Վատ բանակցված խաղաղությունն ավելի վտանգավոր է, քան ստատուս քվոն - Mediamax.am

367 դիտում

Վատ բանակցված խաղաղությունն ավելի վտանգավոր է, քան ստատուս քվոն


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի What Armenia Peace Processors Should Learn from Cyprus and Yemen հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Հայաստանի արտգործնախարարությունը մարտի 14-ին հայտարարեց, որ ընդունել է Ադրբեջանի վերջին երկու չկատարված պահանջները եւ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել հարեւանի հետ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն գովաբանեց պայմանագիրը։ «Այժմ ժամանակն է հաստատելու խաղաղություն, ստորագրելու եւ վավերացնելու պայմանագիրը, սկիզբ դնելու Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին», - հայտարարեց նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես դրական գնահատեց պայմանագիրը։ «Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ խոչընդոտներ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար», - գրեց նա X-ում:

Նման գովեստը վաղաժամ է, եթե ոչ միամիտ։

Լուսանկարը` REUTERS


Համաձայնագրի տեքստը մնում է գաղտնի (ինչն ամեն դեպքում լավ նշան չէ), սակայն հաղորդվում է, որ Հայաստանի կողմից վերջնական զիջումները ներառում են միջազգային դիտորդների արտաքսումը: Նրանք հաջողությամբ վերահսկում էին սահմանը՝ դժգոհություն առաջացնելով Ադրբեջանում, որը շարունակում է գրավել հայկական տարածքը Ջերմուկի մերձակայքում: Երկրորդը՝ Հայաստանը համաձայնել է փոխել իր սահմանադրությունը եւ հանել հղումները Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին։ Այս հայկական շրջանը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը էթնիկ զտման էր ենթարկել՝ վերջ դնելով իր 1700-ամյա քրիստոնեական համայնքին:

Ադրբեջանի նման պահանջը եւ հայկական համաձայնությունը հատկապես տարօրինակ են, քանի որ չեն անդրադառնում Ադրբեջանի անուղղակի ռեւանշիզմին, որով նա ընդունում է իր 1918 թվականի անկախության հռչակագիրը. փաստաթուղթ, որը հավակնում էր Հարավային Կովկասում հայկական հողերի հսկայական մասին:

Հիշենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա խոսքերը. «Ադրբեջանի Սահմանադրությունը վկայակոչում է 1991 թվականի Պետական անկախության ակտը։ Այս ակտը վկայակոչում է 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի Անկախության հռչակագիրը։ Ավելին՝ ակտում ասվում է, որ ներկայիս Ադրբեջանը 1918-1920 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է։ 1918-1920 թվականների Ադրբեջանի հռչակագրում ասվում է, որ Հարավային եւ Արեւելյան Անդրկովկասը ադրբեջանական տարածքներ են։ 1919 թվականի Անտանտի քարտեզի համաձայն Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել ներկայիս Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ, եւ մասամբ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ Ադրբեջանի Սահմանադրությունն իրոք տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ»։

Ի սկզբանե, Հայաստանը պնդում էր, որ երկու կողմերն էլ կարող են պահպանել իրենց սահմանադրությունը՝ պայմանով, որ խաղաղության պայմանագրի մի հոդվածը կսահմանի, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագիրը չկատարելու համար:

Փաշինյանը նշել էր նաեւ, որ ադրբեջանական փաստաթղթերում գրված է, որ Ադրբեջանի տարածքը կազմում է 108 հազար քառակուսի կիլոմետր։ Սակայն նույն փաստաթղթերում ասվում է, որ Հայաստանի եւ Վրաստանի հետ սահմանային վեճերի լուծումից հետո Ադրբեջանին տարածքը կդառնա 141,000 քառակուսի կիլոմետր։ Տեղի տալով նախագահ Ալիեւի պահանջներին եւ ընդունելով այս անհավասար մոտեցումը՝ Փաշինյանն այժմ փաստացիորեն հաստատում է Ալիեւի տարածքային նկրտումները։

Տոնակատարությունները ժամանակավրեպ են մեկ այլ պատճառով։ Ադրբեջանը երբեք չի հարգել իր կնքած եւ ոչ մի պայմանագիր։ Երկիրը մնում է ոչ միայն հռետորական, այլեւ ռազմական առումով պատերազմական վիճակում: Caliber.az-ը, որը վերահսկվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, նախորդ շաբաթ ոչ միայն պնդում էր, որ Հայաստանը «կայծակնային պատերազմ» է ծրագրում Ադրբեջանի դեմ, որը Ադրբեջանը պետք է կանխի, այլ նաեւ որ Եվրամիության դիտորդները դավադրության մի մասն են: Սա բացարձակ անհեթեթություն է. օտարերկրյա դիտորդները Ադրբեջանի կողմից հրադադարի եւ այլ պայմանավորվածությունների խախտումները դիտարկող ամենաարդյունավետ միջոցն էին։ Առանց դիտորդների, երբ Ադրբեջանը վերահսկում է իր լրատվամիջոցները եւ մերժում է անկախ լրագրողների եւ օտարերկրյա դիվանագետների մուտքի վիզաները, Հայաստանն անզոր կլինի ապացուցել Ադրբեջանի խախտումները:

Խաղաղությունը վեհ նպատակ է, բայց Հայաստանը պետք է դիտարկի Կիպրոսի դեպքը։ 1974 թվականին Թուրքիան երկու անգամ ներխուժեց Կիպրոս։ 1974 թվականի հուլիսին իր առաջին ներխուժման ժամանակ թուրքական բանակը գրավեց երկրի ծովափնյա շրջանի մոտ երեք տոկոսը: Թուրքիան հայտարարել էր, որ նպատակ ունի պաշտպանելու Կիպրոսի թուրք մահմեդական փոքրամասնությանը հունական խունտայի ռեւանշիզմից: Մի քանի օր հետո, սակայն, խունտան ընկավ, casus belli այլեւս չկար: Այդ ժամանակ (Ժնեւի խաղաղ բանակցությունների ֆոնին) թուրքական բանակը կրկին ներխուժեց՝ գրավելով երկրի ավելի քան մեկ երրորդը: Անցյալ տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ ողբում էր, որ Թուրքիան դադարեցրեց իր արշավը եւ չգրավեց ամբողջ երկիրը:

Լուսանկարը` REUTERS


ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը փորձեցին հետագա տասնամյակների ընթացքում խաղաղության բանակցություններ վարել Կիպրոսի եւ այն ռեժիմի հետ, որը Թուրքիան ստեղծել էր գրավյալ տարածքում: Այդպիսի ջանքերից մեկի գագաթնակետն էր ծրագիրը, որը բանակցեց այն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Ծրագրի հիմքում ընկած էր «Կիպրոսի միացյալ հանրապետության» ձեւավորումը՝ բաղկացած երկու դաշնային պետություններից՝ մեկը թուրքական, մյուսը՝ հունական։ Առաջարկվող կառավարական կառույցների եւ իշխանության բաշխման մեխանիզմների վրա ազդել էր Շվեյցարիայի դաշնային մոդելը:

2004 թվականին ՄԱԿ-ը հանրաքվեի դրեց Անանի ծրագիրը. Կիպրոսի թուրքերի երկու երրորդը կողմ քվեարկեց, իսկ հույների երեք քառորդը՝ դեմ: Թուրքերը այն ժամանակվանից պնդում են, որ Հունաստանի անհամաձայնությունը Անանի ծրագրին ցույց է տալիս, որ խաղաղությունը նրանց չի հետաքրքրում:

Նման մեկնաբանությունը անհեթեթություն է։ Անանի ծրագրի մերժման պատճառը դրա թերությունների հստակ գնահատականն էր: Mega TV-ի հետընտրական հարցումը, որի ընթացքում հարցեր էին ն տրվել դեմ քվեարկածներին, 75 տոկոսը իրենց քվեարկության պատճառ նշեց «անվտանգության» մասին մտահոգությունները. միայն 13 տոկոսն էր պատասխանել, որ ցանկանում է ապրել կիպրոսցի թուրքերից առանձին: Գործարքը սպանեց ոչ թե հունական մերժողականությունը, այլ միջազգային բանակցողների թուլությունը:

Թուրքական առարկությանը առերեսվելով՝ Անանը հետեւողականորեն թուլացնում էր համաձայնագրի կիրառման դրույթները: Բանակցողները չմշակեցին մեխանիզմ, որը կպատժեր իր պարտավորությունները չկատարող կողմին: Օրինակ՝ եթե Թուրքիան դուրս չբերեր զորքերը, ապա պարտադրելու ոչ մի միջոց չկար, ոչ էլ ծրագիրը վերաբերում էր կղզու թուրք վերաբնակիչներին, որոնք այսօր զգալիորեն գերազանցում են Կիպրոսի բնիկ թուրք բնակչությանը: Ընդհակառակը, կիպրացիները տեսան բացեր, որոնց օգնությամբ թուրքերը կարող էին վերաբնակիչներով լցնել Կիպրոսը եւ փոխել կղզու ժողովրդագրությունը, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում արեցին Ադրբեջանի խորհրդային ժամանակաշրջանի ղեկավարները, իսկ հետո Իլհամ Ալիեւը:

Անանի ծրագիրը դիվանագիտական «թոզ փչելու» միակ օրինակը չէր, որը թաքցնում է հիմնական թերությունները եւ անհնար դարձնում խաղաղությունը:

2018-ին ՄԱԿ-ը Եմենի պատերազմող կողմերին բերեց Ստոկհոլմ՝ կանխելու ռազմական հարձակումը Կարմիր ծովի Հուդայդա նավահանգստի վրա, որը մարդասիրական օգնության հիմնական կետն էր: Մինչ դիվանագետները գովաբանում էին Ստոկհոլմի համաձայնագիրը որպես խաղաղության տանող ճանապարհ, այդ դրվագը միայն արագացրեց պատերազմը: Հութի բանակցողները խախտում էին իրենց պարտավորությունները, բայց գործարք կնքելու հուսահատությունից ՄԱԿ-ն առաջարկեց տեսչական ռեժիմ սահմանել՝ ապահովելու, որ Հուդայդա ժամանած նավերը զենք չեն բերում: Գործնականում հութիները պարզապես փոխեցին համազգեստը եւ այսօր վերահսկում են նավահանգիստը միջազգային հանրության փողով:

Վերադառնանք Հայաստան. խաղաղության ձգտելը պատվաբեր է, բայց վատ բանակցված խաղաղությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ստատուս քվոն: Իրական խաղաղությունը պահանջում է անկեղծություն, հատկապես երբ որոշ վարչակարգեր դիտարկում են դիվանագիտությունը որպես անհավասար պատերազմի ռազմավարություն, որպեսզի կապեն իրենց հակառակորդի ձեռքերը, մինչ իրենք անում են իրենց ուզածը:

Վատ նշան է, երբ խաղաղություն բանակցողները այնքան քիչ են վստահում գործարքին եւ սեփական ժողովրդի դատողությանը, որ փորձում են գաղտնի պահել խաղաղության պայմանագրի դրույթները: Վտանգավոր է նաեւ ընդունել արտաքին դիվանագետների գովասանքը, ովքեր լուսանկարվելու հնարավորություն եւ խաղաղարարի թիկնոց են ցանկանում՝ առանց հետեւանքները սեփական մաշկի վրա զգալու։

Լուսանկարը` REUTERS


Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է, որ գործարքը, որին, ըստ երեւույթին, համաձայնել է, արժե այն թուղթը, որի վրա գրված է, նա պետք է անի այն, ինչ արեց ՄԱԿ-ը Կիպրոսում, եւ համաձայնի պարտադիր հանրաքվե անցկացնել։ Հայերը խելացի են. նրանք խաղաղություն են ուզում, բայց կարող են նաեւ գնահատել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ առաջարկվող գործարքը դա կապահովի։ Փաշինյանը չպետք է գնա Եմենում ՄԱԿ-ի ճանապարհով, քանի որ դա միայն պատերազմի կհանգեցնի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին