Ներկայացնում ենք Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի՝ Project Syndicate-ի համար գրված հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ալի Քերիմլի
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, որի մասին հայտարարվեց Սպիտակ տանը թերեւս մինչ օրս ամենաակնհայտ ազդանշանն էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոպիտ միջամտությունը Հարավային Կովկասում թուլացրել, իսկ որոշ դեպքերում՝ ոչնչացրել է Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։
Ամերիկայի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի կնքման գործում ցնցող անակնկալ էր ողջ տարածաշրջանի համար։ Ոչ վաղ անցյալում թվում էր, թե Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը վերադառնում են Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Սակայն Կրեմլը հեշտությամբ չի զիջի վերահսկողությունը։ Այնտեղ կարծում են, որ հարեւանների վրա ազդեցությունը պահպանելու ամենահուսալի միջոցն է ստիպել նրանց հակամարտել եւ ապավինել Ռուսաստանին, որպես միջնորդի։
Համարվում է, որ Հայաստանում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շարժվել դեպի ԵՄ ինտեգրում, Կրեմլը դավադրություն էր մշակում, որպեսզի իշխանության գլուխ ռուսամետ խամաճիկ դնի եւ Ադրբեջանի հետ վերսկսի պատերազմը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ։
Պուտինը եւ նրա շրջապատը ակնհայտորեն վստահ էին, որ գործիքներ ունեն այդ վարչակարգի վրա ազդելու համար։ Հայկական ընդդիմությունը ռուսամետ է եւ ռեւանշիստական է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ, եւ Ռուսաստանը ուներ միջոցներ՝ ամրապնդելու Փաշինյանի հակառակորդների ճամբարը՝ Հայաստանի ռուսամետ կրոնական առաջնորդների եւ հայազգի ռուս միլիարդատերերի օգնությամբ։ Սակայն նրանց խարդավանքները ձախողվեցին։
Իրավիճակը էականորեն այլ է Ադրբեջանում, որտեղ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (որը ես եմ ղեկավարում) եւ նրան դաշնակցող Ազգային խորհուրդը, պաշտպանում են եվրաատլանտյան ինտեգրումը եւ մերժում են համագործակցությունը Ռուսաստանի իշխանությունների հետ։ Կրեմլը, ինչպես եւ Ադրբեջանի կառավարությունը, կարծես խորապես վախենում է արեւմտամետ ընդդիմության աճող ուժից եւ պատրաստ է աջակցել ադրբեջանական իշխանության բռնաճնշումներին։
Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ է եվրաատլանտյան ինտեգրմանը եւ չի բացառում Կրեմլի հետ դաշինքը պահպանելու գաղափարը, բայց պայմանով, որ Մոսկվան կհարգի իր անձնական շահերը եւ չի նվաստացնի կամ թուլացնի իրեն ներքին կամ միջազգային ասպարեզներում։ Այդ պատճառով, չնայած Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին, Ռուսաստանը թերեւս չի փորձի տապալել Ալիեւին, այլ ճնշում կգործադրի նրա վրա՝ կրկին վերահսկողության ներքո վերցնելու համար։

Լուսանկարը` REUTERS
Մեկ այլ դժվար խնդիր է Վրաստանը։ Կրեմլն անկասկած գոհ է «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս կառավարությունից՝ հաշվի առնելով նրա բռնաճնշող քաղաքականությունն ու հակաարեւմտյան հռետորաբանությունը։ Սակայն Ռուսաստանը վաղուց օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը, ուստի կառավարությունը ստիպված է հաշվի նստել խիստ հակառուսական հասարակական տրամադրությունների հետ։
Հայ-ադրբեջանական համաձայնագրից առաջ Պուտինի վերջին ռեւանշիստական գործողությունը Հարավային Կովկասում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումն էր։ Քանի դեռ Վրաստանի կառավարությունը մնում է Բիձինա Իվանիշվիլիի՝ Ռուսաստանում իր կարողությունը կուտակած օլիգարխի իշխանության տակ, Պուտինը կարող է վստահ լինել, որ երկիրը կհամագործակցի։
Եթե Կրեմլը կարողանար անվիճելի գերիշխանություն ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանային հեգեմոնիայի նման դրսեւորումը թույլ կտար Վրաստանի կառավարությանը քաղաքացիներին ստիպել դաժան ընտրություն կատարել. ենթարկվել Ռուսաստանին (ինչպես դա արեց Բելառուսը) կամ հայտնվել հետագա օկուպացիայի վտանգի առջեւ։
Սակայն հիմա, երբ հայ-ադրբեջանական դոմինոն փլուզվել է, Պուտինը ստիպված կլինի վերանայել իր ծրագրերը։ Համոզիչ տվյալներ կան, որ Ադրբեջանի հետ գործարքից մի քանի շաբաթ առաջ Կրեմլը մոբիլիզացնում էր Հայաստանի ռուսամետ ընդդիմության առաջնորդներին։ Այս հակափաշինյանական «հինգերորդ շարասյունը» բաղկացած է կրեմլամետ հոգեւորականներից, եւ դրան աջակցում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը. նրանք նույնիսկ կոչ էին արել հայկական բանակին տապալել կառավարությունը։
Սակայն Փաշինյանը ավելի վճռական ու զգոն դուրս եկավ, քան շատերը (ներառյալ Կրեմլը) սպասում էին։ Նա ոչ միայն կանխեց հեղաշրջման փորձը, այլեւ մեծացրեց հակառուսական տրամադրությունները Հայաստանում, ինչը նպաստեց Ադրբեջանի հետ համաձայնագրի առաջ մղմանը։

Լուսանկարը` REUTERS
Միեւնույն ժամանակ Կրեմլը սկսեց ճնշում գործադրել Ռուսաստանի ադրբեջանցիների վրա՝ զանգվածային ձերբակալություններ, խոշտանգումներ եւ տեղահանություններ կազմակերպելով։ Հավանական նպատակն էր սպառնալ Ալիեւին սոցիալական անկարգություններով, որոնց պատճառը կլիներ հայրենադարձների ներհոսքը։ Սակայն այս խարդավանքներն էլ ցանկալի արդյունքներ չտվեցին։ Ադրբեջանը պատասխանեց՝ ձերբակալելով Ռուսաստանի քաղաքացիներին Բաքվում եւ այլ քաղաքներում, եւ հասարակական կարծիքը կտրուկ շրջվեց Ռուսաստանի դեմ։
Կրեմլի ռազմավարները հավանաբար հույս ունեին, որ Ալիեւի գաղափարական մոտիկությունը Պուտինի հետ (երկուսն էլ դեմ են ժողովրդավարությանը եւ Արեւմտյան ազդեցությանը) կօգնի նրանց համաձայնության գալ։ Սակայն Ալիեւը գիտակցեց, որ Պուտինը լծակներ էր փնտրում, որպեսզի ցանկացած պահի օգտագործի դրանք՝ թուլացնելու իր իշխանությունը։
Ալիեւը մտադիր չէ կիսել Ադրբեջանի վերահսկողությունը՝ անգամ Պուտինի հետ։ Հետեւաբար ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը եւ Վաշինգտոնի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում ավելի անվտանգ խաղադրույք թվաց, քան Պուտինից կախվածության մեծացումը։ Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի հանքային եւ էներգետիկ հսկայական պաշարները՝ Ռուսաստանը դժվար թե պարզապես հաշտվի այս ձախողումների հետ եւ կփնտրի ճնշում գործադրելու նոր եղանակներ։
Այս կարեւորագույն պահին ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի երկրները եւ Եվրամիությունը պետք է փորձեն ամրապնդել Հարավային Կովկասում ձեւավորվող խաղաղությունը։ Սա նշանակում է զգալի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանին եւ վերջ դնել Ռուսաստանի փորձերին՝ հաստատելու իր գերիշխանությունը։
Բայց ամենակարեւորն այն է, որ միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջման փորձի աջակցությունը (եւ կազմակերպումը) եւ Ադրբեջանի դեմ ճնշման արշավը։ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ առաջնորդների կողմից Հարավային Կովկասի եվրաատլանտյան ինտեգրման ձգտումներին աջակցող հրապարակային հայտարարությունները մեծապես կնպաստեն ռուսական ազդեցությունից ազատվելու ջանքերին։
Բացի այդ պետք է ուժեղացնել միջազգային ճնշումը Վրաստանի կառավարության վրա, որպեսզի այն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի, եւ Ալիեւի վրա, որին պետք է անկեղծորեն տեղեկացնել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը, մամուլի, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքները կարեւոր են Ադրբեջանի անկախության ամրապնդման համար։
Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է դադարեցնել ներքին բռնաճնշումները եւ ամրապնդել ժողովրդավարությունը, որպեսզի Արեւմուտքը նշանակալի աջակցություն ցուցաբերի Ռուսաստանի ճնշմանը դիմադրելու համար։ Վերջին հաշվով Պուտինի՝ Հարավային Կովկասում գերիշխելու ցանկությունը կարող է հակառակ արդյունք տալ եւ հանգեցնել ազդեցության լիակատար կորստի։
Այս արդյունքին հասնելու համար տարածաշրջանի առաջնորդները պետք է գործեն պատասխանատու, բնակչությունը պետք է պատրաստ լինի զոհողությունների հանուն ժողովրդավարության եւ ազատության, արեւմտյան պաշտոնյաներն էլ պետք է հեռատեսություն, խոհեմություն եւ քաջություն ցուցաբերեն։
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: