ԱԲ վտանգները եւ «թվային ֆեոդալների» թաքուն ալգորիթմները - Mediamax.am

305 դիտում

ԱԲ վտանգները եւ «թվային ֆեոդալների» թաքուն ալգորիթմները


Երաժիշտ Ֆարել Ուիլյամսը, Ֆրանսիայի նախագահի ԱԲ հարցերով բանագնաց Անն Բովերոն եւ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում
Երաժիշտ Ֆարել Ուիլյամսը, Ֆրանսիայի նախագահի ԱԲ հարցերով բանագնաց Անն Բովերոն եւ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

ԱԲ գործողության գագաթնաժողովում
ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

Էրիկ Շմիդտը եւ Ջո Վանգը ԱԲ գործողության գագաթնաժողովում
Էրիկ Շմիդտը եւ Ջո Վանգը ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

ԱԲ գործողության գագաթնաժողովում
ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում
Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Լոնդոնի համալսարանական քոլեջի նորարարության եւ հանրային արժեքի տնտեսագիտության պրոֆեսոր Մարիանա Մացուկատոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարիանա Մացուկատո

Այս օրեիին Փարիզում անցկացվող Արհեստական բանականության գործողության գագաթնաժողովը (AI Action Summit) տեղի է ունենալու ԱԲ զարգացման կարեւորագույն փուլում: Հարցն այն չէ՝ արդյո՞ք Եվրոպան կարող է մրցակցել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ արհեստական բանականության մրցավազքում, այլ արդյոք եվրոպացիները կարող են տարբեր մոտեցման առաջամարտիկ լինել եւ տեխնոլոգիական զարգացման ու կառավարման հիմքում դնել հանրային արժեքը: Խնդիրն է հեռանալ թվային ֆեոդալիզմից․ այս եզրույթը ես հորինել եմ դեռեւս 2019 թվականին՝ նկարագրելու գերիշխող թվային հարթակների վարձավճար ստանալու մոդելը:

ԱԲ-ն պարզապես ոլորտ չէ: Այն ընդհանուր նշանակության տեխնոլոգիա է, որը կձեւավորի տնտեսության բոլոր ոլորտները։ Նշանակում է, որ այն կարող է կա՛մ ստեղծել հսկայական արժեք, կա՛մ լուրջ վնաս պատճառել: Թեեւ շատ մեկնաբաններ ԱԲ-ի մասին այնպես են խոսում, ասես այն չեզոք տեխնոլոգիա է, նրանք թերագնահատում են դրա հսկա տնտեսական հզորությունը: Նույնիսկ եթե հնարավոր լիներ անվճար ստեղծել ԱԲ-ն, այն պետք էր ներդնել եւ գործարկել, ինչի համար անհրաժեշտ է հասանելիություն ունենալ միջնորդական հաշվողական հարթակներ, ինչպիսիք են Amazon Web Services-ը, Microsoft Azure-ը եւ Google Cloud-ը:

Այս կախվածության պատճառով տեխնոլոգիայի զարգացման ուղղորդումը դեպի ընդհանուր բարիք ավելի հրատապ է, քան երբեւէ: Իրական հարցը ոչ թե ԱԲ-ն կարգավորելն է, այլ այն, թե ինչպես ձեւավորել շուկաներ ԱԲ-ի նորարարության համար: Ոլորտը հետագայում կարգավորելու կամ հարկելու փոխարեն մենք պետք է ստեղծենք ապակենտրոնացված նորարարական էկոհամակարգ, որը ծառայում է հանրային բարիքին:

ԱԲ գործողության գագաթնաժողովում ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Տեխնոլոգիական նորարարության պատմությունը ցույց է տալիս, թե ինչն է վտանգված: Ինչպես ես պնդում եմ իմ «Ձեռնարկատիրական պետություն» գրքում, շատ տեխնոլոգիաներ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, ի հայտ են եկել հավաքական հանրային ներդրումների արդյունքում: Ի՞նչ կլիներ Google-ն առանց Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության (DARPA) կողմից ֆինանսավորվող ինտերնետի: Ի՞նչ կլիներ Uber-ը առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ֆինանսավորվող GPS-ի: Ի՞նչ կլիներ Apple-ն առանց ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող սենսորային էկրանի տեխնոլոգիայի եւ DARPA-ի կողմից ֆինանսավորվող Siri-ի:

Ընկերությունները, որոնք շահույթ են ստացել այս պետական ներդրումներից (հաճախ՝ խուսափելով հարկերից) այժմ օգտագործում են իրենց հսկայական վարձավճարները, որպեսզի իրենց կողմը գրավեն տաղանդավոր մարդկանց հենց այն պետական հաստատություններից, որոնց շնորհիվ հաջողության հասան: Այս մակաբուծությունը լավագույնս դրսեւորվում է Իլոն Մասքի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտում» (DOGE), որը կոչ է անում կրճատել կառավարական ֆինանսավորման ծրագրերը, որոնք թույլ էին տվել Tesla-ին օգտվել 4,9 միլիարդ դոլարի պետական սուբսիդիաներից:

Եթե պետությունը կարողություններ չունենա, դժվար կլինի կարգավորել նոր տեխնոլոգիաները հանրային շահի համար: Պետությունն արդեն զրկվել է փորձագետներից, քանի որ մասնավոր հատվածում աշխատավարձերն ավելի բարձր են, իսկ մասնավոր խորհրդատուները տասնյակ տարիներ դրսից են հրավիրվել (ինչը ես եւ Ռոզի Քոլինգթոնը անվանում ենք «Մեծ խարդախություն»): Ի՞նչ է տեղի ունենում, երբ տեխնիկական գիտելիքի մեծ մասը կենտրոնանում է ընդամենը հինգ մասնավոր ընկերություններում: Սպասելու փոխարեն մենք պետք է հենց հիմա ձեռնամուխ լինենք ԱԲ-ն դինամիկ եւ հարմարվող ձեւով կարգավորելու համար, երբ ԱԲ տեխնոլոգիաների փաթեթը եւ դրամայնացման տարբեր մեխանիզմները դեռ զարգանում են:
Էրիկ Շմիդտը եւ Ջո Վանգը ԱԲ գործողության գագաթնաժողովում Էրիկ Շմիդտը եւ Ջո Վանգը ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Լոնդոնի համալսարանական քոլեջի նորարարության եւ հանրային նպատակների ինստիտուտի վերջին հետազոտական նախագծում ես ու գործընկերներս եւս մեկ անգամ ուսումնասիրեցինք թվային ֆեոդալիզմը եւ ԱԲ-ում արժեք ստեղծելու եւ արժեք ստանալու (մենք դա անվանում ենք «ալգորիթմական վարձավճարներ») միջեւ տարբերելու անհրաժեշտությանը: Մենք ցույց ենք տալիս, որ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Facebook-ը եւ Google-ը, զարգացել են՝ կենտրոնանալով «ուշադրության վարձավճարների վրա»: Քանի որ օգտատերերի փորձը շահարկվում է առավելագույն շահույթ ստանալու համար, նրանց լրատվահոսքը լի է գովազդով եւ կախվածության հանգեցնող «առաջարկվող» բովանդակությամբ, ինչը կանադացի լրագրող Քորի Դոքթորոուն գունագեղ նկարագրել է որպես «կղանքացում»:
ԱԲ գործողության գագաթնաժողովում ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Անվերջ թերթելը, անդադար ծանուցումներն ու ալգորիթմները, որոնք նախատեսված են առավելագույնի հասցնելու «ներգրավվածությունը»՝ ցուցադրելով վնասաբեր բովանդակություն եւ գրեթե ապօրինի գործողություններ, սովորական են դարձել:

ԱԲ համակարգերը կարող են զարգանալ նույն ճանապարհով եւ գերծանրաբեռնել վճար կորզելու այս ձեւը, օրինակ՝ պահանջելով վճար կարեւոր տեղեկատվության, տվյալների գաղտնիության, առցանց անվտանգության, գովազդից ազատվելու կամ որոնումներում փոքր բիզնեսը ընդգրկելու համար: Քանի որ հարթակները ներկայում թաքցնում են իրենց ալգորիթմները եւ ուշադրության բաշխման մեխանիզմները («ալգորիթմական ուշադրության վարձավճարների» աղբյուրները), ոլորտի կարգավորումը, ինչպես եւ կլիմայի փոփոխության խնդրի լուծումը, նշանակում է ստիպել թվային միջնորդներին բացահայտել, թե ինչպես են օգտագործվում իրենց ալգորիթմները: Այս տեղեկությունը հետագայում պետք է ինտեգրվի բոլոր թվային հարթակների հաշվետվության ստանդարտներում:

ԱԲ մշակողները, օրինակ՝ OpenAI-ը եւ Anthropic-ը, թաքցնում են, ի թիվս այլ բաների, իրենց վերապատրաստման տվյալների աղբյուրները, ինչ սահմանափակումներ են տեղադրել իրենց մոդելների վրա, ինչպես են իրականացնում իրենց ծառայության պայմանները, ինչ վնաս է պատճառում իրենց արտադրանքը (օրինակ՝ կախվածություն եւ անչափահասների հասանելիություն), որքանով են նրանց հարթակներն օգտագործվում նպատակային գովազդի միջոցով դիտումները դրամայնացնելու համար: Ավելին, ԱԲ-ի մեծ եւ աճող բնապահպանական ազդեցությունը եւս մեկ հրատապ մարտահրավեր է: Արհեստական բանականության խոշոր ընկերությունների արտանետումները աճել են: Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ համաշխարհային «էլեկտրաէներգիայի սպառումը տվյալների կենտրոններից, ԱԲ-ից եւ կրիպտոարժույթների հատվածից կարող է կրկնապատկվել մինչեւ 2026 թվականը»:
Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային ԱԲ գործողության գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Բարեբախտաբար, վերջին զարգացումները հուշում են, որ հնարավոր են այլընտրանքային ուղիներ: DeepSeek-ը՝ չինական ԱԲ ընկերությունը, որի պատճառով հունվարի վերջին ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերը կարճատեւ, անվերահսկելի անկում ապրեցին, ցույց տվեց, որ համեմատելի արդյունավետություն կարելի է ստանալ զգալիորեն ավելի քիչ հաշվողական հզորության եւ էներգիայի սպառման հաշվին: Արդյո՞ք ԱԲ-ի զարգացման ավելի արդյունավետ մոտեցումները կօգնեն ազատվել ամպային հաշվողական խոշոր ընկերությունների խեղդող ձեռքից, որով նրանք վերահսկում են հսկա հաշվողական ռեսուրսները:

Դեռ վաղ է ասել՝ արդյոք DeepSeek-ը կօգնի վերակառուցել շուկան, բայց այն մեզ հուշում է, որ ծրագրային ապահովման մակարդակում նորարարությունը մնում է եւ՛ իրագործելի, եւ՛ անհրաժեշտ՝ ԱԲ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության համար:

ԱԲ-ն կարող է շատ առումներով բարելավել մեր կյանքը՝ սկսած սննդի արտադրությունից մինչեւ բնական աղետներին դիմակայելը: Եվրոպական առաջնորդները՝ Մարիո Դրագին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Քրիստին Լագարդը, ԱԲ-ն կարեւոր են համարում եվրոպական արտադրողականությունը վերականգնելու համար: Բայց եթե նրանք չանդրադառնան թվային ֆեոդալիզմի բնույթին, ԱԲ մոդելի զարգացման հիմքում ընկած փող կորզելու վարքագծին եւ պետական  կարգավորման բացակայությանը, ամուր, կայուն աճի ցանկացած փորձ կբախվի նոր եւ ավելի խորը անհավասարություններին: Առաջընթացի հնարավոր ճանապարհներից մեկը «EuroStack»-ն է՝ թվային ենթակառուցվածքի անկախ նախաձեռնությունը, որը ներառում է ամպային հաշվարկներ, առաջադեմ չիպեր, ԱԲ եւ տվյալներ, որոնք կառավարվում են որպես հանրային ապրանքներ, այլ ոչ թե պատկանում են մենաշնորհային ձեռնարկություններին:

Խոսքը նորարարության եւ կարգավորման միջեւ ընտրության մասին չէ, ոչ էլ վերեւից տեխնոլոգիական զարգացումը կառավարելու մասին: Խոսքը խթանների եւ պայմանների ստեղծման մասին է, որպեսզի շուկաները ուղղորդվեն դեպի այն արդյունքները, որոնք մենք ցանկանում ենք որպես հասարակություն: Մենք պետք է անենք այնպես, որ ԱԲ-ն ապահովի հանրային արժեք, այլ ոչ թե դառնա վարձավճար կորզելու եւս մեկ գործիք: Փարիզի գագաթնաժողովը հնարավորություն է տալիս ցուցադրելու այս այլընտրանքային տեսլականը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին