Ներկայացնում ենք Սուրբ Պատրիկի ճեմարանի եւ համալսարանի դոգմատիկայի պրոֆեսոր Մեթյու Ջ. Դալ Սանտոյի The Price of Westernization in Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
Մեթյու Ջ. Դալ Սանտո
Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերը սկսեցին տալ անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձերբակալեց Հայ Առաքելական Եկեղեցու երկու եպիսկոպոսների եւ մեղադրեց կաթողիկոսին անբարոյականության մեջ՝ փորձելով նրան տապալել։ Առավել նշանակալից է այն, որ օգոստոսի 8-ին Հայաստանը ստորագրեց նախնական «խաղաղության համաձայնագիր» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անցկացված արարողության ժամանակ։
Արեւմտյան լրատվամիջոցներից շատերը ողջունեցին համաձայնագիրը։ Հայաստանում մարդիկ այդքան էլ վստահ չեն։ Անցած տարիներին «Ի՞նչ եք մտածում Փաշինյանի մասին» հարցին պատասխանում էին մի տեսակ հանդուրժողականությամբ։ Այդպես էր նույնիսկ 2023 թվականին, երբ 120,000 հայ վտարվեց Լեռնային Ղարաբաղից, որը նախկինում ինքնավար, մեծ մասամբ հայերով բնակեցված տարածաշրջան էր հարեւան Ադրբեջանում: «Էլ ի՞նչ կարող էր անել: Անում է այն, ինչ պետք է արվի», - սա էր Փաշինյանի գործողությունների ընդհանուր գնահատականը՝ կապված Ղարաբաղի անկման հետ։
Այժմ տրամադրությունն այլ է: 2025թ. հունիսի 20-ին Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, որտեղ ձեռք սեղմեց Հայաստանի հսկա հարեւանի եւ (շատ հայերի տեսակետից) մահացու թշնամու՝ Թուրքիայի նախագահի հետ: Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասել է 1915-18 թվականներին Օսմանյան իշխանությունների կողմից սպանված հարյուր հազարավոր զոհերին որպես նահատակներ եւ սրբեր, բայց Էրդողանը Ստամբուլում լսարան տրամադրեց Փաշինյանին այն գնով, որ Հայաստանը դադարեցնի այդ իրադարձությունները միջազգայնորեն որպես ցեղասպանություն ճանաչելու տասնամյակներ տեւած արշավը: Փաշինյանը ձգտում է «կարգավորել հարաբերությունները» Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի հետ:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
2018 թվականի Հայաստանի «թավշյա հեղափոխության» ժամանակ իշխանության եկած ազատական եւ նախկին լրագրող Փաշինյանը աշխարհին ներկայացավ որպես պետական գործիչ եւ խաղաղարար: Սակայն, երբ խոսքը վերաբերում է իր ներքին քննադատներին, նա ոչ մի դիմադրություն չի հանդուրժում: Նրա զայրույթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան է, մասնավորապես՝ նրա ղեկավարը՝ Գարեգին Բ կաթողիկոսը։
Եկեղեցու հանցանքն էր հակադրվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Փաշինյանի դիվանագիտության պայմաններին: Փաշինյանի Ստամբուլ այցից տասը օր առաջ Գարեգինը Շվեյցարիայում կոչ էր անում պաշտպանել հայերի վտանգված մշակութային ժառանգությունը Ղարաբաղում: Նա մասնակցում էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում կազմակերպված միջազգային համաժողովին՝ նվիրված Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Փաշինյանը համաձայնվեց, որ Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներից, սակայն կաթողիկոսը պնդում էր, որ տարածքը պետք է հայկական համարվի: Ի վերջո, Ղարաբաղում են բազմաթիվ դարավոր հայկական եկեղեցիներ եւ վանքեր, օրինակ՝ 13-րդ դարի ապշեցուցիչ Գանձասար վանքը, սրբերի մասունքներն ու գերեզմանատները: Ղարաբաղը անբաժանելի է հայկական քրիստոնեությունից նաեւ այլ առումներով: Հայկական այբուբենը, որը հորինվել է Սուրբ Գիրքը հայերեն թարգմանելու համար, ստեղծվել է Ղարաբաղում:
Երբ Փաշինյանը փորձեց խաղաղեցնել Բաքվին՝ 2024 թվականին Ադրբեջանին հանձնելով Ղարաբաղից դուրս գտնվող եւս չորս հայկական գյուղ, եկեղեցին հայտնվեց բողոքի ցույցերի առաջնագծում։ Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դարձավ ցույցերի առաջնորդը, եւ կաթողիկոսն իր աջակցությունը հայտնեց՝ ժամանակավորապես ազատելով Գալստանյանին իր հոգեւոր պարտականություններից, որպեսզի նա կենտրոնանա բողոքի ցույցերը ղեկավարելու վրա։
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ամեն ինչ տանում էր եկեղեցու եւ պետության միջեւ դիմակայության։ Ի դժբախտություն Փաշինյանի՝ եկեղեցին հայերի ամենավստահելի հաստատությունն է. 2024-ի հարցման համաձայն՝ հայերի 62.5 տոկոսը նշել էր, որ «լիովին վստահում է եկեղեցուն»։
Հունիսի 9-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ կաթողիկոսի ընտրությունը, որը ղեկավարում է Հայ եկեղեցին 1999 թվականից, անվավեր է եւ մեղադրեց նրան ապօրինի երեխա ունենալու մեջ։
Ես հետեւում էի անգլերեն լեզվով լուրերին եւ հաջորդ օրերին զրուցեցի հայերի հետ, որպեսզի իմանամ իրադարձությունների վերաբերյալ նրանց տեսակետը: Նրանց մեծ մասն արտահայտեց ջերմեռանդ հավատարմությունը եկեղեցուն եւ կաթողիկոսին, ինչպես նաեւ անվստահությունը Փաշինյանի ձեռնարկած հարձակման նկատմամբ։ Շատերը Փաշինյանի՝ Արեւմուտքում որպես խաղաղարար գովաբանվելու ցանկությունը կապեցին եկեղեցու վրա նրա հարձակումների հետ։
Մեծ մասը նաեւ համաձայն չէր, որ կաթողիկոսի ենթադրյալ «անզգուշությունները», եթե այդպիսիք եղել են, որեւէ ազդեցություն են ունեցել Գարեգինի՝ որպես ազգի հոգեւոր առաջնորդի, դիրքի վրա։
«Եթե նա մեղք է գործել, դա իր գործն է», - ասաց հայ ընկերներիցս մեկը՝ համալսարանական կրթություն ստացած կին, արտահայտելով գերագույն հոգեւոր իշխանության հանդեպ հայկական մոտեցումը, որը ժամանակին բնորոշ էր կաթոլիկների վերաբերմունքին Հռոմի պապի նկատմամբ. «Դրա համար կա խոստովանություն։ Սա չի վերաբերում ինձ կամ Գարեգին Բ-ի հանդեպ իմ հավատարմությանը. նա կաթողիկոս է»։
Մեղադրելով վարչապետին Հայաստանի «հոգեւոր միասնությունը» խաթարելու մեջ՝ Գարեգինը հրաժարական չտվեց։ Մինչ օրս Փաշինյանը չի փորձել ուժ կիրառել նրան պաշտոնանկ անելու համար։ Բայց ամռան վերջին երկու արքեպիսկոպոսներ հայտնվեցին բանտում. արքեպիսկոպոսը, որին Էջմիածնում պաշտպանեց ամբոխը, հետագայում հանձնվեց այն հիմքով, որ իր դեմ մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ ի վերջո կհանվեն։ Այդ ժամանակից ի վեր ձերբակալվեցին եւս երկուսը, իսկ վերջին բախումները տեղի ունեցան Էջմիածնում դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/301
Փաշինյանի եւ եկեղեցու հակամարտության հիմքում այն հարցն է, թե ինչպիսի երկիր կդառնա Հայաստանը Ղարաբաղը կորցնելուց հետո։ Եթե նախկինում հնարավոր չէր նույնիսկ չնչին տարբերություն գտնել հայերի հոգեւոր եւ քաղաքական ինքնության միջեւ (դարեր շարունակ հայ լինելու միակ սահմանումը Հայ Առաքելական Եկեղեցու մկրտված անդամ լինելն էր), այսօր պետության խրախուսանքով դրանց միջեւ ճեղք է բացվում՝ առայժմ փոքր։ Այն մարդկանց շրջանում, որոնց համար ազգը դարեր շարունակ եղել է եկեղեցին, անցյալ ամառվա բախման ամենակարեւոր հայեցակետն այն էր, որ հայկական ինքնությունը հնարավոր է պատկերացնել միայն որպես քաղաքական. եկեղեցու եւ պետության ներքին բաժանում հայերի սրտերում եւ մտքերում, որտեղ մի ժամանակ միայն ոչ ակնհայտ եւ չվերլուծված միասնություն էր։
Դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք քաղաքական եւ հոգեւոր Հայաստանը առանձնացնելու փորձը կհաջողվի։ Նրանք, ում հետ ես զրուցեցի, համառորեն կրկնում էին ավանդական հայկական եկեղեցի-ազգ կլիշեները։ Ես չեմ կասկածում այս զգացմունքների անկեղծությանը կամ ուժին։ Բայց հետաքրքիր է, թե որքան ժամանակ նրանք կկարողանան դիմակայել կառավարության հարձակմանը հոգեւոր Հայաստանի դեմ։
Փաշինյանի օրոք պետությունը կարող է առաջարկել մի բան, որը եկեղեցին չունի. զուտ աշխարհիկ հայկական ինքնություն, որը թույլ կտա հայրենիքում ապրող հայերին (եւ ԱՄՆ սփյուռքում գտնվողներից շատերին) կողմնորոշվել դեպի արդիականություն եւ Արեւմուտքի հեղինակավոր մշակույթը։ Մեկ սերունդ առաջ հայերը, ինչպես իրենց վրացի հարեւանները, իրենց նախնիների քրիստոնեական հավատքը համարում էին որպես Մերձավոր Արեւելքում հայտնված եվրոպացի լինելու ապացույց։ Փաշինյանը հասկացավ, որ սա այլեւս չի գործի։ Ոչ թե հայերի նախնիների քրիստոնեությունն է ապահովելու Հայաստանի մուտքը Արեւմուտք, այլ նրանց պատրաստակամությունը դրանից հրաժարվելու։ Փաշինյանը հույս ունի Հայաստանը վերածել «նորմալ» երկրի, որտեղ խաղաղության եւ բարգավաճման պահանջները առաջնային են, իսկ պատմության, կրոնի եւ ավանդույթի պահանջները՝ առասպել։
Այս իմաստով Ղարաբաղի կորուստը Աստծո պարգեւ էր Փաշինյանի եւ աշխարհիկ Հայաստան երազողների համար: Հենց այն պատճառով, որ Հայաստանի հոգեւոր պատմությունը սերտորեն կապված է Ղարաբաղի հետ, հարկադրելով եկեղեցուն ընդունել այդ տարածքի կորուստը՝ Փաշինյանը հնարավորություն է ստացել վերստեղծելու Հայաստանը որպես քրիստոնեական անցյալով, բայց հնարավոր հետքրիստոնեական ապագայով երկիր:
Փաշինյանի իշխանության գալուց ի վեր այս հետքրիստոնեական եւ հետազգային ապագայի նշանները անընդհատ շատանում են: Հայաստանը միշտ էլ եղել է Կովկասի բոլոր խորհրդային հանրապետություններից էթնիկապես ամենամիատարրը: Թեեւ բնակչության ավելի քան 90 տոկոսը էթնիկ հայ է, միգրացիայի ալիքը, որը վերափոխում է Արեւմուտքը, երրորդ աշխարհից հասել է նաեւ Հայաստան. հնդիկ ուսանողները, բուժքույրերն ու առաքիչիները սկսել են բնակեցնել Երեւանի առեւտրային փողոցների ծայրամասերը: Ամեն տարի հազարավոր աշխատունակ տարիքի հայ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան՝ սեզոնային շինարարական աշխատանքների (2024 թվականին այդ թիվը կազմել է 138,000, հյուսիսային Հայաստանի որոշ գյուղերում՝ յուրաքանչյուր երկրորդ աշխատունակ տարիքի տղամարդ): Սակայն այսօր Հայաստանում բնակվում է մոտ 30,000 հնդիկ, իսկ հնդիկներին տրամադրվող վիզաները 2021-2023 թվականների միջեւ աճել են 580 տոկոսով։
Լուսանկարը` REUTERS
Այս ամենը մեզ վերադարձնում է Սպիտակ տանը Թրամփի կողմից միջնորդավորված գործարքին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հնարավոր է՝ Փաշինյանը հասել է այնպիսի հաջողության, որին ոչ մի հայ առաջնորդ իրենից առաջ չի հասել։ Ամերիկայի կողմից Զանգեզուրի միջանցքի վարձակալությունը Կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ամենանշանակալի պարտավորությունն է այն ժամանակվանից, երբ 1919 թվականին Վուդրո Վիլսոնը չկարողացավ ստանալ Կոնգրեսի համաձայնությունը՝ ստեղծելու պրոտեկտորատ շատ ավելի մեծ հայկական ազգային տարածքի վրա։ Սակայն գործարքը լրջորեն քայքայում է Հայաստանի պաշտպանական դիրքը եւ թույլ տալիս Ադրբեջանին շրջափակել այն։
Բացի այդ, TRIPP-ը կամրապնդի նեոօսմանյան գերիշխանությունը, որը Էրդողանի գլխավորած Թուրքիան ստեղծում է Կովկասում։ Ամերիկայի կողմից հովանավորվող տրանսպորտային միջանցքի շնորհիվ Թուրքիան կկարողանա Արեւելյան Անատոլիայից ցամաքով ապրանքներ, մարդկանց եւ ռազմական տեխնիկա տեղափոխել Կասպից ծով։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ինտեգրացիան՝ տնտեսական, ռազմավարական, քաղաքական, Հայաստանը կդարձնի անվիճելի թուրքական ազդեցության մեջ մի կղզի։ Թուրքիան եւ Ադրբեջանը ամրապնդեցին իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները 2021 թվականի Շուշիի հռչակագրով, եւ այժմ, կարծես, պատրաստ են իրականացնելու վաղուց ցանկալի պանթուրքական միության առաջին փուլը: Ինչո՞ւ թույլ տալ, որ անհարմար դիրք գրաված 3 միլիոն հայերը խոչընդոտեն նման վեհ նպատակին:
Ամերիկայի միջնորդությամբ Սպիտակ տանը կնքված պայմանագրի մեծ ռազմավարական հաղթողը Թուրքիան է. ամենամեծ պարտվողը Մերձավոր Արեւելքում քրիստոնեության գոյատեւումն է: Հայերը կընդունեն Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունների կարգավորումը միայն այն դեպքում, եթե Հայաստանի ազգային ինքնությունը աշխարհիկ դառնա: Զարմանալի չէ, որ Ամերիկայի ազատական արտաքին քաղաքականության ինստիտուտը ողջունում է այդպիսի արդյունքը: Աշխարհի ամենահին եւ Մերձավոր Արեւելքի վերջին քրիստոնեական ազգի գոյատեւմամբ հետաքրքրված ամերիկացիները, սակայն, չպետք է ողջունեն:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: