Ներկայացնում ենք Ettelaat թերթում հրապարակված Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հոդվածի թարգմանությունը (կրճատումներով)։
Աբբաս Արաղչի
Թրամփի եւ Զելենսկու վեճի վերաբերյալ բազմաթիվ շահարկումներ կան։ Արդյո՞ք այն նախապես ծրագրված էր։ Թե՞ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Արդյո՞ք նպատակը ներքին եւ արտաքին լսարաններին ազդանշաններ ուղարկելն էր, թե՞ տեղի ունեցածը ԱՄՆ արտաքին քաղաքականության համակարգման մեխանիզմների ձախողման նշան էր։
Ամեն դեպքում, Դոնալդ Թրամփի, Ջեյ Դի Վենսի եւ Վլադիմիր Զելենսկու վեճը սովորական տարաձայնություն չէր. այդ իրադարձությունը բացահայտեց խորը ճեղքվածքների առկայությունը միջազգային համակարգի սրտում։
Ճգնաժամ արեւմտյան իշխանության սրտում
Տարիների ընթացքում Վաշինգտոնը իրեն դիրքավորել է որպես արեւմտյան աշխարհի որոշումների կայացման կենտրոն։ Բայց այսօր այդ գերազանցությունն այլեւս անվերապահ չէ։ Սպիտակ տանը վեճը խորհրդանշում է ռազմավարական կասկածները, դիվանագիտական անորոշությունն ու չլուծված տարաձայնությունները արեւմտյան բլոկի ներսում։
Թրամփի վարչակազմը իշխանության եկավ «արագ խաղաղություն» հասնելու խոստումով։ Խոստում, որը շատերը չափազանց լավատեսական էին համարում, ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի վրա լրացուցիչ ճնշման աղբյուրի վերածվեց։
Թրամփը եւ Վենսը իրական խնդրի առաջ են կանգնած՝ կկարողանա՞ն կատարել իրենց պարտավորությունները այն պայմաններում, երբ պատերազմը ազդում է բազմաթիվ խաղացողների շահերի վրա։
Ուկրաինա. Կախվածությունից՝ հանդգնություն
Պատերազմի առաջին օրերին Զելենսկին արեւմտյան օգնությունից կախված էր առավել քան երբեւէ։ Բայց այսօր նա նստում է Սպիտակ տանը, հակաճառում է ԱՄՆ նախագահին եւ կտրուկ պատասխաններ է տալիս։ Սա վկայում է, որ նույնիսկ այն երկրները, որոնք տարիներ շարունակ աջակցություն էին ստանում Վաշինգտոնից, այլեւս չեն ընդունում «վերեւից ներքեւ» հայացքը։ Ուկրաինան ցույց տվեց, որ նույնիսկ փոքր դաշնակիցները պատրաստ են պաշտպանել իրենց արժանապատվությունը։
Եվրոպան եւ նոր ճեղքվածքների ստվերը
Մեկ այլ մեծ հարց է Եվրոպայի արձագանքը։ Արդյո՞ք այս մայրցամաքը միասնական կմնա Ուկրաինային աջակցելու հարցում։ Թե՞ այս վեճը ավելի խորը ճեղքվածքներ կբացահայտի։ Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական դաշնակիցներ սկզբից եւեթ ավելի զգուշավոր դիրքորոշում էին որդեգրել Ուկրաինայում պատերազմի հարցում։ Պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության մեջ տարաձայնություններ կային հենց սկզբից։ Այժմ, Սպիտակ տան ղեկավարների եւ Զելենսկու միջեւ վիճաբանությունից հետո, դրանք ակնհայտ են դարձել։
Մոսկվան պասիվ դիտորդ չէ
Ռուսաստանը միշտ խոսել է արեւմտյան դաշինքի փխրունության մասին, իսկ
Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը Կրեմլի համար դարձավ այն պատումի հաստատումը, որ հակառակորդ ճակատն ավելի անկայուն է, քան ենթադրվում էր։
Բացի այդ, Մոսկվան այլեւս պարզապես պասիվ դիտորդ չէ։ Ուկրաինայում պատերազմը եւ վերջին իրադարձությունները Ռուսաստանին հնարավորություն տվեցին ավելի մանրակրկիտ կառուցել իր խաղը տարբեր ճակատներում։

Լուսանկարը` REUTERS
Մի կողմից, ընդլայնվում է Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ։ Մյուս կողմից, Կրեմլը ամրապնդում է հարաբերությունները զարգացող երկրների հետ։ BRICS+ երկրների հետ տնտեսական փոխգործակցության ավելացումը, անվտանգության ոլորտում տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը եւ արեւմտյան ֆինանսական համակարգից կախվածության նվազեցմանն ուղղված ջանքերը ցույց են տալիս այն մոտեցումը, որը Մոսկվան որդեգրել է գլոբալ փոփոխությունների նկատմամբ։
Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների դինամիկան նույնպես փոխվել է։ Որոշ եվրոպական երկրներ, օրինակ, Հունգարիան եւ Սլովակիան, դիմադրում են Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը։ Սա կարող է արեւմտյան ճակատի թույլ տեղը դառնալ, որից Ռուսաստանը կօգտվի։ Երբ ներքին քաղաքականությունը ստվերում է դիվանագիտությունը
Սպիտակ տանը վեճի բացահայտած կարեւորագույն տարրերից մեկը Միացյալ Նահանգներում ներքին եւ արտաքին քաղաքականության ուժեղ փոխկապակցվածությունն է։ Ընտրությունները, կուսակցական մրցակցությունը եւ ներքին ճնշումը հանգեցրել են նրան, որ շատ կարեւոր դիվանագիտական որոշումներ կայացվում են ներքին հավասարումների, այլ ոչ թե ռազմավարական շահերի ազդեցության ներքո։ Այս իրավիճակը խնդրահարույց կլինի ոչ միայն Ամերիկայի, այլեւ նրա դաշնակիցների համար, քանի որ նման պայմաններում մեծանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության անկանխատեսելիությունը։
Իրան. իմաստության եւ հեռատեսության ուղին
Այս անկանոն իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունը մանրակրկիտ եւ հաշվարկված վերլուծում է իրադարձությունները։ Միջազգային քաղաքականության քաոսը միշտ վնասում է գլոբալ կայունությանը եւ անվտանգությանը։ Իրանը միշտ հետեւել է անկախության, փոխադարձ հարգանքի եւ ոչ կառուցողական քննարկումներում չներգրավվելու սկզբունքներին։

Լուսանկարը` REUTERS
Իրանի անկախությունը ոչ պատահականություն է եւ ոչ էլ պարտադրված հանգամանքների արդյունք։ Այն գիտակցված ընտրություն է, ռազմավարական որոշում եւ երկրի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք։ Ի տարբերություն որոշ երկրների, որոնք իրենց անվտանգությունն ու կայունությունը փնտրել են օտար տերություններից կախվածության մեջ, Իրանը վաղուց հասկացել է, որ կախվածությունը բերում է միայն անկայունության եւ ազգային ինքնիշխանության կորստի։ Իսկական անվտանգությունը չի բխում տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների աջակցությունից, այլ ներքին հնարավորություններից, ազգային ներուժի վրա հենվելուց եւ ժողովրդին վստահելուց։
Անկախության պահպանումն ունի իր գինը, որն Իրանը միշտ վճարել է։ Իսլամական հեղափոխության առաջին օրվանից սկսած տնտեսական ճնշումը, պատժամիջոցները, ռազմական սպառնալիքները եւ պրոքսի պատերազմները՝ այս ամենը մշակվել էր Իրանին ենթակա խաղացող դարձնելու նպատակով։ Բայց Իրանը, հակառակ չարակամների կանխատեսումներին, դիմացավ եւ ցույց տվեց, որ ճնշման առջեւ ոչ միայն չի հանձնվում, այլեւ շարունակում է իր զարգացման եւ առաջընթացի ուղին՝ հենվելով ներքին ներուժի վրա։ Այս գիտակցված ընտրությունը դարձավ սկզբունք. Իրանն իր անվտանգությունը չի գնում, այլ ստեղծում է այն։
Պատմությունը ցույց է տվել, որ երկրները, որոնք կառուցել են իրենց անվտանգությունը ուրիշներից կախվածության վրա, կրիտիկական պահերին դառնում էին իրենց աջակցող տերությունների առաջնահերթությունների փոփոխման զոհը։ Իրանը լավ յուրացրել է այս պատմական դասը։ Անկախությունը ոչ թե պարզապես կարգախոս է, այլ անխուսափելի անհրաժեշտություն։Ուրիշներից կախվածությունը ոչ միայն ռիսկ է, այլեւ ռազմավարական սխալ։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: