Ալգորիթմի հաղթանակը երաժիշտներին կարող է ԱԲ ստրուկներ դարձնել - Mediamax.am

Դեկտեմբեր 17, 2025
exclusive
185 դիտում

Ալգորիթմի հաղթանակը երաժիշտներին կարող է ԱԲ ստրուկներ դարձնել


Լուսանկարը` Kirill Rudynski

Լուսանկարը` Nina Skaret

Լուսանկարը` Kirill Rudynski


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախկին նախագահ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի նախկին հատուկ խորհրդական Ժակ Աթալիի հոդվածը։

Ժակ Աթալի

Արհեստական բանականության կողմից սահմանված մեր ապագան պատկերացնելու համար բավական է տեսնել, թե ինչ է կատարվում երաժշտական արդյունաբերության ոլորտում։ Հենց երաժշտության շնորհիվ է ծնունդ առել ոչ նյութական ապրանքների եւ ծառայությունների շուկան, եւ հենց այստեղ էլ առաջին անգամ ձեւակերպվել է մտավոր աշխատանքի պտուղների համար հատուցման գաղափարը։

Եթե Յոհան Սեբաստիան Բախը ստիպված էր համերգներ տալ սրճարաններում՝ իր մեծ ընտանիքը պահելու համար, ապա արդյունաբերական հեղափոխությունը՝ իր զանգվածային արտադրությամբ եւ աշխատանքի խորը բաժանմամբ, մուտք բացեց դեպի շատ ավելի լայն շուկաներ։

Թվային տնտեսությունն ավելի առաջ անցավ։ Երաժիշտները, որոնք մի ժամանակ կախված էին իրենց ստեղծագործություններ պատվիրող ֆեոդալներից, հետո՝ համերգի տոմսեր գնող բուրժուական լսարանից, եւ վերջապես՝ ռոյալթի վճարող ձայնագրման ընկերություններից, այժմ հատուցվում են սթրիմինգային ծառայությունների եւ այլ առցանց հարթակների կողմից։

Այժմ արհեստական բանականությունը (ԱԲ) գլխիվայր շրջում է ոլորտը։ Գեներատիվ ԱԲ գործիքները հնարավորություն ունեն երաժշտություն ստեղծելու առանց մարդու միջամտության՝ սովորելով արդեն իսկ գոյություն ունեցող ստեղծագործությունների հսկայական կատալոգից: The Velvet Sundown վիրտուալ խումբը Spotify-ում ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում գերազանցել է մեկ միլիոն դիտումների քանակը, իսկ «Heart on My Sleeve» երգը, որը TikTok-ում հրապարակվել է անանուն օգտատիրոջ կողմից, որը «ԱԲ-ի կիրառմամբ ստեղծել է երգ, որտեղ Drake-ը հակադրվում է The Weeknd-ին», միլիոնավոր դիտումներ է հավաքել:

Կարելի է նաեւ արհեստական դիջեյներ գտնել, որոնք կարող են մարդուց ոչ պակաս երեկույթ վարել, ինչպես նաեւ ԱԲ-ի կողմից գեներացված ֆիլմերի սաունդթրեքներ եւ արտիստների ձայներն ու ոճերը ընդօրինակող հնչյունավորումներ: Այս դեպքերում գրեթե ամեն ոք կարող է մատչելի երաժշտություն եւ աուդիո բովանդակություն ստեղծել։

Լուսանկարը` Nina Skaret


Հեղինակների եւ կոմպոզիտորների միությունների միջազգային կոնֆեդերացիայի (CISAC) կանխատեսումների համաձայն՝ գեներատիվ ԱԲ-ի միջոցով ստեղծված երաժշտական եւ աուդիովիզուալ բովանդակության շուկան արագ աճելու է՝ մինչեւ 2028 թվականը այսօրվա մոտ 3 միլիարդ եվրոյից հասնելով 64 միլիարդ եվրոյի։ ԱԲ-ի միջոցով ստեղծված երաժշտությունը կարող է սթրիմինգային հարթակների եկամտի մոտ 20%-ը կազմել։ CISAC-ը նաեւ նշում է, որ հեղինակների եկամուտը վտանգված է. ընդհանուր անկումը երաժշտական ոլորտում մինչեւ 2028 թվականը կարող է մոտ 24% կազմել։

Երաժիշտների հեղինակային իրավունքները պաշտպանելու համար մի շարք իրավասությունների օրենսդիրներ սկսում են իրավական միջոցներ ձեռնարկել: Եվրոպական ԱԲ-ի մասին օրենքը պահանջում է, որ արհեստական բանականության կողմից ստեղծված նյութեր հրապարակողները եւ տարածողները բացահայտեն իրենց աղբյուրները: Իրականացվում են մի քանի եվրոպական նախագծեր ՝ թվային ջրանիշերի եւ բլոկչեյնի վրա հիմնված լուծումների օգտագործման վերաբերյալ՝ սկզբնաղբյուր նյութերը նույնականացնելու եւ ավտոմատ կերպով միկրոռոյալթիներ  վճարելու համար: Սակայն նման պաշտպանությունը, հավանաբար, անիմաստ կլինի: Ապագայի արտիստները ստիպված կլինեն իրենց հատուցումը ստանալ այլ եղանակներով:

Համակարգիչ կամ բջջային հեռախոս ունեցող յուրաքանչյուրը կարող է ստեղծել, գործիքավորել եւ արտադրել երաժշտական տեսահոլովակներ կամ հարմարեցնել իր աշխատանքները տեսախաղերի, ինտերակտիվ գովազդի, մարքեթինգային արշավների եւ այլ նպատակների համար: Հնարավորություններից մեկն այն է, որ գեներատիվ արհեստական բանականությունը թույլ կտա որոշ արտիստներին շրջանցել ձայնագրման կազմակերպությունները եւ այլ ավանդական միջնորդներին: Այս դեպքում նրանք կկարողանան անհատականացված երկխոսություն վարել իրենց երկրպագուների հետ:

Կանխատեսելով առաջիկա փոփոխությունները, դիստրիբուցիոն հարթակները փորձում են առաջ անցնել՝ դաշինքներ կնքելով ավանդական ձայնագրման ընկերությունների հետ, որոնց անհետացում է սպառնում։ Օրինակ՝ Spotify-ը համաձայնագիր է կնքել երեք խոշոր լեյբլների հետ՝ խոստանալով օգտագործել ԱԲ-ն կենդանի կատարողների հետ միասին եւ նրանց օգտին՝ երաշխավորելով թափանցիկություն եւ պաշտպանություն ձայնի կլոնավորումից։

Լուսանկարը` Kirill Rudynski


Եթե արտիստները զգոն չլինեն, ԱԲ-ի հեղաշրջումը պարզապես տերերի փոփոխության կհանգեցնի. ֆեոդալներից, բուրժուաներից եւ ամենակարող ձայնագրման ընկերություններից հետո կգա ալգորիթմի հաղթանակը։ Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կվերանա, եւ երաժիշտները կդառնան ալգորիթմի վարձու աշխատողները, եթե չասենք՝ ստրուկները։ Այս ճակատագրից խուսափելու միակ միջոցը սեփական ստեղծագործության ձեռնարկատերեր դառնալն է՝ օգտագործելով արհեստական բանականության հսկայական ներուժը եւ օգուտ քաղելով կենդանի համերգային կատարման անփոխարինելիությունից։

Միակ իրական ազատությունը ստեղծագործելու եւ ստեղծագործելու պտուղները վերահսկելու մեջ է։ Արհեստական բանականությունը կարող է մեծացնել այս ազատությունը, եթե գործենք արդեն հիմա՝ կենտրոնանալով ստեղծագործականության խթանման վրա դպրոցում եւ դրանից դուրս։ Սակայն, ներկա դրությամբ այն, կարծես, շարժվում է հակառակ ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին