Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի Trump’s Peace Lessons for Europe հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թոմաս դե Վաալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ութ պատերազմերին վերջ դնելու մասին գուցե վիճահարույց են, սակայն նրա խաղաղարար ջանքերը հիմնավորված հարցեր են առաջացնում: Եվրոպան կարող է դասեր քաղել ձգձգվող հակամարտություններում փակուղիները հաղթահարելու նրա փորձից։
Խորհրդանշանակությունը չէր կարող ավելի ակնառու լինել։
Այս տարի Թրամփի վարչակազմը փակել էր ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտը (USIP)՝ խաղաղարարության ուսումնասիրության հարցերով զբաղվող կազմակերպությունը, որտեղ աշխատում էին գիտնականներ եւ բանակցությունների հարուստ փորձ ունեցող պաշտոնաթող դիվանագետներ։
Դեկտեմբերին ինստիտուտը հանկարծակի վերաբացվեց ճակատին փորագրված նոր անունով՝ «Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ»: Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին բացատրել է, որ USIP-ը «ժամանակին անօգտակար կազմակերպություն էր, որը տարեկան 50 միլիոն դոլար էր վատնում՝ առանց խաղաղության հասնելու»։
«Այժմ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտը, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ութ պատերազմին վերջ դրեց, հիշեցում կծառայի այն մասին, թե ինչի կարող է հասնել ուժեղ ղեկավարությունը՝ համաշխարհային կայունություն ապահովելու համար», - հավելել էր Քելլին:
Ութ հակամարտությունների ցանկում է հակամարտությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուանդայի առաջնորդների միջեւ, ովքեր համաձայնագիր կնքեցին Թրամփի ներկայությամբ՝ այդ նոր վերանվանված շենքում։
Ցանկը բազմաթիվ քննադատներ ունի։ Սպիտակ տան կողմից ներկայացված ութ օրինակներից մի քանիսը իրական խաղաղության համաձայնագրերի չափանիշներին չեն համապատասխանում, օրինակ, Եգիպտոսի եւ Եթովպիայի միջեւ կնքված գործարքը Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակի վերաբերյալ։ Մյուսները, ինչպիսին է ԱՄՆ-ի միջնորդությամբ Թաիլանդի եւ Կամբոջայի միջեւ կնքված համաձայնագիրը, չի գործում. մենք լսում ենք նոր մարտերի մասին։ Քչերը կարող են բացատրել, թե ինչու են ցուցակում հայտնվել Կոսովոն եւ Սերբիան։
Ինչ վերաբերում է Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին, դեռ վաղ է խոսել, թե արդյոք նրանց կնքած գործարքը կպահպանվի։ Ուկրաինան ընդհանրապես ընդգրկված չէ ցուցակում՝ ակնհայտ պատճառներով. Մոսկվայից եւ Վաշինգտոնից դուրս քչերն են ԱՄՆ-ի վերջին ծրագիրը իրական խաղաղապահ ջանք համարում, որը նպատակ ունի լուծել հակամարտության հիմնական պատճառները։
Այնուամենայնիվ, ինչպես խոստովանել էր ԵՄ մի պաշտոնյա, Թրամփը կարող է ճիշտ պատասխաններ չունենալ, բայց նա հաճախ ճիշտ հարցեր է տալիս։ Եվրոպացիները պատշաճ կերպով չեն անդրադարձել «Ինչպե՞ս դադարեցնել արյունահեղությունը Ուկրաինայում» հարցին։
Տեսնելով Թրամփի խաղաղության օրակարգի համարձակ նկրտումները, եվրոպացիները պետք է իրենց հարց տան՝ ի՞նչու իրենք բավականաչափ խիզախություն չունեն մեծ խնդիրները լուծելու համար։
Ձգձգվող հակամարտությունները սեփական դինամիկան ձեռք բերելու հակում ունեն. դիսֆունկցիոնալ ստատուս քվոն շարունակվում է մինչեւ ինչ-որ մեկը որոշի քաղաքական կապիտալ ծախսել եւ դուրս գալ փակուղուց։ Կիպրոսը օրինակներից մեկն է, երբ ԵՄ-ն փաստացի հեռացավ հակամարտության կարգավորման գործընթացից՝ 2004 թվականին վիճող կողմերից մեկին՝ Կիպրոսի Հանրապետությանը, հրավիրելով միության անդամ դառնալ։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Մեկ այլ տխուր դեպք էր Մինսկի խումբը՝ ստեղծված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները հեշտացնելու համար։ 1997 թվականից հետո միջնորդներն էին Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները՝ երեք մեծ տերություններ՝ հսկայական ռեսուրսներով, սակայն նրանք նախընտրում էին չստիպել կողմերից որեւէ մեկի առաջնորդներին դժվար ընտրություն կատարել եւ վճարել հակամարտությունը հավերժացնելու գինը։ Արդյունքը մի գործընթաց էր, որն ավելի ճիշտ է նկարագրել որպես հակամարտության կառավարում, քան իրական խաղաղության բանակցություններ։ Այդ գործընթացը կտրուկ ընդհատվեց, երբ Ադրբեջանը 2020 թվականին պատերազմի վերադարձավ։
Հայաստան-Ադրբեջան գործընթացը Սպիտակ տան խաղաղության գործարքների ցանկի այն կետն է, որի համար Թրամփի վարչակազմն իսկապես գովասանքի է արժանի: 2025 թվականին Միացյալ Նահանգները մտան մի գործընթացի մեջ, որում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները արդեն համաձայնության էին եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ եւ հաջորդ քայլերի համար փնտրում էին երաշխավորի համար, որը Ռուսաստանը չէր լինի: Եվրոպացիները գիտելիքներ եւ ճիշտ մարդիկ ունեին՝ գործարք կնքելու համար, բայց հենց ամերիկացիները՝ արագ գործելով եւ ամենաբարձր մակարդակներում արագություն եւ քաղաքական կամք ցուցաբերելով, օգոստոսին գումարեցին Սպիտակ տան գագաթնաժողովը, որտեղ նախաձեռնվեցին եւ ստորագրվեցին նոր համաձայնագրեր:
Միացյալ Նահանգների ուժ կիրառելու պատրաստակամությունը երկկողմանի ազդեցություն ունի: Լավ կիրառվելու դեպքում այն կարող է մարդկանց դուրս մղել իրենց հարմարավետության գոտիներից: Վատ կիրառման պարագայում՝ այն կարծես խուլիգանի ուժ լինի՝ դա կարող է վկայել Ուկրաինան:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Միացյալ Նահանգներն այդպես են գործել նաեւ նախկինում: Երբ 30 տարի առաջ կնքվում էին Դեյթոնի համաձայնագրերը, դիվանագիտության եւ կոշտ ուժի համադրությունը վերջ դրեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի պատերազմին, որը կարող էր անորոշ ժամանակ տեւել: Որքան էլ այն կատարյալ չէր, Դեյթոնի շնորհիվ տարածաշրջանը երեք տասնամյակով ազատվեց հակամարտությունից։
Այսպիսով, արդյոք պե՞տք է Եվրոպան հետեւի Թրամփի օրինակին։ Ե՛վ այո, եւ՛ ոչ։
ԱՄՆ նախագահի վերջին մի քանի ամիսների ընթացքում գործարքների կնքման ռազմավարության դասը, անկասկած, այն է, որ եթե ցանկանում եք փոխել ստատուս քվոն, պետք է կոշտ գործեք եւ պատրաստ լինեք կոտրել կաղապարները։ Այս աշխարհի հզորները, որոնք պատասխանատու են հակամարտությունների հավերժացման համար, կփոխեն իրենց վարքագիծը միայն այն ժամանակ, երբ վախ կզգան։ Դա հենց այն է, ինչ Թրամփը պատրաստ է անել։
Սակայն, երբ առանցքային ճեղքումն ապահովված է, գործարքը իրական խաղաղության վերածելը բոլորովին այլ հարց է։ Համաձայնագրի կենսունակություն ապահովելու համար անհրաժեշտ մանրուքների մշակումը պահանջում է քրտնաջան աշխատանք եւ «հնաոճ» դիվանագիտություն։
Ապացուցված է, որ խաղաղության համաձայնագրերի մոտ կեսը ձախողվում է հինգ տարվա ընթացքում, քանի որ դրանք պատշաճ կերպով չեն կյանքի չեն կոչվում։ Եվրոպան պետք է նոր հմտություններ ձեռք բերի՝ գործարքներ կնքման ավելի լավ միջնորդ դառնալու համար։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: