Հայաստան-ԵՄ. «Ինտեգրացիա առանց անդամակցության» - Mediamax.am

Դեկտեմբեր 29, 2025
69 դիտում

Հայաստան-ԵՄ. «Ինտեգրացիա առանց անդամակցության»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք Բարսելոնայի Միջազգային կապերի կենտրոնի հրավիրյալ փորձագետ Էլեոնորա Տաֆուրո Ամբրոսետիի Armenia may be turning West, but EU membership is a long way off հոդվածի հայերեն թարգմանությունը:

Էլեոնորա Տաֆուրո Ամբրոսետի

Երբ Հայաստանը խզեց կապերը Մոսկվայի հետ եւ ջերմացրեց Եվրոպայի հետ հարաբերությունները, խոսակցություններ սկսվեցին մոտալուտ ԵՄ թեկնածության մասին, բայց իրականությունն ավելի բարդ է: Երեւանն իսկապես հակվում է դեպի Արեւմուտք (նույնիսկ ընդունել է օրենք, որը կոչ է անում կառավարությանը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել), սակայն դեռեւս կապված է Ռուսաստանի անվտանգության եւ տնտեսական կառույցներին: Մինչդեռ Բրյուսելը կարծես նորից ընդլայնվելու ախորժակ չունի: Հայաստանը գուցե վերանայում է իր արտաքին քաղաքականությունը, բայց ԵՄ-ին անդամակցությունը դեռ հեռու է, եւ միակ իրատեսական ուղին առայժմ ինտեգրացիան է՝ առանց անդամակցության։ 

Իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու նպատակով Երեւանը հատկապես հետաքրքրված է բացել ԵՄ անդամակցության ճանապարհը: 2025 թվականի մարտին խորհրդարանը հաստատեց քաղհասարակության անդամների նախաձեռնած օրենքը, որը կոչ է անում Հայաստանի կառավարությանը սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը: Բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ամենավերին մակարդակի, պարբերաբար հղում են կատարում օրենքին եւ Հայաստանի եվրոպական նկրտումներին: Այնուամենայնիվ, Հայաստանի պաշտոնական թեկնածությունը, առավել եւս՝ ԵՄ անդամակցությունը, դեռեւս հեռավոր հեռանկար է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են երկրի արտաքին քաղաքականության անկյունաքարը։

Ամենամեծ խոչընդոտները ԵՄ ճանապարհին 

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Մոսկվայի հետ կապված լինելով հանդերձ՝ Երեւանը պահպանել է եւ ավելի ու ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ։ Սակայն, երբ Երեւանը փորձել է խորացնել ինտեգրումը Բրյուսելի հետ, Մոսկվայի հետ մտերմությունը խոչընդոտ է հանդիսացել։ Օրինակ՝ 2013 թվականին Հայաստանը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, բայց ի վերջո տեղի տվեց Ռուսաստանի ճնշմանը եւ միացավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։

Այսօր ԵԱՏՄ անդամակցությունը հիմնական ֆորմալ խոչընդոտն է Հայաստանի ԵՄ անդամակցության ճանապարհին՝ ոչ միայն քաղաքական իմաստով (Ռուսաստանը ԵԱՏՄ-ի խոշորագույն տնտեսությունն է), այլեւ այն պատճառով, որ դրանք ազատ առեւտրի երկու տարբեր, հետեւաբար անհամատեղելի գոտիներ են, որտեղ անդամները համաձայնության են գալիս արտաքին սակագների եւ տուրքերի հարցում։ Հայաստանի կառավարությունը, անշուշտ, գիտակցում է այս անհամատեղելիությունը։ Հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը պատասխանեց տողերիս հեղինակին. «Իհարկե, մենք գիտենք, որ չենք կարող միանալ ԵՄ-ին, եթե ԵԱՏՄ անդամ ենք։ Ինչ-որ պահի ստիպված կլինենք ընտրություն կատարել։ Բայց ընտրությունը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները՝ կառավարության եւ խորհրդարանի միջնորդությամբ»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Մյուս ակնհայտ խոչընդոտը Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին, որը կհակասի ԵՄ անդամների մեծ մասի ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Երեւանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, երբ չստացավ պաշտպանություն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ, որը պետք է գործարկեր ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում ամրագրված փոխադարձ պաշտպանության կետը։ Սակայն կազմակերպությունից դուրս գալու հարցը չի քննարկվում։

Լայն առումով, Հայաստանը ստեղծում է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացված պորտֆել՝ ներառյալ Ռուսաստանը եւ այլ եվրասիական պետությունները, միաժամանակ ձգտելով ԵՄ-ի հետ ավելի մեծ ինտեգրման։ 2025 թվականին Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ ներկայացրեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը համարվում է Ռուսաստանի եւ Չինաստանի գործիքներից մեկը՝ համաշխարհային կարգի այլընտրանքային (այն է՝ հետարեւմտյան) տեսլականն առաջ մղելու համար։ 


Հայաստանի անդամակցության հայտը արգելափակվեց, բայց այս քայլը հարցեր է առաջացնում նրա ԵՄ ձգտումների վերաբերյալ: Իրականում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության ցանկությունը արտացոլում է միայն նրա տնտեսական կախվածությունը եւ իր տարածաշրջանի իրականությունը: 

Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է ընդլայնմանը 

Մյուս մեծ խնդիրն այն է, որ Բրյուսելը ընդլայնման նոր գործընթաց սկսելու իրական ցանկություն չունի։ Միությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Այն ուշագրավ հարմարվողականության ցուցադրեց, երբ 2013 թվականին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը կմիանա ԵԱՏՄ-ին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու փոխարեն. Բրյուսելը մշակեց 2017 թվականին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը թույլ տվեց Հայաստանին ստանալ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ներքին բարեփոխումների եւ զարգացման համար։ 

Այնուամենայնիվ, դատելով ԵՄ պաշտոնյաների հետ անձնական զրույցներից, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններից, թվում է, թե քիչ ցանկություն կա Հայաստանի հետ սկսելու մարտահրավերներով լի եւ քաղաքականապես զգայուն ընդլայնման նոր փուլ, որը նաեւ կխորացնի արդեն իսկ ծանր ԵՄ-Ռուսաստան ճգնաժամը։ 

Մի կողմից ճիշտ է, որ Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելը (գործընթացն այժմ սառեցված է Վրաստանում՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով) նոր խթան հաղորդեց ընդլայնմանը, բայց դա վերակենդանացրեց նաեւ Արեւմտյան Բալկանների երկրների դժգոհությունները, որոնք տարիներ շարունակ համբերատար սպասում էին լիիրավ անդամակցությանը եւ դժգոհ են Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ բարենպաստ վերաբերմունքից ։

Ուկրաինայի անդամակցությունը հսկայական ազդեցություն կունենար ԵՄ համախմբվածության եւ գյուղատնտեսական քաղաքականության վրա՝ չհաշված անվտանգության հետ կապված լրացուցիչ խնդիրները։ Բայց նույնիսկ փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Մոլդովան, կտրուկ կազդեն ԵՄ արտաքին քաղաքականության հեռանկարի եւ որոշումների կայացման գործընթացների վրա։ Նման դիտարկումը հիմք է տալիս պնդելու, որ իր ներկայիս տեսքով ԵՄ-ն պատրաստ չէ նոր անդամներ ընդունել։

Տեղյակ լինելով այս խնդրին՝ ԵՄ-ն պատրաստվում էր մինչեւ 2025 թվականի վերջը հրապարակել «Ընդլայնմանը պատրաստ» ռազմավարությունը, բայց այս հոդվածը գրելու պահին այն դեռ լույս չէր տեսել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ են արմատական եւ բարդ փոփոխություններ, նախքան ինստիտուտները կարողանան հարմարվել ընդլայնված ԵՄ-ին, եւ ռազմավարությունը այս առումով, հավանաբար, վճռորոշ չի լինի։ 

Ինտեգրացիա առանց անդամակցության

ՀՀ կառավարությունը ճիշտ է վարվում, որ խթանում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը՝ պահպանելով համագործակցությունը Մոսկվայի հետ եւ միաժամանակ զգուշորեն խուսափելով Ռուսաստանից չափազանց մեծ կախվածությունից (ինչպես անցյալում էր), եւ խթանում համագործակցությունը ԵՄ-ի հետ: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Իր նախկին վաղեմի թշնամու՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր տնտեսական հնարավորություններ են բացում Հայաստանի համար՝ ճանապարհների եւ առեւտրի առումով: Միեւնույն ժամանակ Երեւանը չի կարող անտեսել իր տնտեսական կախվածությունը Մոսկվայից: Այնուամենայնիվ, ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հեռանկարի շեշտադրումը քաղաքականապես վտանգավոր քայլ կլինի, քանի որ կարող է անիրատեսական սպասումներ առաջացնել քաղաքացիների շրջանում եւ հակառակ արդյունք տալ, եթե այդ սպասումները չբավարարվեն:

Ներկայում ԵՄ-ին անդամակցության հավաստի տարբերակ չկա, նույնիսկ եթե Բրյուսելը ցանկանում է խորացնել իր կապերը Հայաստանի հետ: 2025-ի դեկտեմբերի 2-ին ընդունվեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը: Հիմնվելով CEPA-ի վրա, բայց չհիշատակելով անդամակցության հեռանկարը, ռազմավարական օրակարգը սահմանում է համագործակցության ճանապարհային քարտեզ՝ ի պատասխան «ՀՀ-ի կողմից Եվրոպական Միության հետ կապերը ամրապնդելու ձգտման», որի կենտրոնում են ճանապարհային կապերը եւ  քաղաքական ու տնտեսական բարեփոխումները: Հատկանշական է, որ օրակարգը նախատեսում է նաեւ երկխոսություն վիզաների ազատականացման վերաբերյալ՝ մարդկանց միջեւ փոխանակումները խթանելու համար: Ավելին, Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից օգնություն է խնդրել 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին հնարավոր չարամիտ միջամտության դեմ։ 

Սա գուցե չի բավարարի ԵՄ անդամակցության այն նկրտումները, որն ունեն Հայաստանի քաղհասարակության որոշ հատվածներ, բայց այն հավաստի եւ պրագմատիկ ձեւ է բարելավելու ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները ներկա ժամանակահատվածում, որը բնութագրվում է արագ փոփոխություններով եւ մարտահրավերներով՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵՄ-ում։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին