Ներկայացնում ենք Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ The Foreign Affairs ամսագրում հրապարակված The West’s Last Chance հոդվածի երկրորդ մասը:
Ալեքսանդր Ստուբ
Կարդացեք նաեւ. Արեւմուտքի վերջին շանսը
Երեք մեծ տարածաշրջաններ այժմ ստեղծում են ուժերի համաշխարհային հավասարակշռությունը. գլոբալ Արեւմուտքը, գլոբալ Արեւելքը եւ գլոբալ Հարավը։ Գլոբալ Արեւմուտքը ներառում է մոտավորապես 50 երկիր եւ ավանդաբար առաջնորդվել է ԱՄՆ-ի կողմից։ Դրա անդամների թվում են հիմնականում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի ժողովրդավարական, շուկայական կողմնորոշմամբ պետությունները եւ նրանց դաշնակիցները՝ Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան եւ Հարավային Կորեան։ Այս երկրները սովորաբար ձգտել են պահպանել կանոնների վրա հիմնված բազմակողմանի կարգը, նույնիսկ եթե համաձայն չեն, թե ինչպես լավագույնս պահպանել, բարեփոխել կամ վերափոխել այն։
Գլոբալ Արեւելքը բաղկացած է մոտավորապես 25 պետություններից, որոնք գլխավորում է Չինաստանը։ Այն ներառում է դաշնակից պետություններ, մասնավորապես՝ Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Ռուսաստանը, որոնք ձգտում են վերանայել կամ փոխարինել կանոնների վրա հիմնված առկա միջազգային կարգը։ Այս երկրներին միավորում է ընդհանուր շահը՝ գլոբալ Արեւմուտքի իշխանությունը նվազեցնելու ցանկությունը։
Լուսանկարը` REUTERS
Գլոբալ Հարավը, որը ներառում է աշխարհի զարգացող եւ միջին եկամուտ ունեցող բազում պետություններ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, Հարավային Ասիայից եւ Հարավարեւելյան Ասիայից (եւ աշխարհի բնակչության մեծամասնությունը), ընդգրկում է մոտ 125 պետություն։ Շատերը տառապել են արեւմտյան գաղութատիրության ներքո, հետո կրկին դարձել Սառը պատերազմի դարաշրջանի միջնորդավորված պատերազմների թատերաբեմ: Գլոբալ Հարավը ներառում է բազմաթիվ միջին կամ «տատանվող պետություններ»՝Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Քենիան, Մեքսիկան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան եւ Հարավային Աֆրիկան: Ժողովրդագրական միտումները, տնտեսական զարգացումը, բնական պաշարների արդյունահանումն ու արտահանումը խթանում են այս պետությունների վերելքը:
Գլոբալ Արեւմուտքը եւ գլոբալ Արեւելքը պայքարում են գլոբալ Հարավի սիրտն ու միտքը գրավելու համար: Պատճառը պարզ է. նրանք հասկանում են, որ գլոբալ Հարավն է որոշելու նոր աշխարհակարգի ուղղությունը: Արեւմուտքն ու Արեւելքը քաշում են տարբեր ուղղություններով, ուստի որոշիչ ձայնը Հարավինն է:
Գլոբալ Արեւմուտքը չի կարող պարզապես գրավել գլոբալ Հարավը՝ գովաբանելով ազատության եւ ժողովրդավարության առաքինությունները. այն պետք է նաեւ զարգացման նախագծեր ֆինանսավորի, ներդրումներ կատարի տնտեսական աճի մեջ եւ ամենակարեւորը՝ Հարավին տեղ տա բանակցությունների սեղանի շուրջ եւ կիսի իշխանությունը։ Գլոբալ Արեւելքն էլ է սխալվում՝ մտածելով, որ իր ծախսերը խոշոր ենթակառուցվածքային նախագծերի եւ ուղղակի ներդրումների վրա լիարժեք ազդեցություն են տալիս գլոբալ Հարավում: Սերը հեշտությամբ չի գնվում: Ինչպես նշել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը, Հնդկաստանը եւ գլոբալ Հարավի մյուս երկրները պարզապես դիտորդ չեն, այլ ունեն սեփական դիրքորոշումը։
Լուսանկարը` REUTERS
Այլ կերպ ասած, թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան առաջնորդներին անհրաժեշտ է արժեքների վրա հիմնված ռեալիզմ։ Արտաքին քաղաքականությունը երբեք երկուական չէ։ Քաղաքականություն մշակողը պետք է ամեն օր ընտրություն կատարի՝ հիմնված եւ՛ արժեքների, եւ՛ շահերի վրա։ Կգնե՞ք զենք մի երկրից, որը խախտում է միջազգային իրավունքը։ Կֆինանսավորե՞ք բռնապետություն, որը պայքարում է ահաբեկչության դեմ։ Կօգնե՞ք մի երկրի, որտեղ համասեռամոլությունը համարվում է հանցագործություն։ Առեւտուր կանե՞ք մի երկրի հետ, որը թույլատրում է մահապատիժը։ Որոշ արժեքներ բանակցության ենթակա չեն։ Դրանք են հիմնարար եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, ժողովրդավարության պահպանումը եւ օրենքի գերակայությունը։ Այս արժեքներն այն հիմքն են, որը պետք է պաշտպանի գլոբալ Արեւմուտքը, հատկապես՝ գլոբալ Հարավին դիմելիս։ Միեւնույն ժամանակ գլոբալ Արեւմուտքը պետք է հասկանա, որ ոչ բոլորն են կիսում այս արժեքները։
Արժեքների վրա հիմնված ռեալիզմի նպատակն է հավասարակշռություն գտնել արժեքների եւ շահերի միջեւ այնպես, որ առաջնահերթություն տրվի սկզբունքներին, բայց ճանաչվեն պետության իշխանության սահմանները, երբ վտանգված են խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը։ Կանոնների վրա հիմնված աշխարհակարգը եւ հիմնարար արժեքներն ամրագրող միջազգային մի քանի ինստիտուտները բախումը կանխելու լավագույն ձեւն են: Սակայն այս ինստիտուտները կորցրել են իրենց կշիռը, ուստի երկրները պետք է ավելի կոշտ ռեալիզմ որդեգրեն: Առաջնորդները պետք է ընդունեն երկրների միջեւ եղած տարբերությունները՝ աշխարհագրության, պատմության, մշակույթի, կրոնի եւ տնտեսական զարգացման տարբեր փուլերը: Եթե ցանկանում են, որ մյուսներն ավելի լավ լուծեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքացիների իրավունքները, շրջակա միջավայրի պահպանությունը եւ լավ կառավարումը, պետք է առաջնորդեն օրինակով եւ օգնություն առաջարկեն, ոչ թե դասախոսություններ կարդան:
Արժեքների վրա հիմնված ռեալիզմը սկսվում է արժանապատիվ վարքից, այլոց կարծիքների նկատմամբ հարգանքից եւ տարբերությունները հասկանալուց: Դա նշանակում է համագործակցություն, որը հիմնված է հավասարների գործընկերության վրա, ոչ թե ինչ-որ պատմական ընկալման վրա, թե ինչպիսին պետք է լինեն գլոբալ Արեւմուտքի, Արեւելքի եւ Հարավի հարաբերությունները: Որպեսզի պետություններն առաջ եւ ոչ թե հետ նայեն, պետք է կենտրոնանալ կարեւոր ընդհանուր նախագծերի վրա, օրինակ՝ ենթակառուցվածքներ, առեւտուր, կլիմայի փոփոխության մեղմացում:
Բազմաթիվ խոչընդոտներ կան, երբ աշխարհի երեք ոլորտները փորձում են ստեղծել գլոբալ կարգ, որը միաժամանակ հարգում է տարբերությունները եւ թույլ է տալիս պետություններին իրենց ազգային շահերը տեսնել համագործակցային միջազգային հարաբերությունների լայն շրջանակում: Սակայն ձախողման գինը հսկայական է. քսաներորդ դարի առաջին կեսը բավարար նախազգուշացում էր։
Լուսանկարը` REUTERS
Անորոշությունը միջազգային հարաբերությունների մասն է, հատկապես երբ մեկ դարաշրջանը փոխվում է մյուսով։ Կարեւոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունենում փոփոխությունը եւ ինչպես արձագանքել դրան։ Եթե գլոբալ Արեւմուտքը վերադառնա իր հին ուղղակի կամ անուղղակի գերիշխանության կամ բացահայտ ամբարտավան մեթոդներին, այն կպարտվի։ Եթե գիտակցի, որ գլոբալ Հարավը կլինի հաջորդ աշխարհակարգի կարեւոր մասը, կարող է ստեղծել ինչպես արժեքների, այնպես էլ շահերի վրա հիմնված գործընկերություններ, որոնք ունակ կլինեն լուծելու աշխարհի հիմնական մարտահրավերները։ Արժեքների վրա հիմնված ռեալիզմը Արեւմուտքին բավարար տարածք կտա միջազգային հարաբերությունների այս նոր դարաշրջանում կողմնորոշվելու համար։
Գալիք աշխարհները
Հետպատերազմյան ինստիտուտները օգնեցին աշխարհին անցնել զարգացման ամենաարագ շրջանով եւ պահպանել հարաբերական խաղաղության արտառոց դարաշրջանը։ Այսօր դրանք փլուզման վտանգի տակ են։ Բայց նրանք պետք է գոյատեւեն, քանի որ մրցակցության վրա հիմնված աշխարհը առանց համագործակցության հակամարտության կհանգեցնի։ Սակայն գոյատեւելու համար նրանք պետք է փոխվեն, քանի որ չափազանց շատ պետություններ գործող համակարգում չունեն իրենց լիազորությունները եւ, եթե չլինի փոփոխություն, կհրաժարվեն դրանից։ Այս պետություններին չի կարելի մեղադրել. նոր աշխարհակարգը չի սպասի։
Առաջիկա տասնամյակում կարող է ի հայտ գալ առնվազն երեք սցենար։ Առաջինում ներկայիս անկանոնությունը կշարունակվի։ Հին կարգի տարրերը դեռ կմնան, բայց միջազգային կանոնների եւ ինստիտուտների նկատմամբ հարգանքը կլինի ըստ ցանկության եւ հիմնականում հիմնված շահերի, ոչ թե բնական արժեքների վրա։ Լուրջ մարտահրավերները լուծելու կարողությունը կմնա սահմանափակ, բայց աշխարհը գոնե չի ընկղմվի ավելի մեծ քաոսի մեջ։
Հակամարտությունների դադարեցումը, սակայն, հատկապես կդժվարանա, քանի որ խաղաղության համաձայնագրերի մեծ մասը կլինի գործարքային եւ չի ունենա այն լիազորությունը, որը տրամադրում է ՄԱԿ-ը։
Իրավիճակը կարող է ավելի վատը լինել. երկրորդ սցենարի դեպքում ազատական միջազգային կարգի հիմքերը՝ դրա կանոններն ու ինստիտուտները, կշարունակեն քայքայվել, եւ գործող կարգը կփլուզվի։ Աշխարհը կգնա դեպի քաոս առանց իշխանության հստակ կենտրոնի եւ պետությունների, որոնք կարող են լուծել սուր ճգնաժամերը, ինչպիսիք են սովը, համավարակները կամ հակամարտությունները։ Անձնիշխանները, զինվորական հրամանատարները եւ ոչ պետական գործիչները կլրացնեն իշխանության վակուումը, որը թողել են միջազգային կազմակերպությունները։ Տեղական հակամարտությունները կարող են վերածվել ավելի մեծ պատերազմների։ Կայունությունն ու կանխատեսելիությունը բացառություն կլինեն, այլ ոչ թե նորմա այս անգութ աշխարհում։ Խաղաղության միջնորդությունը գրեթե անհնար կլինի։
Բայց այդպես կարող եւ չլինել։ Երրորդ սցենարի դեպքում գլոբալ Արեւմուտքի, Արեւելքի եւ Հարավի միջեւ ուժի նոր համաչափությունը կհանգեցնի վերահավասարակշռված համաշխարհային կարգի, որտեղ երկրները կկարողանան հաղթահարել ամենահրատապ գլոբալ մարտահրավերները՝ հավասարների միջեւ համագործակցության եւ երկխոսության միջոցով։ Այդ հավասարակշռությունը կլինի մրցակցային եւ կխթանի ավելի լայն համագործակցություն կլիմայի, անվտանգության եւ տեխնոլոգիական հարցերում. կարեւորագույն մարտահրավերներ, որոնք ոչ մի երկիր չի կարող միայնակ լուծել։ Այս սցենարում կգերակշռեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները՝ հանգեցնելով արդար եւ երկարատեւ համաձայնությունների։ Բայց դրա համար միջազգային հաստատությունները պետք է բարեփոխվեն։
Բարեփոխումները սկսվում են վերեւից, այսինքն՝ ՄԱԿ-ից։ Բարեփոխումները միշտ երկար եւ բարդ գործընթացներ են, բայց կան առնվազն երեք հնարավոր փոփոխություններ, որոնք ինքնաբերաբար կամրապնդեն ՄԱԿ-ը եւ լիազորություն կտան այն պետություններին, որոնք կարծում են, որ բավարար իշխանություն չունեն Նյու Յորքում, Ժնեւում, Վիեննայում կամ Նայրոբիում։
Լուսանկարը` REUTERS
Նախ, բոլոր խոշոր մայրցամաքները պետք է մշտապես ներկայացված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Անընդունելի է, որ Անվտանգության խորհրդում Աֆրիկայից եւ Լատինական Ամերիկայից մշտական ներկայացուցչություն չկա, եւ միայն Չինաստանն է ներկայացնում Ասիան։ Մշտական անդամների թվին պետք ավելանան առնվազն հինգը՝ երկուսը՝ Աֆրիկայից, երկուսը՝ Ասիայից եւ մեկը՝ Լատինական Ամերիկայից։
Երկրորդը, ոչ մի պետություն չպետք է վետոյի իրավունք ունենա Անվտանգության խորհրդում։ Վետոն անհրաժեշտ էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց այսօր այն անգործունակ է դարձրել խորհուրդը։ Ժնեւում ՄԱԿ-ի գործակալությունները լավ են աշխատում հենց այն պատճառով, որ ոչ մի անդամ չի կարող խանգարել դրան։
Երրորդը, եթե Անվտանգության խորհրդի մշտական կամ ռոտացիոն անդամը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, նրա անդամակցությունը ՄԱԿ-ում պետք է կասեցվի։ Այդ դեպքում ՄԱԿ-ը կկասեցներ Ռուսաստանի անդամակցությունը՝ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից հետո։ Նման կասեցման որոշումը կարող է կայացվել Գլխավոր ասամբլեայում։ ՄԱԿ-ում չպետք է տեղ լինի կրկնակի ստանդարտների համար։
Գլոբալ առեւտուրը եւ ֆինանսական հաստատությունները նույնպես պետք է թարմացվեն։ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որը տարիներ շարունակ կաթվածահար էր իր վեճերի կարգավորման մեխանիզմի անաշխատունակության պատճառով, դեռեւս կարեւոր է։ Չնայած ԱՀԿ-ի իրավասությունից դուրս ազատ առեւտրի համաձայնագրերի թիվն աճել է, համաշխարհային առեւտրի ավելի քան 70 տոկոսը դեռեւս իրականացվում է ԱՀԿ-ի «առավել բարենպաստ» սկզբունքի շրջանակներում։ Բազմակողմանի առեւտրային համակարգի նպատակն է ապահովել արդար եւ հավասար պայմաններ բոլոր անդամների համար։ Սակագներն ու ԱՀԿ կանոնների այլ խախտումները, ի վերջո, վնասում են բոլորին։ Ներկայիս բարեփոխումները պետք է հանգեցնեն ավելի մեծ թափանցիկության, հատկապես սուբսիդիաների եւ ԱՀԿ որոշումների կայացման ճկունության առումով։ Եվ այս բարեփոխումները պետք է իրականացվեն արագ. համակարգը կկորցնի հեղինակությունը, եթե ԱՀԿ-ն մնա իր ներկայիս փակուղում։
Բարեփոխումը դժվար է, եւ այս առաջարկներից մի քանիսը կարող են անիրատեսական թվալ։ Բայց նույնը կարելի էր ասել Սան Ֆրանցիսկոյում արված առաջարկների մասին, երբ ավելի քան 80 տարի առաջ հիմնադրվեց ՄԱԿ-ը։ Կընդունե՞ն ՄԱԿ-ի 193 անդամները այս փոփոխությունները, թե ոչ, կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք կկենտրոնացնեն իրենց արտաքին քաղաքականությունը արժեքների, շահերի, թե ուժի վրա։ Իշխանության բաշխումը արժեքների եւ շահերի հիման վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազատական աշխարհակարգի ստեղծման հիմքն էր։ Ժամանակն է վերանայել այն համակարգը, որը մեզ լավ ծառայել է գրեթե մեկ դար։
Այս ամենում գլոբալ Արեւմուտքի համար վճռորոշ գործոն կլինի այն, թե արդյոք ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել բազմակողմ աշխարհակարգը, որի կառուցման գործում այդքան կարեւոր դեր է խաղացել եւ որից այդքան մեծ օգուտ է քաղել։ Դա գուցե հեշտ ուղի չէ՝ հաշվի առնելով Վաշինգտոնի դուրս գալը հիմնական հաստատություններից եւ համաձայնագրերից, ինչպիսիք են ԱՀԿ-ն եւ Փարիզի կլիմայական համաձայնագիրը, եւ նոր շահադիտական մոտեցումը միջսահմանային առեւտրին։ ՄԱԿ-ի համակարգը օգնեց պահպանել խաղաղություն մեծ տերությունների միջեւ՝ թույլ տալով ԱՄՆ-ին առաջատար աշխարհաքաղաքական տերություն դառնալ։ ՄԱԿ-ի շատ հաստատություններում այն ստանձնել է առաջատար դեր եւ կարողացել է շատ արդյունավետ իրականացնել իր քաղաքականության նպատակները։ Համաշխարհային ազատ առեւտուրը օգնել է ԱՄՆ-ին հաստատվել որպես աշխարհի առաջատար տնտեսական տերություն՝ միաժամանակ ամերիկացի սպառողներին մատչելի ապրանքներ մատակարարելով։ ՆԱՏՕ-ի նման դաշինքները ԱՄՆ-ին ռազմական եւ քաղաքական առավելություններ են տվել իր տարածաշրջանից դուրս։
Արեւմուտքի մնացած մասի խնդիրն է համոզել Թրամփի վարչակազմին, որ եւ՛ հետպատերազմյան ինստիտուտները, եւ՛ դրանցում ԱՄՆ-ի ակտիվ դերը արժեքավոր են։
Լուսանկարը` REUTERS
Գլոբալ Արեւելքի համար վճռորոշ գործոն կլինի այն, թե ինչպես է Չինաստանը իր դերը խաղում համաշխարհային ասպարեզում։ Այն կարող է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ լրացնելու ԱՄՆ-ի իշխանության վակուումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատ առեւտուրը, կլիմայի փոփոխության հարցում համագործակցությունը եւ զարգացումը։ Չինաստանը կարող է փորձել ձեւավորել այն միջազգային ինստիտուտները, որոնցում այժմ շատ ամուր հենարան ունի։ Այն կարող է փորձել ավելի մեծ ազդեցություն ունենալ իր իսկ տարածաշրջանում։ Եվ կարող է հրաժարվել իր վաղեմի «թաքցրու ուժդ եւ սպասիր ճիշտ ժամանակին» ռազմավարությունից եւ որոշել, որ եկել է ավելի ագրեսիվ գործողությունների ժամանակը, օրինակ՝ Հարավչինական ծովում եւ Թայվանի նեղուցում։
Յա՞լթա, թե՞ Հելսինկի
Միջազգային կարգը, օրինակ՝ Հռոմեական կայսրության կողմից կերտվածը, երբեմն կարող է դարեր գոյատեւել։ Սակայն հաճախ այն տեւում է ընդամենը մի քանի տասնամյակ։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայում նշանավորում է համաշխարհային կարգի եւս մեկ փոփոխության սկիզբը։ Այսօրվա երիտասարդների համար դա 1918, 1945 կամ 1989 թվականների պահն է։
Աշխարհը կարող է սխալ ուղղություն վերցնել այս հանգրվաններում, ինչպես եղավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Ազգերի լիգան չկարողացավ զսպել մեծ տերությունների մրցակցությունը, ինչը եւս մեկ արյունալի համաշխարհային պատերազմի հանգեցրեց։
Երկրները կարող են նաեւ քիչ թե շատ ճիշտ վարվել, ինչպես տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց ՄԱԿ-ը։ Այդ հետպատերազմյան կարգը, ի վերջո, պահպանեց խաղաղությունը Սառը պատերազմի երկու գերտերությունների՝ Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Անշուշտ, այդ հարաբերական կայունության համար բարձր գին վճարեցին այն պետությունները, որոնք ստիպված էին ենթարկվել կամ տուժել միջնորդավորված հակամարտություններից։ Ու թեեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը տասնամյակներ գոյատեւած կարգի հիմքը դրեց, այն նաեւ ցանեց ներկայիս անհավասարակշռության սերմերը։
Լուսանկարը` REUTERS
1945 թվականին պատերազմի հաղթողները հանդիպեցին Յալթայում։ Այնտեղ ԱՄՆ նախագահ Ֆրենքլին Ռուզվելթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը եւ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը ստեղծեցին հետպատերազմյան կարգ, որը հիմնված էր ազդեցության ոլորտների վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դառնալու էր այն հարթակը, որտեղ գերտերությունները կարող էին լուծել իրենց տարաձայնությունները, բայց այն քիչ տեղ թողեց մյուսների համար։ Յալթայում մեծ պետությունները գործարք կնքեցին՝ անտեսելով փոքրերին։ Այդ պատմական սխալը այժմ պետք է շտկվի։
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի 1975 թվականի գումարումը կտրուկ հակադրություն էր Յալթային։ Երեսուներկու եվրոպական երկրներ՝ գումարած Կանադան, Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները, հանդիպեցին Հելսինկիում՝ ստեղծելու եվրոպական անվտանգության կառուցվածքը, որը հիմնված էր բոլորի համար կիրառելի կանոնների եւ նորմերի վրա։ Նրանք համաձայնեցին պետությունների վարքագիծը կարգավորող հիմնարար սկզբունքների շուրջ՝ իրենց քաղաքացիների եւ միմյանց նկատմամբ։ Դա բազմակողմանիության ուշագրավ նվաճում էր ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում եւ արագացրեց Սառը պատերազմի ավարտը։
Յալթան իր արդյունքներով բազմաբեւեռ էր, իսկ Հելսինկին՝ բազմակողմանի։ Այժմ աշխարհը կանգնած է ընտրության առաջ, եւ ես կարծում եմ, որ Հելսինկին առաջարկում է առաջ շարժվելու ճիշտ ուղին։ Հաջորդ տասնամյակում մեր բոլորի կողմից կայացրած ընտրությունը կորոշի 21-րդ դարի համաշխարհային կարգը։
Ֆինլանդիայի նման փոքր պետությունները պատմության մեջ կողմնակի դիտորդներ չեն։ Նոր կարգը կստեղծեն թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների քաղաքական առաջնորդների որոշումները՝ լինեն դրանք ժողովրդավարներ, անձնիշխաններ, թե դրանց միջինը։ Եվ այստեղ հատուկ պատասխանատվություն ունի գլոբալ Արեւմուտքը՝ որպես անցնող կարգի ճարտարապետ եւ տնտեսապես եւ ռազմական առումով դեռեւս ամենահզոր համաշխարհային կոալիցիա։
Կարեւոր է, թե ինչպես կխաղանք այդ դերը։ Սա մեր վերջին հնարավորությունն է։
Կարդացեք նաեւ. Արեւմուտքի վերջին շանսը
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:













Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: