Ներկայացնում ենք Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկի կառավարման դպրոցի դեկան Նգեյր Վուդսի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նգեյր Վուդս
Gemini Deep Think-ի եւ GPT-5-ի վերջին թողարկումները ցուցադրեցին, որ մեծ լեզվական մոդելները (ՄԼՄ) արագ զարգանում են։
Աշխարհի կազմակերպությունների 67%-ն այժմ օգտագործում է դրանք, եւ դուք, հավանաբար, նույնպես փորձարկել եք։ Հնարավոր է՝ տպավորված էիք, կամ նոր ChatGPT-ի դեպքում՝ ոչ այնքան։ Բայց գուցե նկատած լինեք նաեւ, որ ավելի հեշտությամբ շեղվում եք, որ ձեր հիշողությունն այլեւս այնքան էլ հուսալի չէ, եւ նախկինում ջանք չպահանջող առաջադրանքներն այժմ ավելի դժվար են թվում։
Սա ձեր երեւակայության արդյունքը չէ։ ԱԲ օգնությամբ աշխատող գործիքները ցնցում են իրենց արագությամբ եւ սահունությամբ, բայց դրանց վրա չափազանց շատ հույսը դնելը կարող է մեզ ավելի հիմար, դանդաղ, բթամիտ եւ ինքնուրույն մտածելու անկարող դարձնել։ Հատկապես ուշագրավ են հետազոտության ընթացքում բացահայտված չորս միտումները։
Թվային շեղող գործոնները նվազեցնում են կենտրոնանալու մեր ունակությունը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում սմարթֆոններն ու այլ սարքերը ավելի են թուլացրել ուշադրությունը պահպանելու, որոշումներ կայացնելու եւ առաջադրանքներ կատարելու մեր ունակությունը՝ շեղելով անդադար ծանուցումներով եւ ներքաշելով անվերջ «թերթելու» մեջ։ Հեռախոսը ստուգելու ցանկությունը, որն ուժեղանում է ուղեղի կողմից գրանցվող փոքր պարգեւով յուրաքանչյուր հաղորդագրության կամ թարմացման հետ, նույնքան կախվածություն առաջացնող է, որքան եւ ուժասպառ անող։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ընդհատումները՝ զուգորդված «թերթելու» հետ կապված ակնթարթային բավարարման հետ, թույլ չեն տալիս կենտրոնանալ բարդ, երկարաժամկետ առաջադրանքների վրա։
Ավելի ու ավելի հեշտ հասանելի տեղեկատվությունը հանգեցնում է հիշողության էրոզիայի, ինչը նվազեցնում է որոշումներ կայացնելիս տեղեկությունները պահպանելու եւ կազմակերպելու կարողությունը։ Հետազոտողներն արդեն վաղուց ուսումնասիրում են «Google-ի էֆեկտը», որը վերաբերում է հիշողության վրա սմարթֆոններից կախվածության բացասական ազդեցությանը։ Նախորդ սերունդները ստիպված էին անգիր անել հեռախոսահամարներ, բանաստեղծություններ ու նույնիսկ պարբերական աղյուսակը։

Լուսանկարը` Keefhwebdesigns
ԱԲ-ի վերջերս գրանցված բացասական ազդեցությունն է լավ դատելու եւ ճիշտ փաստարկ կառուցելու ունակության անկումը, քանի որ ավելի շատ մարդիկ մտածելը հանձնարարում են ChatGPT-ին, Gemini-ին կամ DeepSeek-ին։ Ըստ ուսումնասիրությունների՝ այս «իմացական բեռնաթափումը» թույլ չի տալիս մեզ հստակ մտածել, տեսնել տրամաբանական կապերը եւ նկատել թերի փաստարկները։ Մտավոր առումով սա համարժեք է մարզումները ուրիշին փոխանցելուն. կարճաժամկետ հեռանկարում էներգիա կխնայեք, բայց ժամանակի ընթացքում ձեր ուժերը կնվազեն։
Նախքան ՄԼՄ դարաշրջանը հետազոտողները պետք է տեղեկությունը որոնեին համացանցում (կամ ավելի վաղ՝ գրադարանում) եւ ուշադիր գնահատեին յուրաքանչյուր աղբյուրը։ Արդյո՞ք այն օգտակար է։ Ինչպե՞ս է համեմատվում այլ աղբյուրների հետ։ Կարելի՞ է համատեղել գաղափարները կամ հակադրել իրար։ Հետազոտական գործընթացը մարզում էր ուղեղը հիշելու, կիրառելու, վերլուծելու եւ սինթեզելու նպատակով։ Առանց դրա այդ ունակությունները անխուսափելիորեն թուլանում են։
Եթե այլեւս մտքերը մանրակրկիտ չուսումնասիրենք, չքննարկենք եւ չհակաճառենք, մեր ուղեղը կբթանա: «Իմացական տարաձայնությունը» կենսական նշանակություն ունի ուղեղի կարողությունները սրելու համար: Մարդահաճ ՄԼՄ-ները, որոնք հույսը դնում են օգտատիրոջ հավանության վրա, բթացնում են մեր մտածողությունը: Մարդահաճությունն ունի նաեւ մութ կողմ, օրինակ՝ երբ ԱԲ մոդելները համաձայնվում են սխալ ինքնաախտորոշումների հետ կամ վնասակար առաջարկներ անում:
Որքան ավելի շատ են օգտատերերը պնդում կեղծ տեղեկության վրա, այնքան ավելի շատ են հիմնական մոդելները կրկնում դրանք: OpenAI-ն այժմ փորձում է զսպել մարդահաճությունը՝ «ավտոմատ գովասանք կամ հարգանք արտահայտելու փոխարեն խրախուսելով ազնվությունը, կառուցողական անհամաձայնությունը եւ անկախ մտածողությունը» (ChatGPT-ի խոսքերով): Խնդիրն այն է, որ տարաձայնությունն օգտատերերին տհաճ է, չնայած հենց այդ լարվածությունն է խթանում է անձնական աճը:
Տեխնոլոգիական ընկերությունները, աշխատավայրերը, կրթական հաստատությունները եւ անհատները պետք է ստանձնեն մարտահրավերը եւ ապահովեն, որ ԱԲ-ն ամրապնդի մարդկային կարողությունները:
Համալսարանում ինձ համար այս մարտահրավերն անմիջական է: 2023-ին ԱՄՆ քոլեջի ուսանողների մեկ երրորդը հայտնել էր, որ օգտագործում է ChatGPT-ն կուրսային աշխատանք գրելիս. 2024-ի մեկ այլ հարցում ցույց տվեց, որ 16 երկրների ուսանողների 86%-ն է արդեն ուսման մեջ ապավինում ԱԲ-ին։
Քանի որ ԱԲ-ով աշխատող սարքը միշտ հասանելի է, հարցը, որին մենք պետք է համոզիչ պատասխան գտնենք, հետեւյալն է. ինչո՞ւ ջանք գործադրենք փաստերը հիշելու, դատողություններ անելու կամ փաստարկներ հավաքելու համար, երբ ՄԼՄ-ն դա անում մեզ համար։ Պատասխանն այն է, որ եթե չմարզեք ուղեղը հիշելու, դատողություններ անելու եւ «իմացական տարաձայնությունները» ընդունելու համար, արդյունքը կլինի սովորելու, դատողություն անելու, ստեղծագործականության, մետագիտելիք ստանալու եւ քննադատական մտածողության կարողությունների քայքայումը։

Լուսանկարը` Eclectic Jack
Որոշ լուծումներ արդեն երկար ժամանակ գոյություն ունեն։ Գուցե ժամանակն է վերադառնալ անգիր սովորելուն՝ որպես ուղեղի մարզման ձեւի։ Որպես պարզ վարժություն, կարող եք փորձել ձեր սիրելի ՄԼՄ-ին սովորեցնել այն, ինչ հենց նոր եք սովորել. նոր նյութը ուրիշին (նույնիսկ ԱԲ օգնականին) բացատրելը օգնում է ամրապնդելու գիտելիքը։
Հին հույները գիտակցում էին, որ իրական ուսուցումը գալիս է ոչ թե ուսանողներին զվարճացնելուց, տպավորելուց կամ սպասարկելուց, այլ իրենց համոզմունքները հարցականի տակ դնել ստիպելուց։ Սոկրատեսյան մեթոդը՝ «Ի՞նչ նկատի ունեք դրանով։ Ի՞նչ ապացույցներ են դա հաստատում։ Մտածե՞լ եք այլ տեսանկյունի մասին» հարցերը ստիպում են ուսանողներին ստուգել իրենց ենթադրությունները եւ սրել իրենց փաստարկները։
Շեղվելը նվազեցնելու համար կարելի է ստեղծել տարածքներ, առանձնացնել դասեր եւ ժամանակ առանց սարքերի անընդհատ օգտագործման։ Միացյալ Թագավորությունում դպրոցների մոտավորապես 90%-ը արգելել է սմարթֆոնների օգտագործումը դասերի ժամանակ։ Համալսարաններն ու աշխատավայրերը կարող են ստեղծել սարքերից զերծ միջավայրեր ընթերցանության, մտորումների եւ քննարկումների համար։ Խնդիրների վրա հիմնված ուսուցումն ու սիմուլյացիաները կօգնեն ուսանողներին եւ գործընկերներին լուծել բարդ, բաց խնդիրներ՝ օգտագործելով (եւ կատարելագործելով) դատողությունն ու ստեղծագործականությունը։
Մեր կանգնած ենք ընտրության առջեւ՝ մեր ուղեղը հանձնել ԱԲ-ին կամ ՄԼՄ-ներին վերաբերվել որպես մրցակիցների, որոնք թույլ կտան մեզ սրել մեր իմացական կարողությունները։ Տվյալների հեղափոխությունը մտել է նոր փուլ, եւ միայն մեր միտքը մարզելով կարող ենք քայլել դարին համընթաց։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Project Syndicate, 2025
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: