Ներկայացնում ենք Ջունգբու համալսարանի դոցենտ եւ Հանքուկի արտաքին ուսումնասիրությունների համալսարանի ԵՄ ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մեհմեթ Ֆաթիհ Օզտարսուի The India-Armenia Partnership in a Shifting Caucasus հոդվածի թարգմանությունը:
Մեհմեթ Ֆաթիհ Օզտարսու
Տասը տարի առաջ քչերը կմտածեին, որ Հնդկաստանն ու Հայաստանը մի օր ակնհայտ ռազմավարական գործընկերներ կդառնան: Տարիներ շարունակ նրանց հարաբերությունները ջերմ էին, բայց երկրորդական՝ ավելի մեծ տերությունների եւ ավելի խոր դաշինքների ստվերում։ Հարավային Կովկասում իր խոցելիությունից տառապող Հայաստանը ռազմական պաշտպանության համար գրեթե բացառապես ապավինում էր Ռուսաստանին։ Հնդկաստանը, զբաղված իր տարածաշրջանով եւ Պակիստանի հետ մրցակցությամբ, պատճառներ չուներ Երեւանը դիտարկելու որպես ավելին, քան հեռավոր ծանոթ։ Այսօր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու փոքր քայլերն են անում, հարց է առաջանում, թե ինչպիսին է լինելու Հնդկաստանի նոր դերը պակաս կոնֆլիկտային համատեքստում։
Հետ գնանք 2020 թվական, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հիմնավորապես փոխեց Հայաստանի անվտանգության հաշվարկը։ Երբ Նյու Դելին տեսավ Իսլամաբադի աճող կապերը Անկարայի եւ Բաքվի հետ, Հայաստանը սկսեց ընկալվել իբրեւ ոչ այնքան հեռավոր պետություն, որքան բնական հակակշիռ։ Այս մերձեցումը պաշտպանության ոլորտի վրա հիմնված, բայց ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գործընկերության հանգեցրեց։
Նախկինում Հայաստանի անվտանգությունը մեծապես կախված էր Ռուսաստանից։ 2011-2020 թվականներին զենքի ներմուծման ավելի քան 90 տոկոսը ապահովում էր Մոսկվան, ներառյալ Սու-30ՍՄ կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ եւ զրահատեխնիկա, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական զորքն ամրապնդում էր Մոսկվայի դերը որպես կարեւորագույն երաշխավոր։ Այս կախվածությունը որքան հոգեբանական էր, նույնքան էլ նյութական. Ռուսաստանը համարվում էր պաշտպան, որը կմիջամտեր գոյութենական սպառնալիքի դեպքում։
Այդ հավատը լիովին փլուզվեց 2020 թվականին։ Երբ ադրբեջանական ուժերը առաջ էին շարժվում թուրքական աջակցությամբ եւ ժամանակակից անօդաչու թռչող սարքերով, Ռուսաստանը մի կողմ քաշվեց։ Հայաստանը ստիպված էր ժամանակակից պատերազմ մղել հնացած զենքով եւ հին ռազմական մարտավարությամբ։ Արդյունքը կործանարար էր, եւ Ռուսաստանի՝ որպես հուսալի դաշնակցի առասպելը հօդս ցնդեց՝ տեղ բացելով նոր խաղացողների համար։
2020 թվականից հետո Հայաստանի պաշտպանական գործընկերությունները աննախադեպ կերպով բազմազան դարձան։ Հնդկաստանն ու Ֆրանսիան ի հայտ եկան որպես երկու կարեւորագույն մատակարարներ՝ լրացնելով Ռուսաստանի բացը։ Հնդկաստանը արագ դարձավ Հայաստանի ամենախոշոր գործընկերը պաշտպանական ոլորտում։ Երեւանը ստորագրեց մոտ 2 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ ձեռք բերելով Pinaka բազմափող հրթիռային կայաններ, Akash զենիթահրթիռային մարտկոցներ եւ Swathi հակամարտկոցային ռադարներ։ Դրան հետեւեց հրետանու, զրահատեխնիկայի եւ ԱԹՍ-ների գնումը։ Հնդկաստանի համար այս գործարքները պարզապես առեւտրային չէին, դրանք նաեւ Ռուսաստանը գրգռող աշխարհաքաղաքական ազդանշաններ էին։ Ռուսական կողմը բազմիցս քննադատել էր Հնդկաստանի աճող հեղինակությունը։ Այնուամենայնիվ, Հնդկաստանն իրեն հաստատեց որպես զենքի հուսալի արտահանող՝ միաժամանակ մեղմորեն հիշեցնելով եւ՛ Թուրքիային, եւ՛ Պակիստանին, որ կարող է ազդեցություն ունենալ իրենց տարածաշրջանում։
Որոշ դիտորդներ հարաբերությունները որակում են որպես զուտ գործարքային։ Այս մեկնաբանությունը հաշվի չի առնում դրա ավելի լայն նշանակությունը։ Հայաստանի համար Հնդկաստանը ոչ միայն մատակարար է, այլեւ գործընկեր, որը ծանոթ է մշտական ռազմավարական ճնշման տակ ապրելու փորձին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հնդկաստանի համար Հարավային Կովկասը բոլորովին էլ անկարեւոր չէ. Պակիստանի աճող համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը հիմնված է Թուրքիայի աջակցության վրա, Նյու Դելիին բավարար հիմք է տալիս աջակցելու Հայաստանին։ Այսպիսով, Երեւանին զենք մատակարարելը ռազմավարական հակակշիռ է եւ Հնդկաստանի՝ որպես գլոբալ անվտանգության մատակարար դառնալու ազդակ։ Հարաբերությունների աշխարհաքաղաքական ծախսերը մինիմալ են, բայց խորհրդանշական լծակներ են տալիս Հնդկաստանին Թուրքիայի եւ Պակիստանի հետ մրցակցությունում։
Տարածաշրջանային զարգացումները արագացրին այս համագործակցությունը։ Ռուսաստանը, որը զբաղված է Ուկրաինայով, դժվարանում է զենք մատակարարել Հայաստանին։ 2025 թվականի դրությամբ ԱՄՆ-ն ավելի ակտիվ է միջնորդում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործում, ինչն ընդգծեց Սպիտակ տանը կազմակերպված եռակողմ գագաթնաժողովը։ Սակայն Վաշինգտոնն առաջարկում է քաղաքական եւ տնտեսական աջակցություն, ոչ թե ռազմական երաշխիքներ։ Հնդկաստանը լրացնում է այս վակուումը՝ տրամադրելով ոչ միայն զենք, այլեւ միասնության զգացում։
Չպետք է մոռանալ նաեւ աշխարհագրությունը։ Հայաստանի դիրքը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում, որը Հնդկաստանը Իրանի միջով կապում է Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ, լրացուցիչ ռազմավարական կշիռ է տալիս Երեւանին։ Չնայած միջանցքը բախվում է քաղաքական եւ լոգիստիկ խոչընդոտների, այն ամրապնդում է Հնդկաստանի ցանկությունը՝ ներգրավվելու Հարավային Կովկասում ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական առումով։ Այս տրամաբանությամբ Հնդկաստանը, Իրանը եւ Հայաստանը 2024-ի վերջին անցկացրին իրենց երկրորդ եռակողմ խորհրդակցությունները՝ ընդգծելով Երեւանի դերը տարածաշրջանային ճանապարհային կապում եւ դրա կարեւորությունը Եվրասիա հասնելու համար։ Բացի այդ, Հնդկաստանն ու Հայաստանը անցկացրին իրենց առաջին պաշտպանական խորհրդակցությունները։
Այս գործընկերությունն էլ սահմաններ ունի։ Հայաստանի աշխարհագրությունն անողոք է. երկիրը չունի ելք դեպի ծով, կախված է իրանական տարանցումից եւ մեկուսացված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններով։ Հնդկաստանի համար հարց է, թե արդյո՞ք այն կարող է ռեսուրսներ ներդնել Կովկասում ամրապնդվելու համար՝ միեւնույն ժամանակ առաջնահերթություն տալով Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
Ավելին, պաշտպանական կապերը կարող են ստվերել համագործակցության այլ ուղիները։ Առեւտուրը դեղագործական ոլորտում, համագործակցությունը ՏՏ ոլորտում եւ մշակութային փոխանակումները դեռեւս թերզարգացած են։ Կա առեւտրի ծավալը մեծացնելու ներուժ, որն այժմ հասել է մոտ 400 միլիոն դոլարի։ Առանց դիվերսիֆիկացիայի գործընկերությունը կարող է դառնալ փխրուն՝ պահպանվելով միայն տարածաշրջանային լարվածության շնորհիվ, եւ եթե Բաքվի հետ խաղաղությունը կայունանա, պաշտպանական ներմուծման անհրաժեշտությունը կնվազի։
Երբ ԱՄՆ-ն ներգրավվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում, երկու սցենար նշմարվեց։ Եթե խաղաղությունը պահպանվի, հայ-հնդկական հարաբերությունները կարող են վերածվել ավելի հավասարակշռված գործընկերության, եւ տեխնոլոգիաները, կրթությունը եւ առեւտուրը պաշտպանության հետ մեկտեղ կշիռ կստանան։ Օրակարգի մեկ այլ կետ կարող է լինել Հնդկաստանի ներգրավումը նոր առեւտրային միջանցքի զարգացման գործում։ Սակայն անհասկանալի է, թե այդ դեպքում ինչպես կարձագանքի Հնդկաստանը Թուրքիայի աճող ազդեցությանը տարածաշրջանում։
Եթե հակամարտությունը շարունակվի կամ վերսկսվի, Հայաստանի կախվածությունը հնդկական զենքից կխորանա։ Հնդկաստանը ազդեցություն կստանա, բայց նաեւ ավելի ու ավելի կկապվի Կովկասի անվտանգության դինամիկայի հետ։ Ամեն դեպքում, մի բան հստակ է. Հայաստանն այլեւս բացառապես Ռուսաստանից կախված չի լինի։ Հնդկաստանն արդեն իրեն դրսեւորել է որպես լուրջ հնդկա-խաղաղօվկիանոսյան խաղացող Հարավային Կովկասում։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հայ-հնդկական հարաբերությունների ընթացքը արտացոլում է խոր ռազմավարական վերադասավորում։ Երեւանի համար Հնդկաստանը դարձել է եւ՛ ֆիզիկական անվտանգության աղբյուր, եւ՛ դիվերսիֆիկացիայի խորհրդանիշ։ Նյու Դելիի համար Հայաստանը ոչ միայն շուկա է, այլեւ աշխարհաքաղաքական հարթակ՝ Հարավային Ասիայից դուրս գործելու, Թուրքիայի եւ Պակիստանի նման մրցակիցներին հակազդելու եւ պաշտպանության ոլորտի հուսալի արտահանողի իր դիրքը ամրապնդելու համար։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փխրուն խաղաղության բանակցությունների շնորհիվ տարածաշրջանի դինամիկան փոփոխվում է, ուստի այս գործընկերությունը անխուսափելիորեն կփորձարկվի։ Անկախ նրանից, թե այն կընդգրկի նաեւ տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցություն, թե կենտրոնացած կմնա պաշտպանական ոլորտի վրա, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ցուցիչ, թե ինչպես են փոքր պետությունները եւ զարգացող տերությունները հարմարվում բազմաբեւեռ աշխարհի անորոշություններին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: