Ներկայացնում ենք ամերիկյան Հադսոնի հետազոտական կենտրոնի կայքում հրապարակված Next Steps for Armenia-Azerbaijan Peace հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Լյուք Քոֆին Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատողն է, 2015-2022 թվականներին եղել է Heritage Foundation-ի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն:
Լյուք Քոֆին հանդիսացել է նաեւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի հատուկ ավագ խորհրդական՝ դառնալով առաջին օտարերկրյա քաղաքացին, որը նշանակվել էր նման պաշտոնում վարչապետի կողմից: Քոֆին, մասնավորապես, մասնակցել է բրիտանական պաշտպանական քաղաքականության ձեւավորմանը տրանսատլանտյան անվտանգության, ՆԱՏՕ-ին, Մերձավոր Արեւելքին եւ Աֆղանստանին վերաբերող հարցերում:
Լյուք Քոֆի
Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսին պատմություն կերտվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կազմակերպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Ի հեճուկս բոլոր դժվարություններին եւ ավելի քան երեք տասնամյակ տեւած ձախողված միջազգային դիվանագիտությունից հետո կովկասյան երկու առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով կնքել վերջնական խաղաղության պայմանագիր, որը կկարգավորի երկրների միջեւ հարաբերությունները: Արտգործնախարարները նախաստորագրեցին նաեւ այդ պայմանագրի նախագծի տարբերակը, որը երկրները նախատեսում են ամբողջությամբ վավերացնել առաջիկա 12 ամիսների ընթացքում:
Դիվանագետները հասան այս առաջընթացին ոչ թե Մոսկվայում, Փարիզում կամ Բրյուսելում, այլ Վաշինգտոնում: Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը եղել է տարածաշրջանային մրցակցության, չլուծված պատերազմների եւ բաց թողնված դիվանագիտական հնարավորությունների կիզակետ: ԱՄՆ-ի նոր միջամտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական խաղաղությունը վերջապես կարող է իրականություն դառնալ։
Տրամաբանական է ենթադրել, որ նախագահ Թրամփի՝ գործարքներ կնքելու բնազդը, ինչպես նաեւ պատմության մեջ որպես միջազգային խաղաղարար եւ պետական գործիչ մնալու ցանկությունը, նրան վճռականություն հաղորդեց առաջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: Այս համաձայնագիրը նրան հնարավորություն տվեց նաեւ լուծելու իր առաջին նախագահության հետ կապված մի խնդիր։ Չնայած Թրամփը հաճախ պնդում է, որ իր օրոք նոր պատերազմներ չեն սկսվել, 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմը բռնկվեց նրա նախագահության վերջին տարում։ Նրա վարչակազմը որեւէ ջանք չգործադրեց այն ավարտելու համար՝ ստեղծելով վակուում, որը Մոսկվան լրացրեց՝ միջնորդելով հրադադարի համաձայնագիրը (որն ի վերջո չկարողացավ իրականացնել)։

Լուսանկարը` REUTERS
Սակայն նախագահ Թրամփը տեսնում է հնարավորությունը, երբ այն ի հայտ է գալիս։ Շատ առումներով նա բաց դուռ էր թակում. եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հասկանում են կարգավորման եւ խաղաղության կարեւորությունը։ Երկուսն էլ հոգնել են Մոսկվայի անհաջող միջնորդական ջանքերից եւ նրա տարածաշրջանային ազդեցության նվազումից։
Սակայն Սպիտակ տունը սխալված կլինի՝ ենթադրելով, որ եթե վերնագրերը հրապարակվել են, տեսախցիկները դադարել են նկարահանել, եւ ստորագրման արարողությունն ավարտվել է, ուրեմն աշխատանքն ավարտված է։ Հորիզոնում դեռեւս երեք մեծ մարտահրավեր կա։
Հարցեր կան վարչապետ Փաշինյանի քաղաքական կայունության վերաբերյալ, որը կարող է խաթարվել հատկապես հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, քանի որ Հայաստանի ներսում ծայրահեղ ազգայնականները եւ Մոսկվայից աջակցություն ստացող խմբերը մարտահրավեր են նետում նրա հեղինակությանը եւ խաղաղության գործընթացի օրինականությանը։
Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն, որ Ռուսաստանն ու Իրանը փորձելու են վարկաբեկել խաղաղության գործընթացը՝ ապատեղեկատվական արշավներ սկսելով:
Անպատասխան են մնում բազում հարցեր, թե ինչպես են ֆինանսավորվելու խաղաղության համաձայնագրում նախատեսված տարածաշրջանային տրանսպորտային կապերը, այդ թվում՝ Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին (TRIPP):
Առանց այս խնդիրների լուծման նախագահ Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության նախաձեռնության նկատմամբ։ Միայն նրա անմիջական վերահսկողությունը կարող է ապահովել դրա հաջողությունը։
Սկսվում է ծանր աշխատանքը
Ծանր աշխատանքը սկսվում է հենց հիմա։ Երկու կողմերն էլ պարտավորվել են վավերացնել խաղաղության պայմանագիրը հաջորդ տարվա ընթացքում։ Մինչ վավերացումը պետք է լուծվեն երկու հիմնական հարցեր՝ (1) Հայաստանի սահմանադրության կարեւորագույն փոփոխությունները եւ (2) տեսանելի եւ իրական առաջընթացը TRIPP-ի ստեղծման եւ իրականացման գործում։
Հայաստանի սահմանադրական կարգի հիմքում պաշտոնական հիմնադիր ակտն է, որտեղ պահանջ կա Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։ Բաքվի համար սա իմաստաբանական հարց չէ, այլ խաղաղության կառուցվածքային խոչընդոտ։ Ինչպես վերջերս հայտարարել է նախագահ Ալիեւը՝ «Հենց որ սահմանադրության այս փոփոխությունը կատարվի եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, պաշտոնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի»։ Քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը ներառում է ադրբեջանական հողերի հետ միավորման վերաբերյալ ձեւակերպում, Ադրբեջանը կասկածի տակ կդնի Հայաստանի անկեղծությունը իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում։ Սահմանադրությունից այդ հղումները հեռացնելու համար փոփոխություն կատարելը ոչ միայն կփարատի Ադրբեջանի մտահոգությունները, այլեւ կապացուցի Հայաստանի լրջությունը տարածքային վեճի կարգավորման եւ լուծման հարցում։
Մեկ այլ կարեւոր հարց է առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացման, մասնավորապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործում։ Ըստ Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ին կնքված հրադադարի համաձայնագրի, որը վերջ դրեց 44-օրյա Երկրորդ ղարաբաղյան պատերազմին, Հայաստանը սկզբունքորեն համաձայնել էր դրան։ Սակայն գրեթե հինգ տարի անց այն չի իրականացվել, ինչը հասկանալիորեն հիասթափեցնում է Ադրբեջանին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այս փակուղին լուծելու համար Սպիտակ տունն առաջարկեց նորարարական գաղափար՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» կամ TRIPP, որը ԱՄՆ-ի գլխավորած նախաձեռնություն է՝ նպաստելու Հայաստանի միջով անվտանգ տարանցիկ միջանցքի բացմանը, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ՝ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը իր տարածքի հանդեպ։ ԱՄՆ-ի կողմից աջակցվող մասնավոր ընկերությունը կկառավարի միջանցքի լոգիստիկ ապահովումն ու անվտանգությունը՝ համակարգելով այն Հայաստանի իշխանությունների հետ։ Շինարարությունը նախատեսվում է սկսել մինչեւ տարեվերջ, իսկ երթուղին ծրագրված է գործարկել մինչեւ նախագահ Թրամփի պաշտոնաթող լինելը։
Լոգիստիկ մարտահրավերները լուրջ են։ Հայաստանի Սյունիքի մարզի այն հատվածը, որը բաժանում է Ադրբեջանը Նախիջեւանից, ընդամենը 26 մղոն լայնություն ունի, սակայն հակամարտության պատճառով երկու երկրները միացնող ճանապարհային եւ երկաթուղային ենթակառուցվածքները տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում են գտնվել: Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապում էր ինչպես մայրուղին, այնպես էլ երկաթուղին: Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու հին երկաթուղային գծի Նախիջեւան-Մեղրի-Բաքու հատվածը սպասարկում էր ինչպես բեռնատար, այնպես էլ ուղեւորատար գնացքներ: Հետաքրքիր է, որ չնայած գիծն անցնում էր այն տարածքով, որն այսօր հայկական է՝ Սյունիքի մարզով (խորհրդային տարիներին՝ Մեղրիի շրջան), այն կառավարում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի երկաթուղային ծառայությունը, ոչ թե Հայկական ԽՍՀ-ի:
1991 թվականին Առաջին ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո բոլոր ուղիղ տրանսպորտային կապերը կտրվեցին, եւ ադրբեջանական Հորադիզից հարավ գտնվող երկաթուղին լքվեց՝ անցնելով հայկական վերահսկողության տակ: Այս ճանապարհի երկայնքով երկաթուղու եւ ենթակառուցվածքների մեծ մասը այդ ժամանակվանից ի վեր անմխիթար վիճակում է:
International Alert կազմակերպության 2014 թվականի զեկույցի համաձայն, Հորադիզից Սյունիքի մարզով դեպի Նախիջեւան տանող երկաթուղու հատվածը դասվում է 4-րդ կարգին, ինչը նշանակում է, որ գիծն ամբողջությամբ քանդված է եւ պետք է լիովին վերականգնվի։
Իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց հետո Ադրբեջանը վերանորոգում է Հորադիզ-Աղբանդ երկաթգիծը, որը կապահովի TRIPP-ի կապը Ադրբեջանի մնացած մասի հետ։ Շինարարությունը սկսվել է 2021 թվականին եւ պետք է ավարտվի 2025թ. վերջին։ Գլխավոր առանցքը ձգվում է մոտ 69 մղոն եւ ունի երեք թունել, 41 կամուրջ եւ յոթ ուղանց։ Այն կկապի Հորադիզը Աղբանդի հետ, որը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին է։ Այս կետից սկսած՝ TRIPP-ը կկառուցվի Նախիջեւանի հետ կապվելու համար։
Ճանապարհային ցանցը ավելի բարվոք վիճակում է։ Գլխավոր երթուղին կոչվում է E-002՝ եվրոպական B դասի ճանապարհ։ Հարավային Կովկասի մեծ մասում B դասի ճանապարհները թերզարգացած են, եւ այս հատվածը բացառություն չէ։ Հաշվի առնելով, որ E-002-ը տասնամյակներ շարունակ չի օգտագործվել իր սկզբնական նպատակի՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու համար, մաշվածությունը զգալի է։ Որոշ հատվածներ չսալարկված խճաքար են, կամուրջների մեծ մասը, հավանաբար, հարկավոր կլինի լուրջ վերանորոգել կամ փոխարինել։
TRIPP նախաձեռնության նպատակն է հաղթահարել այս խոչընդոտները՝ մոբիլիզացնելով ԱՄՆ քաղաքական կամքը, միջազգային ներդրումները եւ տեղական համագործակցությունը։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի ամենազգայուն աշխարհաքաղաքական տարածքներից մեկում անտեսված տրանսպորտային միջանցքը գործող միջազգային երթուղու վերածելու խնդիրը ո՛չ հեշտ կլինի, ո՛չ էլ պարզ։
Խաղաղության համաձայնագիր. տարածաշրջանային հետեւանքներ
Տարածաշրջանում եւ դրանից դուրս գտնվող տարբեր երկրներ տարբեր կերպ կդիտարկեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը: Սակայն երբ այն վավերացվի եւ իրականացվեն այնպիսի դրույթներ, ինչպիսին է TRIPP-ը, կասկած չկա, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը կփոխվի: Նման փոփոխությունները տեղի չեն ունենա վակուումում. դրանք կունենան երկրորդական եւ երրորդական հետեւանքներ տարածաշրջանում եւ դրանից դուրս:
Ռուսաստան
Մոսկվային սպասում է ազդեցության նվազում եւ աճող անապահովություն: Ռուսաստանը անհանգստությամբ է վերաբերվում խաղաղության համաձայնագրին: Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում 2022-ից ի վեր անընդհատ նվազում է, հիմնականում Ուկրաինայի պատերազմի պատճառով: Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները լարված են: Հայերից շատերը կարծում են, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոսկվան չպահպանեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում իր պարտավորությունները, ինչի պատճառով նրանք Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր: Մինչդեռ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել են 2024-ի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի խոցումից հետո, որի հետեւանքով զոհվեցին տասնյակ քաղաքացիական անձինք (արարք, որը Մոսկվան երբեք պաշտոնապես չճանաչեց):
ԱՄՆ-ն այժմ գլխավորում է խաղաղության գործընթացը այն տարածաշրջանում, որտեղ մի ժամանակ գերիշխում էր Ռուսաստանը, ուստի Մոսկվան, հավանաբար, ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վրաստանին: Անսպասելի սցենար կլիներ նաեւ Ռուսաստանի միջամտությունը հայկական քաղաքականությանը՝ Մոսկվայի շահերին ավելի համահունչ առաջնորդ նշանակելու համար։
Իրան
Թեհրանը ամենամեծ աշխարհաքաղաքական պարտվողն է: Թեեւ Իրանն ու Ադրբեջանը հրապարակավ ջերմ հարաբերություններ են պահպանում, իրականում հարաբերությունները լարված են եւ երբեմն բախումնային։ Ադրբեջանին մտահոգում է, թե ինչպես է Թեհրանը վերաբերվում Հյուսիսային Իրանի էթնիկ ադրբեջանցիներին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ժամանակ Իրանի կողմից տասնամյակներ շարունակ ցուցաբերած աջակցությունը Հայաստանին: Երկու երկրները շարունակում են վիճարկել Կասպից ծովում ծովային սահմանները:

Լուսանկարը` REUTERS
Սակայն վերջին տարիներին Նախիջեւանի էքսկլավը մատակարարելու գործում Բաքուն հույսը դրել է Թեհրանի ցամաքային եւ օդային ճանապարհի, ինչպես նաեւ Թուրքմենստանի հետ գազի փոխանակման համաձայնագրի վրա: TRIPP-ի եւ Թուրքիան Նախիջեւանին կապող վերջերս կառուցված բնական գազատարի հետեւանքով Իրանի ազդեցությունը Բաքվի վրա կտրուկ նվազել է: Թեհրանի համար առավել մտահոգիչ է, որ ԱՄՆ-ն այժմ անուղղակի դեր կունենա Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանի 26 մղոնանոց հատվածի շահագործման մեջ։
Թուրքիա
Անկարան ամենամեծ հաղթողն է: Խաղաղության համաձայնագիրը եւ TRIPP-ը կայունացնում են Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային ուղիները, որոնք Թուրքիան կապում են Եվրասիայի սրտի հետ: Ներկայում Թուրքիայի արեւելյան հիմնական երթուղին անցնում է Վրաստանով դեպի Ադրբեջան, ապա Կասպից ծով: TRIPP-ը չի փոխարինի այս միջանցքը, այլ կծառայի որպես այլընտրանքային երթուղի, որը կապահովի առեւտրի շարունակականությունը նույնիսկ վրացական միջանցքի խափանման դեպքում: Այժմ թուրքերը կառուցում են նոր երկաթուղի, որը կապում է Կարսը Դիլուջուի հետ, որը Թուրքիայի եւ Նախիջեւանի սահմանին է: Այն վերջում կմիանա TRIPP-ին եւ կշարունակվի դեպի Կենտրոնական Ասիա:

Լուսանկարը` REUTERS
Անկարայի համար մեկ այլ հետեւանք կարող է լինել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նոր քաղաքական տարածքը: Չնայած Թուրքիան առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, հարաբերություններն արագորեն վատթարացան 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը ներխուժեց ադրբեջանական տարածքներ: Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հաստատման հետ ի հայտ են գալիս Անկարա-Երեւան հաշտեցման նոր հնարավորությունները:
Թյուրքական պետությունների կազմակերպություն
Այս նոր դաշինքը վերաձեւավորում է Եվրասիան: Խաղաղության համաձայնագիրը ամրապնդում է Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) եւ արագացնում թյուրք ազգերի միությունը Եվրասիայում: ԹՊԿ-ն աճող աշխարհաքաղաքական բեւեռ է Եվրասիայում, որն կարող է մարտահրավեր նետել ռուսական ազդեցությանը: Ղազախստանն ու Ղրղզստանը հրապարակավ աջակցել են ԹՊԿ-ի անդամ Ադրբեջանին Հայաստանի դեմ վերջին հակամարտության ժամանակ՝ ԹՊԿ-ին նախապատվություն տալով ՀԱՊԿ-ի նկատմամբ, որի անդամ է նաեւ Հայաստանը:
1990-ականների սկզբին անկախություն վերականգնելուց ի վեր Կենտրոնական Ասիայի հանրապետություններն ու Ադրբեջանը ձգտել են ազատվել Ռուսաստանի պարտադրած մշակութային կապերից՝ իրենց թյուրքական արմատները, մշակույթը եւ ընդհանուր պատմությունը վերականգնելու օգտին: Այս միտումը ամրապնդում է թուրքական «մեղմ ուժը». միլիոնավոր թյուրքալեզու մարդիկ՝ Հարավարեւելյան Եվրոպայից ու Արեւելյան Չինաստանից մինչեւ Արկտիկա, դիտում են թուրքական ֆիլմեր, հեռուստատեսություն եւ երաժշտություն: TRIPP-ը միայն կխրախուսի ԹՊԿ անդամներին ընդլայնել համագործակցությունը, մասնավորապես՝ առեւտրի, էներգետիկայի եւ տնտեսական ինտեգրման ոլորտներում:
Միացյալ Նահանգներ
Եվրասիական երկիր չլինելով հանդերձ՝ ԱՄՆ-ն եվրասիական ուժ է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ստեղծում է վաղուց սպասված հնարավորություն ԱՄՆ-ի համար՝ Հարավային Կովկասում եւ դրանից դուրս ավելի լուրջ ներգրավվելու համար: Կենտրոնական Ասիայի վերաբերյալ ԱՄՆ վերջին ռազմավարությունը, որը հրապարակվել է 2020-ի փետրվարին, արդեն հնացած է՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխությունների մասշտաբը՝ ԱՄՆ-ի Աֆղանստանից դուրսբերումից մինչեւ Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Լուսանկարը` REUTERS
Հարավային Կովկասը եւ հատկապես Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա տանող կարեւոր աշխարհագրական եւ տարանցիկ դարպաս է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, զուգորդված TRIPP-ով, Վաշինգտոնի համար հազվագյուտ դիվանագիտական հաջողություն է Եվրասիայում: Միացյալ Նահանգները պետք է օգտագործեն պահը՝ իր ազդեցությունը տարածելու եւ այնպիսի արդյունքների հասնելու համար, որոնք տասնամյակներ շարունակ հնարավոր չէր ստանալ:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: