Ներկայացնում ենք The New York Times-ի տվյալների կառավարման նախկին փոխնախագահ, W3C-ի (Համաշխարհային ցանցի կոնսորցիում) տնօրենների խորհրդի նախկին փոխնախագահ Ռոբին Բերժոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Ռոբին Բերժո
Մաթեմատիկոս Քեթի Օ'Նիլը մի անգամ ասել է, որ ալգորիթմը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ մեկի կարծիքը` կոդավորված: Երբ խոսում ենք Facebook-ը, X-ը, TikTok-ը, YouTube-ը կամ Google Search-ը աշխատեցնող «ալգորիթմերի» մասին, իրականում խոսում ենք դրանց սեփականատերերի ընտրության մասին, թե ինչ տեղեկատվություն մենք՝ օգտատերերս, պետք է տեսնենք: Այս դեպքում «ալգորիթմը» խմբագրական քաղաքականության գեղեցիկ անուն է: Յուրաքանչյուր մեդիա ունի տեղեկատվության ստացման, զտման եւ դասակարգման գործընթաց, որը կառուցվածքային առումով նույնական է լրատվամիջոցներում իրականացվող խմբագրական աշխատանքին, պարզապես հիմնականում ավտոմատացված է:
Այս ավտոմատացված խմբագրական գործընթացը իր անալոգային տարբերակից շատ ավելի է կենտրոնացած միլիարդատերերի եւ մենաշնորհների ձեռքում: Ավելին, այն համալրել է սոցիալական ախտերի փաստագրված ցանկը․ լայնածավալ ապատեղեկատվություն, քաղաքական բեւեռացում եւ ծայրահեղականություն, հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն եւ լրագրության ֆինանսավորման դադարեցում: Եվ ավելի վատ․ սոցիալական մեդիաների մագնատներն այժմ կրկնապատկում են ջանքերը՝ օգտվելով Դոնալդ Թրամփի օրոք առանց կանոնակարգման գործառնական միջավայրից, որպեսզի չեղարկեն բովանդակությունը կարգավորող ծրագրերը:
Բայց միայն կարգավորումը բավարար չէ, ինչպես բացահայտել է Եվրոպան: Եթե մեր ավանդական մեդիա դաշտում լինեին ընդամենը մի քանի լրատվամիջոցներ, որոնք արհամարհում են հանրային շահը, մենք առանց երկար մտածելու կօգտագործեինք ԶԼՄ-ների բազմակարծությունը խթանող բոլոր հասանելի գործիքները: Պատճառ չկա սոցիալական մեդիայում հանդուրժելու այն, ինչ չէինք հանդուրժի ավանդական լրատվամիջոցներում:
Բարեբախտաբար, երեւան են գալիս այլընտրանքներ: Bluesky-ը՝ սոցիալական մեդիայի նոր հարթակը, որը վերջերս գերազանցել է 26 միլիոն օգտատերերի թիվը, ստեղծվել է բազմակարծության համար. յուրաքանչյուրը կարող է ստեղծել տեղեկատվության հոսք՝ հիմնվելով իր ընտրած ալգորիթմի վրա, եւ յուրաքանչյուրը կարող է բաժանորդագրվել դրան: Օգտատերերի համար սա բացում է բազմաթիվ պատուհաններ դեպի աշխարհ, եւ մարդիկ կարող են նաեւ ընտրել բովանդակության վերահսկման սեփական աղբյուրները՝ իրենց նախասիրություններին համապատասխան: Bluesky-ը չի օգտագործում ձեր տվյալները, որպեսզի ձեզ ներկայացնի գովազդատուներին, իսկ եթե որոշեք, որ այլեւս չեք հավանում հարթակը, կարող եք ձեր տվյալները եւ հետեւորդներին անխափան տեղափոխել այլ հարթակ:
Bluesky-ի ներուժը այսքանով չի ավարտվում. հարթակի հիմքում բաց հաղորդակարգ է, ինչը նշանակում է, որ ցանկացած մարդ կարող է այդ տեխնոլոգիայի հիման վրա ստեղծել տվյալների իր հոսքերը կամ նույնիսկ լրիվ նոր սոցիալական հավելվածներ: Bluesky-ն այս հաղորդակարգով ստեղծել է Twitter-ի նման միկրոբլոգի հավելված, բայց նույն ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Instagram-ի կամ TikTok-ի այլընտրանքներ գործարկելու կամ միանգամայն նոր ծառայություններ ստեղծելու համար՝ առանց նոր օգտահաշիվներ բացելու:
Լուսանկարը` REUTERS
Այս նոր ձեւավորվող թվային աշխարհում, որը հայտնի է որպես «ԱՏմոսֆերա» (AT հաղորդակարգի անունով), մարդիկ սկսել են ստեղծել սոցիալական հավելվածներ ամեն ինչի համար՝ բաղադրատոմսերի փոխանակումից եւ գրախոսականներից մինչեւ երկար բլոգներ: Եվ քանի որ հոսքերի եւ գործիքների բազմազանությունը հնարավորություն է տալիս համայնքներին կամ երրորդ կողմերին համագործակցել բովանդակությունը կարգավորելու հարցում, ավելի դժվար կլինի տարածել ոտնձգություններն ու ապատեղեկատվության քարոզարշավները:
Բաց հաղորդակարգը կարելի է համեմատել հանրային ճանապարհների եւ հարակից ենթակառուցվածքների հետ: Դրանք ունեն որոշակի պարամետրեր, բայց թույլ են տալիս բազմազան, ստեղծագործական օգտագործում: Ճանապարհային ցանցը կարող է տեղափոխել բեռներ կամ զբոսաշրջիկներ, օգտագործել մեքենաներ, ավտոբուսներ կամ բեռնատարներ: Մենք կարող ենք միասին որոշել՝ արդյո՞ք ուզում ենք այն ավելի շատ հատկացնել հասարակական տրանսպորտին, եւ դրա համար անհրաժեշտ են նվազագույն ճշգրտումներ՝ հարմարեցնելու էլեկտրական մեքենաները, հեծանիվները եւ նույնիսկ դեռեւս չհայտնագործված տրանսպորտային միջոցները, երբ ճանապարհների մեծ մասն արդեն կառուցվել էր, օրինակ՝ էլեկտրական սկուտերները:
Բաց հաղորդակարգը, որը գործում է որպես հանրային ենթակառուցվածք, ունի համեմատելի հատկություններ. տեղեկությունների մեր հոսքերը կարող են ունենալ ցանկացած թվով թեմաներ եւ արտացոլել ցանկացած կարծիքներ: Մենք կարող ենք օգտվել սոցիալական մեդիա ալիքներից, որոնք մասնագիտացված են թելերով գործելու, թռչուններին դիտելու, գրքեր կարդալու կամ ընդհանուր նորությունների ոլորտում: Մենք կարող ենք որոշել, թե ինչպես մեր գրառումները կօգտագործվեն կամ չեն օգտագործվի արհեստական բանականության մոդելներին մարզելու համար, եւ կարող ենք ապահովել, որ հաղորդակարգը կառավարվի միասնական, այլ ոչ թե ինչ-որ միլիարդատերերի բռնապետական քմահաճույքով: Ոչ ոք չի ցանկանա մեքենա վարել ճանապարհով, որտեղ արագ գիծը վերապահված է Cybertrucks-ի եւ ծայրահեղ աջերի համար:
«Բաց սոցիալական մեդիան» հնարավորություն է տալիս իրականացնել համացանցի սկզբնական խոստումը. օգտատերերի գործիք, ոչ թե միլիարդատերերի վերահսկողություն: Այն նաեւ ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ է։ Շատ երկրներ այժմ բախվել են այն իրականությանը, որ իրենց կարեւոր թվային ենթակառուցվածքը՝ սոցիալական, որոնողական, առեւտուր, գովազդ, դիտարկիչներ, կառավարման համակարգեր եւ այլն, ենթարկվում են օտար, հաճախ թշնամական ընկերություններին:
Լուսանկարը` REUTERS
Բայց կորպորացիաները կարող են տիրանալ եւ շահարկման ենթարկել նույնիսկ բաց հաղորդակարգերին եւ: Հենց Bluesky-ը, անշուշտ, ստիպված կլինի դիմակայել վենչուրային կապիտալիստների ճնշման ավանդական ձեւերին: Ինչպես նշում է գլխավոր տեխնիկական տնօրեն Փոլ Ֆրեյզին, յուրաքանչյուր սոցիալական մեդիա ընկերություն իր օգտատերերի «ապագա թշնամին է», քանի որ ստիպված կլինի շահույթը գերադասել օգտատերերի բարեկեցությանը: «Ահա թե ինչու արեցինք այս ամենը․ որպեսզի այլ հավելվածներ կարողանան փոխարինել մեզ, եթե/երբ դա տեղի ունենա»:
Ենթակառուցվածքը կարելի է տրամադրել մասնավոր կերպով, սակայն պատշաճ կերպով պետք է կառավարեն միայն շահագրգիռ կողմերը՝ բաց եւ ժողովրդավարական ճանապարհով: Այդ իսկ պատճառով բոլորս պետք է կառուցենք հաստատություններ, որոնք կարող են կառավարել այս նոր, իսկապես սոցիալական թվային ենթակառուցվածքը: Ահա թե ինչու ես միացել եմ տեխնոլոգիաների եւ կառավարման այլ փորձագետներին՝ գործարկելու Atlas Project-ը․ հիմնադրամ, որի առաքելությունն է ստեղծել բաց, անկախ սոցիալական մեդիա կառավարում եւ զարգացնել նոր հավելվածների հարուստ էկոհամակարգ՝ «AT Protocol»-ի հիմքով։ Մեր նպատակն է դառնալ հակակշիռ, որը տեւականորեն կաջակցի հանրային շահերից ելնող սոցիալական լրատվամիջոցներին: Մեր մեկնարկն ուղեկցում է բաց նամակը, որը ստորագրել են Bluesky-ի հայտնի օգտատերերը, օրինակ՝ դերասան Մարք Ռաֆալոն, եւ տեխնոլոգիայի եւ գիտության հայտնի գործիչներ, ինչպիսիք են Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսը եւ Շոշանա Զուբոֆը:
Մեր թվային խնդիրներում մեջ էզոտերիկ ոչինչ չկա: Ի հակառակ տեխնոլոգիական արդյունաբերության պնդումներին, սոցիալական մեդիան զանգվածային լրատվամիջոց է եւ պետք է ունենա նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք ավանդական ԶԼՄ-ներից:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: