RAKOSAT. Էդմոնդ Մարգարյանի անհավատալի քայլարշավը Վանաձորից Դուբայ - Mediamax.am

Հոկտեմբեր 19, 2025
84 դիտում

RAKOSAT. Էդմոնդ Մարգարյանի անհավատալի քայլարշավը Վանաձորից Դուբայ


Լուսանկարը` Rakosat.com

Լուսանկարը` Rakosat.com

Լուսանկարը` Rakosat.com


Ներկայացնում ենք Gulf News պարբերականում հրապարակված From Armenia to Dubai on foot: One man chose a 4-month walk over a 3-hour flight and captured hearts online հոդվածի հայերեն թարգմանությունը:

Զայնաբ Հուսեյն

Բոլորս երազում ենք ինչ-որ արտասովոր բան անել. թողնել աշխատանքը ու աշխարհով մեկ ճանապարհորդել, բարձրանալ Կիլիմանջարոն կամ առանց վերջնական նպատակակետի ճամփորդության մեկնել: Բայց մարդկանց մեծ մասը վերադառնում է գրասեղանի մոտ ու թխկթխկացնում ստեղնաշարին, իսկ այդ երազանքները խամրում են: Էդմոնդ Մարգարյանը այդպես չարեց:

41-ամյա հայաստանցին 2024 թվականին տեղափոխվեց Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Որոշ ժամանակ անց որոշեց թողնել հարմարավետ կյանքը եւ ձեռնարկել մի ճանապարհորդություն, որը քչերը կհամարձակվեին նույնիսկ պատկերացնել. իր հայրենի Վանաձորից միայնակ քայլել մինչեւ Դուբայ:

Այդ ամբողջ արկածը նա փաստագրեց Instagram-ում (walkingwithkindness)՝ իր հետեւորդներին մանրամասնորեն ներկայացնելով իր յուրաքանչյուր քայլը՝ նախապատրաստությունից եւ մարզումից մինչեւ դժվարությունները, լավագույն ու անսպասելի պահերը։

Դա ո՛չ մեկանգմայա հնարք էր, ո՛չ էլ առցանց ճանաչում ձեռք բերելու փորձ: Նրա առաքելությունն ավելի խորն էր. նախագիծ, որն անվանեց «Կամայական բարություն՝ քայլ առ քայլ» (Random Act of Kindness, One Step at a Time/RAKOSAT)։

Լուսանկարը` Rakosat.com


Մարգարյանը սկզբում աշխատում էր որպես անձնական մարզիչ, հետո տեղափոխվեց թվային մարքեթինգի ոլորտ։ Դուբայը նրան հաջողություն եւ կայունություն էր առաջարկում, բայց նա զգաց, որ առօրյան իրեն թակարդել է։

«Դուբայը լի է էներգիայով եւ հնարավորություններով, - ասում է նա։ - Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ խրվել եմ առօրյայի մեջ։ Ուզում էի ինչ-որ իրական բան՝ փորձառություն, որն ինձ կհաներ հարմարավետության գոտուց»։

Ամռանը մոր հետ Հայաստանում ժամանակ անցկացնելիս նա կրկին անհանգստություն զգաց։ Մի քանի ամսից ինքնաթիռով վերադառնալու էր Դուբայ, ինչպես բոլորը։ Բայց նրա գլխում միտք ծագեց.

«Ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ կլինի, եթե քայլեմ»։ 

Թռիչքը կտեւեր ընդամենը երեք ժամ։ Փոխարենը նա ընտրեց չորսամսյա ոդիսականը։

«Իմ ապրածը՝ փոփոխվող բնապատկերները, մարդիկ եւ նրանց հյուրընկալությունը, վերելքներն ու անկումները եւ մտավոր ճանապարհորդությունը հնարավոր չէին լինի, եթե չորոշեի ոտքով ճամփորդել»։

Մարգարյանին ոգեշնչել էր շվեյցարացի Սառա Մարկիսը, որը 2010-2013 թվականներին ոտքով անցել էր 20,000 կիլոմետր՝ Սիբիրից մինչեւ Ավստրալիա։

«Ճանապարհորդությունը դարձել է սպառողական ապրանք՝ ինքնալուսանկարների համար հետին պլան, - ասում է նա։ - Բայց երբ դանդաղ ես շարժվում, իսկապես տեսնում ես ամեն ինչ։ Նկատում ես լեռների ձեւը, քամու ձայնը, մարդկանց ապրելակերպը։ Կանգ ես առնում, ժպտում, միասին հաց եք ուտում։ Ահա թե ինչպիսին պետք է լինի իրական ճանապարհորդությունը»։

Նա սկսեց մարզվել՝ դիտելով YouTube-ի տեսանյութերը երկար տարածությունների արշավների մասին, կոշիկներ փորձարկել եւ ուսումնասիրել հանդերձանքը։ Բայց հասկացավ, որ լավագույն ուսուցիչը փորձն է։

«Սկզբում չափից շատ իրեր էի վերցրել, - ծիծաղում է նա։ - Համացանցում բոլորն ասում են՝ սա է պետք կամ նա է պետք։ Մեկ շաբաթ անց ազատվեցի երեք կիլոգրամ իրերից, որոնք երբեք չէի օգտագործել»։

Հայաստանից դեպի ԱՄԷ ամենաուղիղ ցամաքային ճանապարհն Իրանով է՝ անծայրածիր անապատների, հնագույն ավերակների եւ ջերմ հյուրընկալության երկիր։ Սակայն դա հեշտ չէր։

«Սկզբում ամեն տեղ բշտիկներ ունեի։ Եղանակը դաժան էր։ Երբեմն կորցնում էի ճանապարհը կամ ստիպված էի օրերով հանգստանալ, որ վերականգնվեմ, - պատմում է նա։ - Բայց շարունակում էի քայլել՝ օրական 25, 30, 35 կիլոմետր, եւ միշտ ինքս ինձ ասում էի, որ չեմ հանձնվի»։

Զինված Google Maps-ով, ֆիթնես ժամացույցով եւ Strava հավելվածով, նա ամեն օր պլանավորում էր իր երթուղին՝ ճամբարելով բենզալցակայանների, լճերի եւ անտառների մոտ։

«Կարող ես ծրագրեր կազմել, բայց կյանքը միշտ կզարմացնի քեզ։ Ես սովորեցի հարմարվել՝ այս ճամփորդության ընթացքում ձեռք բերած ամենամեծ հմտություններից մեկն է»։

Ճանապարհորդության ընթացքում նա անցավ Լոռու փարթամ կանաչ բլուրներով, ուսումնասիրեց Հայաստանի հին վանքերը, եկեղեցիները. պատմական կանգառներ, որոնք ժամանակին հաճախ այցելում էին Մետաքսի ճանապարհի ճամփորդները, եւ Իրանի հնագիտական ավերակները։ 

Լուսանկարը` Rakosat.com


«Անցա Իրանի խոշոր քաղաքներով՝ Սպահանից մինչեւ Զանջան։ Թավրիզը ուշագրավ էր, բայց իմ սիրելին Շիրազն է՝ քաղաք, որը հայտնի էր իր բանաստեղծներով, այգիներով եւ ապշեցուցիչ Նասիր ալ-Մուլք մզկիթով, որը հայտնի է նաեւ որպես Վարդագույն մզկիթ։ Սիրեցի նաեւ Սպահանը՝ իր կենսուրախ հայկական համայնքով։ Քայլեցի մինչեւ Կյուրոս Մեծի դամբարանը եւ այդ պահին հասկացա, որ իմ հայրենի քաղաքից գրեթե 2000 կիլոմետր հեռու եմ», - հիշում է նա։

Տեսարժան վայրերը անմոռանալի էին, բայց ամենամեծ տպավորությունը թողեցին մարդիկ եւ օգնելու առաքելությունը. անծանոթները, որոնք թարմ հաց էին առաջարկում, ուղեկցում եւ հոգ էին տանում նրա մասին ճանապարհին։



Մարդիկ նրան զգուշացնում էին արջերի, օձերի եւ ավելի վատ բաների մասին։ Նա զենք չուներ, փոխարենը հույսը դնում էր իր «ամենաուժեղ գործիքի»՝ ժպիտի վրա։

«Ինչ տալիս ես, այն էլ ստանում ես, - ասում է նա։ - Եթե բարություն ես ճառագայթում, մարդիկ բարությամբ են պատասխանում։ Ես ասում էի, որ իմ ժպիտը իմ ամենավտանգավոր զենքն է»։

Էդմոնդին կանգնեցրել էր ոստիկանությունը, հարցաքննել անցակետերում եւ բախվել լեզվական խոչընդոտի։ Լավ է, որ իր հետ պարսկերենով գրություն էր վերցրել, որտեղ բացատրված էր, թե ով է եւ ինչ է անում։

«Սկզբում կարծեցին՝ կատակում եմ։ «Քայլո՞ւմ եք։ Նկատի ունեք՝ մեքենայո՞վ։ Հեծանիվո՞վ»։ Իսկ երբ հասկացան, որ լուրջ եմ ասում, ամեն ինչ փոխվեց։ Ժպտացին, ջուր տվեցին եւ հաջողություն մաղթեցին»։

40 աստիճան շոգի պայմաններում քայլելն անհետեւանք չմնաց։ Ոտքերը բշտիկներով պատվեցին եւ այտուցվեցին։ Ջրազրկվելու դեմ պայքարելու համար տեղացիները նրան խոտաբույսերով օշարակներ էին առաջարկում, իսկ Իրանում մի հյուրատան տեր նրա ոտքերը մշակեց ավանդական խնայի միջոցով։

Սակայն ամենադժվար ճակատամարտը, նրա խոսքերով, ֆիզիկական չէր։

«Ամենադժվարն իմ գլխում էր. ձայները, որոնք հարցնում էին. «Ինչո՞ւ ես սա անում։ Միշտ կարող ես տուն վերադառնալ»։ Ստիպված էի ամեն քայլափոխի լռեցնել նրանց»։

Էդմոնդի ճանապարհորդությունը նաեւ դրամահավաք էր իր RAKOSAT նախաձեռնության համար, որը քարոզում է ամենօրյա կյանքում կարեկցանք դրսեւորել: Նա մնացել էր հյուրատներում, եկեղեցիներում ու մզկիթներում եւ ճանապարհին օգնել փոքր, բայց իմաստալից ձեւերով։

«Պարտադիր չէ, որ բարությունը մեծ լինի, - ասում է նա: - Դա անծանոթի հետ թեյ խմելն է, երեխաների համար խաղալիք գնելը կամ պարզապես մեկի պատմությունը լսելը: Բարությունը վերադարձնելու կարողությունն այն է, ինչ ես ամենից շատ եմ գնահատում»։



Նա ասում է, որ իր հանդիպած մարդիկ՝ գյուղացիներ, բեռնատարի վարորդներ, չքավոր ընտանիքներ, հիմնովին փոխել են իրեն։

«Հանդիպել եմ ընտանիքների, որոնք գրեթե ոչինչ չունեին, բայց ջանք չեն խնայել, որ ինձ տան այն ամենը, ինչ կարող էին: Հանդիպել եմ անծանոթների, որոնք առանց վարանելու օգնում էին ինձ, երբ դրա կարիքն ունեի: Մարդկայնության լավագույն դրսեւորումները տեսա։ Բոլոր այդ պահերն անմոռանալի են եւ ընդմիշտ կմնան սրտումս», - ասում է նա։

Երբ վերջապես նստեց Բանդար Աբասից Շարժա տանող լաստանավը, նրա առջեւ բացվող տեսարանը լեռներից վերածվեց երկնաքերերի։

«Թվաց՝ քայլում եմ դեպի ապագա», - հիշում է Էդմոնդը։

Վերջին հատվածը՝ Շարժայից մինչեւ Դուբայ 22 կիլոմետրը, անցնում էր ծանոթ փողոցներով, որոնք այժմ բոլորովին այլ էին թվում։ Նախքան Դուբայ մտնելը նա կանգ էր առել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին հայ համայնքի անդամները։

«Երբ տեսա Բուրջ Խալիֆան, հասկացա, որ յուրաքանչյուր բշտիկ, յուրաքանչյուր անքուն գիշեր արժեր դրան։ Կարեւորը Դուբայ հասնելը չէր, այլ գիտակցելը, թե ինչի եմ ընդունակ»։

Էդմոնդ արդեն ծրագրում է իր հաջորդ ճանապարհորդությունը՝ հեծանվային արշավ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքից մինչեւ Ռուսաստանի Մագադանը, որը կանցնի աշխարհի ամենաերկար չընդհատվող ցամաքային երթուղով։

«Ո՛չ մի նավ, ո՛չ մի կարճուղի. ընդամենը մեկ արահետ, որը կապում է մայրցամաքները», - ժպտալով ասում է նա։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին