Ներկայացնում ենք Ստամբուլում բնակվող ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաեւայի Armenia and Azerbaijan, dialogue or performance? հոդվածի հայերեն թարգմանությունը:
Արզու Գեյբուլաեւա
2025 թվականի հոկտեմբերին Երեւանում հանդիպեցին հայ եւ ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները (կամ գոնե նրանք, ովքեր ներկայացված էին որպես այդպիսին)՝ երկու երկրների միջեւ խաղաղության օրակարգը առաջ մղելու նպատակով։ Բոլորի հայացքներն այժմ ուղղված են Բաքվին, որտեղ մինչեւ տարեվերջ նախատեսվում է հաջորդ հանդիպումը (հոդվածը գրվել է նախքան Բաքվում կայացած պատասխան հանդիպումը-Մեդիամաքս)։
Եթե այս հանդիպումը տեղի չունենար տասնամյակներ շարունակ տեւած քարոզչական պատումի շրջանակներում, որը քննադատում էր միջսահմանային նախաձեռնությունները եւ դրանց մասնակիցներին պիտակավորում որպես դավաճաններ, վաճառվածներ կամ հայ գործակալներ, բնական կլիներ ողջունել այն որպես առաջընթաց։ Սակայն իրականությունն այլ է։
Արզու ԳեյբուլաեւանԼուսանկարը` Արզու Գեյբուլաեւայի սոցիալական էջեր
Շատ առումներով երեւանյան հանդիպումը կարծես Վաշինգտոնի քաղաքական բեմականացման շարունակությունը լիներ. մանրակրկիտ կառավարվող գործընթաց, որը նախատեսված էր առաջընթաց ցուցադրելու եւ անհարմար հարցերից խուսափելու համար։ Մասնակիցները լրատվամիջոցներին ասացին, որ քննարկումները «կառուցողական» էին եւ «քայլ էին ճիշտ ուղղությամբ»՝ կապերը վերականգնելու եւ երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ։ Սակայն որեւէ մանրամասներ չներկայացվեց, թե ինչու էին բանակցությունները կառուցողական. ոչ մի օրակարգ, ժամանակացույց կամ կոնկրետ ծրագրեր՝ բացի հայկական պատվիրակության փոխադարձ այցից Բաքու։
Երեւանի եւ Բաքվի միջեւ երթեւեկությունը
2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր պաշտոնական եւ կիսապաշտոնական փոխանակումներւ հաճախացել են։ Սեպտեմբերին Բաքվում անվտանգության ֆորումին մասնակցեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Դրանից հետո Երեւանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի սեմինարին մասնակցեց «Թոփչուբաշով» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը: Նոյեմբերին ադրբեջանական մեկ այլ պատվիրակություն մասնակցեց Երեւանում կայացած «Օրբելի» ֆորումին:
Այս հանդիպումներում ամենաուշագրավը Ադրբեջանում դրանց ընդունումն է, նույնիսկ գովաբանումը: Սոցցանցերում մասնակիցների հրապարակային գրառումները կտրուկ տարբերվում են նախորդ տարիների գրառումներից, երբ նման փոխազդեցությունը հաճախ գաղտնի էին պահվում՝ բացասական հանրային արձագանքից խուսափելու համար: Պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները այս հանդիպումները որակեցին որպես աննախադեպ առաջընթաց:
Օրինակ՝ 1news.az առցանց լրատվամիջոցի լրագրող եւ խմբագիր Քամալա Մամեդովան հոկտեմբերյան հանդիպումից հետո, սոցցանցերում գրեց. «Շատերը զարմանում են. նման հանդիպումներ նախկինում էլ են անցկացվել, բայց շոշափելի արդյունքներ չեն տվել: Ներկայիս ձեւաչափի տարբերությունն այն է, որ հանդիպումն առաջին անգամ անցկացվել է լիովին երկկողմ ձեւաչափով՝ առանց միջնորդների կամ արտաքին ազդեցության: Եվ դա զգացվում էր: Երկու կողմերն էլ անկեղծ հետաքրքրված էին երկխոսությամբ, լսելու եւ լսված լինելու պատրաստակամություն ունեին»:
Այնուամենայնիվ, Մամեդովան հաշվի չի առել, որ նախորդ հանդիպումները ձախողվել էին, քանի որ իշխանությունները, այլ խոչընդոտներից բացի, չէին աջակցում իրական խաղաղարար նախաձեռնություններին: Եթե նշենք մի քանիսը, ապա դրանք էին խաղաղության կողմնակիցների մարգինալացումը, էթնոազգայնական պատումների գերիշխումը, քարոզչության օգտագործումը, կրթական համակարգում բարեփոխումների բացակայությունը եւ պետական եւ ոչ պետական լրատվամիջոցների կողմից հակամարտության նրբանկատ լուսաբանման բացակայությունը:
Արդյունքում «այս պայմաններում խաղաղության կողմնակիցների զրույցները մնացին փակ շրջանակում՝ հնարավորություն չունենալով հասնելու լայն հանրությանը, եւ աստիճանաբար դուրս մղվեցին ազգայնական հռետորաբանությամբ», - գրել են գիտնականներ Նազրին Գադիմովան եւ Անուշ Պետրոսյանը։
Հեղինակները պնդում են նաեւ, որ 1990-ականներին՝ անկախության վաղ տարիներին, կարճ ժամանակով պատուհան բացվեց. ինտելեկտուալ փոխանակումները, ժողովրդական դիվանագիտությունը եւ մշակութային գործիչների միջեւ միջսահմանային հանդիպումները երկխոսության հույս առաջացրին։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանի ավտորիտար սահմանափակումները եւ Հայաստանի քաղհասարակության դանդաղ զարգացումը խեղդեցին այս նախաձեռնությունները՝ դուրս մղելով խաղարաշինության ջանքերը։
Մամադովայի դիտարկումներին հակառակ՝ իրական հետաքրքրություն միշտ էլ եղել է, պարզապես այն չկարողացավ իր տեղը գտնել պետական քաղաքականության մեջ եւ մնաց այդ հանդիպումների սենյակներում եւ երկխոսություններում։ Արդյունքում խաղաղության խոսույթը չհասավ հասարակ քաղաքացիներին՝ սահմանափակվելով ՀԿ-ների աշխատողների եւ ակտիվիստների նեղ շրջանակով, եւ չնպաստեց հաշտեցման մասին ավելի լայն հասարակական զրույցին։
Օրակարգի բացակայությունը
Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո կապերի վերականգնման մասին խոսակցությունները անբովանդակ էին մնում: Նախ, վերականգնելու քիչ բան է մնացել: Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնամանքը խոր արմատներ ունի, իսկ այն սերունդը, որը հիշում է կողք կողքի ապրելը, ծերանում է եւ մեծ մասամբ չի մասնակցում որոշումների կայացման գործընթացներին եւ բանակցություններին:
2019 թվականի իր վերլուծության մեջ ադրբեջանցի փորձագետ եւ վերլուծաբան Զաուր Շիրիեւը գրել է. «Հանրությանը նախապատրաստել խաղաղությանը նշանակում է նախապատրաստել երկար բանակցություններին եւ հնարավոր փոխզիջմանը: Սա ներառում է ինչպես հանրային քննարկումներ, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ ավելի մեծ թափանցիկություն: Պաշտոնական բանակցությունների հետ մեկտեղ արժեքավոր կլինի նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղհասարակության ավելի մեծ ներգրավվածությունը՝ ընդգծելու այն պարզ դրույթը, որ մյուս կողմի հետ հնարավոր է խաղաղություն»:
Զաուր Շիրիեւը՝ ԵրեւանումՆոյեմբերին «Օրբելի» ֆորումում ելույթ ունենալով՝ Շիրիեւը վերահաստատեց «մտածելակերպի փոփոխության» անհրաժեշտությունը եւ կոչ արեց կողմերին հրաժարվել «մաքսիմալիստական դիրքորոշումներից»:
Սակայն, չնայած հռետորաբանությանը, դեռեւս չկա հանրային քննարկում, չկա թափանցիկություն եւ անկախ քաղհասարակություն, որոնք ունակ են ձեւավորել կամ նույնիսկ վերահսկել խաղաղության գործընթացը: Ինչպես նշում են հակամարտությունների կարգավորման փորձագետներ Ֆիլիպ Գամաղելյանը եւ Սեւինջ Հուսեյնովան, առաջին Ղարաբաղյան պատերազմի եւ հետպատերազմյան երկխոսության համատեքստում «ժամանակի հետ իրատեսական ձայները եւ նրանք, որոնք պրագմատիզմի եւ փոխզիջման կոչ էին անում, դուրս մղվեցին երկրորդ պլան՝ հօգուտ ռեւանշիստական զգացմունքների, որոնք արմատավորված էին էթնոազգայնական խոսույթում»։ Այդ խոսույթը քիչ տեղ թողեց խաղաղության համար, եւ ներկայիս երկխոսության մեջ էլ մնում է խոչընդոտ։
Բահրուզ Սամադովի դեպքը
Վառ օրինակ է Բահրուզ Սամադովը՝ երիտասարդ քաղաքագետն ու հետազոտողը, որն աշխատում է դոկտորական թեզի վրա Պրահայի Չարլզի համալսարանում։ Սամադովը դեմ էր Երկրորդ ղարաբաղյան պատերազմին եւ 2023 թվականի ռազմական միջամտությանը։ Նա գրել էր Հայաստանի հետ հաշտեցման մասին եւ հայտնի էր կառավարության նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ։ Նա ձերբակալվեց 2025-ի սկզբին դավաճանության մեղադրանքով, երբ եկել էր Ադրբեջան՝ տատիկին այցելելու։
Իշխանությունները մեղադրեցին Սամադովին «հայերի հետ շփվելու» եւ «պետական գաղտնիքներ կիսելու» մեջ, չնայած հայ գիտնականների հետ նրա նամակագրությունից բացի մեղադրանքը որեւէ ապացույց չներկայացրեց։ 2025-ի հունիսին նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։
Բահրուզ ՍամադովըՍամադովը վերջին 30 տարվա ընթացքում առաջին ադրբեջանցին չէ, որին մեղադրանք է առաջադրվել դավաճանության համար: Լրագրողներ Ռաուֆ Միրկադիրովը, Լեյլա եւ Արիֆ Յունուսները նույնպես բախվել են լրտեսության կամ դավաճանության նմանատիպ մեղադրանքների: Տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ներգրավված էին միջսահմանային նախաձեռնություններում, ենթարկվել են կառավարության կողմից հովանավորվող այլ հետապնդումների՝ տարբեր մեղադրանքներով:
Բահրուզի ձերբակալությունն ու դատավճիռը վերջնական հարվածն էին Հայաստանի հետ ցանկացած համագործակցությանը, որը չի հովանավորվում կառավարության կողմից: Հարց է առաջանում. եթե կառավարությունը շարունակի բանտարկել խաղաղության կողմնակիցներին, ո՞վ է ներկայացնում քաղհասարակությանը այս նոր երկխոսություններում, ո՞վ է ապահովում հաշվետվողականությունը այսպես կոչված հետ-վաշինգտոնյան խաղաղության գործընթացում:
Ի՞նչ պետք է տեղի ունենա
Ադրբեջանի ավտորիտար քաղաքական միջավայրը վաղուց խոչընդոտել է քաղհասարակության իրական նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք կապված են հաշտեցման հետ: Երկրորդ ղարաբաղյան պատերազմից, Լաչինի շրջափակումից, Ղարաբաղի էթնիկ հայերի արտագաղթից եւ 2023 թվականի 24-ժամյա պատերազմից հինգ տարի անց կարելի էր հնարավորություն ստեղծել ներառական խաղաղաշինության համար: Սակայն դրան պետք է մասնակցեն անկախ ձայներ, ոչ թե միայն կառավարությանը հարող գործիչներ:
Վետերան լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որը դավաճանության մեղադրանքով բանտարկվել էր, ապա՝ լքել էր երկիրը, պնդում է, որ չնայած կառավարության կողմից հովանավորվող հանդիպումները գուցե արժեք ունեն, զուգահեռ պետք է տեղի ունենան նաեւ անկախ քննարկումներ: Ինչպե՞ս ի հայտ գա այս տեսակի զուգահեռ երկխոսությունը, երբ անկախ խմբերն արգելված են, աքսորված կամ բանտարկված: Նույնիսկ ադրբեջանական սփյուռքը մնում է մասնատված, պառակտված քաղաքական եւ գաղափարախոսական պատճառներով, երբ մի քանի քաղաքական էմիգրանտներ տարիների աքսորից հետո վերադառնում են Ադրբեջան, եւ քչերն են պատրաստ ժամանակ ծախսել հաշտեցման վրա աշխատելու համար:
Հոկտեմբերյան հանդիպումից հետո ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆարհադ Մամեդովը հոդված գրեց պետական APA լրատվական գործակալության համար՝ ընդգծելով «կողմերի միջեւ վստահության կառուցման մեծ պատասխանատվությունը»։ Չնայած նա ընդունեց հակամարտության սերնդային տրավման եւ խաղաղաշինությունը որակեց որպես «երկար եւ դժվար գործընթաց», նա որեւէ կերպ չհիշատակեց նախորդ ժողովրդական նախաձեռնությունները, որոնք փորձել էին անել հենց դա, բայց ճնշվել էին իշխանությունների կողմից։
Ձեւական երկխոսությո՞ւն, թե՞ իրական փոփոխություն
Կարո՞ղ է կառավարամետ մասնակիցներից ընտրված խումբը, որոնց մեծ մասը հակամարտությունների լուծման փորձ չունի, իրոք ներգրավված լինել քաղհասարակության երկխոսության մեջ։ Եվ որքանո՞վ կարող են նման խիստ վերահսկվող հանդիպումները փոխել ընկալումները մի երկրում, որտեղ անկախ ձայներին դեռեւս քրեորեն հետապնդում են։
Ի վերջո, քանի դեռ երկխոսության կոչ անող նույն կառավարությունն է որոշում, թե ում պետք է խոսելու ձայն տալ, բաց երկխոսության ցուցադրությունը պետք է դիտարկել զգուշավոր կասկածամտությամբ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: