Ներկայացնում ենք Politico պարբերականի USAID freeze opens door to Russian influence in Eastern Europe հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
Նախագահ Թրամփի նախաձեռնած միջազգային օգնության սառեցումը կհանգեցնի Արեւելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման անհետացմանը՝ խարխլելով ժողովրդավարական նախաձեռնությունները եւ հնարավորություն տալով Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:
Հետեւանքները հատկապես զգալի կլինեն Եվրոպայում, որտեղ USAID-ը 2025 թվականի համար խոստացել էր $ 17,2 միլիարդի օգնություն, որի մեծ մասը նախատեսված էր Ռուսաստանի հետ սահմանակից Արեւելյան Եվրոպայի երկրների համար:
«Այս քայլը խարխլում է ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը եւ ժողովրդավարության հանդեպ հավատը: Սա նաեւ նշանակում է, որ ԱՄՆ-ը անտեսում է «փափուկ ուժը», որը կարող է հակազդել ռուսական պատումներին», - ասում է վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Ի վերջո, հավելում է նա, «USAID միջոցների սառեցումը ուրախացնում է միայն ավտորիտար կառավարություններին»:
«Կրեմլը կշարունակի զարգացնել այն պատումը, որ այս երկրները միայնակ են մնացել, որ Արեւմուտքը լքում է նրանց, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները հուսալի դաշնակիցներ չեն», - ասում է Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Թինաթին Ախվլեդիանին:
«Աղետալի հետեւանքներ»
Բելառուսում օգնության սառեցումը գոյաբանական սպառնալիք է ՀԿ-ների համար, որոնք երկար ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի թիրախում են:
«Դա այնքան արագ տեղի ունեցավ՝ արդյունքները մեզ համար աղետալի էին», - ասում է ՌԱԴԱ կազմակերպության միջազգային քարտուղար Յուլիա Ռալկոն:
2021 թվականից ՌԱԴԱ-ն աշխատում է վտարանդիության պայմաններում: Ըստ Ռալկոյի, նրանք ստիպված են եղել կրճատել աշխատավարձերը 50 տոկոսով եւ լրջորեն սահմանափակել կրթական նախագծերը, որոնք ուղղված են «բելառուսական եւ եվրոպական երիտասարդության միջեւ խզումը նվազեցնելուն»:
ՀԿ-ի 2025 թվականի բյուջեի մոտավորապես կեսը ֆինանսավորվելու էր USAID դրամաշնորհներով: «Հուսով եմ, որ ԱՄՆ կառավարությունը կփոխի իր որոշումը, քանի որ չգիտեմ, թե որքան երկար կկարողանանք շարունակել աշխատել կամավոր հիմունքներով», - ասում է Ռալկոն:
2023 թվականին USAID-ը Արեւելյան Եվրոպային հատկացրել էր $ 16,8 միլիարդ: Հիմնական մասը՝ 16,4 միլիարդը, ուղղվել էր Ուկրաինային: Մոլդովան ստացել էր $ 211,5 միլիոն, Վրաստանը՝ $ 91,4 միլիոն: Օգնության մեծ մասն ուղղված էր քաղաքացիական հասարակության եւ օրենքի գերակայության ամրապնդման ծրագրերին, ինչպես նաեւ տնտեսական աճի խթանմանը:
Հայաստանում USAID-ը հատկացրել էր $ 8,5 միլիոն՝ ավելի քան 100,000 էթնիկ հայերին աջակցելու համար, որոնք հարկադրաբար տեղահանվել էին 2023 թվականին Ադրբեջանի հարձակումից հետո:

Լուսանկարը` REUTERS
Թեեւ USAID-ի ներկայացուցչությունը Հայաստանում պարզաբանել է, որ հիմնական մարդասիրական օգնությունը դեռեւս չի տուժել, բազմաթիվ այլ նախաձեռնություններ՝ ներառյալ ընտրությունների թափանցիկության ապահովման, մեդիա-լանդշաֆտի ամրապնդման եւ էներգետիկ ենթակառուցվածքի բարելավման ծրագրերը, վտանգված են: 2023 թվականին գործակալությունը երկրին հատկացրել էր $ 71,7 միլիոն:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օգտագործել է օգնության սառեցումը՝ քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունն էլ ավելի սահմանափակելու համար:
«USAID-ի հետ կապված համաշխարհային սկանդալը ակնհայտ դարձրեց, որ մենք պետք է լիովին մեզ վերադարձնենք մեր երկիրը», - հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն:
«Վրաստանն արդեն դժվարին իրավիճակում է, քանի որ կառավարությունն ընդունել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Ամերիկյան միջոցների կրճատումը ավելի է բարդացնում իրավիճակը», - նշում է Ախվլեդիանին:
Մուլտիմեդիա ստարտափ Project 64-ի հիմնադիր Գեորգի Գոգուան ասում է, որ USAID-ի ֆինանսավորումը կազմում էր իրենց 2025 թվականի բյուջեի մոտ 40 տոկոսը, եւ այժմ ընկերության ապագան հարցականի տակ է:
«Եթե մենք չկարողանանք լուծում գտնել, ստիպված կլինենք դադարեցնել մեր գործունեությունը՝ առնվազն մասնակիորեն: Մենք չկարողացանք վճարել մեր աշխատակիցների աշխատավարձը անցյալ ամսվա վերջում», - խոստովանել է նա:
Գոգուան նոր դոնորներ է փնտրում, սակայն քանի որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է նոր, ավելի սահմանափակող օրենքներ ընդունել, դա հեշտ չի լինի:
«ԵՄ-ն չի կարող լրացնել բացը»
ԵՄ-ն պետք է միջամտի եւ լրացնի վակուումը՝ ֆինանսավորում տրամադրելով քաղաքացիական հասարակության եւ մարդասիրական խմբերի համար, ասում է Ռիչարդ Գիրագոսյանը: Միեւնույն ժամանակ, նկատում է նա, Բրյուսելը «տխրահռչակ է նրանով, որ շատ դանդաղկոտ է եւ շատ բյուրոկրատացված»:
ԵՄ-ն արդեն մեծ օգնություն տրամադրող է տարածաշրջանում: 2023 թվականին անդամ-երկրները հատկացրել են 19,6 միլիարդ եվրո Արեւելյան հարեւանության վեց երկրներին՝ Ուկրաինային, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Բելառուսին եւ Հայաստանին՝ կա՛մ երկկողմանի հիմունքներով, կա՛մ ԵՄ հաստատությունների միջոցով:

Լուսանկարը` REUTERS
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսյեն ասել է, որ ԵՄ գործադիր մարմինը «ուշադիր» հետեւում է USAID-ի ճգնաժամին եւ դեռ վաղ է գնահատել «հնարավոր ազդեցությունը մեր նպատակների վրա»։
Մերսյեն նշել է, որ ԵՄ-ն արդեն «առաջատար դոնոր» է եւ ավելացրել է, որ «միջազգային հանրության յուրաքանչյուր անդամ պետք է կրի պատասխանատվության իր բաժինը»։ «ԵՄ-ն չի կարող լրացնել այն [ֆինանսական] բացը, որը թողել են ուրիշները», - ասել է նա։
Stichting եվրոպական ոչ առեւտրային իրավունքի կենտրոնի գործադիր տնօրեն Կատերինա Հաջի-Միցեւա Էվանսն ասում է, որ «եթե Եվրոպական միությունը չաշխատի ավելի կայուն գործընկերության մեխանիզմների վրա, այն չի կարողանա հասնել իր սեփական նպատակներին»։
Նրա հետ համակարծիք է Թինաթին Ախվլեդիանին։ «Եթե ԵՄ-ն ձգտում է աշխարհաքաղաքական դերակատար լինել, որը հավատարիմ է ընդլայնման գործընթացին, այն պետք է ակտիվանա։ Հակառակ դեպքում նրա հեղինակությունը վտանգված կլինի», - համոզված է նա։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: