«Ռուսաստանն ավելի շատ Ադրբեջանի կարիքն ունի, քան հակառակը» - Mediamax.am

Հոկտեմբեր 17, 2025
152 դիտում

«Ռուսաստանն ավելի շատ Ադրբեջանի կարիքն ունի, քան հակառակը»


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Լրագրող եւ վերլուծաբան Արկադի Դուբնովը «Նովայա գազետա Ղազախստան»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի «հաշտեցումը»։ 

Ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը (կրճատումներով)։

 - Կարծես, առաջին անգամ ենք տեսնու, որ Պուտինը ներողություն խնդրի՝ անգամ եթե հաշվի առնենք, որ դա դասական իմաստով ներողություն չէր։ Ի՞նչը դրդեց նրան գնալ այդ քայլին:

- Կարծում եմ, որ նա այլեւս «նահանջելու տեղ չուներ»։ Ենթադրում եմ, որ ադրբեջանական սփյուռքը, որը պատմականորեն շատ ուժեղ տնտեսական դիրքիր ունի Ռուսաստանում, կարող էր որոշակի ազդեցություն գործել Ալիեւի վրա։

- Ալիեւ՞ի վրա։

- Այո՛։ Որպեսզի նա ավելի ներողամիտ լիներ Պուտինի առաջարկվելիք ներողության ձեւակերպման հարցում։ Դա որեւէ կերպով նախապես համաձայնեցվում է։ Ալիեւը Դուշանբեի հանդիպմանը չէր համաձայնի, եթե նախապես չիմանար, որ Պուտինը պատրաստ է որոշակի հաշտեցնող ուղերձներ հղել։ Պուտինն էր գիտեր, թե իր որ խոսքերը ընդունելի կլինեն Ալիեւի համար։ Դա համաձայնեցման տարածված պրակտիկա է։

- Ինչո՞ւ նույնը չարվեց 10 ամիս առաջ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

- 10 ամիս առաջ ռուսները դեռ չէին սովորել գործել մի իրավիճակում, երբ ստիպված են ներողություն խնդրել իրենց «վասալներից»։

- Գուցե հենց դա՞ է ամենակարեւորը։ Ռուսաստանը սկսում է գիտակցել, որ իր շուրջը միայն վասալներ չեն։

- Հնարավոր է՝ այո, գուցե նա սկսում է դա հասկանալ։ Բայց «վասալները» տարբեր են լինում։ Օրինակ՝ Ղրղըզստանը դժվար կարողանա Պուտինին դնել այնպիսի իրավիճակում, որ նա ներողություն խնդրի։ Ռուսաստանը Ղրղզըստանից ոչ տնտեսական, ոչ էլ աշխարհաքաղաքական իմաստով կախում չունի։ Իսկ Ադրբեջանը տարածաշրջանային տերություն է, որը Թուրքիայի հետ դաշինք կազմելով, լուրջ ռազմաքաղաքական բեւեռ է Եվրասիայում։

Լուսանկարը` Kremlin.ru


Բացի այդ, Բաքուն նաեւ միջազգային բանակցային հարթակ է դարձել: Օրինակ՝ վերջերս այնտեղ տեղի էր ունեցել իսրայելցիների եւ սիրիացիների հանդիպումը։ Ավելին, Բաքուն Իսրայելի դարպասն է դեպի իսլամական աշխարհ. այն ոչ օրթոդոքսալ մուսուլմանական երկիր է, որն Իսրայելի հետ սերտ ռազմական հարաբերություններ ունի։

Այս իրավիճակում Ռուսաստանը ստիպված է նման գործընկերոջը գրեթե որպես հավասարի ընդունել։ 

-Ինչո՞ւ Պուտինը որոշեց հիմա ներողություն խնդրել։

- Այսօր Բաքուն նոր միավորման գլխավոր դերակատարներից մեկն է, որը հիմա նոր «մկաններ» է ձեռք բերում: Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր անդամներից է: Եվ նրանք լրջորեն «իրենց վրա են քաշում վերմակը»՝ ցուցադրելով իրենց ազդեցությունը: Հատկապես Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Կազմակերպության վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցավ Գաբալայում, եւ ամենակարեւոր պահը Իլհամ Ալիեւի առաջարկն էր՝ հաջորդ տարի Ադրբեջանում Թյուրքական պետությունների կազմակերպության համատեղ զորավարժություններ անցկացնել:

Իսկ Ռուսաստանը բոլորին պարտադրում է իրեն որպես անվտանգության երաշխավոր ընկալել՝ հիմք ընդունելով իր զինված ուժերը, միջուկային հրթիռային վահանը եւ այլն։ Եվ հանկարծ ԱՊՀ երկրներից մի քանիսն ասում են, որ դրա կարիքը չունեն: Ավելին՝ սկսում են կազմակերպվել էթնիկական հողի վրա։ Ինչպե՞ս  այս ամենը հաշվի չառնել։ Երեւի, եկել է պահը հարգանքի տուրք մատուցել Բաքվին եւ ճանաչել նրա ուժը։

Բացի դրանից, Ռուսաստանն այսօր Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Ադրբեջանը՝ Ռուսաստանի կարիքը։ Ադրբեջանը խոշոր նավթագազային հանգույց է։ Իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարող բացահայտ վաճառել իր գազը Եվրոպային, փորձեր կան նաեւ նավթը վաճառել Ադրբեջանի միջոցով։

Լուսանկարը` Kremlin.ru


Ադրբեջանն այժմ կենտրոնական դիրք է զբաղեցնում ենթակառուցվածքային նախագծերում։ Ուկրաինական անօդաչուների կողմից Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (ԿԽԿ) նավթամուղի վրա հարվածներից հետո, որով Ղազախստանը իր նավթի մինչեւ 80%-ը տեղափոխում էր Եվրոպա, ղազախները նույնպես իրենց ուշադրությունը սեւեռեցին Ադրբեջանի վրա։ Այլ կերպ ասած, առանց Բաքվի այժմ հնարավոր չէ։ Ալիեւը դա լավ գիտակցում է եւ բավականին հմտորեն օգուտներ է քաղում։ 

-Բայց Ձեր ասածը արդիական էր նաեւ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք չէ փչացնել։ Ինչո՞ւ էր պետք իրավիճակն ավելի սրել՝ հարվածելով Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսին։

-Կարող եմ ենթադրել, որ խնդիրը հոգեբանության ոլորտից էր։ Ինքնաթիռի վթարից հետո Ալիեւը շատ կտրուկ սկսեց արտահայտվել Կրեմլի հասցեին։ Նման բան ոչ ոք մինչ այդ թույլ չէր տվել։ Քիչ էր մնում նա անձամբ Պուտինին մեղադրեր ակնհայտը չընդունելու, ճշմարտությունից վախենալու եւ այլնի մեջ։ «Մտերիմներից» ոչ ոք երբեք նման տոնայնությամբ Մոսկվայի հետ չէր խոսել։

Ընդ որում, դեռ այն ժամանակ՝ ինքնաթիռի վթարից հետո, Ալիեւը Պուտինին հուշում էր. հասկանում ենք, որ դա միտումնավոր հարված չէր, պարզապես ընդունեք դա։ Բայց ոչ, Մոսկվան չէր ուզում այդպես պատասխանել։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին