Արեւմուտքը պետք է դադարի Թուրքիային «դեռահաս» համարել - Mediamax.am

62 դիտում

Արեւմուտքը պետք է դադարի Թուրքիային «դեռահաս» համարել


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Ահմետ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ահմետ Դավութօղլու

Երկրորդ նախագահության յոթ ամսվա ընթացքում Թրամփն աշխարհը կառավարում է այնպես, կարծես այն մասնավոր կորպորացիա լինի, որը կապված չէ ընդհանուր կանոններով կամ հաստատված նորմերով: Օվալաձեւ աշխատասենյակը ղեկավարի գրասենյակն է, Թրամփը՝ գործադիր տնօրենը, մյուս աշխարհի առաջնորդները՝ ծառայողները, իսկ դարավոր կոնվենցիաները մղվում են երկրորդ պլան:

Թրամփը ձգտում է համաշխարհային կարգ ստեղծել, որը հիմնված է հովանավորչության, այլ ոչ թե գործընկերության վրա: Թրամփի մոտեցումը ՆԱՏՕ-ի նկատմամբ հետեւում է նույն տրամաբանությանը: Նրա ցանկությունը՝ դաշինքը վերածել ԱՄՆ-ի վրա կենտրոնացված ռազմավարական գործիքի, հատկապես վտանգավոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ֆոնին: Անցյալում ՆԱՏՕ-ն պահպանում էր հարաբերական կայունություն՝ միաժամանակ համագործակցելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը եւ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը (2023 թվականին այն փոխարինվեց ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդով): Այս զուգահեռ ուղիները նպաստեցին երկխոսության եւ զսպման միջեւ նուրբ հավասարակշռության հաստատմանը, որն այժմ վտանգված է Թրամփի քաղաքականության հետեւանքով:

Լուսանկարը` Ահմետ Դավութօղլուն


Սպիտակ տան վերջին գագաթնաժողովից բացակայում էին Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունն ամենից շատ ենթարկվող երկրները՝ Թուրքիան, Լեհաստանը, Նորվեգիան, Շվեդիան, Սեւծովյան եւ Բալթյան երկրները: Այս երկրներին դուրս թողնելը խաթարում է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության հիմնական սկզբունքը եւ քայքայում դաշինքի ռազմավարական համախմբվածությունը։

Թուրքիայի համար հետեւանքները կարող են հեռուն գնացող լինել: Չնայած որ Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ նավատորմն ունի (ԱՄՆ-ից հետո) եւ Սեւ ծովում, Կովկասում եւ Եվրասիայում մեծ դերակատարություն է ծավալում, այն ստացել է երկրորդական դիտորդի կարգավիճակ՝ դիտարկվելով որպես պատահական հանդիպումների հարմար հյուրընկալող, այլ ոչ թե որպես ռազմավարական դաշնակից։

Թուրքիան նկատելիորեն դուրս էր մղվել Ուկրաինայի գագաթնաժողովի մասնակիցների ցանկից եւ Թրամփից տեղեկություններ չի ստացել ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ դրանից հետո: Դրա փոխարեն այն անուղղակիորեն տեղեկացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջոցով: Թուրքիան նույնպես դուրս էր մնացել Ադրբեջան-Հայաստան վերջին գագաթնաժողովից։

Լուսանկարը` REUTERS


Թուրքիայի դիրքերի թուլացումն արտացոլում է խոր ռազմավարական ձախողումը։ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի դերը «որոշիչ» կլինի Ուկրաինային կոնկրետ երաշխիքների տրամադրելու համար։ Առաջին հայացքից դա կարող է գովասանք թվալ։ Իսկ իրականում Թուրքիան հայտնվել է այն դերում, որը 1950-ականների սկզբին խաղում էր Կորեական պատերազմի ժամանակ՝ անվտանգության ծառայությունների մատակարար, որը մեկուսացված էր իր ապագան ձեւավորող քննարկումներից։

Այսօր Թուրքիան կրկին մեկուսացված է իր ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր հարցերի քննարկումներից, եւ նրանից ակնկալում են իրագործել որոշումներ, որոնցում Անկարան ձայնի իրավունք չունի։

Այս հնացած մտածողությանը ես բախվել էի 2001 թվականին լույս տեսած «Ռազմավարական խորություն» գրքում, իսկ ավելի ուշ՝ լինելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար եւ վարչապետ։ Այն արտացոլում է ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչների հաստատուն ռազմավարական կուրությունը, որը ոչ մի թուրք պաշտոնյա չպետք է հանդուրժի։

Արեւմտյան առաջնորդները պետք է հրաժարվեն այն պատրանքից, որ Թուրքիան դեռահաս պետություն է, որի հպարտությունը կարելի է զսպել գովասանքներով: Թուրքիան նորեկ չէ: Այն փորձառու, ռազմավարական առումով հասուն տարածաշրջանային տերություն է՝ քաղաքակրթական դերակատար, որը վաղուց օգնում է ձեւավորել Եվրոպան եւ համաշխարհային կարգը: Դիտարկել այն սոսկ որպես ռազմական ակտիվ՝ նշանակում է սխալ հասկանալ նրա ռազմավարական ինքնության միջուկը, որը դարեր շարունակ կերտվել է մայրցամաքներում ուժերի հավասարակշռության փոփոխության միջոցով:

Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ պասիվ մնալ: Խաղից դուրս վիճակից խուսափելու համար այն պետք է ռազմավարական վերակարգավորում ձեռնարկի՝ սկսելով երեք անհապաղ քայլից:

Նախ, այն պետք է ստեղծի ՆԱՏՕ-ի շրջանակներում համախոհ մտածողությամբ երկրների դաշինք՝ բանակցություններ սկսելով Սպիտակ տան Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից դուրս մնացած այլ անդամների հետ, ինչպիսիք են Լեհաստանը, Նորվեգիան, Շվեդիան եւ Բալթյան երկրները: Ստեղծելով ռազմավարական համակարգման այլընտրանքային հարթակ՝ այն կարող է անհրաժեշտ հավասարակշռություն բերել ՆԱՏՕ-ի ներքին դինամիկային:

Լուսանկարը` REUTERS


Երկրորդը, Թուրքիան պետք է առաջնորդի խորհրդատվական կառույցի ստեղծումը, որը կմիավորի այնպիսի Սեւծովյան երկրներ, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Վրաստանը եւ Մոլդովան, միաժամանակ ամրապնդելով ուղիղ կապերը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ: Սեւծովյան ռազմածովային ուժերի (BLACKSEAFOR) եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության (BSEC) նման նախաձեռնությունների վերակենդանացումը կարող է նպաստել կառուցողական երկխոսությանը բոլոր տարածաշրջանային խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ 

Երրորդը, Թուրքիան պետք է վերադարձնի իր ռազմավարական կենտրոնը՝ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին ազդանշան տալով, որ Մերձավոր Արեւելքի պասիվ  ֆորպոստ չէ, այլ խոշոր եվրասիական տերություն: Դա պահանջում է շատ ավելի կոշտ դիվանագիտական դիրքորոշում ընդունել։

Եվրոպացի առաջնորդներով շրջապատված Թրամփի լուսանկարը Օվալաձեւ աշխատասենյակում պարզապես լուսանկարահանում չէր: Այն Եվրոպայի առաջնորդության վակուումը, ՆԱՏՕ-ի ներքին անհավասարակշռությունը եւ Թուրքիայի մարգինալացումը խորհրդանշող լուսանկար էր: Եթե Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքական գործիչները արագ եւ վճռականորեն չգործեն, նոր կարգը ոչ միայն համաձայնեցվելու է առանց նրանց, այլեւ նրանց հաշվին։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին