«Ապրեք այնպես, ինչպես մտածում եք». Պեպե Մուխիկայի պատգամները - Mediamax.am

Նոյեմբեր 13, 2025
103 դիտում

«Ապրեք այնպես, ինչպես մտածում եք». Պեպե Մուխիկայի պատգամները


Խոսե Մուխիկան 2024 թվականին
Խոսե Մուխիկան 2024 թվականին

Լուսանկարը` REUTERS

Բրազիլիային նախահահ Լուլա դա Սիլվան համբուրում է Խոսե Մուխիկային՝ նրան Հարավային Խաչի շքանշանով պարգեւատրելուց հետո
Բրազիլիային նախահահ Լուլա դա Սիլվան համբուրում է Խոսե Մուխիկային՝ նրան Հարավային Խաչի շքանշանով պարգեւատրելուց հետո

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


2025 թվականի մայիսի 13-ին 89 տարեկանում վախճանվեց Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե «Պեպե» Մուխիկան, որը վերջին տասնամյակների ամենատարբերվող քաղաքական գործիչներից էր: Նրա մահվան հաջորդ օրը Jacobin պարբերականը հրապարակեց Մուխիկայի My Generation Made a Naive Error հոդվածը, որը կարելի է նրա քաղաքական «կտակը» համարել:

Իմ սերունդը միամիտ սխալ թույլ տվեց։ Մենք կարծում էինք, որ սոցիալական փոփոխությունը միայն հասարակության մեջ արտադրության եւ բաշխման եղանակները փոխելու հարց է։ Մենք չհասկացանք մշակույթի հսկայական դերը։ Կապիտալիզմը մշակույթ է, եւ մենք պետք է արձագանքենք եւ դիմադրենք կապիտալիզմին այլ մշակույթով։ Այլ կերպ ասած՝ մենք համերաշխության մշակույթի եւ եսասիրության մշակույթի միջեւ պայքարի մեջ ենք։

Ես չեմ մտածում վաճառվող մշակույթի մասին, օրինակ՝ պրոֆեսիոնալ երաժշտության կամ պարի։ Դա, իհարկե, կարեւոր է, բայց երբ խոսում եմ մշակույթի մասին, նկատի ունեմ մարդկային հարաբերությունները, գաղափարների ամբողջությունը, որոնք կառավարում են մեր հարաբերությունները, ինչը մենք հաճախ չենք գիտակցում։ Դա չգրված արժեքների ամբողջություն է, որը որոշում է, թե ինչպես են աշխարհի միլիոնավոր մարդիկ հարաբերվում միմյանց հետ։

Այդ մշակույթի մի մասը սպառողականությունն է։ Սա այն բարոյագիտությունն է, որը կապիտալիզմին անհրաժեշտ է անվերջ կուտակման համար։ Կապիտալիզմի ամենամեծ խնդիրը կլինի, եթե մենք այլեւս չգնենք կամ շատ քիչ գնենք։ Եվ սա առաջացրել է մեզ պարուրող սպառողական մշակույթը։ Բայց կապիտալիստական սոցիալական համակարգը միայն սեփականության հարաբերություն չէ, այլեւ հասարակության ընդհանուր չգրված արժեքների ամբողջություն։ Այս արժեքները ցանկացած բանակից հզոր են, եւ դրանք են այսօր կապիտալիզմը պահպանող հիմնական ուժը։

Իմ սերունդը կարծում էր, որ կփոխի աշխարհը՝ փորձելով ազգայնացնել լրատվամիջոցները, բայց մենք չհասկացանք, որ այս պայքարի հիմքում պետք է լինի այլ մշակույթի ստեղծումը։ Հնարավոր չէ կապիտալիստական որմնադիրների օգնությամբ սոցիալիստական շենք կառուցել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք գողանալու են ամրանները, ցեմենտը, որովհետեւ նրանք միայն ձգտում են լուծել սեփական խնդիրները, որովհետեւ այդպես ենք մենք ձեւավորվել։ Իմ սերունդը՝ պատմության ծրագրային տեսլական ունեցող ռացիոնալիստները, չհասկացավ, որ մարդիկ հաճախ որոշում են կայացնում ըստ իրենց ներքին ձայնի, իսկ հետո նրանց խիղճը փաստարկներ է հորինում՝ այդ որոշումներն արդարացնելու համար։ Մենք ընտրում ենք մեր սրտով, եւ այդ պարագայում  մշակույթը կենսական հարց է դառնում, քանի որ այն սաստում է մեր իռացիոնալությունը։

Բրազիլիային նախահահ Լուլա դա Սիլվան համբուրում է Խոսե Մուխիկային՝ նրան Հարավային Խաչի շքանշանով պարգեւատրելուց հետո Բրազիլիային նախահահ Լուլա դա Սիլվան համբուրում է Խոսե Մուխիկային՝ նրան Հարավային Խաչի շքանշանով պարգեւատրելուց հետո

Լուսանկարը` REUTERS


Օրինակ՝ ի՞նչ պատահեց մեր ձախ առաջնորդներին։ Նրանք հիվանդ են եւ ընկղմված նույն մշակույթի մեջ, այդ պատճառով նրանց կենսակերպը չի համապատասխանում իրենց պայքարին։ Նրանք ասում են, որ ես աղքատ էի, երբ նախագահ էի, բայց նրանք ոչի՛նչ չէին հասկանում։ Ես աղքատ չեմ։ Աղքատ է նա, ով շատ բանի կարիք ունի։ Եթե աշխարհը չսովորի ապրել սթափ, չվատնել, չշռայլել, այն չի գոյատեւի։

Փողի մոլուցքը մեզ ստիպում է նոր իրեր գնել, բայց կյանքը մոլորակի վրա պահպանելու համար մենք պետք է սովորենք ապրել՝ ունենալով միայն ամենաանհրաժեշտը եւ չվատնել մեր ռեսուրսները։ Այս պայքարը մշակութային էպոս է։ Մենք՝ ձախերս, պետք է ստեղծենք այնպիսի մտածելակերպ, որը տարբերվում է նախկինից։

Սա նշանակում է հրաժարվել կապիտալիզմի հետ մեր կապից։ Մենք սպառեցինք ստեղծագործ գաղափարների մեր պաշարը։ Մենք ուզում էինք անել նույնը, ինչ կապիտալիզմը, բայց ավելի մեծ հավասարությամբ։ Ի վերջը խոսքը նրա մասին է, թե ինչն ենք համարում լավ կյանք, որոնք են այն արժեքները, որոնց ձգտում ենք։ Դա նշանակում է սահմանների զգացում ունենալ։ Ամեն ինչ չափավորության մեջ, ինչպես ասում էին հույները։

Ձախերը պետք է այլ արժեքներին հավատարիմ լինեն, այդ պատճառով ես պնդում եմ, որ սա մշակույթի խնդիր է, նվիրվածության խնդիր եւ կյանքի որոշակի ոլորտների գնահատման խնդիր, որոնք կապիտալիզմը չի գնահատում։ Մեր հասարակություններում շատ է տխրությունը, չնայած հասարակությունները հարուստ են։ Մենք գերհագեցած մարդիկ ենք, որոնք խեղդվում են իրենց ստեղծած աղբի քանակից։ Մենք ապականում ենք ամեն ինչ, գնում ենք բաներ, որոնք մեզ պետք չեն, հետո ապրում ենք՝ հուսահատորեն հաշիվները փակելով։ Մենք պետք է կյանքի ա՛յլ ձեւ առաջարկենք։ Իմ կարծիքով՝ ձախերը պետք է ավելի հեղափոխական լինեն, քան երբեւէ։

Դա նշանակում է ապրել այնպես, ինչպես մտածում ես։ Հակառակ դեպքում ի վերջո կմտածենք այնպես, ինչպես ապրում ենք։ Պետք է պայքարենք ինքնակառավարվող հասարակության համար, սովորենք ինքներս լինել մեր տերը եւ ղեկավարել մեր ընդհանուր նախագծերը։ Սա պետք է քննարկեն նոր ձախերը։ Ես հավատում եմ, որ ձախեր միշտ կլինեն, բայց չեն լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էին։ Այն, ինչ կար, անցել է, անցյա՛լ է։ Ձախերը պետք է տարբերվեն, քանի որ ժամանակը փոխվում է։ Միակ մշտական բանը փոփոխությունն է։ 

Լուսանկարը` REUTERS


Ես կախարդական բանաձեւ չունեմ։ Ինձ թվում է, որ պետք է խրախուսել ստեղծագործականությունը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան հին ձախեր, որոնք հիմնականում ապրում են կարոտախտով եւ լավ չեն հասկանում, թե ինչու են անհաջողություն կրել եւ մեծ դժվարությամբ են նոր ուղիներ պատկերացնում։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը տարբեր փորձերի, բազում փորձարկումների եւ ստեղծագործականության։ 

Մշակույթը, որի մեջ մենք ներկառուցված ենք, գործում է միայն անհատական շահույթը բազմապատկելու նպատակով։ Եվ այդ մշակույթը շատ ավելի զորեղ է, քան բանակները, ռազմական ուժը եւ մնացած ամեն ինչ, քանի որ այդ մշակույթն է որոշում ամբողջ աշխարհում միլիոնավոր հասարակ մարդկանց հարաբերությունները։ Իսկ դա շատ ավելի հզոր է, քան ատոմային ռո՛ւմբը։ Այսպիսով, անօգուտ է փորձել համակարգ փոխել՝ առանց մշակույթի փոփոխության խնդրին բախվելու։ Մենք պետք է կառուցենք նոր համակարգ եւ, զուգահեռաբար, նոր մշակույթ, նոր բարոյականություն: Հակառակ դեպքում կկրկնվի այն, ինչ տեսանք Խորհրդային Միության դեպքում, երբ հեղափոխական շարժումը 360 աստիճանի շրջադարձ կատարեց եւ հայտնվեց նույն տեղում, բայց շատ ավելի վատ վիճակում։ Մենք պետք է դասեր քաղենք այդ պարտությունից, այնպես չէ՞։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին