Միջազգային կարգի փլուզման վտանգները Հայաստանի եւ այլ նորանկախ երկրների համար - Mediamax.am

Դեկտեմբեր 09, 2025
140 դիտում

Միջազգային կարգի փլուզման վտանգները Հայաստանի եւ այլ նորանկախ երկրների համար


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի Доказательство существования հոդվածի հայերեն թարգմանությունը:

Տիմոֆեյ Բորդաչեւ

Աշխարհի մեծ թվով միջին եւ փոքր պետությունների առջեւ այսօր ծառացած ամենակարեւոր խնդիրը այն միջազգային կարգի փլուզումն է, որը հնարավոր է դարձրել նրանց որպես ի հայտ գալը ինքնիշխան կարգավիճակում: Հիմքեր կան ենթադրելու, որ նրանք ստիպված են լինելու առաջիկա տարիները ծախսել պատմությանը իրենց գոյության իրավունքը ապացուցելու վրա:

Որոշ չափով ավելի հեշտ է այն պետություններին, որոնք առաջացել են XX դարի սկզբին Արեւմուտքի կողմից ստեղծված գաղութային համակարգի փլուզման ժամանակ. նրանք արդեն մեծամասամբ հաղթահարել են հարմարվելու շրջանը եւ համեմատաբար ավելի վստահ են նայում ապագային:

Ամենադժվար իրավիճակում կարող են հայտնվել այն երկրները, որոնք առաջացել կամ ընտրության իրավունք են ստացել համեմատաբար վերջերս տեղի ունեցած ամենանշանակալի աշխարհաքաղաքական ցնցման՝ Սառը պատերազմի ավարտի եւ ԽՍՀՄ փլուզման արդյունքում: Նրանց գոյության օրինականությունը՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային, անխուսափելիորեն կապված է լիբերալ աշխարհակարգի հաղթանակի հետ:

Ռուսաստանի համար սա նշանակում է, որ այն պետք է հատուկ ուշադրությամբ վերաբերվի իր հարեւաններին եւ ստանձնի խոհեմ մեծ հարեւանի դերը, որը գիտակցում է իր պատասխանատվությունը հսկայական տարածաշրջանի ճակատագրի համար։ Դա համապատասխանում է Ռուսաստանի ազգային արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ ավանդույթներին, սակայն կարող է որոշակի դժվարություններ առաջացնել այն ներքին փոփոխությունների համատեքստում, որոնց անխուսափելիորեն կենթարկվի Ռուսաստանը՝ փոփոխվող աշխարհին հարմարվելիս։

Լուսանկարը` REUTERS


Քառորդ դար առաջ ավարտված XX դարը միջազգային կյանքում ամեն տեսակի անոմալիաների ի հայտ գալու ժամանակաշրջան էր։ Դրանք մասամբ պայմանավորված էին այն առաջընթացով, որին մարդկությունը հասավ իր եւ շրջակա բնության նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում՝ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ։ Սակայն դրանք նաեւ պայմանավորված էին 
պետությունների միջեւ նախորդ դարաշրջաններում ձեւավորված հարաբերությունների ամբողջ կարգի փլուզմամբ՝ զանգվածային հեղափոխական շարժումների ճնշման ներքո։ Լիբերալ եւ կոմունիստական գաղափարների միջեւ մի քանի տասնամյակ տեւած դիմակայությունը քաղաքականության համար բացառիկ առաջադեմ լուծումների ժամանակաշրջան դարձան։

Եվ ոչ միայն միջազգային մակարդակում. հենց այս պայքարի ազդեցության տակ էլ ի հայտ եկան սոցիալական ապահովության համակարգերը, որոնցից հրաժարվելն այժմ Արեւմուտքի պետական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչն է դառնում։ Այս ներքին փոփոխությունները արտացոլում էին լայն զանգվածների շահերը հաշվի առնելու անխուսափելիությունը, որոնք անտեսելը իշխող էլիտաների համար վտանգավոր էր դարձել։ Միջազգային հարաբերություններում լայն զանգվածները դրսեւորվեցին բավականին ակտիվ շարժման մեջ՝ տարբեր ժողովուրդների կողմից սեփական պետականություն ձեռք բերելու համար։

Նման շարժումը համընկավ ուժերի փոփոխվող հավասարակշռությանը միջազգային կարգի հարմարեցման նոր փուլի հետ։ 20-րդ դարի առաջին կեսի վճռորոշ ճակատամարտերը որակապես նոր կոնֆիգուրացիա ձեւավորեցին, որտեղ նախկին հեգեմոնը՝ Եվրոպան, իջեցվեց Միացյալ Նահանգների անզոր դաշնակցի կարգավիճակին, իսկ զգալի թվով նոր երկրներ ձայն ստացան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային ինստիտուտներում: ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի ամբողջ համակարգի ստեղծումը Արեւմուտքի ձգտման արդյունք էր՝ պահպանելու իր արտոնյալ դիրքը պատմության ամենադաժան եւ կործանարար հակամարտությունից հետո:

Այնքան կործանարար, որ արդյունքում ամբողջ արեւմտյան քաղաքակրթությունը հայտնվեց մեկ առաջնորդ երկրի ձեռքում եւ խնամքի ներքո, ինչը ռազմավարական տեսանկյունից չափազանց անկայուն իրավիճակ էր։ Ինչեւէ, հենց նախորդ դարն էր, որ մեզ ապահովեց այնպիսի բաներ, որոնք նախկինում համաշխարհային քաղաքական իրականության մեջ գոյություն չունեին։ Եվ դրանք այնքան համոզիչ դարձրեց, որ շատերը եզրակացրեցին, որ ինստիտուտները կարող են գործել առանց արտոնյալ խմբի ռազմական ուժի, եւ որ միջազգային իրավունքը գոյություն ունի անկախ այն ուժից, որն աջակցում է նույնիսկ դրա համեմատաբար պատասխանատու իրականացմանը։ Այս երկու համոզմունքները, ինչպես տեսնում ենք հիմա, հանգամանքների եզակի համընկման արդյունք էին։

Հարցն այն է, թե արդյո՞ք աշխարհում պետությունների նման անհավանական թվի ի հայտ գալը եւ անոմալիա է։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ պետությունների զգալի մասը դեռեւս համառորեն պայքարում է իր գոյության ունակությունը հաստատելու համար՝ ինչպես Արեւմուտքի նեոգաղութատիրական գործելակերպի ճնշման տակ, այնպես էլ ներքին վեճերի մշտական սպառնալիքի ներքո, որոնք հաճախ օբյեկտիվ պատճառներ ունեն։ Կարող ենք հուսալ, որ մի քանի տարի առաջ ի հայտ եկած համաշխարհային մեծամասնության երեւույթը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սուր հակամարտության պայմաններում իրենց արտաքին քաղաքականության որոշումներում անկախություն պահպանել ցանկացող երկրների զգալի թիվը, ապացույցն է այն բանի, որ միջազգային կյանքի ժողովրդավարացումն ամուր հիմքեր ունի։ Այնուամենայնիվ, չնայած այս միտման համոզիչ բնույթին, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ արտաքին հարաբերությունների ոլորտում նման վճռականությունը միշտ բավարար ներքին կայունությամբ է զուգորդվելու։

Հատկապես երբ խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք իրենց ժամանակակից ինքնիշխանությունը ձեռք են բերել պատմության մեջ ամենակարեւոր գաղափարախոսական դիմակայության՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Սառը պատերազմի ավարտի արդյունքում։ Նրանք բոլորը որոշ չափով երկիմաստ դիրքում հայտնվեցին։

Մի կողմից, նրանք ստիպված չէին անկախության համար վճարել տասնամյակներ շարունակ նախկին մետրոպոլիայի հետ հատուկ հարաբերություններով, ինչը բնորոշ էր աֆրիկյան կամ որոշ ասիական պետություններին, այդ թվում՝ նույնիսկ այնպիսի խոշոր եւ հզոր, ինչպիսին է Հնդկաստանը։ Անկախություն ձեռք բերելուց հետո աֆրիկյան երկրների մեծ մասը իրենց նախկին մետրոպոլիաների հետ կապվեց առեւտրա-տնտեսական համաձայնագրերով, ինչը նրանց շատ քիչ ազատություն թողեց այլ արտաքին գործընկերներ ընտրելու հարցում։

Լուսանկարը` REUTERS


Արեւելյան Եվրոպայի կամ նախկին ԽՍՀՄ երկրների դեպքում նախկին հարաբերությունների նման շարունակությունը անհնար էր. Ռուսաստանը գտնվում էր չափազանց ծանր արտաքին քաղաքական իրավիճակում՝ ինքն իրեն հատուկ պայմաններ ապահովելու համար։ Դա էլ նախկին ԽՍՀՄ երկրներին զգալի առավելություն տվեց իրենց ինքնիշխան պետականության կառուցման գործում։ Ավելին, բոլոր այդ միջազգային կյանքի նոր դերակատարները գտնվում են աշխարհի իսկապես վտանգավոր տարածաշրջաններից հեռու եւ սահմանակից չեն այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ, Իսրայելը։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից երկուսին որոշ չափով անհանգստացնում էր հարեւանությունը Աֆղանստանի հետ, երբ այնտեղ քաղաքացիական պատերազմ էր գնում։ Սակայն 2001 եւ հատկապես 2021 թվականից հետո այս խնդիրը այլեւս էական չի թվում։ Թուրքիան՝ մեկ այլ պոտենցիալ վտանգավոր հարեւան, նույնպես շատ սահմանափակ շփումներ ունի նախկին Խորհրդային Միության հետ։

Սակայն, մյուս կողմից, Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ պետությունների ինքնիշխանությունն ու համաշխարհային դիրքը անբաժանելիորեն կապված են լիբերալ աշխարհակարգի հետ, որի հաղթանակին նրանք մեծապես պարտական են իրենց գոյությանը։ Նրանք սկզբնապես ներառվեցին այս կարգի մեջ որպես դրա «օրինակելի պրոդուկտներ», ստացան որոշ հարակից օգուտներ, բայց եւ ստանձնեցին պարտավորություններ, որոնք կարող են խնդրահարույց լինել նոր հանգամանքներում։ Դրանով են պայմանավորված այն դժվարությունները, որոնց նախկին ԽՍՀՄ երկրներն առնչվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության նկատմամբ վերաբերմունք ձեւավորելու հարցում. այն միաժամանակ օգտակար եւ վտանգավոր է նրանց համար։ Եվ դեռ հասկանալի չէ, 
թե ինչ հետեւանքներ կունենա Կովկասի, Կենտրոնական Ասիայի կամ Արեւելյան Եվրոպայի պետությունների համար լիբերալ աշխարհակարգի վերջնական փլուզումը։ Շատ հավանական է, որ նրանց զարգացման եւ գոյության իրական ռազմավարական մարտահրավերները դեռ առջեւում են։

Եվ Ռուսաստանը, իր հերթին, պետք է պատրաստ լինի դրան։ Արժե արդեն հիմա հասկանալ, թե որ առաջնահերթություններն ավելի կարեւոր՝ զարգացումը, թե՞ անվտանգությունը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կարող է նաեւ նախապես մտածել այն մասին, թե ինչ է նշանակում լինել մեծ եւ պատասխանատու հարեւան այն պետությունների համար, որոնց ընթացքը դեպի բարգավաճում 21-րդ դարի բազմազան եւ անհանգիստ աշխարհում ավելի դժվարին է լինելու, քան իր սեփականը։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին