Այգեստան/Բալուջա՝ մանկական հուշերի, պատմության եւ ինքնության ջնջումը - Mediamax.am

1303 դիտում

Այգեստան/Բալուջա՝ մանկական հուշերի, պատմության եւ ինքնության ջնջումը


Լուսանկարը` Տիգրան Գրիգորյանի արխիվից

Ավան Բալասյանը նստած է մեջտեղում՝ գինու գավաթով
Ավան Բալասյանը նստած է մեջտեղում՝ գինու գավաթով

Լուսանկարը` Տիգրան Գրիգորյանի արխիվից


Ներկայացնում ենք Տիգրան Գրիգորյանի Echoes of a Village: Memory and Erasure in Nagorno-Karabakh հոդվածի հայերեն թարգմանությունը:

Տիգրան Գրիգորյան

Փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելեց Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղը եւ հանդիպեց տարածքի էթնիկ զտումից հետո այնտեղ տեղափոխված ադրբեջանցիներին։


Պաշտոնական ադրբեջանական տվյալներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գյուղում բնակություն է հաստատել 110 ընտանիք։ Նախքան Առաջին ղարաբաղյան պատերազմը Այգեստանն ուներ հիմնականում հայ բնակչություն. 1980-ականների վերջին այնտեղ բնակվում էր ընդամենը երկու ադրբեջանցի ընտանիք:

Նախկինում հայաբնակ շրջանները ադրբեջանցիներով բնակեցնելու ցուցադրություն լինելուց բացի՝ Այգեստանն ինձ համար խորապես անձնական նշանակություն ունի։ Այնտեղ են կերտվել իմ մանկության հուշերի մեծ մասը: Գյուղը դարեր առաջ հիմնել են իմ նախնիները, իմ նախապապը եղել է առաջին գյուղապետը, որի շնորհիվ մեր մեծ ընտանիքը ստացել է «քյուխանց ցեղ» մականունը:

Նախապապս՝ Ավան Բալասյանը, իր եռահարկ տունը կառուցել է գյուղի եկեղեցու մոտ 1905 թվականին, ինչպես ցույց է տալիս դրա ճակատի արձանագրությունը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ այն աշխարհի տարբեր ծայրերից եկած հարազատների հավաքատեղի էր։ Ընտանեկան լեգենդի համաձայն՝ տանը ժամանակին հյուրընկալվել են Ղարաբաղ այցելած հայ ականավոր հասարակական գործիչները:

Ավան Բալասյանն առեւտրական էր, Պարսկաստանից ապրանք էր ներմուծում եւ վաճառում Ղարաբաղում։ Այն ժամանակվա չափանիշներով նա հարուստ մարդ էր, բայց շատերի նման կորցրեց ամեն ինչ, երբ իշխանության եկան բոլշեւիկները: Նա խնայողություններ ուներ Պարսկաստանի Բրիտանական բանկում, բայց երբ խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա երկու երեխաները միացան կոմսոմոլին, այրեցին հաշվի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որպեսզի վտանգի չենթարկվեն: Տարիներ շարունակ այդ խնայողությունների ճակատագիրը ընտանեկան հավաքույթների սիրելի թեման էր։ Google-ով որոնումը հետագայում հաստատեց այն, ինչ կասկածում էի. եթե նույնիսկ հաշիվը երբեւէ գոյություն ուներ, այն հավանաբար ազգայնացվել էր Իրանի իսլամական հեղափոխությունից հետո:
Ավան Բալասյանը նստած է մեջտեղում՝ գինու գավաթով Ավան Բալասյանը նստած է մեջտեղում՝ գինու գավաթով

Լուսանկարը` Տիգրան Գրիգորյանի արխիվից


Ընտանիքը կորցրեց ունեցվածքի մի մասը 1920 թվականի հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ գյուղի վրա հարձակվեցին եւ թալանեցին։ Մնացածը` ոսկին եւ արծաթը, 1930-ականներին սովամահությունից փրկվելու համար վաճառվեց Տորգսինում՝ (խորհրդային պետական կազմակերպություն, որը ծանր տնտեսական ժամանակներում թույլ էր տալիս քաղաքացիներին թանկարժեք իրերը փոխանակել սննդի եւ ապրանքների հետ):

1970-ականներին նախատատս՝ Թամարան, ձմեռում էր Ստեփանակերտի մեր բնակարանում։ Մի օր մեր վերեւի հարեւանը՝ անվանի դերասան Գուրգեն Հարությունյանը, մեր ամբողջ ընտանիքը հրավիրեց ընթրիքի: Տեսնելով խորհրդային չափանիշներով շքեղ բնակարանը՝ Թամարային համակեցին նախկին կյանքի հիշողությունները։

1949 թվականին Ավանը՝ արդեն 79 տարեկան, Թամարան եւ նրանց չամուսնացած երեխաները աքսորվեցին Ալթայի Բիյսկ շրջանի գյուղերից մեկը։ Համագյուղացի Փիրուզան մատնել էր նրանց՝ ստելով, որ իբր դաշնակցական են, թեեւ նրանք միշտ ապաքաղաքական են եղել։

Երբ նրանք նստում էին Սիբիր մեկնող գնացքը, Ավանը, ծուռ ժպտալով, շրջվեց դեպի Թամարան եւ ասաց. «Թամա՛րա, միշտ բողոքել ես, որ երբեք չենք ճանապարհորդում: Դե, տե՛ս՝ ինչ տեղեր եմ քեզ տանում հիմա»:

Լուսանկարը` Տիգրան Գրիգորյանի արխիվից


1956 թվականին Կոմկուսի 20-րդ համագումարից հետո նրանց թույլ տվեցին վերադառնալ։ Կյանքի վերջին տարիները անցկացրին Բալուջայում՝ իրենց հայրենիքում։ Ավանը մահացավ 1963 թվականին 93 տարեկան հասակում, իսկ Թամարան՝ 1982 թվականին՝ 92 տարեկանում։

Չնայած մայրս ծնվել է Ստեփանակերտում, մեր ընտանիքի ձգողության կենտրոնը մնաց Բալուջայում։ 1980-ականների վերջերին պապս այնտեղ տուն կառուցեց, որը պետք է դառնար ընտանեկան ամառանոց։ Բայց երբ սկսվեց Առաջին ղարաբաղյան պատերազմը, ադրբեջանական մշտական գնդակոծությունների տակ նկուղում պատսպարվելուց ամիսներ անց մայրս, տատիկս ու ես տեղափոխվեցինք Բալուջայի այդ ենթադրյալ «ամառանոցը», թեեւ, իհարկե, ես չէի որոշում կայացնողը: Այն ավելի լավ էր պաշտպանված ռումբերից եւ սնունդ գտնելու ավելի մեծ հնարավորություն էր տրամադրում:

Այն ժամանակ գյուղը Ստեփանակերտին կապում էր միայն մեկ ճանապարհ՝ Խնածախ գյուղով։ Մայրս՝ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհին, շարունակեց աշխատել պատերազմի ողջ ընթացքում։ Զարմանալի էր, որ դպրոցը երբեք չփակվեց, եւ նա ամեն օր ոտքով 9 կիլոմետր էր գնում Ստեփանակերտ եւ հետ գալիս՝ աշակերտներին Մոցարտ եւ Բախ սովորեցնելու համար, երբեմն էլ նստում էր կողքով անցնող հին սովետական բեռնատարները, եթե բախտը բերում էր:

Պատերազմի մասին իմ ամենավաղ հիշողությունը նույնպես Բալուջայից է: Հազիվ երեք տարեկան էի, փողոցում խաղում էի մյուս երեխաների հետ, երբ նրանք հանկարծ սկսեցին բղավել ու փախչել։ Շփոթված՝ մենակ կանգնեցի, մինչեւ չտեսա դեպի ինձ վազող մորս։ Մինչ նա փնտրում էր ինձ, ադրբեջանական ռումբը հարվածեց մեր հարեւանի տանը եւ սպանեց նրան։ Բեկորները կոտրեցին մեր տան ապակիները։

Պատերազմից հետո ամառներն անցկացնում էինք Այգեստանում/Բալուջայում։ Այնտեղ զարգացրի իմ տարրական ֆուտբոլային հմտություններն ու սերը խաղի հանդեպ: Հիշում եմ՝ ինչպես էի նայում Անգլիայի եւ Բրազիլիայի միջեւ 2002-ի աշխարհի առաջնությունը, ուրախանում, երբ Մայքլ Օուենը գոլ խփեց, ինչպես հույսս փշրվեց, երբ Ռոնալդինյոն 40 յարդից հարվածեց Դեյվիդ Սիմանի գլխի վրայով: Այդ ժամանակվանից Անգլիային աջակցելը նմանատիպ զգացողություն է առաջացնում:

Իմ ֆուտբոլային փորձը Բալուջայում ավելի ծանր էր: Իմ տխրահռչակ տձեւ քիթը, որը տեսնում են ՍիվիլՆեթի փոդքասթիս դիտողները, անհաջող խաղի արդյունքն է: Փորձելով գլխով խիզախ հարված կատարել՝ ես հարված ստացա երիտասարդ բալուջացի խաղացողի ոտքից: Ցավոք, այն ժամանակ մրցավարի վիդեո օգնական չկար: Հիշում եմ, որ մեկ ժամ լաց եղա՝ ոչ թե ցավից, այլ այն գիտակցումից, որ իմ քիթն այլեւս նույնը չի լինելու:

Ավագ դպրոցից հետո դադարեցի ամառներն անցկացնել Բալուջայում, թեեւ երբեմն ընկերների հետ վերադառնում էի՝ խորովածով խնջույքների կամ ծննդյան տոնակատարությունների համար: Բայց մայրիկիս համար գյուղի տունը ամենամեծ ուրախությունն էր։ Նա շաբաթը մի քանի անգամ այցելում էր, որ խնամի ծառերը, ժենգյալով հացի համար խոտաբույսեր աճեցնի եւ մեր բաց պատշգամբում թեյ խմի հարեւանների հետ՝ ծանոթանալով գյուղի նորություններին:

Շրջափակման ժամանակ, երբ Ստեփանակերտը մթերքի խիստ պակաս ուներ, այդ նույն հարեւաններն իրենց բերքը կիսեցին մորս հետ։ Այժմ նրանք սփռված են Հայաստանով մեկ, իսկ պատշգամբի խոսակցությունները մնացել են որպես հիշողություններ, որոնք մարդիկ վերապրում են երկար հեռախոսազանգերի ընթացքում։

Այգեստանը/Բալուջան, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի շատ այլ հայկական քաղաքներ ու գյուղեր, դարձան ադրբեջանական ռեւիզիոնիզմի եւ հակամարտությունների ավտորիտար կառավարման մարտադաշտ: Ամբողջ թաղամասեր ու գյուղեր կանխամտածված բնաջնջելով եւ այդ վայրերի հետ կապ չունեցող մարդկանցով բնակեցնելով՝ Ալիեւի վարչակարգը ձգտում է ոչ միայն գրավել ֆիզիկական տարածքը, այլեւ վերափոխել տարածաշրջանի հավաքական հիշողությունը: Այս գործընթացն ընթանում է տագնապալի թափանցիկությամբ, սակայն կարծես չի անհանգստացնում միջազգային դիտորդներին կամ քաղաքական առաջնորդներին: Շատերի համար այն տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ցավալի, բայց անհրաժեշտ քայլ է: Մեզ համար դա պարզապես տարածքի կորուստ չէ, դա պատմության եւ ինքնության ջնջում է՝ վերք, որը չի ամոքվի այնքան ժամանակ, որքան մենք կանք:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին