«Սատանան մանրուքներում է». ԱՄՆ-ը չպետք է անտեսի Երեւանի եւ Բաքվի չլուծված հարցերը - Mediamax.am

457 դիտում

«Սատանան մանրուքներում է». ԱՄՆ-ը չպետք է անտեսի Երեւանի եւ Բաքվի չլուծված հարցերը


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք «Պատասխանատու պետականության Քուինսիի ինստիտուտի» եվրասիական ծրագրի կրտսեր գիտաշխատող Արթին ԴերՍիմոնյանի Too optimistic? Azerbaijan-Armenia peace deal looms at last հոդվածի հայերեն թարգմանությունը:

Արթին ԴերՍիմոնյան

Մարտի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը անսպասելիորեն տեղեկացրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես համաձայնության են եկել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման շրջանակային համաձայնագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ։

Այս ակնհայտ առաջընթացը տեղի ունեցավ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո բանակցային գործընթացի մեկնարկից մոտ չորս տարի անց: Թեեւ նման դիվանագիտական հաղթանակները պետք է ողջունել, հատկապես երբ այլընտրանքը ռազմական բռնության շարունակական սպառնալիքներն  են, «սատանան մանրուքների մեջ է»:

Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն այժմ ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ եւ կհանի Հայաստանի անկախության հռչակագրի նախաբանի հղումը, որը, Բաքվի կարծիքով, տարածքային պահանջներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով Լեռնային Ղարաբաղի միավորումը այն ժամանակվա Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հետագայում հայտարարություն տարածեց, որտեղ շեշտվում է, որ նման փոփոխությունները «նախապայման են բանակցային տեքստի ստորագրման համար»։ Բացի այդ, ԱԳՆ-ն նշել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը։ Թեեւ Երեւանը փաստացի արդեն աջակցություն էր հայտնել դրան համաձայնագրի ստորագրման դեպքում, Բաքվի կարծիքով, դա նշանակում է Ադրբեջանի վերջնական հաղթանակը Լեռնային Ղարաբաղի պատերազմում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի ուշ հաստատեց այս միտքը եւ ավելացրեց, որ «մենք չենք վստահում նրանց ոչ մի խոսքին»։ «Որովհետեւ նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը», - ավելացրեց նա:

Լուսանկարը` Kremlin.ru


Հայկական կողմը, ակնհայտորեն զարմացած Ադրբեջանի «միակողմանի հայտարարությունից», բացատրեց, որ Երեւանն ընդունել է համաձայնագրի նախագծի «երկու չլուծված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները»։ Ավելին, Երեւանն ընդգծեց իր տեսակետը, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», եւ որ իրենք «պատրաստ են խորհրդակցություններ սկսելու Ադրբեջանի հետ՝ համաձայնագրի ստորագրման ժամանակի եւ վայրի վերաբերյալ»։

Համաձայնագրի նախկինում չլուծված այդ երկու հոդվածները վերաբերում էին սահմանի երկայնքով երրորդ կողմի ներկայության բացակայությանը եւ միջազգային դատարաններից հայցերի փոխադարձ ետ կանչելուն: Առաջինը վերաբերում է Հայաստանի սահմանի վրա Եվրամիության քաղաքացիական դիտորդների ներկայությանը, որոնց մանդատը վերջերս երկու տարով երկարացվել է։ Երեւանը, ըստ երեւույթին, համաձայնել է Բաքվի կողմից ձեւակերպված այս երկու կետերին, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր անվտանգության խորհրդի հետ խորհրդակցություններից հետո «ներկայիս բովանդակությունը կարող է համարվել Հայաստանի համար ընդունելի փոխզիջումային տարբերակ»:

Ցանկացած լավատեսություն պետք է ուղեկցվի նույնչափ (եթե ոչ ավել) զգուշությամբ, քանի որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից զիջումներ կորզել, ներառյալ սահմանադրական փոփոխությունները, որպես համաձայնագրի ստորագրման պայման:

Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մեծանում է ամերիկյան ճնշումը Իրանի վրա, եւ շարունակվում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ քննարկումները, ինչը ցույց է տալիս, որ Երեւանը հաշվի է առնում ավելի լայն միջազգային դինամիկան այս լրացուցիչ փոխզիջումներին համաձայնելիս: Էլ չենք խոսում Հայաստանի սեփական շահերի մասին՝ կանխելու բռնության սրացումը տարածաշրջանում։:

Քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը շեղել է Ուկրաինայի պատերազմը, Հայաստանն ունի եզակի շանս, որին նպաստել են Մոսկվայի սխալ ռազմավարական հաշվարկները՝ նվազեցնելու իր կախվածությունը եւ օգտվելու նոր հնարավորությունները:


Հաշվի առնելով, որ Թրամփի նոր վարչակազմը ձգտում է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եւ նույնիսկ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր վերակազմավորումը, Հայաստանի շանսերը կարող են նվազել: Եթե Ռուսաստանը բարենպաստ համաձայնության գա Ուկրաինայում եւ, ինչն ավելի կարեւոր է Հարավային Կովկասի համար, ավելի լայն ռազմավարական քննարկում սկսի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, Մոսկվայի ուշադրությունը իր մյուս սահմանամերձ շրջանների նկատմամբ, հավանաբար, կմեծանա: Այս լայն տեղաշարժերը, որոնք ազդել են նաեւ իր դերը արագ փոփոխվող աշխարհում որոնող Եվրոպական միության վրա, անդրադարձել են նաեւ Երեւանի հաշվարկների վրա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը բացահայտ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով նվազեցնելու իր չափից ավելի մեծ կախվածությունը Ռուսաստանից եւ ավելի սերտ կապեր հաստատելու Եվրոպայի եւ այլ երկրների հետ: Բացի Ադրբեջանի հետ փակ սահմանից, ավելի քան 30 տարի փակ է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանը՝ լրջորեն սահմանափակելով Երեւանի ռազմավարական մանեւրելու հնարավորությունը եւ տնտեսական ներուժը։ Սակայն Անկարան Երեւանի հետ իր կարգավորումն ուղղակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթացի հետ:

Հայաստանը թերեւս հույս ունի, որ այս զարգացումը (չնայած Ադրբեջանի համառությանը) բավական կլինի, որ Թուրքիան քայլ անի հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման ուղղությամբ, թեեւ Անկարան ավելի վաղ ասել էր, որ առաջընթացը կապված է Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնագրի ստորագրման հետ։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի մասին լուրերին նախորդում են շաբաթներով, եթե ոչ ամիսներով շրջանառվող լուրերը, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սրման գնալ Հայաստանի դեմ, որ ճնշում գործադրի Երեւանի վրա՝ ընդունելու Բաքվի պահանջները: Սա հիշեցնում է ադրբեջանական նախկին մարտավարությունը, որը շարունակ բռնությամբ է սպառնում Հայաստանից զիջումներ կորզելու համար:

Բանակցային այս գործընթացը շարունակվում է այն ժամանակ, երբ Բաքվի բանտում առնվազն 23 հայ կա, որոնք դատվում Լեռնային Ղարաբաղում ներգրավվածության համար, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքը, իսկ Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անխոչընդոտ երթեւեկության համար։

Ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք վերջնական համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի կարճ ժամանակում, թե՞ Ադրբեջանը չի համաձայնի դրան, քանի դեռ Հայաստանը չի կատարել սահմանադրական փոփոխությունները՝ գործընթաց, որը տեղի չի ունենա նախքան 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները:


Բացի այդ, կարեւոր կլինի նաեւ Թուրքիայի արձագանքը. արդյո՞ք այս վերջնական, բայց դեռ չստորագրված համաձայնագիրը բավարար է, որ Անկարան առաջ տանի Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Թեեւ համաձայնագիրը միջազգային աջակցության է արժանացել, Վաշինգտոնը եւ մյուս մայրաքաղաքները չպետք է աչքերը փակեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների դեռ չլուծված տարրերի ու վեճերի վրա։

Տասնամյակների ծանր բեռը կրող դաժան մրցակցությունը չի կարող լուծվել մեկ (դեռեւս գոյություն չունեցող) գրչի հարվածով: Խոր կասկածների եւ երկարատեւ անվստահության մթնոլորտում իրական խաղաղության հաստատման համար թերեւս սերունդ պետք է փոխվի: Դեռեւս շատ դժվար աշխատանք կա անելու, եւ ցանկացած համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կլինի միայն առաջին քայլը ապագա ոլորապտույտ ճանապարհին:  

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին