«Ադրբեջան-Իսրայել դաշինքը չափազանց կարեւոր է ԱՄՆ շահերի համար» - Mediamax.am

Հունվար 26, 2026
91 դիտում

«Ադրբեջան-Իսրայել դաշինքը չափազանց կարեւոր է ԱՄՆ շահերի համար»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք The National Interest պարբերականի բլոգերի բաժնում հրապարակված How the Azerbaijan-Israel Partnership Boosts Donald Trump’s Peace Initiative հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հեղինակ Հոլի Մաքքեյը GlobalStrat աշխարհաքաղաքական ռիսկերով եւ անվտանգության հարցերով զբաղվող խորհրդատվական ընկերության տնօրենն է։

Հոլի Մաքքեյ 

Արագ փոփոխվող տարածաշրջանում Ադրբեջանը եւ Իսրայելը ապացուցել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն են եւ օգտակար ԱՄՆ շահերի համար: Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային անկայունության սպառնալիքը ավելի բարձր է, քան երբեւէ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Իրանն այսօր չափազանց խոցելի է: Եթե Իրանը փլուզվի, հետեւանքները կտարածվեն նրա սահմաններից դուրս՝ հասնելով մինչեւ Իրաք, Սիրիա եւ Լիբանան եւ հսկայական իշխանության վակուում ստեղծելով:

Միացյալ Նահանգները պետք է ունենա ամուր, հուսալի գործընկերներ, որոնք այս միջավայրում հանդես կգան որպես կայունացնող գործոն։ Ադրբեջանի եւ Իսրայելի գործընկերությունը նման ռազմավարական դաշինքի ցայտուն օրինակ է: Սակայն քննադատները, կենտրոնանալով իրենց սեփական քաղաքական օրակարգի վրա, հակված են մերժել կամ անտեսել այն։ Այնուամենայնիվ, չափազանց կարեւոր է դադարեցնել թերագնահատել արդյունավետ դաշինքները։

Մի քանի ամիս առաջ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու պատմական ջանքերի շրջանակում հանդիպում անցկացրեց Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Կովկասի պետությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ Սպիտակ տանը հանդիպել էին նախագահ Թրամփի հետ եւ ստորագրել եւս մեկ պատմական խաղաղության համաձայնագիր, որը ներառում էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագիծը: Այս նոր առեւտրային ուղին գործարար եւ առեւտրային հնարավորություններ կբացի ամերիկյան ընկերությունների համար՝ միաժամանակ խթանելով կենսականորեն կարեւոր առեւտրային հարաբերություններն ամբողջ աշխարհում:

«Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան»


Աշխարհում, ուր չափից շատ պատերազմներ եւ անկայունություն է եղել, ԱՄՆ վարչակազմը ջանք չի խնայում՝ նպաստելու Ամերիկայի եւ նրա դաշնակիցների ու գործընկերների խաղաղությանն ու բարգավաճմանը։ Այս պարագայում կայունությունն էլ ավելի կարեւոր է դառնում։ Ահա թե ինչու Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ երկարատեւ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն կարեւոր է այդ երկու երկրների համար, այն նաեւ ծառայում է ԱՄՆ շահերին։ Այս դաշինքը հիմնված է անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր առաջնահերթությունների, փոխադարձ մշակութային հարգանքի, Իրանի կողմից ընդհանուր թշնամական եւ ծայրահեղական սպառնալիքի, ինչպես նաեւ էներգետիկայի ու պաշտպանության նկատմամբ պրագմատիկ մոտեցման վրա։ Այն կայուն եւ հուսալի ուժ է տարածաշրջանում, որը դեռ բախվում է ահաբեկչության, արմատականության եւ քաղաքական անորոշության սպառնալիքի հետ։

Սակայն քննադատները իրենց ցինիկ, մոլորեցնող պնդումներով հաճախ թիրախավորում են ոչ միայն այս դաշինքը, այլեւ Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանում, Հայաստանում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը։ Օրինակ՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին եւ Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի (որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք վճարովի հիմունքներով, անկախ նրանից՝ գիտնական է, թե՝ ոչ) պնդում են, որ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պատերազմը որպես փորձադաշտ ծառայեց՝ փորձարկելու համար այն զենքերը, մարտավարությունն ու մեթոդները, որոնք Իսրայելը հետագայում կիրառեց Գազայում պաղեստինցիների դեմ»։ Զուտ քաղաքական նպատակներով արված այս ձեւակերպումը շփոթում է երկու բոլորովին տարբեր հակամարտություններ՝ միաժամանակ խեղաթյուրելով դրանց էությունը։

Լուսանկարը` REUTERS


Ադրբեջան-Իսրայել դաշինքի համատեքստը հաճախ աղավաղվում է։ 1995 թվականից ի վեր Ադրբեջանի անվտանգության գործընկեր հանդիսանալով՝ Իսրայելը 2016-2020 թվականներին իրոք մատակարարել է Ադրբեջանի զինամթերքի զգալի մասը։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի արդիականացնել իր զինված ուժերը եւ պաշտպանվել։ Ավելին, Ադրբեջանը հայտնվել էր այնպիսի իրավիճակում, երբ մի կողմից իր միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 20 տոկոսը մոտ երեք տասնամյակ օկուպացված էր, մյուս կողմից՝ այն բախվում էր իր անմիջական հարեւանի՝ Իրանի սպառնալիքներին։

Բաքվի եւ Երուսաղեմի միջեւ պաշտպանական համագործակցությունը գիտափորձ կամ անտեղի դաժանության վարժանք չէ: Այն նորարարական, տրամաբանական գործընկերություն է երկու ազգերի միջեւ, որոնք վճռականորեն են տրամադրված պահպանել իրենց տեխնոլոգիական գերազանցությունը վտանգավոր աշխարհում: Ավելին, եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը Միացյալ Նահանգների օգնությամբ շարժվում են դեպի խաղաղություն, մինչդեռ Գազայում Համասի ահաբեկիչների զինաթափման վրա դեռեւս աշխատանքներ են տարվում: Ժամանակն է ճանաչել եւ խրախուսել այս նշանակալի հնարավորությունները, այլ ոչ թե արհամարհել դրանք: Բոլոր կողմերի կյանքը վտանգված է։

Անվտանգությունից զատ, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ էներգետիկ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Իսրայելի, այլ համաշխարհային էներգետիկ շուկայի համար: Իսրայելի նավթի մոտ 40 տոկոսը ներմուծվում է Ադրբեջանից:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, նաեւ մուտք է գործում Միջերկրական ծովի գազի հանքավայրերի հետախուզման շուկա ՝ հավասարակշռելով Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի շահերը եւ խթանելով կայունությունը այս անկայուն տարածաշրջանում։

Քանի որ մատակարարման շղթաները անհուսալի են, Ադրբեջանը դարձել է կայունության կարեւոր աղբյուր թե՛ Իսրայելի, թե՛ Եվրոպայի համար։ Ադրբեջանը աշխարհիկ, կանխատեսելի եւ հուսալի երկիր է բիզնես վարելու համար։ Քանի որ ադրբեջանական նավթը շրջանցում է Մերձավոր Արեւելքի սովորական լարվածության կետերը, դա Արեւմուտքին հնարավորություն է տալիս խուսափել թշնամական մատակարարներից՝ առանց խափանումների մասին անհանգստանալու։

Լուսանկարը` REUTERS


Քննադատները չեն գիտակցում, որ սա պարզապես սառը, առեւտրային, նավթային գործարք չէ: Ադրբեջանը այն սակավաթիվ շիա մեծամասնություն ունեցող երկրներից է, որտեղ հրեական համայնքները դարեր շարունակ գոյատեւել եւ ծաղկել են: Աշխարհի այլ երկրների մեծ մասում այդպիսի անկեղծ կրոնական ներդաշնակություն չկա: Սա պարզապես ժամանակակից քաղաքական ռազմավարություն չէ։ Դա գալիս է մի մշակույթից, որը կրոնական ներդաշնակությունը արժեւորել է դեռեւս դրա քննարկման առարկա դառնալուց շատ առաջ։

Ի տարբերություն Թեհրանի փողոցներում Իրանի մոլլաների կողմից պարբերաբար կազմակերպվող «Մահ Իսրայելին եւ Ամերիկային» կարգախոսով հանրահավաքների, Ադրբեջանը ցույց է տալիս, որ ժամանակակից, մուսուլմանական մեծամասնություն ունեցող ազգը կարող է ծառայել որպես հուսալի, աշխարհիկ դաշնակից։ Այս կապը հանդիսանում է գործընկերության հիմքը։ Դաշինքներն ավելի դիմացկուն են, քան միայն էներգիայի կամ զենքի վրա հիմնված զուտ առեւտրային հարաբերությունները։

Գազայի հակամարտությունը Ղարաբաղյան հակամարտության հետ կապելը միջազգային համակրանք շահելու համար նախատեսված ցինիկ քաղաքական հնարք է։ 2020 թվականին Ադրբեջանի նպատակն էր վերականգնել իր ինքնիշխան տարածքը 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո հաստատված միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ 

Միացյալ Նահանգները ոչ միայն պետք է աջակցի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությանը, այլ նաեւ վերացնի երկու երկրների հետ աշխատելու ցանկացած խոչընդոտ, որպեսզի կարողանա վարել ուժեղ արտաքին քաղաքականություն։ Օրինակ՝ 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւը մեծապես սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը։ Դա անցյալի մնացուկ է, որը հիմնականում ուժի մեջ է մնում Բաքվի վրա ճնշում գործադրելու անհաջող փորձերի պատճառով: Չնայած ավելի քան 20 տարի շարունակ ամերիկյան վարչակազմերը մեկը մյուսի հետեւից անտեսել են բանաձեւը, այն վառ օրինակ է բազմաթիվ օրենսդրական խոչընդոտների, որոնք խաթարում են Ամերիկայի հզորությունը։

Անհրաժեշտ էներգետիկ անվտանգություն ապահովելուց բացի, Ադրբեջան-Իսրայել գործընկերությունը ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը եւ ցուցադրում է տարբեր կրոնների ներկայացուցիչների միջեւ պրագմատիկ համագործակցություն: Միացյալ Նահանգները եւ Բրյուսելը պետք է ճանաչեն այս դաշինքը որպես աճի, բարգավաճման եւ տնտեսական դիմադրողականության կարեւորագույն հենասյուն։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին