TRIPP. ԱՄՆ-ը հրաժարվում է սկզբունքներից հանուն ազդեցության պատրանքի - Mediamax.am

Նոյեմբեր 11, 2025
218 դիտում

TRIPP. ԱՄՆ-ը հրաժարվում է սկզբունքներից հանուն ազդեցության պատրանքի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկյան Stars and Stripes պարբերականում հրապարակված The mirage of the TRIPP Corridor: Why Washington should not trade principles for illusions հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Դեն Քալմիկ հետխորհրդային տարածաշրջանի փորձագետ է, 2001-2008 թվականներին եղել է Յեյլի եւ Օքսֆորդի համալսարանների ավագ դասախոս:

Դեն Քալմիկ 

Վերջերս Stars and Stripes-ում հրապարակված հոդվածը, որը պաշտպանում է ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ այսպես կոչված TRIPP միջանցքի միջոցով, ավելի շատ նման է մտածված լոբբինգի, քան ռազմավարական վերլուծության։ Հոդվածի լավատեսության հետեւում ծանոթ օրակարգ է թաքնված՝ վերացնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւի բարոյական եւ իրավական հիմքերը՝ վերջին պատնեշը Հարավային Կովկասում ագրեսիան խրախուսելու դեմ:

Հեղինակը ներկայացնում է Ադրբեջանը որպես «հուսալի գործընկեր» եւ «պատվար» Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ: Այս պարզունակ պատումը կփլուզվի նույնիսկ ամենափոքր ուսումնասիրության արդյունքում: Բաքվի արտաքին քաղաքականությունը երբեք Արեւմուտքի հետ հետեւողական համագործակցության մասին չի եղել. ընդհակառակը, այն հարմարվողական հավասարակշռության դասագրքային օրինակ է: Ադրբեջանը համակարգում է ռազմական գործողությունները Թուրքիայի հետ, ազատ առեւտուր է անում Իրանի հետ եւ պահպանում է բարեկամական կապեր Ռուսաստանի հետ՝ օգնելով շրջանցել պատժամիջոցները նավթի արտահանման գործում: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը Չինաստանի հետ իր հարաբերությունները բարձրացրել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ թույլ տալով Պեկինին անմիջականորեն ազդել իր լոգիստիկայի եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա: ԱՄՆ դաշնակից չլինելով՝ Ադրբեջանը դարձել է Պեկինի արեւմտյան ընդլայնման հանգույց՝ հենց այն զարգացումը, որին Վաշինգտոնն ուզում է հակազդել։

Հոդվածի կենտրոնական փաստարկը, որ TRIPP նախաձեռնությունը «կուժեղացնի ԱՄՆ ազդեցությունը եւ կզսպի Չինաստանը», անտեսում է այս հակասությունը: Նույն ենթակառուցվածքը, որը ենթադրաբար կիրականացնի «ամերիկյան կապը», իրականում կտեղափոխի չինական կապիտալ, տեխնոլոգիաներ ու ապրանքներ: Այս պայմաններում 907-րդ բանաձեւի չեղարկումը նշանակում է ոչ թե ռազմավարություն, այլ ինքնազինաթափում: Այս քայլը կսուբսիդավորի այն վարչակարգը, որն արդեն ռազմավարական միջանցքներ է տրամադրել Պեկինին՝ շարունակելով անկայունացնել իր ժողովրդավարական հարեւան Հայաստանը։

Լուսանկարը` REUTERS


Երկրորդ մոլորությունը բարոյական է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության 2023 թվականի էթնիկ զտումը հեղինակը համարում է փոքրիկ անախորժություն, որն արժե մոռանալ: Շաբաթների ընթացքում տեղահանվեց ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, դարավոր մշակութային հուշարձաններն ու եկեղեցիները սպառնալիքի տակ են, իսկ մարդասիրական օգնությունը մնում է սահմանափակ: Անտեսել այս իրականությունը հանուն խողովակաշարերի եւ երկաթուղիների նշանակում է ազդանշան տալ աշխարհի ագրեսորներին, որ մարդու իրավունքներն ու ինքնիշխանությունը բանակցելի են, եթե աշխարհագրությունը օգտակար է: TRIPP-ի պատումը Վաշինգտոնի արժեքային դիվանագիտությունը վերածում է ապրանքի, որն աճուրդի է հանվել նավթի եւ տարանցման իրավունքների համար ամենաբարձր գին առաջարկողների համար:

Երրորդ. տնտեսական փաստարկը ապացույցներ չունի: Հեղինակը պատկերացնում է անխափան միջանցք Կենտրոնական Ասիայի հազվագյուտ հանքանյութերը Կասպից ծովով Եվրոպա տեղափոխելու համար, սակայն որեւէ տվյալ չի տրամադրում ներդրումների իրագործելիության, կարգավորման թափանցիկության կամ մատակարարման անվտանգության վերաբերյալ: Գործնականում Ադրբեջանը թափանցիկության ցածր վարկանիշ ունի, շահածախված է, իսկ խոշոր ենթակառուցվածքների առումով կախված է չինական ֆինանսավորումից:  

Ավելի հիմնարար է այն, որ հոդվածում տարածաշրջանը ներկայացված է որպես շախմատի տախտակ, որի վրա ԱՄՆ-ն պետք է ընտրի Ադրբեջանը՝ Ռուսաստանին եւ Իրանին հակազդելու համար: Այս սառըպատերազյան մտածելակերպը բարդ հասարակությունները վերածում է խաղաքարերի եւ անտեսում տեղական հետեւանքները: Հայաստանը՝ տարածաշրջանի միակ ժողովրդավարությունը եւ Միացյալ Նահանգների պատմական գործընկերը, դիտարկվում է որպես կողմնակի վնաս՝ հնացած դաշնակից, որը զոհաբերվում է ռեալիզմին: Սակայն իրական ռեալիզմ է ընդունել, որ կայուն ազդեցությունը չի կարող հենվել անձնիշխան գործընկերության վրա: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ գործարքային դաշնակիցները դառնում են ծանր բեռ, երբ վարչակարգը փոխվում է կամ շահերն այլեւս չեն համընկնում: Ադրբեջանում լրատվամիջոցների բռնաճնշումը, ժառանգաբար փոխանցվող իշխանությունը եւ ռազմական արկածախնդրությունը այն անկայուն խարիսխ են դարձնում ԱՄՆ ռազմավարության համար։

907-րդ բանաձեւը չեղարկելու կոչը մարմնավորում է այս կարճատեսությունը։ 1992 թվականին ընդունված օրենքը ԱՄՆ օգնությունը պայմանավորում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակումով եւ ուժի կիրառման դադարեցմամբ։ Այն էթնիկ լոբբինգի արդյունք չէր, այլ երկկուսակցական համաձայնություն, որ ամերիկյան օգնությունը չպետք է խրախուսի ագրեսիան։ Այդ պայմանները ոչ միայն պահպանվել են, այլեւ գագաթնակետին են հասել 2020 եւ 2023 թվականների հարձակումներով։ Բանաձեւի չեղարկումը կպարգեւատրի հենց այն վարքագիծը, որն այն պետք է կանխեր։ Արտոնություններն արդեն իսկ ճկունություն են ապահովում ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում համագործակցության համար. չեղարկումը պարզապես կնշանակի, որ հարկադրանքը որեւէ գործողություն չի պահանջում։

Վերջապես, հոդվածը բաց է թողնում մի մեծ ռազմավարական պարադոքս. շտապելով իր գիրկն առնել Ադրբեջանը, Վաշինգտոնը կարող է օտարացնել ինչպես ժողովրդավարական Հայաստանը, այնպես էլ իր ամերիկահայ ընտրազանգվածին՝ քաղաքականապես ակտիվ համայնքին, որը մշտապես աջակցել է պատասխանատվությանը եւ պատերազմական հանցագործությունների դեմ պատժամիջոցներին ուղղված երկկուսակցական քայլերին։ Ոչ մի կայուն տարածաշրջանային ռազմավարություն չի կարող հաջողել, եթե երկրի ներսում անտեսվի բարոյական հետեւողականությունը։ 

Լուսանկարը` REUTERS


TRIPP միջանցքը ոչ այնքան խաղաղության տեսլական է, որքան ազդեցություն ունենալու պատրանք։ Այն շփոթում է աշխարհագրությունը հավատարմության հետ, իսկ առեւտուրը՝ կայունության։ Իրական ամերիկյան կայուն քաղաքականությունը առաջնահերթություն կտար ներգրավվածությունը, հավասարակշռված տարածաշրջանային դիվանագիտությանը եւ 907-րդ բանաձեւի կիրառմանը։ Այն կհասկանար, որ զսպումը պահպանում է ազդեցությունը։

Վաշինգտոնը պետք է հիշի այն դասը, որը բոլոր կայսրությունները շատ ուշ են սերտում. երբ բարոյական լծակները փոխարինվում են նպատակահարմար դաշինքներով, երկուսն էլ կործանվում են։ ԱՄՆ-ն ոչինչ չունի շահելու՝ կապակցվածության պատրանքի տակ անձնիշխան արկածախնդրությունը ֆինանսավորելով։ Հարավային Կովկասում իրական կայունության ճանապարհը սկսվում է ոչ թե նոր միջանցքներից, այլ ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու քաջությունից։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին