Արեւմտահայերենը, սփյուռքը եւ «տիկին Արեւի» առողջությունը - Mediamax.am

Հոկտեմբեր 28, 2025
184 դիտում

Արեւմտահայերենը, սփյուռքը եւ «տիկին Արեւի» առողջությունը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Հրաչ Չիլինգիրյանը
Հրաչ Չիլինգիրյանը

Ներկայացնում ենք Armenian Weekly պարբերականում հրապարակված Western Armenian: The condition of Mrs. Arev Mudian հոդվածի հայերեն թարգմանությունը: 

Հոդվածի հեղինակ դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը սոցիոլոգ եւ գրող է: 2024 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան հայոց թեմի ինստիտուցիոնալ նորարարությունների տնօրենի պաշտոնը: 2012-ից 2024 թվականներին դասավանդել եւ ակադեմիական պաշտոններ է զբաղեցրել Օքսֆորդի համալսարանում, 2002–2012 թվականներին՝ Քեմբրիջի համալսարանում:

Հրաչ Չիլինգիրյան

Արեւմտահայերենի պահպանման եւ կենսունակության հարցը ավելի հրատապ է դառնում: Սփյուռքահայ համայնքի մտահոգ առաջնորդները, մանկավարժները, ակտիվիստներն ու գիտնականները ակտիվորեն ուղիներ են փնտրում լուծելու լեզվի անկման խնդիրը: Երբ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը դասակարգեց որպես «վտանգված լեզու», դրա ապագան կարեւոր քննարկման թեմա դարձավ հայկական համայնքներում եւ լրատվամիջոցներում: Խնդիրն ավելի մեծ է, քան լեզվի կորուստը. Այն խորհրդանշում է ավելի մեծ պայքար, որի նպատակն է պահպանել մշակութային ինքնության հիմնական տարրը գլոբալիզացիայի, միգրացիայի եւ միաձուլման պայմաններում, որոնք շարունակում են ձեւավորել հայկական սփյուռքը: 

Խոսողների նվազող թվից բացի արեւմտահայերենի անկմանը նպաստում են մի շարք լրացուցիչ գործոններ: Հայերենի վարչական կիրառումը գնալով կրճատվում է՝ դառնալով խորհրդանշական գործառույթ, քանի որ ավելի ու ավելի շատ սփյուռքահայ կազմակերպություններ անցնում են երկրի հիմնական լեզվին կամ լավագույն դեպքում դառնում երկլեզու: Միեւնույն ժամանակ կրճատվում են արեւմտահայերեն թերթերն ու լրատվամիջոցները, որոնք երկար ժամանակ համարվում էին լեզվի կենսունակության հիմնասյուները: Սփյուռքի հայկական թերթերի ընթերցողների թիվը նվազել է, բովանդակություն ստեղծելու կազմակերպչական կառուցվածքները թուլացել են, թերթերը բախվում են լուրջ ֆինանսական սահմանափակումների: Այսօր սփյուռքում տպագրվում է ընդամենը մի քանի արեւմտահայերեն օրաթերթ եւ շաբաթաթերթ. մեծ մասը դարձել է միայն առցանց: 

Հրաչ Չիլինգիրյանը Հրաչ Չիլինգիրյանը


Արեւմտահայերենի ներկա վիճակը հասկանալու համար կարելի է պատկերացնել լեզուն որպես տիկին Արեւ Մուդյան (Արեւ Մուտեան)՝ ժամանակին պայծառ մի կին, որի զավակներն անվերջ վիճում են, թե ինչպես հոգ տանել նրա մասին։ Տիկին Արեւի համար մտահոգվում են մի քանի խմբեր։

1. Մաքրամոլները

Առաջին ճամբարում մաքրամոլներն են՝ արեւմտահայերենի ինքնահռչակ մարտիկները, զինվորներն ու լեզվական ոստիկանները՝ հիմնականում Մերձավոր Արեւելքի ծագում ունեցող մտավորականները։ Նրանք իրենց սրբազան առաքելությունն են համարում պահել-պաշտպանել լեզուն «մինչեւ արյան վերջին կաթիլը»։

Նրանց տեսանկյունից տիկին Արեւի վիճակը ծանր է։ Նա պառկած է վերակենդանացման բաժանմունքում, միացված է թթվածնի սարքին, կյանքը թելից է կախված։ Մաքրամոլները ողբում են սփյուռքի հաստատությունների եւ կազմակերպությունների անտարբերությունը, որոնք, իրենց կարծիքով, չեն կարողացել «փրկել» նրան։ Շատերը կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը գուցե տիկին Արեւի վերջին հույսն է։

Այնուամենայնիվ, չնայած իրենց անսասան նվիրվածությանը, մաքրամոլները քիչ կոնկրետ լուծումներ ունեն։ Դպրոցների եւ ուսուցիչների (փոխաբերական իմաստով «հիվանդանոցների» եւ «բուժքույրերի») ֆինանսավորումը սակավ է։ Նրանց պատասխանը հիմնականում պաշտպանողական է՝ արեւմտահայերենը պահպանել ճիշտ այնպես, ինչպես ժամանակին էր, ըստ իրենց ընկալման ու երեւակայության։ Նրանց համար միակ իսկական հայը նա է, ով կատարելապես ընդօրինակում է տիկին Արեւին այնպես, ինչպես անցյալում էր՝ անփոփոխ, չարդիականացված եւ չաղտոտված այսօրվա աշխարհի լեզվական ազդեցություններից։  

2. Մտավորականների շրջանակ

Հակառակ կողմում մտավորականների ազատ շրջանակն է՝ առաջադեմ, կոսմոպոլիտ, խորապես ծանոթ արեւմտահայ ավանդույթներին։ Նրանց մտածողությունն ու ուշադրությունը հաճախ պտտվում են սփյուռքի մի քանի ականավոր գրական եւ փիլիսոփա մտավորականների շուրջ։

Այս խումբը տիկին Արեւին այլ կերպ է տեսնում։ Նրանց կարծիքով նա չի մահանում, այլ ընդամենը նրբագեղորեն ծերանում է, իսկ հիվանդությունները պայմանավորված են ժամանակով եւ հանգամանքներով։ Նա հոսպիտալացման կարիք չունի. նրան անհրաժեշտ է քնքուշ, սիրող խնամք՝ իր մեծահասակ երեխաների հոգատարությունը, որոնք դեռեւս խոսում են նրա հետ տանը։

Լուսանկարը` REUTERS


Վերածննդի նրանց տեսլականը մշակութային է, ոչ թե բժշկական։ Նրանք արժեւորում են գրականությունը, մտորումներն ու փիլիսոփայական նորացումը։ Նրանց ազդեցությունը, այնուամենայնիվ, մնում է փակ շրջանակների ներսում, նրանք հազվադեպ են շփվում վերակենդանացման բաժանմունքի մաքրամոլների կամ այլ համապատասխան մասնագետների հետ։ Երկու ճամբարներն էլ շատ առումներով խրամատավորվել են եւ համոզված են, որ միայն իրենք գիտեն, թե ինչպես փրկել տիկին Արեւին։

3․ Նոր սերունդ 

Այս երկու ճամբարների միջեւ կանգնած է նոր սերունդ՝ 20-30 տարեկան երիտասարդ հայերը, որոնք արեւմտահայերենը կենդանի պահելու նոր եղանակներ են փորձարկում: Նրանք ո՛չ մաքրամոլներ են, ո՛չ էլ ավանդական մտավորականներ: Նրանց հավատարմությունը տիկին Արեւին անկեղծ է, բայց մեթոդները ստեղծագործական են, երբեմն՝ խաղային եւ ժամանակակից:

Այս սերունդը լեզվի նկատմամբ իր սերն արտահայտում է թվային մշակույթի միջոցով՝ փոդքասթեր, YouTube ալիքներ, մեմեր, առցանց ամսագրեր եւ սոցցանցեր: 

Նրանք թերեւս ինստիտուցիոնալ ուժ չունեն, բայց տեսանելի են, ունեն էներգիա եւ ներըմբռնողական զգացողություն, որ արեւմտահայերենը պետք է ապրի աշխարհում այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես նախկինում էր:

Լուսանկարը` REUTERS


Նրանք տիկին Արեւին համարում են իրենց տատիկը՝ գուցե թուլակազմ, բայց սիրելի: Նա կարիք ունի ավելի շատ ընկերակցության, քան պաշտպանության, ավելի շատ զրույցի, քան ողբի: Արդյո՞ք այս սերունդը կարող է տեւական ազդեցություն թողնել ինստիտուցիոնալ եւ կրթական քաղաքականության վրա, դեռեւս պարզ չէ, բայց առայժմ նրանց ներկայությունը նոր շունչ է հաղորդել լեզվի սագային: 

4. Ուսուցիչներ

Եվ կան ուսուցիչները՝ լեզվի ամենօրյա խնամակալները սփյուռքի հայկական դպրոցներում: Նրանք տարբեր են լինում. որոշները քերականության եւ ձեւի խիստ պահապաններ են, մյուսներն ավելի բաց են նորարարությունների նկատմամբ: Նրանք հաճախ տատանվում են մաքրամոլների պաշտպանական դիրքորոշման եւ մտավորականների մշակութային մոտեցման միջեւ՝ միաժամանակ փորձելով կապ հաստատել թվային սերնդի հետ:

Վերածննդի քաղաքականությունը

Սփյուռքի ավանդական հաստատությունների կողմից լուրջ ֆինանսավորման բացակայության ֆոնին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը արեւմտահայերենի նախաձեռնությունների նշանակալի ֆինանսավորողներից մեկն է։ Սա իր հերթին մեծապես ազդել է արեւմտահայերենի առջեւ ծառացած խնդիրները լուծման վրա։ 

Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությունը որոշակի նախագծերին՝ գրականության ծրագրերից մինչեւ թվային մեդիա եւ ուսուցիչների վերապատրաստում, օգնել է ձեւավորել արեւմտահայերենի քաղաքականության գործնական ուղղությունը։ Սակայն, ինչպես ցանկացած միջամտության դեպքում, ոչ բոլորն են համաձայն Գյուլբենկյան հիմնադրամի տեսլականի հետ։

Լուսանկարը` REUTERS


Աջակցություն համարվողը կարող է նաեւ խորացնել տարաձայնությունները. երբ լեզուն ճգնաժամ է ապրում, նույնիսկ բարի մտադրություններով օգնությունը կարող է անհամաձայնության աղբյուր դառնալ։

Պայքարն արեւմտահայերենի համար վերաբերում է ոչ միայն քերականությանը կամ բառապաշարին. այն ինքնության, պատկանելության եւ գոյատեւման մասին է։ Տիկին Արեւը գուցե եւ ծեր է, բայց մեռած չէ։ Վերակենդանացման բաժանմունքում բուժվելիս լինի, տնային խնամքի ներքո, թե որպես առցանց ընկեր՝ նա շարունակում է ապրել դասարաններում, գրականության մեջ եւ ավելի ու ավելի հաճախ՝ նոր սերնդի պիքսելներում եւ առցանց գրառումներում։ 

Նրա ապագան կախված է ոչ թե մեկ ճամբարի «հաղթանակից», այլ նրանից, որ բոլոր սերունդները՝ մարտիկները, մտածողները, երազողները, սովորեն կրկին խոսել եւ ստեղծագործել նրա միջոցով։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին