Ներկայացնում ենք Bill Gates: Within 10 years, AI will replace many doctors and teachers—humans won’t be needed ‘for most things’ հայերեն թարգմանությունը:
Հաջորդ տասնամյակում ԱԲ-ի առաջընթացը կնշանակի, որ աշխարհում «շատ բաների համար» մարդիկ այլեւս պետք չեն լինի: Այդ մասին ասել է Microsoft-ի համահիմնադիր ու միլիարդատեր բարերար Բիլ Գեյթսը՝ NBC հեռուստաալիքի «The Tonight Show»-ում կատակերգու Ջիմի Ֆելոնին հետ հարցազրույցի ժամանակ:
Այս պահին «հիանալի բժիշկները» կամ «հիանալի ուսուցիչները» «հազվադեպ» են, ասել է Գեյթսը: Բայց «ԱԲ-ի շնորհիվ հաջորդ տասնամյակում այս ծառայությունները անվճար եւ սովորական կդառնան», - կանխատեսում է նա:
Այլ կերպ ասած՝ աշխարհը թեւակոխում է նոր դարաշրջան, որը Գեյթսն անվանում է «ազատ բանականություն»։

Լուսանկարը` REUTERS
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր եւ երջանկության փորձագետ Արթուր Բրուքսին նախորդ ամիս տված հարցազրույցում Գեյթսն ասել է, որ արդյունքում արագ կզարգանան ԱԲ-ով աշխատող տեխնոլոգիաները, որոնք հասանելի են եւ առնչվում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ բարելավված դեղամիջոցներից եւ ախտորոշումներից մինչեւ լայնորեն հասանելի ԱԲ դասավանդողներն ու վիրտուալ օգնականները:
«Սա շատ խորքային երեւույթ է եւ նույնիսկ մի քիչ վախեցնող, քանի որ տեղի է ունենում շատ արագ, իսկ վերին սահման գոյություն չունի», - խոստովանում է Գեյթսը:
Բանավեճն այն մասին, թե ինչպես են մարդիկ ինտեգրվելու է ԱԲ-ով աշխատող ապագայում, չի դադարում: Որոշ փորձագետներ ասում են, որ ԱԲ-ն կօգնի մարդկանց ավելի արդյունավետ աշխատել եւ ոչ թե ամբողջությամբ կփոխարինի նրանց:
Մյուսները, օրինակ՝ Microsoft AI-ի գործադիր տնօրեն Մուստաֆա Սուլեյմանը, հակադարձում են, որ տեխնոլոգիական առաջընթացը հաջորդ մի քանի տարիների ընթացքում կվերափոխի աշխատատեղերի մեծ մասը գրեթե բոլոր ոլորտներում եւ «չափազանց ապակայունացնող» ազդեցություն կունենա աշխատուժի վրա:
«Այս գործիքները միայն ժամանակավորապես կնպաստեն մարդկային բանականությանը, - գրել էր Սուլեյմանը դեռ 2023 թվականին լույս տեսած «Գալիք ալիքը» գրքում: - Որոշ ժամանակ դրանք մեզ ավելի խելացի եւ արդյունավետ կդարձնեն եւ հսկայական տնտեսական աճի խթան կհանդիսանան, բայց դրանք հիմնովին կփոխեն աշխատանքի շուկան»:

Լուսանկարը` REUTERS
Գեյթսը վստահ է, որ ԱԲ-ն օգտակար կլինի մարդկությանը մահացու հիվանդությունների բուժման, կլիմայի փոփոխության նորարարական լուծումների եւ բոլորին հասանելի բարձրորակ կրթության հարցերում:
Խոսելով Ֆելոնի հետ՝ Գեյթսը վերահաստատել էր իր համոզմունքը, որ որոշ աշխատատեղեր, հավանաբար, երբեք չեն փոխարինվի ԱԲ-ով՝ նշելով, որ մարդիկ թերեւս չեն ցանկանա տեսնել, օրինակ, բեյսբոլ խաղացող մեքենաներ:
«Որոշ բաներ մենք կվերապահենք մեզ: Բայց ինչ վերաբերում է իրեր պատրաստելուն, դրանք տեղափոխելուն եւ մթերք աճեցնելուն, ժամանակի ընթացքում դրանք հիմնականում լուծված խնդիրներ կլինեն», - վստահ է նա:
Այն մասին, որ ԱԲ-ի զարգացմանն ուղեկցում են «հասկանալի եւ իրական» մտահոգությունները, Գեյթսը իր բլոգում գրել էր երկու տարի առաջ: Այսօրվա լավագույն ԱԲ ծրագրերը լի են սխալներով եւ հեշտությամբ կարող են, օրինակ, առցանց կեղծիքներ տարածել:
Բայց եթե Գեյթսը ստիպված լիներ զրոյից նոր բիզնես սկսել, ապա կգործարկեր «ԱԲ-կենտրոն» ստարտափ: Այդ խոստովանությունը արել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ CNBC հեռուստաընկերության «Make It» ծրագրի եթերում:
«Այսօր կարելի է միլիարդավոր դոլարներ ներգրավել նոր ԱԲ ընկերության համար, որն [ընդամենը] մի քանի գաղափարների սեւագիր է, - ասել էր նա՝ հավելելով․ - «Ես խրախուսում եմ երիտասարդներին Microsoft-ում, OpenAI-ում՝ որտեղ էլ լինեն. «Ահա՛ նոր հորիզոնը: Դուք ավելի թարմ աչքով եք նայում դրան, քան ես, սա ձեր ֆանտաստիկ հնարավորությունն է»:

Լուսանկարը` REUTERS
Գեյթսը մոտ մեկ տասնամյակ առաջ կանխատեսել էր արհեստական բանականության գալիք հեղափոխությունը։
«ԱԲ ոլորտում աշխատանքն այսօր իրոք լուրջ մակարդակի վրա է, - ասել էր Գեյթսը 2017 թվականին Կոլումբիայի համալսարանում Berkshire Hathaway-ի գործադիր տնօրեն Ուորեն Բաֆեթի հետ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Նա մատնանշել էր Google-ի DeepMind AI լաբորատորիայի «կարեւորագույն փուլանիշը», երբ ստեղծվել էր համակարգչային ծրագիր, որը կարող էր հաղթել մարդկանց «Գո» սեղանի խաղում:
Արդեն 2023 թվականին Գեյթսը ապշած էր ԱԲ-ի զարգացման արագությունից: Նա մարտահրավեր նետեց OpenAI-ին՝ առաջարկելով ստեղծել մի մոդել, որը կարող է բարձր գնահատական ստանալ ավագ դպրոցի կենսաբանության քննությունից: Գեյթսը կարծում էր, որ դա անելու համար կպահանջվի երկու-երեք տարի, բայց երբ OpenAI-ը գործն ավարտեց մի քանի ամսում, Գեյթսը դա անվանեց «տեխնոլոգիական ամենակարեւոր առաջընթացը 1980 թվականին գրաֆիկական միջերեսի (ինտերֆեյսի) ստեղծումից հետո»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: