Ներկայացնում ենք Երուսաղեմի Ռազմավարության եւ անվտանգության ինստիտուտի (JISS) վերլուծաբան Միխայիլ Բորոդկինի When diaspora lobbying becomes a strategic liability for Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:
Միխայիլ Բորոդկին
Հայաստանի հետպատերազմյան իրականությունը բնութագրվում է դաժան պարադոքսով։ Հենց այն պահին, երբ գոյատեւելու համար պետությունը առավելագույն դիվանագիտական ճկունության կարիքն ունի, երկրից դուրս նրա ամենաազդեցիկ կողմնակիցներից մի քանիսը առաջ են մղում մի ուղի, որը սահմանափակում է Երեւանի հնարավորությունները։
Կովկասում տեկտոնական տեղաշարժերի էպիկենտրոնում հայտնված փոքր երկրի համար Հայաստանի ընտրված ղեկավարության եւ Վաշինգտոնում գործող Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) միջեւ աճող անջրպետը այլեւս դադարել է լինել զուտ ներքին վեճ եւ դարձել է ռազմավարական բեռ։ Այս ամենի գինը խորհրդանշական չէ, այլ ռազմավարական։ Դա կարող է աղճատել Արեւմուտքից հնչող քաղաքական ուղերձները եւ դժվարացնել Հայաստանի հարաբերությունները գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի հետ, հենց այն ժամանակ, երբ Հայաստանին անհրաժեշտ է ավելի մեծ ճկունություն մանեւրելու համար։
Հիմնական լարվածությունը պետականաշինության եւ ինքնության քաղաքականությանը վերաբերող հարցրի շուրջ տարբերությունն է: Սփյուռքի համայնքները բոլոր իրավունքներն ունեն լոբբինգ իրականացնելու, առաջ մղելու իրենց դիրքորոշումները եւ համախմբվելու: Խնդիրները սկսվում են, երբ լոբբին անուղղակիորեն կամ բացահայտ կերպով ներկայանում է որպես պետության ազգային շահերի փոխարինող: Սա հատկապես վնասակար է դառնում, երբ մաքսիմալիստական նարատիվներով եւ բարոյական աբսոլյուտիզմով ձեւավորված լոբբիի հռետորաբանությունը չի համընկնում այն դժվար որոշումների հետ, որոնք պետք է ընդունի հակամարտության, մեկուսացման եւ տնտեսական խոցելիության իրական հետեւանքները կրող Հայաստանի կառավարությունը:
Լուսանկարը` ANCA
Նման միջավայրում արտաքին քաղաքականությունը դառնում է ոչ թե գոյատեւման գործիք, այլ խորհրդանշական մարտերի ասպարեզ։ Ահա թե որտեղ է թակարդը։
Երեւանում սկսում է արմատավորվել լուռ պրագմատիզմը։ Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է, որ ինքնիշխանությունը պաշտպանում են ոչ թե միայն հռետորաբանությամբ, այլեւ ընդլայնելով կենսունակ տարբերակներն ու նվազեցնելով այլ հովանավորներից կախվածությունը։ Արեւմուտքի հետ գործնական կապերի ստեղծումը եւ Իսրայելի հետ փոխգործակցության ուղիների ուսումնասիրությունը համապատասխանում են այդ տրամաբանությանը։ Հարցն այն չէ, որ յուրաքանչյուր նախաձեռնություն հաջողակ կլինի կամ յուրաքանչյուր գործընկերություն՝ քաղաքականապես հեշտ։ Այն ավելի պարզ է. փոքր պետությունը պետք է բաց պահի իր դռները, քանի որ փակ դռները արագորեն վերածվում են ռազմավարական փակուղիների։
Ահա այստեղ են ANCA-ի հետ տարաձայնությունները սկսում շոշափելի հետեւանքներ ունենալ։ Մինչ Հայաստանի կառավարությունը ձգտում է ստեղծել արդյունավետ մեխանիզմներ, սփյուռքի լոբբին հաճախ հակառակ ուղղությամբ է շարժվում՝ բարդ աշխարհաքաղաքական փոխզիջումները դիտարկելով որպես բարոյական դավաճանություն։ Այդ տարբերությունը հատկապես ակնհայտ է դառնում Հայ Դատի հանձնախմբի՝ Իսրայել պետության նկատմամբ դիրքորոշման մեջ։ Տարիներ շարունակ ANCA-ն բազմիցս ներկայացրել է Իսրայելը ոչ միայն որպես տարածաշրջանում շահեր ունեցող պետություն, այլեւ որպես Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի գործողությունների հիմնական հանցակից՝ կապելով Իսրայելի կողմից զենքի մատակարարումները եւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը հայերի դեմ վայրագությունների հետ, ապա այդ տրամաբանությունն օգտագործելով՝ պնդելու համար, որ Իսրայելի կամ Իսրայելի գործընկերների հետ համագործակցությունը հավասարազոր կլինի այդ երկրին խրախուսելուն։
Լուսանկարը` REUTERS
2020 թվականի մարտական գործողությունների ժամանակ ANCA-ն կոչ արեց իսրայելցի պաշտոնյաներին դադարեցնել Բաքվին զենքի վաճառքը՝ պնդելով, որ դրանց շարունակական մատակարարումները կդիտվեն որպես հանցակցություն։ 2025 թվականի վերջին արված հայտարարության մեջ, որով փորձ էր արվում Գազայի շուրջ բանավեճը ընդգրկել Կովկասյան օրակարգում, ANCA-ն պնդում էր, որ Ադրբեջանը օգտագործում է Պաղեստինի հարցը սեփական բռնությունը «քողարկելու» համար՝ Իսրայելին կրկին դարձնելով իր բարոյական մեղադրանքների թիրախը։
Իսրայելին որպես մշտական թշնամի ներկայացնելով՝ ԱՄՆ հայկական լոբբին Երեւանին թողնում է անհրաժեշտ գործնական հարաբերություններ կառուցելու ավելի փոքր գործիքակազմ։ Դա նաեւ հակասական ազդանշաններ է ուղարկում այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են հասկանալ, թե իրականում ի՞նչ է ցանկանում Հայաստանը՝ պրագմատիկ ինտեգրում Արեւմտյան ռազմավարությանը, թե՞ մշտական բախում՝ անկախ գնից:
Հետեւանքները զուտ տեսական չեն։ Երբ տեղայնացված վեճերը վերածվում են միջազգային ճգնաժամերի, դրանք պարզապես վերնագրեր չեն դառնում, այլ ստեղծում են այնպիսի լարվածություն, որը Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ։
Դրա վառ օրինակն է Երուսաղեմի Հայկական թաղամասում տեղի ունեցող քաղաքային եւ իրավական վեճերը բարձր մակարդակի դիվանագիտական խնդրի վերածելու փորձը։ Նման արշավները կառավարելի խնդիրները վերածում են աշխարհաքաղաքական դժգոհությունների, մեծացնում են լարվածությունը պոտենցիալ գործընկերների հետ եւ նվազեցնում խնդիրների հանգիստ, գործնական լուծման հնարավորությունները։ Հայաստանի դիրքերը ամրապնդելու փոխարեն՝ դրանք քաղաքական տեսանկյունից դժվարացնում են փոխզիջումն ու համագործակցությունը։
Ստրատեգիական առումով կարեւորագույն թեժ կետը «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի» TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն է: Երեւանի համար կապերի հաստատումն ու լարվածության թուլացումը զուտ կարգախոսներ չեն, այլ գործիքներ՝ նվազեցնելու Ռուսաստանից ճնշող կախվածությունը եւ սահմանափակելու տարածաշրջանային կաթվածահար վիճակից օգուտ քաղելու Իրանի կարողությունը։ Հավերժական պայքարի գաղափարին հավատարիմ սփյուռքի ակտիվիստները նման նախագծերը հաճախ դատում են ոչ թե այն տեսանկյունից, թե արդյոք դրանք գործնականում ընդլայնում են Հայաստանի ինքնիշխանությունը, այլ թե արդյոք դրանք համապատասխանում են իրենց իդեալականացված բարոյական մոդելին: Մինչդեռ տարածաշրջանը մոդելներով չի կառավարվում: Այն կառավարվում է ազդեցության լծակներով, միջանցքներով, էներգետիկ հոսքերով եւ մեկուսացումից խուսափելու ունակությամբ:
Ահա թե ինչու սփյուռքի կողմից դրվող խոչընդոտները ավելի մեծ ռիսկ են պարունակում։ Դրանք կարող են շեղել Հայաստանին Կովկասում Արեւմուտքի ավելի լայն նպատակներից, որոնք, թեեւ կատարյալ չեն, սակայն նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը՝ հարաբերությունների կարգավորման, կապերի հաստատման եւ կայունության միջոցով։ Եթե Վաշինգտոնը Հայաստանը դիտարկի որպես մասնատված կամ ռազմավարական առումով անվստահելի երկիր, դա կթուլացնի Երեւանի կարողությունը՝ ստանալու Արեւմուտքի շոշափելի աջակցությունը։ Եվ եթե հարաբերությունների կարգավորումը դիտարկվի որպես արգելված թեմա, Հայաստանի հնարավորությունները կպակասեն, մինչդեռ Մոսկվան եւ Թեհրանը կստանան գործելու ավելի մեծ ազատություն։
Հայաստանի ներքին անկայունությունն այս վտանգն ավելի է սրում։ Վերջին տարիների բողոքի ցույցերն ու բեւեռացումը ակնհայտ են դարձնում այն փաստը, որ Հայաստանի հետագա ուղին խիստ վիճահարույց է։ Ռուսաստանը, որի լծակները թուլանում են, մտադիր է օգտագործել ներքին պառակտումներն իր ազդեցությունը պահպանելու համար։ Իրանը շահում է տարածաշրջանի անկայունությունից եւ Հայաստանի՝ այլ երկրներից կախվածությունից։ Այդ համատեքստում սփյուռքի ճնշումը, որը կարծրացնում է մաքսիմալիստական դիրքորոշումները, կարող է ակամա ամրացնել հենց այն գործոնները, որոնք թուլացնում են Հայաստանը՝ մեկուսացում, կաթվածահար վիճակ եւ արտաքին մանիպուլյացիաների նկատմամբ մշտական խոցելիություն։
Սա սփյուռքը լռեցնելու կոչ չէ։ Սա մոտեցումները վերանայելու կոչ է։
Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ ցույց տա, որ արտաքին քաղաքականությունը ձեւավորվում է Երեւանում, այլ ոչ թե արտապատվիրվում է անկախ օրակարգ ունեցող կազմակերպություններին: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնում եւ Երուսաղեմում քաղաքական գործիչները պետք է տարբերակեն լոբբիստական հռետորաբանություն ու հայկական պետության ռազմավարական կարիքները: Վաշինգտոնը պետք է ANCA-ն դիտարկի որպես ներքին լոբբի, այլ ոչ թե որպես հայկական պետական քաղաքականության վստահելի ներկայացուցիչ: ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքական գործիչները պետք է ուղղակիորեն շփվեն Երեւանի հետ եւ այլեւս թույլ չտան, որ մաքսիմալիստական քարոզարշավները սահմանեն օրակարգը կամ ստեղծեն դիվանագիտական ճգնաժամեր:
21-րդ դարի Կովկասում գոյատեւելու համար Հայաստանին անհրաժեշտ է իրատեսություն, ոչ թե ցուցադրական զայրույթ: Եթե սփյուռքի հուզական քաղաքականության եւ պետական պրագմատիզմի միջեւ գոյություն ունեցող անջրպետը շարունակի մեծանալ, Հայաստանը ռիսկի է դիմում հայտնվելու սեփական հռետորաբանության թակարդում՝ անցյալի վրա կենտրոնանալով՝ զոհաբերել իր ապագան։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: