Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված իրանագետ Նիկիտա Սմագինի Опять близко. Как 12-дневная война подстегнула сотрудничество России и Ирана հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նիկիտա Սմագին
Իսրայելա-ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ Իրանի խնդիրների նկատմամբ Ռուսաստանը անտարբեր մնալուց հետո շատերը սպասում էին, որ դա կսառեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք սերտացել էին 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Իրականում տեղի ունեցավ հակառակը. 12-օրյա պատերազմը Թեհրանին ավելի ուժեղ մղեց դեպի Մոսկվա եւ կողմերին դուրս բերեց նոր համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը, այդ թվում՝ միջուկային ոլորտում:
Սակայն հարաբերությունների բալանսը կրկին փոխվում է Ռուսաստանի օգտին: Իրանն այժմ Կրեմլի համար իր նախագծերը զարգացնելու ճանապարհներից մեկն է միայն: Իսկ Իսլամական Հանրապետության համար Ռուսաստանը դառնում է անփոխարինելի գործընկեր, ինչը թույլ է տալիս Մոսկվային ավելի ընտրողական եւ վճռական լինել հարաբերություններ կառուցելիս:
Աճող գործընկերությունը
Թեհրանի ակնհայտ հիասթափությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայի անբավարար օգնությունից չխանգարեց նրան նոր քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու համար: Առաջին հերթին զարգացում ստացավ ռուսական զենքի մատակարարման հարցը:
Կրեմլը հասկացրեց, որ մտադիր է կատարել Իրանի հետ իր պայմանագրային պարտավորությունները՝ չնայած Թեհրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում նոր բարդություններին: «Ռոստեխ»-ի փաստաթղթերի հաքերային արտահոսքերը վկայում են Ռուսաստանի՝ Իսլամական Հանրապետությանը 48 «Սու-35» կործանիչ մատակարարելու ծրագրերի մասին: Ճիշտ է, դա երկարաժամկետ թեմա է, քանի որ «Սու-35»-ների հիմնական մատակարարումները սպասվում են 2026-2028 թվականներին:
Ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները սկսել են կանոնավոր թռիչքներ կատարել դեպի Իրան Իրկուտսկից, որտեղ գտնվում է ավիացիոն գործարանը: Դա կարող է վկայել, որ ռուս-իրանական համաձայնագրերը չեն սահմանափակվում միայն «Սու-35»-ով: Կան նաեւ ենթադրություններ «Սու-30ՄԿ» կործանիչների հնարավոր մատակարարումների մասին:
Լուսանկարը` Kremlin.ru
Ընդհանուր առմամբ, իրավիճակը, կարծես, ցույց է տալիս, որ Մոսկվան վճռականորեն տրամադրված է անտեսել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ռազմական ոլորտում, որոնք վերջերս վերականգնվեցին 2015 թվականի միջուկային համաձայնագրով նախատեսված Snapback մեխանիզմի շրջանակներում: Եթե ինչ-որ բան կարող է զսպել Ռուսաստանին այս ուղղությամբ, դա Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմն է եւ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի գերբեռնվածությունը:
Ոչ պակաս հատկանշական էին երկու երկրների հայտարարությունները միջուկային արդյունաբերության ոլորտում հավակնոտ ծրագրերի մասին: Սկզբում Իրանը հայտարարել էր Ռուսաստանում Իրանի կողմից հինգ նոր ատոմակայանի կառուցման մասին, հետո՝ ութի: Ռուսաստանի հայտարարությունները մինչ այժմ շատ ավելի զուսպ են եղել, ուստի պարզ չէ, թե որքանով ամուր են ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն Մոսկվան ընդունում է, որ Իրանը եւ Ռուսաստանը ստորագրել են $25 միլիարդի համաձայնագիր «Հորմոզ» ԱԷԿ-ը կառուցելու համար, եւ որ երկու կողմերը զուգահեռ աշխատում են փոքր ատոմակայանների նախագծի վրա:
Մինչ այդ, Ռուսաստանը 1990-ական թվականներից ի վեր Իրանում իրականացրել էր միայն մեկ խոշոր միջուկային նախագիծ՝ «Բուշեր» ատոմակայանը: Այժմ համագործակցությունը կարող է հասնել նոր մակարդակի, չնայած Բուշերի այնքան էլ ոգեշնչող չէր: Ատոմակայանի կառուցումը շատ երկար է տեւել Իրանի կողմից վճարումների անընդհատ ուշացումների պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Իրանի գումարները չեն ավելացել, եւ ռուս միջուկային մասնագետներին ժամանակին վճարելու նրա կարողության վերաբերյալ կասկածները պահպանվել են:
Համագործակցությունը զարգանում է նաեւ այլ ոլորտներում: Օրինակ՝ իրանական կողմը խոստանում է մինչեւ մարտ հողատարածքներ հատկացնել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, որը Ռուսաստանից դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ տանող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորագույն բացակայող օղակն է։
Առաջիկա ամիսներին Ադրբեջանի տարածքով Իրան կհասնի ուսական գազը։ Մի քանի խոշոր ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում հայտարարել են, որ պատրաստվում են իրանական շուկա մուտք գործել՝ ակնարկելով, որ Իսլամական Հանրապետությունում նրանց «հատուկ պայմաններ» են տրամադրել։
Ընդհանուր առմամբ, Թեհրանի կախվածությունը Մոսկվայի հետ համագործակցությունից միայն ուժեղանում է։ Սովորաբար կասկածամիտ եւ սակարկող Իրանի կառավարությունը, կարծես, որոշել է, որ ժամանակ կորցնել պետք չէ, եւ անհրաժեշտ է բոլոր միջոցներն օգտագործել Ռուսաստանին իր կողմը քաշելու համար։ 12-օրյա պատերազմը ոչ այնքան կասկածներ է առաջացրել Մոսկվայի հուսալիության վերաբերյալ, որքան եւս մեկ անգամ համոզել է Թեհրանին, որ Ռուսաստանից եւ Չինաստանից ավելի լավ գործընկերներ չկան։
Թեհրանի ծրագիրը
Թեհրանի եւ Մոսկվայի մերձեցման պատճառները մեծամասամբ անփոփոխ են մնացել՝ միջազգային մեկուսացումը եւ պատերազմի վախը։ Երկուսն էլ վերջին ամիսներին միայն ուժեղացել են։
Լուսանկարը` Kremlin.ru
Նախեւառաջ, վերականգնվել են Իրանի դեմ ՄԱԿ-ի եւ ԵՄ պատժամիջոցները։ Դա Թեհրանի համար նույնչափ ցավոտ չէ, որքան ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը 2018 թվականին, բայց, հավանաբար, դուրս կմղի նրա մնացած եվրոպացի գործընկերներին։
ԵՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտուրը վերջին տարիներին կազմել է մոտ $4.5 միլիարդ, ինչը Իսլամական Հանրապետության ընդհանուր արտաքին առեւտրի 4%-ից պակաս է։ Միեւնույն ժամանակ, Թեհրանն արդեն խիստ սահմանափակված էր համագործակցության երկրների ընտրության հարցում, եւ նոր սահմանափակումները եթե ոչ ճակատագրական, ապա ցավոտ ազդեցություն կունենան։ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը նախատեսված է առնվազն մասամբ փոխհատուցելու այդ կորուստները։
Բացի այդ, Իրանն ավելի է սուզվում պատժամիջոցների, անարդյունավետ սոցիալական քաղաքականության, կլիմայի փոփոխության եւ վերջին պատերազմի հետեւանքների պատճառով առաջացած կառուցվածքային տնտեսական ճգնաժամի մեջ։ Երկիրը ներդրումների խիստ կարիք ունի, իսկ Ռուսաստանը մնում է հասանելի քիչ աղբյուրներից մեկը։
Ռուսական ներդրումների ծավալը դեռեւս շատ տպավորիչ չէ. վերջին տարիներին խոսքը տարեկան $3-4 միլիարդի մասին է։ Սակայն ներդրումներն աստիճանաբար աճում են։ Իսկ նոր նախագծերը, այդ թվում՝ երկաթուղու կառուցումը, նավթի եւ գազի արդյունահանմանը մասնակցությունը եւ նոր ատոմակայանների կառուցումը, կարող են արագացնել այս գործընթացը։
Թեհրանի համար ավելի հրատապ խնդիր է նվազեցնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետագա հնարավոր հարվածների ռիսկը։ 12-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է Իրանը, որը, ըստ էության, չի կարող հակազդել իսրայելա-ամերիկյան ռմբակոծություններին։ Հունիսյան հարվածները միայն մասամբ ոչնչացրեցին Իրանի միջուկային ծրագիրը եւ հրթիռային ներուժը, ինչը նշանակում է, որ կրկնվող հարձակման հավանականությունը բարձր է մնում։
Այս հարցում Ռուսաստանի զսպող դերն ավելի բազմակողմանի է, քան պարզապես զենքի մատակարարումը, որի իրական ազդեցությունը կերեւա միայն շատ տարիներ անց։ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը խուսափեց ռուսական թիրախներին հարվածելուց, ուստի դրանք կարող են յուրահատուկ կենդանի վահան դառնալ նոր հարձակման դեպքում։
Լուսանկարը` Kremlin.ru
Սա վերաբերում է ոչ միայն ատոմակայաններին, որոնք Ռուսաստանը կարող է կառուցել, այլեւ այլ նախագծերին։ Դժվար Իսրայելը միտումնավոր հարվածի Մոսկվայի օգնությամբ կառուցվող «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանին, ռուսական նավթագազային ընկերությունների օբյեկտներին կամ երկաթուղու շինարարությամբ զբաղվող ռուս կապալառուներին։ Այլ կերպ ասած, որքան շատ օտարերկրյա ձեռնարկություններ լինեն Իրանի տարածքում, այնքան շատ կլինեն ենթադրյալ «անվտանգ գոտիները», որոնց Իսրայելը կխուսափի հարվածելուց։
Միջուկային գործարքի գրեթե լիակատար փլուզման ֆոնին Թեհրանը զգալիորեն կրճատել է օտարերկրյա դիտորդների ներկայությունը իր միջուկային օբյեկտներում: Այժմ այն մոտ է ստուգումներից լիովին հրաժարվելուն կամ դրանք սիմվոլիկ մակարդակի իջեցնելուն: Այդ դեպքում Ռուսաստանը գրեթե միակ համաշխարհային տերությունը կմնա, որը կարող է հայտարարել իրանական միջուկային ծրագրի ոչ ռազմական բնույթի մասին։
Բալանսի շեղումը
Մինչդեռ Իրանի հետաքրքրությունը Ռուսաստանի հետ համագործակցության նկատմամբ միայն աճում է, Իսլամական Հանրապետության անփոխարինելիությունը Կրեմլի համար ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում: Իրանական կողմն արդեն կորցրել է Ռուսաստանի համար կարեւոր ռազմական գործընկերոջ կարգավիճակը, որը նա վայելում էր Ուկրաինա ներխուժման առաջին ամիսներին։
Ռուսական արդյունաբերությունն այժմ ինքն է արտադրում իրանական անօդաչու թռչող սարքերի կատարելագործված տարբերակներ, որոնք գերազանցում են բնօրինակը: Դրանց բաղադրիչների մեծ մասը ռուսական կամ չինական են: Ռուսաստանի համար առաջնագծում իրավիճակն էլ այժմ այնքան կրիտիկական չէ, որքան 2022 թվականի երկրորդ կեսին էր, երբ ռուսական բանակն առաջին անգամ սկսեց կիրառել իրանական անօդաչու թռչող սարքերը։
Տնտեսական տեսանկյունից Իրանը նույնպես Ռուսաստանի համար գլխավոր գործընկեր չի հանդիսանում՝ նույնիսկ Մերձավոր Արեւելքի այլ երկրների համեմատ։ Չնայած բազմաթիվ համատեղ նախաձեռնություններին, երկու երկրների առեւտուրը մնում է տարեկան մոտ $5 միլիարդի մակարդակին։ Համեմատության համար, 2024 թվականին Ռուսաստանի առեւտրաշրջանառությունը Թուրքիայի հետ գերազանցել է $50 միլիարդը, ԱՄԷ-ի հետ՝ մոտ $11 միլիարդը, իսկ Եգիպտոսի հետ՝ մոտ $9 միլիարդը։
Լուսանկարը` Kremlin.ru
Պարզ է, որ Իրանի հետ առեւտրի որոշակի մասն իրականացվում է Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջոցով եւ հաշվի է առնվում այդ երկրների հետ ապրանքաշրջանառության ցուցանիշներում: Սակայն դա միայն բարձրացնում է Անկարայի եւ ԱՄԷ-ի արժեքը, որոնք ապահովում են Ռուսաստանի կապը աշխարհի հետ, ինչը պատժամիջոցների տակ գտնվող Թեհրանը չի կարող ապահովել։
Ի վերջո, պետք չէ մոռանալ Իրանի շուրջ նոր ռազմական սրացումների զգալի հավանականության մասին, ինչը նվազեցնում է երկրի արժեքը որպես գործընկերոջ: Որքան էլ խոստումնալից կարող են թվալ Իսլամական Հանրապետությունում նախագծերը ռուսական կողմին, պետք է հաշվի առնել Իսրայելի հնարավոր նոր հարվածների ռիսկը։
Բնականաբար, այս ամենը չի նշանակում, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Մոսկվան փնտրում է ցանկացած միջոց՝ փոխհատուցելու իր մեկուսացումը Արեւմուտքում եւ Թեհրանը մնում է այս ծրագրերի կարեւոր բաղադրիչը: Սակայն համագործակցության բալանսը գնալով փոխվում է Մոսկվայի օգտին: Իրանի համար Ռուսաստանը դառնում է անփոխարինելի եւ կենսական կարեւոր գործընկեր, մինչդեռ Մոսկվայի համար Թեհրանը բազմաթիվ պոտենցիալ կարեւոր ոլորտներից միայն մեկն է:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: