Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Իեն Բրեմեր
Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետն ավելի մեծ ազդեցություն է ունենում համաշխարհային քաղաքականության վրա, քան առաջինը: Այն ժամանակ նա ավելի սահմանափակված էր երկրի ներսում եւ առնչվում էր արտերկրում համեմատաբար ավելի ուժեղ գործընկերների հետ: Բայց «Թրամփ 2.0»-ի առաջին երկու ամիսները փշրեցին շարունակականության պատրանքը:
Ասիայում ԱՄՆ առանցքային գործընկերները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, ինչպես նաեւ Ավստրալիան, վախենում են սակագների ներդրումից եւ կանեն հնարավոր ամեն ինչ հակամարտությունը կանխելու համար: Նրանք գիտեն, որ Չինաստանի նկատմամբ իրենց աշխարհաքաղաքական դիրքը նշանակում է, որ Թրամփը չի կարող իրեն թույլ տալ ամբողջովին հեռանալ նրանցից: Ուստի, նրանց հարաբերությունները Վաշինգտոնի հետ պետք է համեմատաբար կայուն մնան հաջորդ չորս տարիների ընթացքում:
Մեքսիկան եւ Կանադան՝ Ամերիկայի խոշորագույն առեւտրային գործընկերները, ավելի զգալի առեւտրային ճնշման են ենթարկվում Թրամփի վարչակազմի կողմից, բայց ուժերի անհավասարակշռությունն այնպիսին է, որ նրանք հակազդման իրական ռազմավարություն չունեն: Բոլորը հասկանում են, որ ի վերջո պետք է ընդունեն Թրամփի պայմանները: Միակ հարցն է՝ կապիտուլյացիան կլինի՞ ծախսատար պայքարից առաջ, թե՞ հետո: 85%-անոց վարկանիշ ունեցող Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը բավականաչափ ներքին քաղաքական տարածք է վայելում՝ զիջելու Թրամփի պահանջներին՝ վերջինիս բարեհաճությունը պահպանելու համար: Կանադացի առաջնորդները, հակառակը, պայքարելու համար քաղաքական խթանիչ ունեն, քանի որ Թրամփի սպառնալիքները Կանադայի տնտեսության եւ ինքնիշխանության նկատմամբ կտրուկ բորբոքել են ազգայնական տրամադրությունները սահմանից հյուսիս՝ ապրիլի 28-ի ընտրություններին ընդառաջ: Այնուամենայնիվ, ես ակնկալում եմ, որ Օտտավան լուռ կհանձնվի քվեարկությունից անմիջապես հետո, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գործառնական մնան:
ԱՄՆ-ի դաշնակիցների մեծ մասն այլ ընտրություն չունի, քան ընդունել Թրամփի պահանջները եւ վերագործարկման հույսեր փայփայել՝ նրա հեռանալուց հետո: Բայց Եվրոպան ունի ինչպես կոլեկտիվ ուժ՝ դիմադրելու Թրամփի պահանջներին, այնպես էլ դա անելու գոյութենական անհրաժեշտություն:
Նախ, Եվրոպական Միության շուկայի չափերը թույլ են տալիս դիմակայել Թրամփի վարչակազմի ագրեսիվ սակագնային հարձակումներին: Ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս առեւտրային գործընկերների մեծամասնության, որոնք Վաշինգտոնին դիմակայելու համար տնտեսական լծակներ չունեն, Բրյուսելի դիմադրությունը կապահովի երկարատեւ առեւտրային պատերազմ՝ առանց հեշտ լուծումների:
Երկրորդ՝ եվրոպացիների մեծ մասը Ռուսաստանի հետ մերձեցման Թրամփի վարչակազմի ձգտումը դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Թեեւ Թրամփը դեռ ցանկանում է ավարտել պատերազմը Ուկրաինայում, ինչպես խոստացել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա պատրաստ է դա անել Կրեմլի պայմաններով: Նրան չի կանգնեցնի նաեւ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների ձախողումը, թեեւ հենց Վլադիմիր Պուտինը հետաքրքրություն չի ցուցաբերել իր մաքսիմալիստական պահանջները մեղմելու հարցում: Թրամփը նաեւ չի անհանգստանա, որ եվրոպացիները վճռականորեն դեմ են ԱՄՆ-ի եւ իրենց գլխավոր թշնամու միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Ի վերջո, Միացյալ Նահանգները Պուտինի բանակից պաշտպանված են երկու օվկիանոսներով, իսկ Թրամփի աջակցությունը եվրոսկեպտիկ շարժումներին բացահայտում է նրանց ընդհանուր նպատակը՝ թուլացած Եվրոպա, որտեղ ավելի հեշտ է գերիշխել:

Լուսանկարը` REUTERS
ԱՄՆ նախագահի հռետորաբանությունը հստակ ցույց է տալիս, որ ներկայիս վարչակազմը եվրոպացիներին դիտարկում է ոչ թե որպես դաշնակիցներ, այլ որպես «խղճուկ ձրիակերներ», որոնց սկզբունքորեն չպետք է «փրկել»: Եվրոպացիներն այժմ հասկանում են, որ թշնամական ԱՄՆ-ի վրա հենվելը իրենց գոյատեւման համար ռազմավարական ինքնասպանություն է:
Սա մեզ բերում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ ճեղքվածքի երրորդ եւ վերջին գործոնին՝ ընդհանուր արժեքներին ... կամ դրանց բացակայությանը: Ազատ առեւտրից եւ կոլեկտիվ անվտանգությունից մինչեւ տարածքային ամբողջականություն եւ օրենքի գերակայություն՝ Եվրոպայի հիմնարար սկզբունքներն այժմ անաթեմա են Թրամփի Ամերիկայի համար: Բավական է հիշել Թրամփի կրկնվող սպառնալիքները՝ բռնակցելու Գրենլանդիան, պատրաստակամությանը որպես ռուսական ճանաչել Ուկրաինայի ապօրինի բռնակցված տարածքները եւ աջակցել Իսրայելի կողմից Արեւմտյան ափի եւ Գազայի մի մասի բռնակցմանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրների վրա կառուցված Եվրոպական միության համար դժվար է փոխզիջման գնալ մի աշխարհայացքի հետ, որում սահմանները պայմանական են, իսկ ուժը իրավունք է ապահովում:

Լուսանկարը` REUTERS
Եվրոպացի առաջնորդները, թվում է, վերջապես հասկացել են, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը ոչ թե պարզապես անվստահելի բարեկամ է, այլ ակտիվ թշնամական ուժ: Նրանք հասկանում են, որ անհրաժեշտ է կտրուկ մեծացնել Եվրոպայի ինքնիշխան ռազմական, տեխնոլոգիական եւ տնտեսական հնարավորությունները՝ ոչ միայն առանց Ամերիկայի գոյատեւելու, այլեւ նրանից սահմանները, տնտեսությունը եւ ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Բայց կկարողանա՞ն արդյոք նրանք ցուցաբերել քաղաքական վճռականություն՝ այս գիտակցության համաձայն գործելու համար: Սա Եվրոպայի ամենամեծ փորձությունն է 1945 թվականից հետո:
Կիսամիջոցները բավարար չեն լինի: Եթե եվրոպացիները հրաժարվեն զորքեր ներգրավել՝ երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունը կրակի դադարից հետո՝ ամերիկյան աջակցության բացակայության պայմաններում, եւ շարունակեն խուսափել Ռուսաստանի սառեցված ակտիվները վերցնելուց եւ Հունգարիայի վետոն հաղթահարելուց, դա կհաստատի իմ կարծիքը, որ ԵՄ-ն վճռականություն չունի՝ գոյատեւելու ջունգլիների օրենքներով կառավարվող աշխարհում, որտեղ Թրամփը եւ Պուտինը հրաժարվում են որեւէ կանոններով խաղալ:
Հեգնանքն այն է, որ Եվրոպան ունի ռեսուրսներ եւ հնարավորություններ՝ պաշտպանելու իրեն, իր արժեքները եւ իր քաղաքացիներին: Պակասում է գործելու կոլեկտիվ խիզախությունը եւ անկարողությունը պատկերացնել, որ հիմա 1938 թվականն է, ոչ թե 1998-ը:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: