Ներկայացնում ենք Ասիական ընկերակցությանը կից գործող Ամերիկա-չինական հարաբերությունների կենտրոնի տնօրեն Օրվիլ Շելի հոդվածի թարգմանությունը:
Օրվիլ Շել
«Այսօր մենք մի դարաշրջանում ենք, իսկ վաղը՝ մեկ այլ դարաշրջանում: Ոչ ոք երբեւէ նման բան չի արել», - հանդիսավորությամբ հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդերի այգում, ամերիկյան մաքսատուրքերը 1909 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակի հասցնելուց հետո։
Իրականում դա այդպես չէ։
1949 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահ Մաոն Չինաստանում «ազատագրման օր» հայտարարեց։ Այդ պահից սկսած, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը XX դարը բաժանեց երկու դարաշրջանի՝ «մինչեւ ազատագրումը»՝ Չան Կայշիի իշխանության տակ եւ «ազատագրումից հետո»՝ Մաո Ցզեդունի իշխանության ներքո: Վերջինս Չինաստանը երեսուն տարով թաթախեց քաղաքական եւ տնտեսական քաոսի մեջ։ Թրամփի հայտարարած «ազատագրման օրը» սպառնում է նույնպիսի քաոսով եւ ցնցումներով, բայց արդեն գլոբալ մասշտաբով։
Մասնավորապես, եվրոպացիների համար իրավիճակը արեւի հանկարծակի մարում է հիշեցնում. աշխարհաքաղաքական համակարգը կորցրել է իր համախմբվածությունը եւ կանխատեսելիությունը, կարծես մոլորակները շեղվել են իրենց ուղեծրից։ Եվրոպացիները հույսները դնում էին ամերիկացիների վրա, թեեւ երբեմն արհամարհանքով էին նայում վերջինների կոպտությանն ու միամտությանը: Իսկ հիմա նրանք միայնակ են մնացել, ձգողականությունն անհետացել է, եւ նրանք ստիպված են դիմակայել ստորությամբ եւ տգիտությամբ նմանը չունեցող ԱՄՆ առաջնորդին:
Քանի որ հին աշխարհաքաղաքական կարգը չեղարկված է, Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստ են լցնել վակուումը՝ ստեղծելով այդ կարգի իրենց տարբերակը։ Բայց այս երկրներից մեկում նախկին մարքս-լենինյան ռեժիմ է՝ ռազմական տեխնիկայով, տարածքներով եւ բնական ռեսուրսներով, իսկ նրա տնտեսությունն ավելի փոքր է, քան Կանադայինը, իսկ մյուսում՝ երիտասարդացված լենինյան միակուսակցական պետություն՝ հսկայական տնտեսությամբ եւ տեխնոլոգիաների կարեւոր համաշխարհային կենտրոնով։ Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է, որ աշխարհը վերածվի ավտորիտար ռեժիմների ապաստարանի։
Եվրոպան չպետք է «փխրուն ավազով ափսե» լինի, ինչպես մի անգամ Սուն Յաթսենը անվանեց Չինաստանը դինաստիաներից հետո։ Նա պետք է ոչ միայն ամրապնդի ռազմական արդյունաբերությունը ինքնապաշտպանության համար, այլեւ փորձի աստիճանաբար վերականգնել ժողովրդավարական համաշխարհային կարգը։ Եվրոպան զուրկ չէ կարեւոր ռեսուրսներից, որոնցով կարող էր կիսվել մյուսների հետ։ Կա ֆրանս-բրիտանական միջուկային զինանոցը, որը կարող է զսպման հովանոց դառնալ մայրցամաքի համար, կան գերմանական զենքի արտադրողները, կան ուկրաինացի փորձագետներ անօդաչու տեխնոլոգիաներում, կան բրիտանական BAE-ն, ֆրանսիական Airbus-ը եւ նիդեռլանդական ASML-ը (որը մենաշնորհ ունի էքստրեմալ ուլտրամանուշակագույն լիթոգրաֆիայի EUV տեխնոլոգիայի համար, որն անհրաժեշտ է առաջադեմ միկրոչիպերի արտադրության համար)։

Լուսանկարը` REUTERS
Սակայն Եվրոպային դեռ նոր պետք է անցում կատարի դեպի դաշինքների կառուցվածք, որից ԱՄՆ-ն հրաժարվել է։ Կապեր հաստատելով Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Թայվանի, Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի հետ, եվրոպացիները չինացիներին կհասկացնեն, որ աշխարհն առանց ԱՄՆ-ի ղեկի իրենց աշխարհը չէ։ Հաշվի առնելով Թրամփի թշնամանքը ՆԱՏՕ-ի նկատմամբ, եվրոպացիները եւ ասիացիները, ում համար կարեւոր են ժողովրդավարությունը եւ համաշխարհային կարգը, պետք է գիտակցեն ԱՄՆ-ից իրենց ռազմական կախվածության եւ Չինաստանից տնտեսական կախվածության վտանգը, եւ սկսեն նոր գործընկերություններ ձեւավորել միմյանց միջեւ եւ համախոհ երկրների հետ։ Մշտապես դժգոհ Հնդկաստանը, իհարկե, կհամաձայնվի սրա հետ եւ նույնպես կարող է համագործակցության պատրաստ գործընկեր դառնալ։
Այս նոր կառուցվածքն ըստ էության այն է, ինչը ժամանակին առաջարկում էր Շառլ դը Գոլը Ֆրանսիայի համար։ 1950-ական թվականներին, Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, դը Գոլը մտավախություն ուներ, որ ԱՄՆ-ը կարող է օգնության չգալ Եվրոպային ԽՍՀՄ-ի հարձակման դեպքում։ Նա նույնիսկ ուղիղ ասաց ամերիկացիներին, թե կասկածներ ունի առ այն, որ նրանք երբեւէ կզոհաբերեն Նյու Յորքը՝ Փարիզը պաշտպանելու համար։
Արդյունքում դը Գոլը սեփական ֆրանսիական միջուկային ուժերը ստեղծեց, իսկ 1966 թվականին լքեց ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությունը (թեեւ Ֆրանսիան մնաց դաշինքի անդամ)։ Այն ժամանակ շատերը դը Գոլի քայլը պարզապես քմահաճույք համարեցին։ Բայց այժմ նրա տրամաբանությունն անսպասելիորեն մարգարեական է թվում։
Բանակցությունների, երկխոսությունների, առեւտրային համաձայնագրերի, մշակութային փոխանակումների եւ ժողովրդական դիվանագիտության միջոցով (սովորական երեւույթներ Եվրամիության արտաքին քաղաքականության համար վերջին տասնամյակներում) հնարավոր չէ փոխել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանք գլոբալ խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար գործընկերներ չեն փնտրում: Նրանք ցանկանում են փոխարինել ԱՄՆ-ին աշխարհակարգի գագաթին, այնուհետեւ փոխել բուն կարգը։
Մաոն մի անգամ հայտարարել է, որ «առանց ավերման ստեղծարարություն լինել չի կարող», եւ այս խոսքերում ճշմարտության բաժին կա։ Թրամփը եւս ավերման գործակալ է, բայց եթե Եվրոպան իրեն արժանի ձեւով դրսեւորի, Թրամփը պարադոքսալ կերպով կարող է, ի հակառակ ինքն իրեն, ստեղծարարության գործակալ դառնալ՝ նոր աշխարհակարգի մանկաբարձ, որի կենտրոնում Ամերիկան չի լինելու։

Լուսանկարը` REUTERS
Սակայն եվրոպացիները չպետք է մոռանան, որ ԱՄՆ-ն արդեն կիրառել է մեղմ հաշտեցման ռազմավարություն ոչ միայն հետխորհրդային Ռուսաստանի, այլեւ Չինաստանի նկատմամբ: 1972 թվականից ի վեր 10 նախագահներ, ներառյալ Թրամփի առաջին վարչակազմը, տարբեր եղանակներով զբաղվել են «փոխգործակցությամբ» Պեկինի հետ։
Ավա՜ղ, այդ բոլոր փորձերը ձախողվեցին, քանի որ ՉԿԿ ղեկավարությունը համոզված է, որ Ամերիկան մտադիր է տապալել իր միակուսակցական իշխանությունը, եւ կարեւոր չէ, թե ինչ են ասում ամերիկյան նախագահները։ Չինաստանում պարբերաբար հիշում են, թե ինչպես 1953 թվականին, Դուայթ Էյզենհաուերի նախագահության օրոք, պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալլեսն ասում էր, որ խորհրդային իշխանությունից «ազատագրմանը» ավելի լավ է հասնել «պատերազմ չպահանջող գործընթացների» միջոցով, այն է՝ խաղաղ «ներքին ճնշմամբ... որը կփոխի կոմունիստական ռեժիմների բնույթը»։ 1958 թվականին Դալլեսը խորհուրդ էր տալիս ամերիկացի դիվանագետներին խաղաղ միջոցներով «արագացնել էվոլյուցիան չինական-խորհրդային դաշինքի ներսում»։
Մաոյին անհանգստացնում էր այդ «խաղաղ էվոլյուցիան»։ Նա այն համարում էր
«ավելի խաբուսիկ», քան բացահայտ պատերազմը, քանի որ դրա նպատակն էր քայքայել, այնուհետեւ տապալել կոմունիստական համակարգը Չինաստանում։ Սի Ծինփինը նույնպես ընկալում է ԱՄՆ-ն որպես անփոփոխ «թշնամական օտարերկրյա ուժ»։
Այսպիսով, եվրոպացիները չպետք է մոլորվեն Չինաստանի հարցում։ Ուժեղացած ավտորիտարիզմի աշխարհում խաղաղասիրության լավագույն երաշխիքը զսպման քաղաքականությունն է՝ ռազմական ուժի, համախմբված դաշինքների, տնտեսական ազդեցության միջոցով։ ԱՄՆ-ն այլեւս չի ցանկանում առաջնորդել աշխարհի ժողովրդավարական երկրներին, ուստի Եվրոպան պետք է միջամտի։
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: