Ամերիկան ստեղծել է աշխարհակարգ. հիմա նա այն քանդում է - Mediamax.am

Հունվար 09, 2026
793 դիտում

Ամերիկան ստեղծել է աշխարհակարգ. հիմա նա այն քանդում է


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի թարգմանությունը։

Իեն Բրեմեր

2026 թվականը շրջադարձային է։ Համաշխարհային անկայունության խոշորագույն աղբյուր է լինելու ոչ թե Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը կամ աշխարհում առկա մոտ 60 հակամարտությունները։ Այդ աղբյուրը լինելու են Միացյալ Նահանգները։ Դա Eurasia Group-ի «2026 թվականի գլխավոր ռիսկերը» զեկույցի կենտրոնական ուղերձն է. աշխարհի ամենահզոր երկիրը, որը կառուցել եւ ղեկավարել է հետպատերազմական աշխարհակարգը, այժմ ակտիվորեն քանդում է այն։

Պատժամիջոցներից, ռազմածովային ճնշումից եւ նավթային լիակատար շրջափակումից հետո ամերիկյան հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերի վերցրեցին Վենեսուելայի բռնապետ Նիկոլաս Մադուրոյին եւ բերեցին Նյու Յորք՝ մեղադրանք առաջադրելու համար։ Դա նախագահ Դոնալդ Թրամփի ամենամաքուր ռազմական հաղթանակն էր համաշխարհային ասպարեզում։

Թրամփն արդեն Արեւմտյան կիսագնդի նկատմամբ իր մոտեցումը անվանել է «Դոնրոյի դոկտրին»։ Սա ԱՄՆ երբեմնի նախագահ Ջեյմս Մոնրոյի Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ամերիկյան գերակայության մասին թեզի նրա տարբերակն է. եթե Մոնրոն զգուշացնում էր եվրոպական տերություններին չմիջամտել ամերիկյան տարածաշրջանի գործերին, Թրամփը կիրառում է ռազմական ճնշում, տնտեսական հարկադրանք եւ անձնական հարաբերությունների պարզում՝ տարածաշրջանը իր կամքին ենթարկելու համար: Եվ սա միայն սկիզբն է:

Դա ամենեւին «Ամերիկան առաջին հերթին» մեկուսացման քաղաքականություն չէ։ Միացյալ Նահանգները ավելի ու ավելի է փոխկապակցվում Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների հետ։ Թրամփի՝ Իրանին հարվածելու եւ եվրոպական քաղաքականությանը միջամտելու պատրաստակամությունը չի վկայում ներկայության նվազեցման մասին։ «Ազդեցության ոլորտների» հայեցակարգը նույնպես տեղին չէ։ Թրամփը աշխարհը չի բաժանում մրցակից տերությունների միջեւ, որտեղ բոլորը մնում են իրենց տարածքում։ Վաշինգտոնը վերջերս Թայվան ուղարկեց պատմության մեջ զենքի ամենամեծ խմբաքանակը, իսկ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չի վկայում Ասիան Չինաստանին զիջելու ցանկության մասին։

Թրամփի արտաքին քաղաքականությունը չի հենվում ավանդական առանցքների վրա՝ դաշնակիցներ ընդդեմ հակառակորդների, ժողովրդավարություններ ընդդեմ ավտոկրատիաների, ռազմավարական մրցակցություն ընդդեմ համագործակցության։ Այն հիմնված է ավելի պարզ հաշվարկի վրա. կարո՞ղ եք բավականաչափ ուժեղ հարված հասցնել նրան վնասելու համար։ Եթե պատասխանը «ոչ» է, եւ դուք ունեք ինչ-որ բան, որն անհրաժեշտ է Թրամփին, դուք թիրախ եք։ Եթե պատասխանն «այո» է, նա գործարք կկնքի ձեզ հետ։

Թրամփը ցանկանում էր ազատվել Մադուրոյից, եւ Մադուրոն ոչինչ չկարողացավ անել նրան կանգնեցնելու համար։ Նա չուներ դաշնակիցներ, որոնք պատրաստ էին գործել, չուներ բանակ, որը կարող էր հակահարված տալ, չուներ ազդեցության լծակներ Թրամփին հետաքրքրող որեւէ բանի հետ կապված։ Եվ նա հեռացվեց։ Կարեւոր չէ, որ Վենեսուելայի ռեժիմի կառուցվածքն անփոփոխ մնաց, եւ կայուն ժողովրդավարական կառավարության անցումը քաոսային եւ վիճահարույց է լինելու։

Լուսանկարը` REUTERS


Թրամփը գոհ է, որ Վենեսուելան շարունակում է կառավարվել նույն ռեպրեսիվ ռեժիմի կողմից, քանի դեռ այն հետեւում է իր հրահանգներին: «Ավելի վատ կլինի» սպառնալիքն արդեն աշխատում է. Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նոր կառավարությունը 30-50 միլիոն բարել նավթ կհանձնի Միացյալ Նահանգներին, որի եկամուտները կվերահսկի ԱՄՆ նախագահը: Վենեսուելայում ձեռքբերված հաջողությունը դրդելու է Թրամփին առաջ շարժվել՝ լինի դա Կուբան, Կոլումբիան, Նիկարագուան, Մեքսիկան, թե Գրենլանդիան:

Սպեկտրի մյուս ծայրում Չինաստանն է: Երբ Թրամփը անցյալ տարի բարձրացրեց մաքսային դրույքները, Պեկինը պատասխանեց հազվագյուտ եւ կարեւորագույն հանքանյութերի արտահանման սահմանափակումներով: Խոցելիությունը բացահայտված էր, եւ Թրամփը ստիպված եղավ նահանջել: Այժմ նա մտադիր է պահպանել լարվածության թուլացումը եւ համաձայնության գալ ցանկացած գնով:

Սա ջունգլիների օրենք է, այլ ոչ թե մեծ ռազմավարություն. միակողմանի ուժը կիրառվում է այնտեղ, որտեղ, Թրամփի կարծիքով, նա կարող է դա իրեն թույլ տալ՝ կտրված նորմերից, բյուրոկրատական գործընթացներից, դաշինքային կառուցվածքներից եւ բազմակողմ հաստատություններից: Մինչդեռ սահմանափակումները սրվում են այլ ոլորտներում՝ ընտրողները դժգոհ են գներից, առջեւում միջանկյալ ընտրություններն են՝ հնարավոր կորուստներով, առեւտրային լծակները նվազում են, իսկ ժառանգությունն ամրապնդելու նրա ցանկությունը մեծանում է: Արդյունքում աճում է անվտանգության ոլորտում ռիսկեր ստանձնելու Թրամփի պատրաստակամությունը։ Արեւմտյան կիսագնդում Միացյալ Նահանգներն ասիմետրիկ առավելություն ունեն, որին ոչ ոք չի կարող հակադրվել, եւ Թրամփը կարող է հեշտ հաղթանակներ ապահովել նվազագույն դիմադրությամբ եւ ծախսերով։ Սակայն հարցը միայն Ամերիկայի անմիջական հարեւանները չեն:

Լուսանկարը` REUTERS


Սպառնալիքները Գրենլանդիայի հասցեին ցույց են տալիս, որ Եվրոպան նույնպես Ամերիկայի թիրախների ցանկում է։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան՝ մայրցամաքի երեք խոշորագույն տնտեսությունները, 2026 թվական մտան թույլ կառավարություններով: Ռուսաստանը կանգնած է շեմին, իսկ ԱՄՆ վարչակազմի բացահայտ աջակցությունը ծայրահեղ աջերին էլ ավելի է մասնատում մայրցամաքը։ Եթե եվրոպացիները ազդեցության լծակներ արագ չգտնեն, նրանք լուրջ ճնշման են բախվելու։

Երկրների մեծ մասի համար անկանխատեսելի, անվստահելի եւ վտանգավոր ԱՄՆ-ին արձագանքելը հրատապ աշխարհաքաղաքական մարտահրավեր է դարձել։ Ոմանք կձախողվեն։ Եվրոպան, հավանաբար, չափազանց ուշ կհարմարվի։ Ոմանք կհաջողեն. Սի Ցզինպինը կարող է իրեն երկարատեւ խաղ թույլ տալ։ Նա դեռ շատ երկար իշխանության գլխին կլինի 2029 թվականին Թրամփի ժամկետի ավարտից հետո։

Ամերիկյան հզորությանը հասցված վնասը այս վարչակազմից ավելի երկար կտեւի։ Դաշինքները, գործընկերությունները եւ վստահությունը պարզապես հաճելի բաներ չեն. դրանք ուժի բազմապատկիչներ են, որոնք Վաշինգտոնին տալիս են այնպիսի լծակներ, որոնք չեն կարող ապահովել միայն ռազմական եւ տնտեսական ուժը։ 

Թրամփը վատնում է այս ժառանգությունը՝ այն դիտարկելով որպես սահմանափակում, այլ ոչ թե առավելություն, կառավարելով այնպես, կարծես ամերիկյան հզորությունը անսահման է, եւ նա կարող է ուժով փոխել աշխարհը՝ առանց երկարաժամկետ հետեւանքների։ Սակայն նրա կողմից ոչնչացվող դաշինքները չեն վերականգնվի, երբ հաջորդ նախագահը պաշտոն ստանձնի։ Վստահության վերականգնումը սերունդներ է պահանջում, եթե այն 
ընդհանրապես հնարավոր է վերականգնել։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին