Արեւմուտքի վերջին շանսը - Mediamax.am

Դեկտեմբեր 11, 2025
109 դիտում

Արեւմուտքի վերջին շանսը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ The Foreign Affairs ամսագրում հրապարակված The West’s Last Chance հոդվածի առաջին մասը:

Ալեքսանդր Ստուբ

Վերջին չորս տարիների ընթացքում աշխարհն ավելի շատ է փոխվել, քան նախորդ 30 տարիներին։ Մեր լրահոսը լի է երկպառակությամբ ու ողբերգություններով։ Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան, Մերձավոր Արեւելքը եռում է, Աֆրիկայում պատերազմներ են մոլեգնում։ Հակամարտությունները նոր թափ են հավաքում, իսկ ժողովրդավարությունները, կարծես, կործանման եզրին են։ 

Հետսառըպատերազմյան դարաշրջանն ավարտվել է։ Բեռլինի պատի փլուզման հետ կապված հույսերին հակառակ՝ աշխարհը չմիավորվեց՝ ընդունելով ժողովրդավարությունն ու շուկայական կապիտալիզմը։ Իրականում այն ուժերը, որոնք պետք է միավորեին աշխարհը՝ առեւտուրը, էներգիան, տեխնոլոգիաներն ու տեղեկատվությունը, այժմ պառակտում են այն։

Մենք ապրում ենք կարգի բացակայության նոր աշխարհում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ի հայտ եկած ազատական, կանոնների վրա հիմնված կարգն այժմ մեռնում է։ Բազմակողմ համագործակցությունը զիջում է տեղը բազմաբեւեռ մրցակցությանը։ Օպորտունիստական գործարքները, կարծես, ավելի կարեւոր են, քան միջազգային կանոնների պաշտպանությունը։ Վերադարձել է մեծ տերությունների մրցակցությունը. Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մրցակցությունը սահմանում է աշխարհաքաղաքականությունը: Սակայն դա համաշխարհային կարգը ձեւավորող միակ ուժը չէ: Զարգացող միջին տերությունները, այդ թվում՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան եւ Թուրքիան, սկսել են փոխել խաղի կանոնները: Միասին նրանք ունեն տնտեսական միջոցներ եւ աշխարհաքաղաքական կշիռ՝ համաշխարհային կարգը թեքելու դեպի կայունություն կամ ավելի մեծ խառնաշփոթ: Նրանք փոփոխություններ պահանջելու պատճառ ունեն. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված բազմակողմ համակարգը համարժեքորեն չի արտացոլել աշխարհում նրանց դիրքը եւ ապահովել այն դերը, որին նրանք արժանի են: Ձեւավորվում է եռանկյուն մրցակցություն գլոբալ Արեւմուտքի, գլոբալ Արեւելքի եւ գլոբալ Հարավի միջեւ: Ընտրելով բազմակողմ համակարգը ամրապնդելու կամ բազմաբեւեռությանը ձգտելու միջեւ՝ գլոբալ Հարավը կորոշի, թե արդյոք հաջորդ դարաշրջանի աշխարհաքաղաքականությունը հակված է լինելու համագործակցությանը, մասնատմանը կամ գերիշխանությանը:

Հաջորդ 5-10 տարիները, հավանաբար, կորոշեն առաջիկա տասնամյակների համաշխարհային կարգը: Երբ կարգը հաստատվում է, այն որոշ ժամանակ պահպանվում է: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր կարգը տեւեց երկու տասնամյակ: Հաջորդ կարգը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տեւեց չորս տասնամյակ: Այժմ՝ Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց, կրկին ինչ-որ նոր բան է ի հայտ գալիս։ Սա արեւմտյան երկրների համար վերջին շանսն է համոզելու մնացած աշխարհին, որ իրենք ընդունակ են երկխոսության, ոչ թե մենախոսության, հետեւողականության, ոչ թե կրկնակի ստանդարտների, եւ համագործակցության, ոչ թե գերիշխանության։ Եթե երկրները խուսափեն համագործակցությունից հանուն մրցակցության, մեզ սպառնում է ավելի մեծ հակամարտության աշխարհ։

Յուրաքանչյուր պետություն ունի իր դերը, նույնիսկ փոքր պետությունները, ինչպիսին իմն է՝ Ֆինլանդիան։ Կարեւոր է փորձել մեծացնել ազդեցությունը եւ առկա գործիքներով հասնել լուծումների։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է անել ամեն ինչ ազատական աշխարհակարգը պահպանելու համար, նույնիսկ եթե այդ համակարգն այժմ նորաձեւ չէ։ Միջազգային ինստիտուտներն ու նորմերը ապահովում են գլոբալ համագործակցությունը։ Դրանք պետք է թարմացվեն եւ բարեփոխվեն՝ ավելի լավ արտացոլելու գլոբալ Հարավի եւ գլոբալ Արեւելքի տնտեսական եւ քաղաքական աճող ուժը։ 

Լուսանկարը` REUTERS


Արեւմտյան առաջնորդները վաղուց են խոսել բազմակողմ ինստիտուտները, օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, շտկելու հրատապության մասին։ Մենք պետք է դա անենք՝ սկսելով վերահավասարակշռել իշխանությունը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային մարմիններում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, Արժույթի միջազգային հիմնադրամում եւ Համաշխարհային բանկում։ Առանց նման փոփոխությունների առկա բազմակողմ համակարգը կփլուզվի։ Այդ համակարգը կատարյալ չէ, այն ունի ներքին թերություններ եւ երբեք չի կարող ճշգրտորեն արտացոլել շրջակա աշխարհը։ Բայց այլընտրանքները շատ ավելի վատն են՝ ազդեցության ոլորտներ, քաոս եւ կարգի բացակայություն։

Պատմությունը չի ավարտվել

Ես սկսեցի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ ուսումնասիրել ԱՄՆ-ի Ֆուրմանի համալսարանում 1989 թվականին։ Այդ աշնանը ընկավ Բեռլինի պատը։ Կարճ ժամանակ անց Գերմանիան վերամիավորվեց, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան ազատվեցին կոմունիզմի կապանքներից, իսկ նախկին երկբեւեռ աշխարհը (կոմունիստական եւ ավտորիտար Խորհրդային Միությունն ընդդեմ կապիտալիստական եւ ժողովրդավարական Միացյալ Նահանգների) դարձավ միաբեւեռ։ ԱՄՆ-ն անվիճելի գերտերություն էր։ Ազատական միջազգային կարգը հաղթեց։

Այդ ժամանակ ես ոգեւորված էի։ Ինձ ու շատերին այն ժամանակ թվում էր, որ կանգնած ենք ավելի պայծառ դարաշրջանի շեմին։ Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այդ պահն անվանեց «պատմության ավարտ», եւ ես միակը չէի, որ հավատում էի ազատականության անխուսափելի հաղթանակին։ Ազգային պետությունների մեծ մասը անխուսափելիորեն կհակվի դեպի ժողովրդավարություն, շուկայական կապիտալիզմ եւ ազատություն։ Գլոբալացումը կհանգեցնի տնտեսական փոխկախվածության։ Հին պառակտումները կվերանան, եւ աշխարհը միահամուռ կդառնա։ Նույնիսկ տասնամյակի վերջում, երբ ավարտեցի եվրոպական ինտեգրման թեմայով դոկտորական ատենախոսությունս Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում, այս ապագան դեռեւս անխուսափելի էր թվում։

Լուսանկարը` REUTERS


Բայց այդ ապագան այդպես էլ չիրականացավ։ Միաբեւեռ պահը կարճատեւ էր։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Արեւմուտքը մեջքով շրջվեց դեպի այն հիմնական արժեքները, որոնք պնդում էր, որ պաշտպանում է։ Արեւմուտքի նվիրվածությունը միջազգային իրավունքին կասկածի տակ դրվեց։ ԱՄՆ-ի գլխավորած միջամտությունները Աֆղանստանում եւ Իրաքում ձախողվեցին։ 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց համաշխարհային շուկաների վրա հիմնված արեւմտյան տնտեսական մոդելի հեղինակությանը։ ԱՄՆ-ն այլեւս միայնակ չէր որոշում համաշխարհային քաղաքականությունը։ Չինաստանը գերտերություն դարձավ իր արագ աճող արտադրության, արտահանման եւ տնտեսական աճի շնորհիվ, եւ ԱՄՆ-ի հետ նրա մրցակցությունը այդ ժամանակվանից գերիշխեց աշխարհաքաղաքականությունը։ Վերջին տասնամյակում նկատվեց նաեւ բազմակողմանի ինստիտուտների հետագա քայքայում, ազատ առեւտրի վերաբերյալ կասկածների եւ կոնֆլիկտների աճ, ինչպես նաեւ տեխնոլոգիական մրցակցության սրում։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ձեռնարկած լայնածավալ հարձակողական պատերազմը Ուկրաինայում եւս մեկ լուրջ հարված հասցրեց հին կարգին։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կանոնների վրա հիմնված համակարգի ամենաաղաղակող խախտումներից մեկն էր եւ, անկասկած, ամենավատը, որ Եվրոպան տեսել էր։  Հատկապես պարսավելի էր այն, որ մեղավորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամն էր, որը ստեղծվել էր խաղաղությունը պահպանելու համար։ Պետությունները, որոնք պետք է պահպանեին համակարգը, փլուզեցին այն։

Բազմակողմանիությո՞ւն, թե՞ բազմաբեւեռություն

Միջազգային կարգը, սակայն, չի անհետացել։ Փլատակների մեջ այն բազմակողմանիությունից անցնում է բազմաբեւեռության։ 

Բազմակողմանիությունը գլոբալ համագործակցության համակարգ է, որը հիմնված է միջազգային ինստիտուտների եւ ընդհանուր կանոնների վրա։ Դրա հիմնական սկզբունքները հավասարապես վերաբերում են բոլոր երկրներին՝ անկախ դրանց չափից։ Ի տարբերություն դրա՝ բազմաբեւեռությունը իշխանության օլիգոպոլիա է։ Բազմաբեւեռ աշխարհի կառուցվածքը հիմնված է մի քանի՝ հաճախ մրցակցող, բեւեռների վրա։ Նման կարգը ստեղծում են սահմանափակ թվով խաղացողների միջեւ գործարքների կնքումը եւ համաձայնությունները՝ անխուսափելիորեն թուլացնելով ընդհանուր կանոններն ու ինստիտուտները։ 

Բազմաբեւեռությունը կարող է հանգեցնել իրավիճակային եւ օպորտունիստական վարքագծի ու պետությունների ներկայիս շահերի հիման վրա բազմաթիվ անկայուն դաշինքների ձեւավորմանը։ Բազմաբեւեռ աշխարհում փոքր եւ միջին երկրները կարող են դուրս մնալ. ավելի մեծ տերությունները գործարքներ կկնքեն՝ անտեսելով իրենց։ Բազմակողմանիությունը բերում էր կարգուկանոն, բազմաբեւեռությունը հակված է անկանոնության ու հակամարտության։

Աճում է լարվածությունը բազմակողմանիության եւ օրենքի գերակայության վրա հիմնված կարգուկանոն սատարողների եւ բազմաբեւեռության ու գործարքայինության լեզվով խոսողների միջեւ։ Փոքր պետություններն ու միջին տերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունները, օրինակ՝ Աֆրիկյան Միությունը, Հարավարեւելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիան, ԵՄ-ն եւ Հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը, սատարում են բազմակողմանիությանը: Չինաստանը, իր հերթին, կողմնակից է բազմակողմանիության երանգներ ունեցող բազմաբեւեռությանը. այն ենթադրաբար աջակցում է բազմակողմանի խմբավորումներին, ինչպիսիք են BRICS-ը (ոչ արեւմտյան կոալիցիա, որի սկզբնական անդամներն էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան) եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք իրականում ցանկանում են ստեղծել ավելի բազմաբեւեռ կարգ: ԱՄՆ-ն իր շեշտը բազմակողմանիությունից տեղափոխել է դեպի գործարքայինություն, բայց դեռեւս պարտավորություններ ունի տարածաշրջանային ինստիտուտների, օրինակ՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ: Շատ պետություններ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, որդեգրել են այսպես կոչված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Ըստ էության, նրանց նպատակն է դիվերսիֆիկացնել իրենց հարաբերությունները բազմաթիվ խաղացողների հետ, ոչ թե միանալ մեկ դաշինքին:

Գործարքային կամ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունում գերիշխում են շահերը: Օրինակ՝ փոքր պետությունները հաճախ փորձում են հավասարակշռություն պահպանել մեծ տերությունների միջեւ. նրանք կարող են միանալ Չինաստանին որոշ ոլորտներում եւ սատարել ԱՄՆ-ին մյուսներում՝ միաժամանակ փորձելով խոսափել որեւէ մեկի գերիշխանությունից: 

Պետությունների գործնական ընտրությունը պայմանավորված է շահերով, սա լիովին օրինական է: Սակայն նման մոտեցումը չպետք է անտեսի արժեքները, որոնք պետք է հիմք հանդիսանան պետության բոլոր գործողությունների համար: Նույնիսկ գործարքային արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի հիմնարար արժեքների վրա: Դրանք են պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ուժի կիրառման արգելքը եւ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ: Երկրները ճնշող մեծամասնությամբ հստակ շահագրգռվածություն ունեն պահպանելու այս արժեքները եւ ապահովելու, որ խախտողները իրական հետեւանքների առերեսվեն:

Շատ երկրներ մերժում են բազմակողմանիությունը՝ նախապատվությունը տալով իրավիճակային պայմանավորվածություններին ու գործարքներին: ԱՄՆ-ն, օրինակ, կենտրոնացած է երկկողմ առեւտրային եւ գործարար համաձայնագրերի վրա: Չինաստանը օգտագործում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը (գլոբալ ենթակառուցվածքային ներդրումային լայնածավալ ծրագիրը)՝ երկկողմ դիվանագիտությունը եւ տնտեսական գործարքները հեշտացնելու համար: ԵՄ-ն կնքում է երկկողմ ազատ առեւտրի համաձայնագրեր, որոնք կարող են չհամապատասխանել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Պարադոքսն այն է, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխարհն առավել քան երբեւէ բազմակողմանիության կարիքն ունի՝ լուծելու ընդհանուր մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, զարգացման բացթողումները եւ առաջադեմ տեխնոլոգիաների կարգավորումը: Առանց ուժեղ բազմակողմանի համակարգի դիվանագիտությունը դառնում է գործարքային: Բազմակողմ աշխարհում ընդհանուր բարօրությունը դառնում է անձնական շահ: Բազմաբեւեռ աշխարհը հիմնված է պարզապես եսասիրության վրա։

Ֆինլանդիայի «արժեքների վրա հիմնված ռեալիզմը»

Արտաքին քաղաքականությունը հաճախ հիմնված է երեք սյուների վրա. արժեքներ, շահեր եւ իշխանություն: Այս երեք տարրերը կարեւոր են, երբ փոխվում են համաշխարհային կարգի հավասարակշռությունն ու դինամիկան: Ես ծնվել եմ համեմատաբար փոքր երկրում՝ մոտ վեց միլիոն բնակչությամբ: Թեեւ մենք ունենք Եվրոպայի ամենամեծ պաշտպանական ուժերից մեկը, մեր դիվանագիտությունը հիմնված է արժեքների եւ շահերի վրա: Իշխանությունը՝ թե՛ կոշտ, թե՛ մեղմ, շքեղություն է, որն իրենց կարող են թույլ տալ խոշոր խաղացողները: Նրանք կարող են ցուցադրել ռազմական եւ տնտեսական ուժ՝ ստիպելով փոքր խաղացողներին համապատասխանել իրենց նպատակներին: Սակայն փոքր երկրները կարող են ուժ ձեռք բերել ուրիշների հետ համագործակցելով: 

Դաշինքները, խմբավորումները եւ խելացի դիվանագիտությունը փոքր խաղացողին տալիս են զինված ուժերի եւ տնտեսության չափերից շատ ավելի մեծ ազդեցություն: Այդ դաշինքները հաճախ հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը:

Որպես կայսերական տերությանը սահմանակից փոքր երկիր՝ Ֆինլանդիան հասկացել է, որ երբեմն պետությունը պետք է մի կողմ դնի որոշ արժեքներ՝ մյուսները պաշտպանելու կամ պարզապես գոյատեւելու համար: 

Պետականությունը հիմնված է անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիան պահպանեց իր անկախությունը՝ ի տարբերություն մեր բալթյան ընկերների, որոնց կուլ տվեց ԽՍՀՄ-ը։ Սակայն մենք կորցրինք տարածքի տասը տոկոսը, այդ թվում՝ այն տարածքները, որտեղ ծնվել էին իմ հայրն ու նրա ծնողները։ Եվ, ամենակարեւորը, մենք ստիպված զիջեցինք ինքնիշխանության մի մասը։ Ֆինլանդիան չէր կարող միանալ միջազգային կառույցներին, որոնց, մեր կարծիքով, պատկանում էինք, մասնավորապես՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։

Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը սահմանում էր «պրագմատիկ ռեալիզմը»։ Որպեսզի ԽՍՀՄ-ը կրկին չհարձակվեր մեզ վրա, ինչպես արեց 1939 թվականին, մենք ստիպված էինք զոհաբերել մեր արեւմտյան արժեքները։ Ֆինլանդիայի պատմության այս դարաշրջանը, որը միջազգային հարաբերություններում հայտնի է «ֆինլանդացում» եզրույթով, այն դարաշրջանը չէ, որով հատկապես հպարտանում ենք, բայց մեզ հաջողվեց պահպանել մեր անկախությունը։ Այդ պատճառով մենք զգուշավոր ենք, որպեսզի այս փորձն այլեւս չկրկնվի։ Երբ ոմանք առաջարկում են ֆինլանդացումը, որպես Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու լուծում, ես կտրականապես համաձայն չեմ։ Նման խաղաղությունը չափազանց մեծ գին կունենա եւ, ըստ էության, ինքնիշխանության եւ տարածքների զիջում կհանդիսանա։ 

Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան, ինչպես շատ այլ երկրներ, ընդունեց այն գաղափարը, որ գլոբալ Արեւմուտքի արժեքները կդառնան նորմա. ես դա անվանում եմ «արժեքների վրա հիմնված իդեալիզմ»։ Սա թույլ տվեց Ֆինլանդիային 1995 թվականին միանալ Եվրամիությանը։ Սակայն Ֆինլանդիան լուրջ սխալ թույլ տվեց՝ կամավոր որոշելով ՆԱՏՕ-ից դուրս մնալ։ (Նշեմ, որ ես 30 տարի Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ջատագովն եմ եղել)։ Որոշ ֆիններ իդեալիստական համոզմունք ունեին, որ Ռուսաստանը, ի վերջո, ազատական ժողովրդավարություն կդառնա, ուստի ՆԱՏՕ-ին միանալն ավելորդ է։ Մյուսները վախենում էին, որ Ռուսաստանը վատ կարձագանքի, եթե Ֆինլանդիան միանա դաշինքին։ Ոմանք էլ կարծում էին, որ Ֆինլանդիան, դաշինքից դուրս մնալով, նպաստում է Բալթիկ ծովի տարածաշրջանում հավասարակշռության, եւ, հետեւաբար, խաղաղության պահպանմանը։ Այս բոլոր պատճառները սխալ դուրս եկան, եւ Ֆինլանդիան գործեց համապատասխանաբար. երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, միացավ ՆԱՏՕ-ին։

Լուսանկարը` REUTERS


Դա որոշում էր, որը բխում էր եւ՛ Ֆինլանդիայի արժեքներից, եւ՛ նրա շահերից։ Ֆինլանդիան ընդունեց այն, ինչ ես անվանում եմ «արժեքների վրա հիմնված ռեալիզմ». ստանձնել ազատության, հիմնարար իրավունքները եւ միջազգային կանոնների վրա հիմնված համընդհանուր արժեքները՝ միաժամանակ հարգելով աշխարհի մշակույթների եւ պատմությունների բազմազանությունը: Գլոբալ Արեւմուտքը պետք է հավատարիմ մնա իր արժեքներին, բայց հասկանա, որ աշխարհի խնդիրները չեն լուծվի՝ համագործակցելով միայն նման մտածողությամբ երկրների հետ:

Արժեքների վրա հիմնված ռեալիզմը գուցե եզրույթների հակասություն թվա, բայց դա այդպես չէ: Հետսառըպատերազմյան երկու ազդեցիկ տեսություններ ասես հակադրում են համընդհանուր արժեքներն ու քաղաքական խզումների իրատեսական գնահատումը: Ըստ Ֆուկույամայի «պատմության ավարտի» թեզի՝ կապիտալիզմի հաղթանակը կոմունիզմի նկատմամբ նախանշում էր մի աշխարհ, որը ավելի ու ավելի ազատական եւ շուկայական կդառնար: Քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնի «քաղաքակրթությունների բախման» տեսլականը կանխատեսում էր, որ աշխարհաքաղաքականության մեջ խզումները գաղափարախոսականից մշակութային կդառնան: Իրականում պետությունները կարող են օգտվել երկու թեզից էլ՝ այսօրվա փոփոխվող կարգի շուրջ բանակցելիս: 

Արտաքին քաղաքականություն մշակելիս գլոբալ Արեւմուտքի կառավարությունները կարող են պահպանել իրենց հավատքը ժողովրդավարության եւ շուկաների նկատմամբ՝ առանց պնդելու, որ դրանք կիրառելի են ամենուր. այլ վայրերում կարող են գերակշռել տարբեր մոդելներ։ Նույնիսկ գլոբալ Արեւմուտքում անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության ձգտումը երբեմն անհնար կդարձնի ազատական իդեալներին խստորեն հետեւելը։

Երկրները պետք է ձգտեն համագործակցային աշխարհակարգի, որի խարիսխը արժեքների վրա հիմնված ռեալիզմն է, այն է՝ հարգել ինչպես օրենքի գերակայությունը, այնպես էլ մշակութային եւ քաղաքական տարբերությունները։ Ֆինլանդիայի համար դա նշանակում է կապ հաստատել Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ՝ ավելի լավ հասկանալու նրանց դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի եւ այլ շարունակվող հակամարտությունների վերաբերյալ։ Դա նաեւ նշանակում է հավասար հիմունքներով պրագմատիկ քննարկումներ անցկացնել կարեւոր գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են տեխնոլոգիաների համատեղ օգտագործումը, հումքը եւ կլիմայի փոփոխությունը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին