Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում JINHA գործակալության կողմից հրապարակված Armenian Female Fighters: Attacks on Kurds Are a Continuation of the Genocidal Mindset հոդվածի թարգմանությունը (կրճատումներով)։
Ռոջավայի (ինքնահռչակ քրդական ինքնավար շրջան Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում՝ Մեդիամաքս) շրջանների վրա հարձակումների սրման ֆոնին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները քրդերի դեմ կատարում են գործողություններ, որոնք որակվում են իբրեւ հանցագործություններ մարդկության դեմ։
Առաջնագծում կանգնած են Կանանց պաշտպանության ստորաբաժանումները (YPJ)՝ վերահաստատելով իրենց վճռականությունը՝ պաշտպանելու կանանց եւ տարածաշրջանի ժողովուրդների նվաճումները։
Հայ կին մարտիկները մեր գործակալությանն ասել են, որ ջիհադիստական խմբավորումները հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացրած ուժերի ժառանգորդներն են։
«Միասին հարձակումների դեմ»
Կանանց պաշտպանության միավորումների (YPJ) «Նահատակ Մեդիա Քասաբյանի անվան գումարտակի» հայազգի հրամանատար Թամար Սարգիսն ասել է, որ Հասաքեում իրենց ներկայության նպատակը քուրդ բնակչության դեմ հարձակումներին հակազդելն է։
Լուսանկարը` JINHA
Նա ասել է, որ նրանք, ովքեր ձգտում էին ոչնչացնել հայերին, այժմ փորձում են ոչնչացնել քուրդ ժողովրդին։ Թամար Սարգիսն ասել է, որ Հասաքեի վրա հարձակումներ են իրականացվում մի քանի կողմերից, բայց «մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին եւ մեր հողը եւ թույլ չենք տա վարձկաններին մտնել մեր տարածք»։
«Դիմադրությունը կշարունակվի մինչեւ մեր վերջին շունչը», - ընդգծել է նա։
«Համերաշխությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում»
«Նահատակ Մեդիա Քասաբյանի անվան գումարտակի» մարտիկ Սներիշ Սարի Քանիեն ասել է, որ «քուրդ եւ հայ կին մարտիկները կռվում են կողք կողքի եւ չեն նահանջի»։
Լուսանկարը` JINHA
Նա ընդգծել է նրանց վճռականությունը՝ պաշտպանելու Հասաքե քաղաքը եւ շարունակելու դիմադրել հարձակումներին ամբողջ ուժով ու վճռականությամբ.
«Թշնամին չի կարող կոտրել մեր կամքը։ Մենք ավելի ուժեղ ենք դառնում մեր միասնության միջոցով, եւ ուժ ենք ստանում մեր ժողովրդից»։
Հյուսերը՝ որպես հաղթանակի խորհրդանիշ
Նույն գումարտակի մարտիկ Հասմիկ Արաքը ասում է, որ Ռոջավայի վրա հարձակումները, որոնց թիկունքում Թուրքիան եւ ISIS-ն են, իրականացվում են միջազգային տերությունների լուռ հավանությամբ:
Լուսանկարը` JINHA
Նա պատմել է մի հանցագործության մասին, որը կատարել էր վարձկանը Ռաքքայում քուրդ կին մարտիկի դեմ: Նա սպանել էր նրան եւ կտրել նրա հյուսը՝ փորձելով վախեցնել ուրիշներին:
Լուսանկարը` JINHA
Հասմիկի խոսքով՝ նման գործողությունները չեն վախեցնի իրենց: Ընդհակառակը, ասել է նա, հազարավոր կանայք կհյուսեն իրենց մազերը՝ որպես հաղթանակի եւ միասնության խորհրդանիշ:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: