Ներկայացնում ենք Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յոշկա Ֆիշեր
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ընդամենը երկուսուկես ամիս է անցել, բայց աշխարհն արդեն հիմնովին փոխվել է։
Թրամփն արագորեն խաթարում է ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունները եւ ազատ առեւտրի գլոբալ համակարգը, որն ԱՄՆ-ն օգնեց ստեղծել 1945 թվականից հետո: ԱՄՆ տնտեսությունն աճող մաքսատուրքերով «ազատագրելու» նրա փորձը էական փոփոխություն է իր առաջին ժամկետի ընթացքում կիրառված առեւտրային պատերազմի համեստ մարտավարությունից: Ըստ Յեյլի բյուջետային լաբորատորիայի՝ ԱՄՆ-ի միջին մաքսատուրքերի դրույքաչափն այժմ ամենաբարձր մակարդակին է 1909 թվականից ի վեր:
Թրամփը նաեւ կասկածի տակ է դնում Ամերիկայի երկարամյա դաշինքները, հատկապես ՆԱՏՕ-ն եւ անվտանգության երաշխիքները, որոնք վերջինս տրամադրում է: Փետրվարի վերջին նա Օվալաձեւ աշխատասենյակում հրապարակավ նվաստացրեց Վլադիմիր Զելենսկիին, ապա Ուկրաինայի նախագահին դուրս հրավիրեց։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային փաստացիորեն դադարեց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ապահովելով ավելի բարենպաստ դիրք: Թրամփը ջանք անգամ չգործադրեց թաքցնելու այն փաստը, որ համակրում է Ռուսաստանին` ագրեսորին, ոչ թե Ուկրաինային՝ ուժասպառ ժողովրդավարությանը, որը պայքարում է իր ազատության եւ ինքնիշխանության համար:
Թրամփը նաեւ առաջարկեց, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ վերցնի Գազայի հատվածը, արտաքսի բնակչությանը այլ արաբական երկրներ եւ անկլավը վերածի հանգստավայրի։ Նա շարունակում է խոսել Կանադայի, Գրենլանդիայի եւ Պանամայի ջրանցքի բռնակցման մասին: Ըստ երեւույթին, ԱՄՆ-ին բավարար չէ վերահսկել Արեւմտյան կիսագնդի մեծ մասը. Թրամփը ցանկանում է նաեւ տիրել այն։
Բոլորը խառնաշփոթ էին սպասում, բայց քչերն էին լկտի իմպերիալիզմի պատրաստ: Փորձագետներն ու մեկնաբանները երկար ժամանակ մեկնաբանել են «Սկզբից Ամերիկան» կարգախոսը որպես մեկուսացման քաղաքականության վերածնունդ, որը գործում էր մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց Թրամփի մտքին, թերեւս, այլ բան է: Նա ուզում է աշխարհ, որտեղ մի քանի գլոբալ գերտերություններ մրցակցում են (անհրաժեշտության դեպքում՝ դաժանորեն) բնական պաշարների, հումքի եւ ազդեցության ոլորտների համար:

Լուսանկարը` REUTERS
Ներքին քաղաքականության մեջ նա թույլ տվեց աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասքին՝ Սիլիկոնյան հովտի տեխնոֆաշիստական շարժման առաջնորդին, ավերել ամերիկյան պետությունը՝ ծախսերի կրճատման, վատնումների եւ խարդախությունների վերացման եւ ապականոնակարգման քողի ներքո: Գերատեսչությունների զանգվածային կրճատումներն ու կազմաքանդումը տեւական հետեւանքներ կունենան, որոնց մասին ցավալի է նույնիսկ մտածել: Միայն USAID-ի ոչնչացումը կարող է հանգեցնել հարյուր հազարավոր մահերի Աֆրիկայում եւ աշխարհի այլ խոցելի շրջաններում:
Նման դաժան, անտեղի ավերածություններին նայելով՝ պետք է կարեւոր հարց տալ. ի՞նչ է դրանից իրականում շահում ԱՄՆ-ն: Արդյո՞ք դա կհզորացնի երկիրը։ Եթե գնահատենք վարչակազմի որոշումները՝ բացառապես հաշվի առնելով Ամերիկայի շահերը (այն է՝ պահպանել գլոբալ հզորությունն ու ազդեցությունը), ապա միակ հնարավոր պատասխանն է «ոչ»: Թրամփի քաղաքականությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, կարծես ավելի ու ավելի ուղղված է Ամերիկայի թուլացմանը կամ նույնիսկ ինքնաոչնչացմանը:
Ի վերջո, ԱՄՆ-ն ոչինչ չի շահում Եվրոպայի հանդեպ թշնամանքից։ Իր դաշնակիցներին օտարելով՝ նա ոչնչացնում է գերտերության իր կարգավիճակի հիմնական հենասյուներից մեկը։ Տասնամյակներ շարունակ «Արեւմուտքը»՝ ռազմական դաշինքների եւ առեւտրային հարաբերությունների անմրցակից աշխարհաքաղաքական շրջանակը, ծառայել է որպես ԱՄՆ հզորության եւ ազդեցության բազմապատկիչ: Ահա թե ինչու Ամերիկան հեշտությամբ հաղթեց Սառը պատերազմում եւ դարձավ պատմության մեջ ամենահզոր ուժը: Ո՞ւմ է ձեռնտու, որ այս ամենը չեղարկվի։ Միայն Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք հանգիստ հետեւում ու սպասում են, թե ինչպես է Ամերիկան ինքնասպանություն գործում:
Արդեն կարող ենք ասել, որ նախկին միջազգային կարգին վերադարձ չի լինելու։ Թրամփը ոչնչացրել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ առնվազն մեկ սերնդի համար։ Ամերիկյան պարտավորություններն այլեւս արժանահավատ չեն։ Երկրի ինստիտուտները՝ ներառյալ խոշոր լրատվամիջոցները, համալսարանները եւ իրավաբանական ընկերությունները, քանդվում են մեր աչքի առաջ: ԱՄՆ-ը կշարունակի վայելել եզակի աշխարհագրական դիրքը Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսի միջեւ, բայց մնացած աշխարհը կիմանա, որ թրամփիզմը դարձել է ամերիկյան քաղաքականության մնայուն հատկանիշը:

Լուսանկարը` REUTERS
«Արեւմուտքի» անհետացումը եւ ամերիկյան առաջատար դիրքի (եւ ժողովրդավարության) փլուզումը կտրուկ կփոխեն համաշխարհային քաղաքականությունը 21-րդ դարում: Կարգը տեղի կտա քաոսին, կմեծանա պատերազմի վտանգը, երբ մրցակից գերտերությունները կպայքարեն դիրքի համար: Ամերիկյան հասարակությունը կմնա բեւեռացված, համակված իռացիոնալիզմով եւ հակված դավադրության տեսություններին:
1935 թվականին լույս տեսած «Այստեղ սա չի կարող տեղի ունենալ» վեպում Սինքլեր Լյուիսը պատկերում է բռնապետի վերելքը՝ արտացոլելով Եվրոպայում ֆաշիստական եւ նացիստական վարչակարգերը: Այժմ՝ 90 տարի անց, նրա հակաուտոպիան նյութականանում է: Ինչպես Գյոթեն, որը 1792 թվականին Վալմիի ճակատամարտից հետո տեսավ, թե ինչպես է պրուսական բանակը նահանջում ֆրանսիական հեղափոխական ուժերի առջեւ, մենք համաշխարհային պատմության նոր դարաշրջանի մեկնարկի ականատեսն ենք: Ցավը, զրկանքներն ու անարդարությունն այսուհետ միայն կսաստկանան։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: