Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Օլեսյա Վարդանյանի Ступенька к Нобелю. Как продвигается американское примирение Армении и Азербайджана հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ավելի քան մեկ ամիս է անցել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մեծ աղմուկ հանած հանդիպումից, բայց դրա իրական հետեւանքները երկու երկրների միջեւ ձգձգվող հակամարտության համար մինչ օրս անհստակ են մնում։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակում են ուսումնասիրել ստորագրված փաստաթղթերի ծավալուն փաթեթը, իսկ հաջողության վերաբերյալ կասկածները չեն փարատվում՝ չնայած բազմաթիվ բարձրագոչ հայտարարություններին։
Նման անվստահությունը պատահական չէ։ Սպիտակ տանը կայացած արարողությունն այնքան անսպասելի էր եւ այնքան հապճեպ էր նախապատրաստվել, որ անգամ դրա մասնակիցները մինչեւ վերջ պատկերացում չունեին, թե ինչպես է այն կընթանա եւ ինչ քայլեր են հաջորդելու։ Բացի դրանից, գրեթե 35-ամյա հակամարտության ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ ձախողումներ եւ չկայացած պայմանավորվածություններ են կուտակել, քան հաջողություններ։
Այս անգամ իսկապես շանս կա, որ ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Տարիների բանակցությունները, սրացումները եւ պատերազմները հանգեցրեցին Վաշինգտոնի համաձայնագրերին։ Սակայն մեկ ամիսը բավարար չէ խաղաղությունը ամրապնդելու համար. ավելի շատ տարիներ եւ զգալի ջանքեր կպահանջվեն վստահություն կառուցելու այն հասարակությունների միջեւ, որոնք արդեն չեն հիշում, թե ինչպես են խաղաղ ապրել։
Շուտով
Թրամփի վարչակազմը կարեւոր դեր ունի այս առաքելության մեջ։ Ամերիկայի միջնորդությամբ բանակցությունները ընթանում են գարնանից, սակայն դրանք վերջնական փուլին հասան միայն ամռան կեսերին՝ Աբու Դաբիում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումից եւ ամերիկյան վարչակազմի որոշակի անդամների ակտիվացումից հետո, որոնք երկու կողմերի համար ընդունելի օրակարգ առաջարկեցին։ Սկզբում արարողությունը նախատեսված էր անցկացնել աշնանից ոչ շուտ, սակայն Երեւանի եւ Բաքվի համաձայնություն ստանալուց հետո Վաշինգտոնը որոշեց չհետաձգել։
Իլհամ Ալիեւը դարձավ արարողության վայրի ընտրության գլխավոր դերակատարը։ Հայկական կողմի հետ բանակցությունները, ըստ էության, ավարտվել էին մեկ տարի առաջ, իսկ 2025թ. գարնանը համաձայնեցվեցին խաղաղության պայմանագրի վերջնական մանրամասները։ Ադրբեջանի ներկայացուցիչները վաղուց ասում էին արտասահմանյան միջնորդներին՝ որպեսզի Ալիեւը համաձայնվի վերջակետ դնել բանակցություններում, նա պետք է առաջարկել մի բան, որը միջոցառմանը լրացուցիչ կշիռ կհաղորդի։
Միացյալ Նահանգները այս ուղղությամբ աշխատել են մի քանի տարի։ Բայդենի վարչակազմի օրոք ջանքեր էին գործադրվել, այդ թվում՝ եվրոպացի եւ նույնիսկ ռուսաստանցի գործընկերների մասնակցությամբ, բայց Ալիեւը պնդել էր Սպիտակ տանը ամենաբարձր մակարդակով ընդունելության վրա։ 2024թ. աշնանը նախագահ Բայդենը տարածաշրջան էր ուղարկել իր ներկայացուցչին անձնական նամակով՝ կոչ անելով բանակցություններն ավարտել մինչև 2024 թվականի վերջը: Ալիեւը շնորհակալություն էր հայտնել, սակայն այդպես էլ Հայաստանի հետ փաստաթուղթը չէր ստորագրել։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Իրավիճակը փոխվեց ԱՄՆ վարչակազմի փոփոխությամբ: Սպիտակ տունը սկսեց միջազգային սյուժեներ փնտրել, որոնք կարող էին ամրապնդել Թրամփի դիրքերը որպես խաղաղարար՝ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրման համար: Մարտին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Մոսկվա կատարած այցից հետո կանգ առավ Բաքվում՝ տալով գործընթացի մեկնարկը։
Ամերիկյան թիմը նախ ապահովեց առաջիկա գործարքի արտաքին նախապատրաստությունը: Ուիթքոֆը օգտագործեց Մոսկվայում եւ Թեհրանում ունեցած կապերը, որպեսզի այնտեղ ձեռնպահ մնան բացահայտ դիմադրությունից: Պետդեպարտամենտում՝ հիմնականում ներկայիս վարչակազմի քաղաքական անձնակազմը, այլ ոչ թե կարիերային դիվանագետները, օգնեցին գործընթացը վերջնական փուլի հասցնել։
Արդյունքում ընտրվեց փոխզիջումային ձեւաչափ՝ հրավիրել երկու առաջնորդներին Սպիտակ տուն եւ նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն վերջնականապես ստորագրելու փոխարեն: Բոլոր կողմերը ընդունեցին առաջարկվող ձեւաչափը եւ միջոցառումը կայացավ:
Հակամարտության վերջակետը
Միջոցառման պատմական նշանակությունը շատերի համար ակնհայտ դարձավ միայն արարողության պահին. երկու առաջնորդներն էլ բազմաթիվ հեռուստախցիկների առջեւ հայտարարեցին, որ հենց այս պահին ավարտվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այդ պահից ի վեր նրանք դա կրկնում են գրեթե ամեն հանրային ելույթում:
Նրանց կողմից ընդունված փաստաթղթերի փաթեթում առանցքայինն այն է, որը սովորաբար կարճ անվանում են խաղաղության պայմանագիր. այն ամրագրում է կարգավորման հիմնական պարամետրերը:
Չնայած դրանում ուղղակիորեն չի խոսվում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, վերջինս ուղղված է հիմնականում Հայաստանին:
Ադրբեջանի հանդեպ գլխավոր պահանջը ուժի կիրառումից հրաժարվելն է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանն այժմ Հարավային Կովկասում ամենահզոր բանակն ունի, նոր պատերազմի հավանականության նվազեցումը վերջին տարիներին եղել է Հայաստանի գլխավոր նպատակը եւ շարունակում է որոշել փոխզիջումների գնալու նրա պատրաստակամությունը:
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի եւ կվավերացվի Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցի լուծումից հետո՝ Ադրբեջանը պահանջում է դրանից հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները: Բաքուն մինչ օրս պնդում է այս պահանջը, բայց այն արագ իրականացնել հնարավոր չէ, քանի որ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այնուամենայնիվ, Վաշինգտոնի արարողությունն արդեն իսկ ամրագրում է փաստաթղթի հիմնական սկզբունքները եւ գործարկում դրա իրականացման նախապատրաստական աշխատանքները: Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցություններ սկսել դեսպանների նշանակման վերաբերյալ, որոնք սկզբում, ամենայն հավանականությամբ, կաշխատեն ոչ թե այս երկրների մայրաքաղաքներում, այլ, օրինակ, հարեւան Վրաստանում։
Ավարտվում է նաեւ միջազգային դատարաններ դիմելու պրակտիկան, որտեղ կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում հաջողվել էր մի շարք դատական հայցեր ներկայացնել միմյանց դեմ: Այս գործերով փաստաթղթերի փոխանակումը փաստացի դադարեց գարնանը՝ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո:
Մեկ այլ հետեւանք կլինի Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում աշխատող եվրոպացի դիտորդների առաքելության վերանայումը։ Այն, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կկրճատեն եւ կփոխեն մանդատը: Հնարավոր է, դիտորդները կմնան Հայաստանի տարածքում, բայց սահմանից հեռու, որպեսզի չգրգռեն Բաքվին։
Փաթեթը պարունակում է մի կետ, որը կարեւոր է նաեւ ԵԱՀԿ-ի համար։ Սպիտակ տանը Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես դիմեցին կազմակերպության անդամ երկրներին՝ խնդրելով լուծարել Մինսկի խումբը, որը ավելի քան 30 տարի հակամարտության հիմնական միջնորդն էր։ Այդ լուծարումը թույլ կտա ապաշրջափակել կոնսենսուսով հաստատվող ԵԱՀԿ բյուջեն, ինչը մի քանի տարի անհնարին էր Մինսկի խմբի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։ Դա ԵԱՀԿ-ին լիարժեք աշխատելու հնարավորություն կտա, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։
Թրամփի ճանապարհը
Ամենից շատ աղմուկ հանեց Ամերիկայի մասնակցությունը Հարավային Կովկասում նոր տրանսպորտային ուղիների նախագծում: Խոսքը Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի միջեւ Հայաստանի հարավով անցնող երթուղու մասին է, որը սովորաբար անվանում են Զանգեզուրի միջանցք կամ Սյունիքի մարզով անցնող ճանապարհ: Նախագծի անվանումը, ամերիկացիների նախաձեռնությամբ, այժմ դարձել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity):
Գաղափարը ենթադրում է ամերիկյան մասնավոր ընկերության մասնակցություն, որը պետք է ապահովի երթուղու բնականոն գործունեությունը իր աշխատակիցների եւ տեխնոլոգիաների օգնությամբ: Նմանատիպ մոդել կիրառվում է աշխարհի շատ մասերում, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ վերահսկողություն, չնայած դա սովորաբար բարձրացնում է տեղափոխման գինը:
Որպեսզի նախագիծն իրականում աշխատի, դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն: Բաքվի կենտրոնական պայմանը ադրբեջանցիների եւ հայերի միջեւ անմիջական ֆիզիկական շփման բացակայությունն է: Սակայն Հայաստանը պնդում է ճանապարհի հանդեպ վերահսկողության պահպանումը, ներառյալ տարանցիկ վճարների հավաքագրումը եւ անձնագրային վերահսկողությունը միջնորդի միջոցով:
Երթուղու իրական շահագործման դեպքում այս պայմանները պահպանելը հեշտ չի լինի։ Օրինակ՝ հայկական հատվածում վթարի դեպքում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի վարորդին օգնություն կցուցաբերեն հայ բժիշկները, իսկ միջադեպի հետաքննությունը կպահանջի հայ ոստիկանության եւ նույնիսկ դատավորների մասնակցությունը։ Պարզապես անհնար կլինի բոլոր առումներով հայերին փոխարինել ամերիկացիներով։ Նման հարցերը ամենաբարդ համաձայնությունների առարկա կդառնան, քանի որ խոսքը ոչ միայն մարդկանց միջև շփումների, այլև երկու երկրների բյուրոկրատական մարմինների փոխազդեցության մասին է, որոնք երբեք չեն համագործակցել։
Դեռեւս պարզ չէ նաեւ, թե որքանով է Սպիտակ տունը պատրաստ է ներդրումներ կատարել այս նախագծում։ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի, ԱՄՆ նախագահն դեռեւս դժվարանում է նույնիսկ հիշել այդ երկրների անունները։
Այլ բաղադրիչներ
Նոր տրանսպորտային ենթակառուցվածքի ֆինանսավորումը դատարկ հարց չէ։ Ադրբեջանը մի քանի տարի կառուցում է ճանապարհներ եւ երկաթուղիներ դեպի Հայաստանի սահման՝ նախկին հակամարտության գոտու միջով, իսկ հայկական կողմում ոչինչ չկա, բացի նեղ եւ քարուքանդ եղած ճանապարհից, որը տասնամյակներ շարունակ չի օգտագործվել։ Հին երկաթուղու ռելսերը ապամոնտաժվել եւ հեռացվել են դեռեւս 1990-ականներին։ Հայաստանով անցնող երթուղու լիարժեք գործարկման համար լայնածավալ աշխատանքներ անհրաժեշտ կլինեն, այդ թվում՝ երթուղու լայնացում և, հնարավոր է, թունելների կառուցում։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նախկինում հայ պաշտոնյաները դիտարկում էին միջոցներ ներգրավել Եվրամիության կողմից երաշխավորված արտոնյալ վարկի միջոցով։ Սակայն հիմա Բրյուսելը կորցրել է կենտրոնական դերը բանակցություններում, իսկ Վաշինգտոնը չի ցանկանում համակարգել աշխատանքները եվրոպացի պաշտոնյաների հետ։ Սպիտակ տան արարողությունից առաջ Հայաստանի վարչապետը այցելել էր Բրյուսել, իսկ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ԵՄ-ն հայտնել էր իր պատրաստակամությունը աջակցել նախագծերին։ Սակայն ֆինանսավորման վերաբերյալ դեռ որեւէ կոնկրետ հանձնառություն չկա։
Շատ հարցեր են մնում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ։ Նախկինում Անկարան Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում էր Բաքվի դիրքորոշման հետ եւ խոստանում էր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։ Վաշինգտոնում կայացած արարողությունից հետո Թուրքիայի առաջնորդը բանակցություններ վարեց իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, եւ նրա գրասենյակը հայտարարեց գործընթացը առաջ մղելու պատրաստակամության մասին. դա սովորաբար նշանակում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում եւ ուղիղ առեւտրի սկիզբ։
Սակայն այս ամենի ժամկետները անորոշ են մնում։ Որոշ հայ ներկայացուցիչներ մատնանշում են Անկարայի դժկամությունը, որը ցանկանում է խուսափել բարդություններից Մոսկվայի հետ հարաբերություններում։ Միեւնույն ժամանակ, Երեւանն առայժմ կասկած չունի, որ կարգավորումը, ի վերջո, տեղի կունենա։
Սակայն եթե հայ-թուրքական հարաբերություններում «ձնհալ» չլինի, «տարանցման միջոցով հաշտեցման» գաղափարը թերի կլինի։ Ադրբեջանը կստանա Նախիջեւան եւ դրա միջոցով Թուրքիա տանող ամենակարճ ճանապարհը, իսկ Հայաստանը կարող է մնալ առանց որեւէ դիվիդենտների՝ փակ սահմաններով, ամերիկյան միջնորդների վերահսկողության տակ գտնվող մեկ ճանապարհով եւ նվազագույն տարանցիկ եկամտով։ Հետեւաբար, որպեսզի նախագիծը իսկապես կայուն խաղաղության ուղղությամբ քայլ դառնա, անհրաժեշտ է Թուրքիայի լիարժեք մասնակցությունը եւ Հայաստանի հետ սահմանի բացումը։
Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչպես է զարգանալու Սպիտակ տան արարողության հետ կապված այս պատմությունը, այն արդեն դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մի մասը։ Այո, առաջնորդները փոխվում են, եւ նրանց պայմանավորվածությունները կարող են կորցնել ուժը ժամանակի ընթացքում։ Բայց Վաշինգտոնում կայացած արարողությունն արդեն վստահություն է ավելացրել առ այն, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի առնվազն առաջիկա ամիսներին, եւ գուցե՝ նույնիսկ տարիներին։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: