Ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիեւի արձանները - Mediamax.am

225 դիտում

Ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիեւի արձանները


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Azertag

Լուսանկարը` Getty Images


Ներկայացնում ենք BBC-ի ռուսական ծառայության Дипломатия в граните. Как Азербайджан экспортирует памятники Гейдару Алиеву հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մոսկվայում, շատ այլ մայրաքաղաքների օրինակով, տեղադրվելու է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի արձանը։ Դրա հիմքը դրվել է Մոսկվայի եւ Բաքվի բարդացած հարաբերությունների ֆոնին։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Մոսկվայում Հեյդար Ալիեւի հուշարձան կանգնեցնելու խնդրանքով Ռուսաստանի իշխանություններին դիմել էր Բայկալ-Ամուր մայրուղու (ԲԱՄ) շինարարների համայնքը. 1980-ականներին անկախ Ադրբեջանի ապագա նախագահը գլխավորում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի ԲԱՄ-ի կառուցման եւ զարգացման հանձնաժողովը։

Հեյդար Ալիեւը «վերահսկում էր այս շինարարական նախագիծը, կարծես դա իր սեփական երեխան լիներ», - «Առաջին ալիքի» եթերում ասել էր Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ Ալեքսանդր Բիչկովը:

Սոբյանինի խոսքով՝ ԲԱՄ-ի աշխատակիցները դիմել էին խնդրանքով դեռ անցյալ տարի՝ շինարարության 50-ամյակի կապակցությամբ։ Առաջին քարը դրվել էր Ադրբեջանի դեսպանատան հարակից այգում ս.թ. մարտի 4-ին։

Մոսկվան փորձում է հարթել Բաքվի հետ հարաբերությունները անցյալ տարվա վերջից, երբ Ակտաուի մոտ կործանվեց Գրոզնի թռչող AZAL ընկերության ինքնաթիռը։ Ադրբեջանի կարծիքով, ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն էր խնդրել նախագահ Իլհամ Ալիեւից «ողբերգական միջադեպի» համար, սակայն չէր ընդունել Ռուսաստանի պատասխանատվությունն աղետի համար։

Այդ ժամանակից ի վեր Բաքվում փակվել են ռուսական մշակութային «Ռուսական տունը» եւ ռուսական պետական Sputnik գործակալության ներկայացուցչությունը, իսկ ադրբեջանական տեղեկատվական դաշտում կրկին սկսվել են ռուսական դպրոցների փակման մասին քննարկումները։

Հեյդար Ալիեւի հուշարձանի հիմնադրումը «կարեւոր մշակութային եւ հումանիտար իրադարձություն» կլինի երկու երկրների համար, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր երկրում պահպանում ենք հիշողությունը եւ մեծ ջերմությամբ ու հարգանքով ենք վերաբերվում այս պայծառ, բացառիկ, տաղանդավոր մարդուն ու պետական գործչին», - հավելել էր նա:

Ադրբեջանի հանգուցյալ նախագահի հիշատակը պահպանվում է ոչ միայն Ռուսաստանում։ Նրա արձանները սկսել են տարածվել ամբողջ աշխարհով 2003 թվականին Ալիեւի մահից անմիջապես հետո։

Լուսանկարը` Azertag


Հուշարձաններ են տեղադրվել սերբական Բելգրադում եւ Նովի Սադում, Բուխարեստում, Կիեւում, վրացական Թբիլիսիում եւ Ռուսթավիում, Կանադայում, Եգիպտոսում եւ Մեքսիկայում։

Ինչի համար են պետք Ալիեւի հուշարձանները արտերկրում

2007 թվականի վերջին Բաքվի արվարձանում բացվել էր Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը, իսկ մի քանի ամիս անց Կահիրեի մոտ բացվեց Հեյդար Ալիեւի հուշարձանը։

Մեկ տարի անց Մուբարաքի կինը՝ Սյուզանը, այցելել էր արձանի մոտակայքում գտնվող դպրոցը, որտեղ իրեն պատմել էին, որ այնտեղ երկու առաջնորդների «ժառանգությունների ուսումնասիրության» հատուկ դասընթաց են դասավանդում։

«Դա դարձել է ժամանակակից ադրբեջանական պետության արտաքին քաղաքական նպատակներից մեկը՝ ընդգծել Ադրբեջանի ներկայությունը այլ երկրներում նոր արձաններով», - 2011 թվականին ասում էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը:

Այն երկրները, որոնք ցանկանում են որոշակի տնտեսական նախապատվություններ ունենալ Ադրբեջանի հետ հարաբերություններում, նշում էր նա, պատրաստ են դրան:

2011 թվականին Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո ապամոնտաժվել էր Ալիեւի հուշարձանը Կահիրեում եւ Մուբարաքի հուշարձանը՝ Բաքվում։

2004 թվականին Հեյդար Ալիեւի արձանը բացվեց Թբիլիսիում։ Նրա պատվին վերանվանվել էր նաեւ Քուռի առափի մի մեծ հատված։

Այն ժամանակ Վրաստանը ղեկավարում էր Միխեիլ Սաակաշվիլին, որը ջերմ հարաբերությունների ուներ Իլհամ Ալիեւի հետ։ Բացի այդ, Վրաստանն ու Ադրբեջանը ամուր հարաբերություններ ունեն նավթի, գազի եւ միջազգային հաղորդակցության ոլորտներում։

Ոչ բոլորին է դուր գալիս

«Պարոն Ալիեւի արձանը կասկածելի պատիվ է Մեխիկոյի համար, եւ Մեխիկոն Ալիեւին ոչնչով պարտական չէ»,- 2013 թվականին ասել էր Մեքսիկայի մայրաքաղաքի միջազգային հարցերով համակարգող Կուաւտեմոկ Կարդենասը։

Լուսանկարը` Getty Images


Դրան նախորդել էր հուշարձանի դեմ հասարակական արշավը։ Քննադատներից մեկի խոսքով, նա New York Times-ում կարդացել էր Ալիեւի մահախոսականը, որտեղ նա նկարագրվում էր որպես «խորհրդային հետախուզության նախկին գեներալ, որը 30 տարի երկաթե բռունցքի մեջ է պահել Ադրբեջանը, սկզբում որպես խորհրդային առաջնորդ, իսկ հետո՝ որպես ընտրված նախագահ»:

Ադրբեջանի դեսպանատունը բողոքում էր։ Հարցն այն էր, որ Բաքուն ֆինանսավորել է ոչ միայն արձանի կառուցումը Ռեֆորմի պողոտայում, այլեւ մոտակա այգու բարեկարգումը, որը, ըստ լրագրողների հաշվարկների, մոտ 5 միլիոն դոլար էր արժեցել։

Ինչպես այն ժամանակ BBC-ին տված հարցազրույցում ասել էր Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, արձանի տեղադրումը եւ այգու վերակառուցման աշխատանքները երախտագիտության նշան էին Մեքսիկային՝ Ադրբեջանի անկախությունն առաջիններից մեկը ճանաչելու համար:

Հաղորդվում էր, որ հուշարձանի ապամոնտաժմանն ի պատասխան՝ Բաքուն սառեցրել է Մեքսիկայում ծրագրված նախագծերում ներդրումները:

Երկրները պատրաստ են ընդունել Ալիեւի արձանները ոչ միայն դիվանագիտական փոխադարձության շրջանակներում, այլեւ, հավանաբար, այն պատճառով, որ արձանի տեղադրումը ուղեկցվում է շրջակա տարածքի բարեկարգմամբ։

Աստրախանի առափի վրա՝ հուշարձանի կողքին, ադրբեջանական փողերով կառուցվել է Բարեկամության հետիոտնային կամուրջը եւ Հեյդար Ալիեւի հրապարակը։ Կամուրջի կառուցման համար Ադրբեջանը հատկացրեց մոտ 1,3 մլն դոլար։

Կիեւում հուշարձանի շուրջ արեւելյան ոճի որմնանկարով, աստիճանավոր պարտեզով եւ շատրվանով զբոսայգի է բացվել։ Շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։

Լուսանկարը` Getty Images


Բելգրադում Ալիեւի հուշարձանը գտնվում է Թաշմայդան զբոսայգում, որը բարեկարգվել է Ադրբեջանի միջոցներով։

Միակ առաջնորդը

Բռնաճնշումներից փախած ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Եվրոպայում՝ պահանջելով քանդել Ալիեւի արձանները։

Իրենց հայրենիքում անխտիր բոլոր քաղաքում կան Հեյդար Ալիեւի արձաններ։ Ալիեւի պատվին անվանակոչված են օդանավակայաններ, այգիներ, մզկիթներ, սպորտային համալիրներ, գործարաններ եւ այլն։

Հեյդար Ալիեւը անցյալի միակ առաջնորդն է, ում հիշատակը թույլատրվում է հարգել հրապարակայնորեն։ Իր կենդանության օրոք այդպիսինն էր 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն։ Բայց Իլհամ Ալիեւի օրոք նրա հուշարձանները քանդում են։

Ոչ բոլոր ադրբեջանցիներն են սիրում Ալիեւ ավագի անձի պաշտամունքը, սակայն դրա դեմ բողոքելը վտանգավոր է։

Մայիսի 10-ը՝ Հեյդարի ծննդյան օրը, ազգային տոն է, որը կոչվում է «Ծաղկի տոն»։ 2016 թվականին՝ տոնակատարություններին նախորդող գիշերը, երկու տեղացի անարխիստներ՝ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմը, հուշարձանի վրա գրել էին «Շնորհավոր ստրուկների օրը»։

Արդեն հաջորդ առավոտյան ոստիկանները նրանցից մեկի մոտ երկու կիլոգրամ հերոին էին հայտնաբերել։ «Ստրուկ» (qul) և «ծաղիկ» (gül) բառերը տարբերվում են «u»-ի վերեւում երկու կետով, եւ, զարմանալով ակտիվիստների մոտ հայտնաբերված թմրանյութերի քանակից, մարդիկ կատակում էին, որ յուրաքանչյուր բացակայող կետի համար նրանք ստացան մեկ կիլոգրամ։ Մամեդովն ու Իբրահիմը բանտում անցկացրեցին գրեթե երեք տարի։

Հեյդար Ալիեւի ոչ պաշտոնական տիտղոսներից մեկը «ժողովրդական առաջնորդն» է։ Բայց Բաքվում այս առաջնորդի յուրաքանչյուր հուշարձանի մոտ պահակներ կան։

Ալիեւը՝ երաժիշտների եւ բանաստեղծների փոխարեն

Որոշ վրացիներ կնախընտրեին Հեյդար Ալիեւի փոխարեն տեսնել ադրբեջանցի ջազ երաժիշտ Վագիֆ Մուստաֆա-զադեի հուշարձանը, որը հայտնի էր երկու երկրներում եւ շատ կապեր ուներ Թբիլիսիի հետ։

2011 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության խմբագիր Չինգիզ Սուլթանսոյը բաց նամակ էր հղել ԱԳՆ-ին՝ հարցնելով, թե ինչու ադրբեջանական մշակույթը, օրինակ՝ բանաստեղծներին, քարոզելու փոխարեն ամբողջ աշխարհում Ալիեւի արձաններ են կանգնեցվում։

Սուլթանսոյը պատասխան չստացավ, իսկ 2015 թվականին՝ «Ազատության» գրասենյակի փակումից անմիջապես հետո փախավ Եվրոպա։

«Այս իշխանության նպատակը ոչ թե Ադրբեջանի առաջխաղացումն է, այլ ռեժիմը լեգիտիմացնելը»,- ասում է Սուլթանսոյը, - բռնապետերի արձանները վաղ թե ուշ տապալվելու են, նույնիսկ այն արձանները, որոնց տեղադրելու համար միլիոններ են ծախսվել եւ վարկեր են խոստացվել»։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին