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կարող է թուլացնել իր վերահսկողությունը Հյուսիս-Հարավ առեւտրային ուղիների նկատմամբ կամ Թուրքիայի եւ Արեւմուտքի ազդեցությունը մոտեցնել իր սահմաններին։ ANCA-ի վարած քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի է սերտաճում ամերիկյան մեկ խմբակցության՝ ձախերի քաղաքականության հետ։ Այն փաստը, որ ANCA-ն  ավտոմատ կերպով դեմ է արտահայտվում հանրապետականների դիվանագիտական նախաձեռնություններին հանգեցրել է նրան, որ հանձնախումբը խափանում է այն համաձայնագրերը, որոնք այլապես կարող էին աջակցություն ստանալ երկու կուսակցությունների կողմից։ 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը դարձել է նման դիրքորոշման զոհերից մեկը։ Խաղաղությանը դեմ լինելով՝ ANCA-ն չի պաշտպանում Հայաստանը, այլ երկարացնում է նրա խոցելիությունը։ Չափազանց խոսուն է այն, թե ով է դեմ խաղաղության համաձայնագրին։ Սփյուռքի ակտիվիստներից բացի, կան արեւմտյան գիտնականներ, որոնց փաստարկները սերտորեն համընկնում են Կրեմլի եւ Իրանի հռետորաբանության հետ, ինչը էլ ավելի է ամրապնդում 19-րդ դարից ի վեր տարածաշրջանում ձեւավորած ռուս-իրանական գերիշխանությունը։ 
Ուես Մարտինը Ուես Մարտինը


Հայ-ադրբեջանական հակամարտության հաջող կարգավորումը կկայունացնի անկայուն տարածաշրջանը, կնվազեցնի Ռուսաստանի ռազմական ներկայությունը, կթուլացնի Իրանի՝ աշխարհագրական դիրքը որպես զենք օգտագործելու կարողությունը, ինչպես նաեւ կամրապնդի Ադրբեջանի դիրքերը որպես Միացյալ Նահանգների առեւտրային եւ ներդրումային գործընկեր, ով ունակ է խթանել Արեւմուտքի էներգետիկ անվտանգությունը եւ տարածաշրջանային փոխկապակցվածությունը։ Վաշինգտոնի համար սա բարոյական երկընտրանք չէ, այլ ռազմավարական հնարավորություն։ Իրանի ներկայիս թուլացած վիճակը հատկապես բարենպաստ պայմաններ է ստեղծում գործելու համար։ Ժամանակն է, որ Վաշինգտոնը չեղարկի 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւը, որն ընդունվել է հայկական լոբբիի ջանքերով բոլորովին այլ դարաշրջանում: Բանաձեւը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ցանկացած ուղղակի աջակցություն եւ արգելափակում է ռազմական տեխնիկայի վաճառքը։


Այսօր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը այդքան մոտ է, ժամանակն է վերացնել այս օրենսդրական մասունքը։ Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել Հայաստանի անվտանգության կամ արժանապատվության մասին մտահոգություններից։ Արեւմտյան երաշխիքներով ամրապնդված խաղաղության համաձայնագիրը Հայաստանին տալիս է աշխարհաքաղաքական անորոշությունից խուսափելու լավագույն հնարավորությունը։ Այլընտրանքային տարբերակը՝ սփյուռքի զայրույթով սնվող անվերջ առճակատումը, միայն անկման կհանգեցնի։ 

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին