Իսրայելը նախապայմաններ է դնում Հայաստանի հետ կապերը զարգացնելու համար - Mediamax.am

Նոյեմբեր 28, 2025
155 դիտում

Իսրայելը նախապայմաններ է դնում Հայաստանի հետ կապերը զարգացնելու համար


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Jerusalem Post պարբերականում հրապարակված Tension points threatening Israel-Armenia rapprochement as deputy FM visits Jerusalem հոդվածի հայերեն թարգմանությունը:

Այս շաբաթ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ժամանել էր Իսրայել՝ մասնակցելու մի շարք հանդիպումների՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների միջեւ նոր էջ բացելու հնարավորությանը։

Սակայն դիվանագիտական շփումների հետեւում թաքնված են խորը տարաձայնություններ եւ զգայուն հարցեր։

Օրակարգում գլխավորը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity»։ TRIPP-ը տրանսպորտային միջանցքի հայեցակարգ է, որն ի սկզբանե առաջ է քաշել Ադրբեջանը, իսկ վերջերս այն հրապարակային դիվանագիտական աջակցություն է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ մի քանի ամերիկացի քաղաքական գործիչների կողմից։ 

Երուսաղեմը սա դիտարկում է որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ չափված մերձեցումը Երեւանի հետ, որը սերտ կապեր է պահպանում Իրանի հետ։ 

Այնուամենայնիվ, համատեղ նախագծերը առաջ մղելու ցանկության հետ մեկտեղ, մի քանի հիմնական հարցեր շարունակում են ստվեր գցել երկկողմ հարաբերությունների վրա։

Հակասեմականությունը եւ Ադրբեջանի գործոնը

Վերջին տարիներին Երեւանի հրեական կենտրոնի եւ սինագոգի հանդեպ գրանցվել են վանդալիզմի դեպքեր՝ հրկիզման փորձեր եւ ատելության գրաֆիտի։ Հրեական  համայնքի աղբյուրների համաձայն՝ որոշ մասնակիցներ ասում էին, որ այս գործողություններով նրանք իրենց բողոքն էին արտահայտում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ։

Լուսանկարը` REUTERS


Միաժամանակ, հրեական Հակազրպարտչական լիգայի (ADL) անցկացրած հարցման համաձայն, Հայաստանում գրանցվել է հակասեմականության բարձր մակարդակ մեծահասակների շրջանում: Այնուամենայնիվ, Հայաստանի հրեական  համայնքի ներկայացուցիչները շեշտում են, որ իրենց կրոնական կյանքի համար խոչընդոտներ չկան, եւ որ իշխանությունները թշնամական քաղաքականություն չեն վարում նրանց նկատմամբ:

Հրեա պաշտոնյաների համար շարունակում է շատ մտահոգիչ լինել անհամապատասխանությունը պաշտոնական հավաստիացումների եւ տեղում հարձակումների միջեւ։ 

«Կովերի պարտեզի» շուրջ վեճը

Մեկ այլ զգայուն հարց է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» շուրջ վեճը: Մի քանի տարի առաջ Հայոց պատրիարքարանը վարձակալության պայմանագիր է կնքել իսրայելական ընկերության հետ՝ հյուրանոց կառուցելու նպատակով, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարել է պայմանագրի ամբողջական չեղարկման մասին:


Վեճը վերածվեց ցույցերով եւ սոցիալական ցանցերում սուր քննարկումներով ուղեկցվող հանրային բախման, որի մեջ ներքաշվեցին նաեւ աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական կազմակերպություններ:

Հողի համար պայքարը նկարագրելու համար ոմանք օգտագործում էին «էթնիկ զտում» տերմինը՝ հաճախ փորձելով զուգահեռներ անցկացնել Գազայի պատերազմի հետ, ինչը Իսրայելը ամբողջությամբ մերժում է՝ խնդիրը ներկայացնելով որպես քաղաքացիական վեճ եկեղեցու եւ մասնավոր ընկերության միջեւ՝ առանց կառավարության մասնակցության:


Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ հանրային արձագանքը այն զգայուն թեմա է դարձրել երկու պետությունների հարաբերություններում: 

Իրանի հետ կապը

Տարածաշրջանում Հայաստանի կապերը Իրանի հետ շարունակում են կենտրոնական գործոն մնալ Երուսաղեմի հետ հարաբերություններում։ Իր աշխարհագրական մեկուսացման պատճառով Երեւանը կախված է Իրանից առեւտրի եւ էներգետիկայի հարցերում:

Տարիներ շարունակ Երեւանի եւ Թեհրանի միջեւ գործում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը, որը երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը: Երկկողմ առեւտրի ծավալը վերջին տարիներին հասել է տարեկան մոտ 700 միլիոն դոլարի, եւ Հայաստանը ձգտում է հաղթահարել 3 միլիարդ դոլարի շեմը։

ԱՄՆ-ի Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) փաստաթղթերում նշվում է, որ Իրանը, հնարավոր է, Հայաստանն օգտագործում է լոգիստիկ ոլորտում պատժամիջոցներից խուսափելու համար։

Անցյալ տարի ընդդիմության կողմից լուրեր տարածվեցին այն մասին, թե իբր Հայաստանը եւ Իրանը կարող են 500 միլիոն դոլարի զենքի ձեռքբերման գործարք կնքել, եւ Թեհրանը իրանական Shahed անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Երեւանին: Չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հերքեց այս լուրերը, Իրան-Հայաստան կապը շարունակում է կարեւոր գործոն մնալ Իսրայելի՝ Հայաստանի նկատմամբ մոտեցման հարցում։

Հայկական լոբբիստական պայքարը

Դրան զուգահեռ, Միացյալ Նահանգների հայկական լոբբին, որը տասնամյակներ շարունակ աշխատել է ամերիկյան արտաքին քաղաքականության վրա ազդելու ուղղությամբ, վերջերս քննադատել է Իսրայել-Ադրբեջան անվտանգային համագործակցությունը։ 

Հայկական լոբբիի հետ կապված լրատվամիջոցների կողմից հրապարակված մի քանի հոդվածներում կոչեր են հնչել օգնություն տրամադրել Իսրայելին միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ վերջինս դադարեցրել է զենքի վաճառքը Ադրբեջանին։ 

Իսրայելը եւ Ադրբեջանը նման քայլերը դիտարկում են որպես երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները խաթարելու փորձ, քանզի երկուսն էլ Իրանը սպառնալիք են համարում։ 

Այս ամենի համատեքստում է դիտարկվում Վահան Կոստանյանի այցը Երուսաղեմ։

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Իսրայելը հետաքրքրված է գնահատելու լայնածավալ տնտեսական եւ տարածաշրջանային նախագծերի առաջխաղացման ներուժը, բայց նաեւ հասկանում է, որ ցանկացած առաջընթաց կպահանջվի զգայուն հարցերի լուծում՝ Հայաստանում հրեական համայնքի անվտանգությունը, պայքարը Երուսաղեմի հայկական թաղամասում, Երեւանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները եւ Իսրայելի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Եթե երկու կողմերին հաջողվի նվազեցնել լարվածությունը եւ հիմք ստեղծել շարունակական երկխոսության համար, այցը կարող է նշանավորել հարաբերությունների փոփոխության սկիզբը։ Հակառակ դեպքում, այն կարող է մնալ ընդամենը որպես կարեւոր քայլ, որով այդպես էլ չհաջողվեց լուծել տարիների ընթացքում կուտակված խորը տարաձայնությունները։

***

Israel National News պարբերականում հրապարակվել է The unusual diplomatic visit and the tensions behind the scenes նյութը, որը գրեթե բառացի կրկնում է ձեր ուշադրությանը ներկայացված հոդվածի թեզերը, ինչը վկայում է այն մասին, որ հրապարակումները ուղղորդված են մեկ կենտրոնից:

***

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳՆ կայքում հաղորդագրություն է հրապարակվել
Վահան Կոստանյանի այցի մասին, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար-Տալի հետ:

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները: Հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներն առանձնանշվել են որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, փոխգործակցության առավել մեծ ներուժ ունեցող ուղղություններ», - ասված է հաղորդագրության մեջ:

***

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին