Ներկայացնում ենք «Կոմերսանտ» թերթի Дональд Трамп разглядел богатства Центральной Азии հոդվածի հայերեն թարգմանությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը հյուրընկալեց Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի առաջնորդներին: Գագաթնաժողովի կենտրոնական թեման Վաշինգտոնի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ համագործակցությունն էր բնական պաշարների ոլորտում, որոնցով հարուստ է տարածաշրջանը: ԱՄՆ-ի մերձեցումը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ազդում է նաեւ Ռուսաստանի շահերի վրա, որը տարածաշրջանի պետությունների կարեւոր գործընկերն է: Այնուամենայնիվ, Կրեմլից վստահեցրին, որ Կենտրոնական Ասիայի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
Նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը զուգադիպել էր «C5+1» ձեւաչափի (Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ + ԱՄՆ) տասնամյա տարեդարձի հետ: Այս ձեւաչափով հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում արտգործնախարարների մակարդակով: 2023 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցավ բարձր մակարդակի առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում Ջո Բայդենը հանդիպեց Կենտրոնական Ասիայի պետությունների առաջնորդների հետ: Դոնալդ Թրամփը, սակայն, որոշեց այդ երկրների ղեկավարներին առաջին անգամ հյուրընկալել Սպիտակ տանը:
Հատկանշական է, որ ի նշան տարածաշրջանի հետ համագործակցությունը զգալիորեն ընդլայնելու, Կենտրոնական Ասիայի առաջնորդների Վաշինգտոն ժամանումից առաջ Կոնգրեսն առաջարկեց Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ համարելու օրինագիծը։ Այս ուղղումը, որը 1974 թվականին կիրառվել էր ԽՍՀՄ-ի դեմ եւ մինչ օրս ուժի մեջ է Կենտրոնական Ասիայի համար, սահմանափակում է ԱՄՆ-ի առեւտուրը այն երկրների հետ, որոնք խոչընդոտում են արտագաղթը եւ խախտում մարդու այլ իրավունքներ։
Լուսանկարը` REUTERS
Գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն վաղուց պետք է խորացներ համագործակցությունը Կենտրոնական Ասիայի հետ։ «Որոշակի անտեսում է եղել, այնպես չէ՞... Մենք հաճախ այնքան շատ ժամանակ ենք ծախսում ճգնաժամերի եւ խնդիրների վրա (այո՛, դրանք արժանի են ուշադրության), որ երբեմն բավարար ժամանակ չենք հատկացնում նոր գրավիչ հնարավորություններին։ Իսկ հենց հիմա կա գրավիչ նոր հնարավորություն, որտեղ մեր ազգային շահերը համընկնում են։ Մենք կարող ենք աշխատել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով», - ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։
Նմանատիպ հայտարարություններ հնչեցին հաջորդ օրը նաեւ Դոնալդ Թրամփի շուրթերից։ Սպիտակ տան ղեկավարը, ափսոսանքով նշելով, որ «նախկին ամերիկյան նախագահները լիովին անտեսել են այս տարածաշրջանը», Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ ասաց, որ ինքն էլ «հասկանում է այս տարածաշրջանի կարեւորությունը»։ Նա նույնիսկ չթաքցրեց, թե որն է այդ կարեւորությունը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ կարեւորագույն հանածոների արդյունահանումը ԱՄՆ օրակարգի հիմնական կետերից է, իսկ Կենտրոնական Ասիան այս առումով «չափազանց հարուստ» տարածաշրջան է։
Նրա հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Ղազախստանը ուրանի ամենախոշոր արտադրողներից է՝ ապահովելով համաշխարհային արտադրության 40%-ը։ Ուզբեկստանը աշխարհի ուրանի հինգ առաջատար արտադրողներից է, ինչպես նաեւ ոսկու պաշարներով 20 առաջատար երկրներից մեկը։ Թուրքմենստանը աշխարհի ամենամեծ գազ արտահանողներից է։ Ղրղզստանն ունի ավելի քան 25 տիպի օգտակար հանածոների հանքավայրեր, իսկ Տաջիկստանը՝ հազվագյուտ մետաղների, օրինակ՝ տանտալի, ցերիումի եւ պրազեոդիմիումի, զգալի պաշարներ։
Դոնալդ Թրամփի ուշադրությունը Կենտրոնական Ասիայի նկատմամբ հյուրերի սրտով էր։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, օրինակ, շնորհակալություն հայտնեց իր հյուրընկալողին, քանի որ «ոչ մի ամերիկյան նախագահ երբեք այսպես չի վերաբերվել Կենտրոնական Ասիային»։ Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պատասխան գովասանքներ հնչեցրեց.
«Ես խորապես համոզված եմ, որ Դուք հզոր առաջնորդ եք, պետական գործիչ։ Ձեր ղեկավարությամբ Ամերիկան մտել է նոր ոսկե դար»։
Լուսանկարը` REUTERS
Գագաթնաժողովը հարուստ էր ոչ միայն պերճախոս ելույթներով եւ փոխադարձ գովեստի խոսքերով, այլեւ մի շարք գործնական արդյունքներով։ Այսպես, Միրզիյոեւի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց «անհավանական» առեւտրատնտեսական համաձայնագրի մասին, ըստ որի Ուզբեկստանը երեք տարվա ընթացքում կներդնի մոտ 35 միլիարդ դոլար եւ հաջորդ տասը տարիների ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլար ԱՄՆ տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում՝ կարեւորագույն հանքանյութերի արդյունահանման, ավտոմոբիլային մասերի արտադրության եւ ավիացիայի ոլորտներում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ Դոնալդ Թրամփը համաձայնության եկավ կարեւոր հանքանյութերի ոլորտում համագործակցության շուրջ։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին բաժին հասավ ֆինանսական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը, իսկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ քննարկվեց առեւտրային, տնտեսական եւ ներդրումային կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հանքանյութերի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության ընդլայնումը: Վերջապես, Թուրքմենստանի առաջնորդ Սերդար Բերդիմուհամեդովը ԱՄՆ նախագահի հետ քննարկեց անվտանգության, տնտեսության, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը:
Գագաթնաժողովի արդյունքների թվում էին նաեւ Boeing-ի կողմից Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ավիաընկերություններին 37 ինքնաթիռ վաճառելու համաձայնագիրը, ինչպես նաեւ ամերիկյան Cove Capital ընկերության կողմից Ղազախստանում վոլֆրամի հանքավայրի մշակումը:
Ձեռնարկվեցին նաեւ մի քանի զուտ խորհրդանշական քայլեր. Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը խոստացավ միանալ «Աբրահամի համաձայնագրերին»՝ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատող փաստաթղթերին։
Լուսանկարը` REUTERS
Գագաթնաժողովում հյուրերը առաջարկեցին այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են ռոտացիոն սկզբունքով աշխատող մշտական քարտուղարության ստեղծումը, ներդրումային եւ առեւտրային խորհրդի հիմնումը, «Կենտրոնական Ասիայի ներդրումային գործընկերություն» հիմնադրամի եւ կարեւորագույն հանածոների ոլորտի համակարգման կոմիտեի ստեղծումը։ Այս բոլոր գաղափարները առաջ քաշեց Շավքաթ Միրզիյոեւը։
Կենտրոնական Ասիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումը անմիջականորեն ազդում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի շահերի վրա, քանի որ այդ երկրները մնում են Կենտրոնական Ասիայի երկրների ամենախոշոր տնտեսական գործընկերները։ 2024-ի արդյունքներով Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային 94,8 միլիարդ դոլարի, իսկ Ռուսաստանի հետ՝ գերազանցել 45 միլիարդ դոլարը։ Նույն թվականին ԱՄՆ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել էր 4,2 միլիարդ դոլար, սակայն սա ռեկորդային ցուցանիշ է 2019-ից ի վեր եւ գրեթե կրկնակի ավելի, քան հինգ տարի առաջ։
Մոսկվան, սակայն, հրապարակավ կտրուկ չի արձագանքել տարածաշրջանում իր ազդեցությունը ամրապնդելու ԱՄՆ-ի փորձերին։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները կապված են առաջադեմ ինտեգրացիոն գործընթացներով, այդ թվում՝ ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
«Մենք ունենք Ռուսաստան-Կենտրոնական Ասիա մեր սեփական ձեւաչափը։ Կա նաեւ Չինաստան-Կենտրոնական Ասիա, Ճապոնիա-Կենտրոնական Ասիա եւ ԵՄ-Կենտրոնական Ասիա ձեւաչափը։ Սա լայնորեն տարածված ձեւաչափ է, եւ միանգամայն բնական է, որ Կենտրոնական Ասիայի մեր ընկերներն ու գործընկերները քննարկում են իրենց հարաբերությունները արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով», - նշել է Կրեմլի խոսնակը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: