Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իսպանիայի նախկին արտաքին գործերի նախարար, Համաշխարհային բանկի նախկին ավագ փոխնախագահ Անա Պալասիոյի հոդվածը։
Անա Պալասիո
Տարբեր ԶԼՄ-ների կողմից Դոնալդ Թրամփի ճանաչումը որպես 2025 թվականի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն անսպասելի չէր։ Բայց ապշեցնում է այն, որ Թրամփը ճանաչում է ստանում նորմերի քայքայման եւ դաշինքների խաթարման համար։
Անցած տասնամյակներում Միացյալ Նահանգները կարող էր խստացնել իր քաղաքականությունը՝ չհրաժարվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված կարգի հիմնական երաշխավորի իր դերից։ Այսօր այլեւս այդպես չէ։ Թեեւ Ամերիկայի նահանջը համաշխարհային առաջատարությունից, հավանաբար, վաղուց էր նախապատրաստվում, Թրամփն այն կյանքի է կոչել։ Դժվարությամբ ձեռք բերված ազդեցությունը փորձելով օգտագործել անհապաղ օգուտ ստանալու համար (նաեւ իր եւ իր մերձավոր շրջապատի համար), նա ակտիվորեն սաբոտաժի է ենթարկում միջազգային համագործակցությունը եւ խաթարում օրենքի գերակայությունը։
ԱՄՆ առեւտրային քաղաքականությունն այլեւս ընդհանուր օգուտները առավելագույնի հասցնելու միջոց չէ, այլ ավելի շուտ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դաշինքները գնահատվում են ոչ թե ընդհանուր արժեքների ու աշխարհաքաղաքական շահերի, այլ դրանց ապահոված անմիջական օգուտների հիման վրա։ Ռազմավարական փոխգործակցությունը, որը համատեղում էր կոշտ եւ փափուկ ուժի կիրառումը, իր տեղը զիջել է անհեռատես հարկադրանքին։
Այս տեղաշարժը վակուումում տեղի չի ունեցել։ Թեեւ Թրամփի արտաքին քաղաքականության հանդեպ արձագանքները տարբեր էին, մեծ մասը նախընտրել էր հարմարվելը, այլ ոչ թե առճակատումը։ Որոշ դերակատարներ համբերատար դիմանում էին հարվածներին՝ հույս ունենալով, որ Թրամփը չի շարունակի հետապնդել նրանց, ովքեր մարտահրավեր չեն նետում։ Մյուսները հավասարակշռություն էին պահպանում՝ փորձելով որոշակի կայունություն ապահովել։ Բրազիլիայի եւ Հնդկաստանի նման երկրները չէին ենթարկվում Թրամփին, բայց ոչ էլ ուղղակիորեն մարտահրավեր էին նետում նրան:
Լուսանկարը` REUTERS
Չինաստանն ավելի հեռուն գնաց։ Երկար ժամանակ ձգտելով Արեւմուտքը զրկել միջազգային քաղաքականության կենտրոնական դերակատարությունից՝ չինացի առաջնորդները Թրամփի կողմից առաջացած ճգնաժամը հնարավորություն համարեցին. Ամերիկայի համաշխարհային առաջնորդության նահանջից ցնցված աշխարհը հակված կլինի կայունության եւ հաջորդականության նոր ջատագովի ընդունել։
2025թ. սեպտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ներկայացրեց Գլոբալ կառավարման նախաձեռնությունը՝ հիմնված այն նախադրյալի վրա, որ «բոլոր երկրները, անկախ չափից, ուժից եւ հարստությունից», պետք է « համաշխարհային կառավարման հավասար մասնակիցներ եւ շահառուներ լինեն»։ Գլոբալ կառավարման նախաձեռնությունը, Գլոբալ զարգացման նախաձեռնության (2021), Գլոբալ անվտանգության նախաձեռնության (2022) եւ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնության (2023) հետ միասին, հստակ ուղերձ է հղում. Չինաստանը ցանկանում է առաջնորդել ավելի կայուն, բազմակարծիք համաշխարհային կարգի ստեղծումը, որը կարող է խթանել համատեղ առաջընթացը։
Լուսանկարը` REUTERS
Դա լիբերալ նախագիծ չէ, եւ Չինաստանը չի էլ ձգտում այն այդպիսին ներկայացնել։ Դրա փոխարեն, այն կենտրոնանում է միջազգային համագործակցության կարեւորագույն ոլորտների վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգի առաջխաղացումը մինչեւ 2030 թվականը եւ «երկրների միջեւ տարաձայնությունների եւ վեճերի խաղաղ կարգավորումը»՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը եւ մերժելով «որոշակի քաղաքակրթությունների գերազանցության» մասին պատումները։
Չինաստանն այս հայեցակարգը ներկայացնում է ոչ թե որպես բոլորովին նոր կարգ, որը կստեղծվի հետպատերազմյան կարգի ավերակների վրա, այլ որպես գոյություն ունեցող համակարգի բնական էվոլյուցիա։ Չինաստանը ցանկանում է, որ իրեն ընկալեն որպես հուսալի ուժ, որն ապահովում է հաջորդականություն, բարգավաճում եւ հարգալից համակեցություն։ Թրամփի քմահաճ, եսասիրական եւ հարկադրող վարքագծի ֆոնին այս հեռանկարը բավականին գրավիչ է երեւում, հատկապես՝ Գլոբալ Հարավի երկրներում։
Ի տարբերություն Չինաստանի, որը գտել է Թրամփի նախագահությունից օգուտներ քաղելու եղանակը, Եվրոպան էլ ավելի խոցելի է դարձել։ Այն այլեւս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա՝ ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությունների կատարման եւ եվրոպական անվտանգության աջակցության հարցում։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում Ռուսաստանին բացահայտորեն նախապատվություն տալով՝ Թրամփը նպաստել է Եվրոպայում անվտանգության իրավիճակի վատթարացմանը։
Լուսանկարը` REUTERS
Եվրոպան չի կարող պարզապես աջակցել Չինաստանի գլխավորած համաշխարհային կարգին, որն առաջ է քաշում Սի Ցզինպինը։ Թեեւ Եվրոպան չի կիսում Ամերիկայի թշնամանքը Չինաստանի նկատմամբ, այն չի կարող անտեսել Պեկինի տեխնոլոգիական, տնտեսական եւ դիվանագիտական աջակցությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմին։ 2026 թվականը փորձություն կդառնա ԵՄ-ի համար՝ հաղթահարելու իր կախվածությունը եւ գործելու միասնաբար ու վճռականորեն։
Աշխարհակարգի ապագան մնում է անհայտ, սակայն հիմա մենք գիտենք, թե որ երկրներն են լավագույնս պատրաստ նախկինում եղածի կորուստին։
Թարգմանությունը՝ Մարթս Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Project Syndicate, 2026
www.project-syndicate.org












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: