Արեւմուտքը հրաժարվել է սեփական արժեհամակարգից - Mediamax.am

exclusive
1195 դիտում

Արեւմուտքը հրաժարվել է սեփական արժեհամակարգից


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, Աթենքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յանիս Վարուֆակիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Յանիս Վարուֆակիս

Եվրոպայում, Գլոբալ հարավում, իսկ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո նաեւ Միացյալ Նահանգներում կենտրոնամետ փորձագետների խայտաբղետ խումբը կարծում է, որ Արեւմուտքը անկում է ապրում: Անշուշտ, Արեւմուտքում երբեւէ այդքան իշխանություն չի կենտրոնացել այդքան քիչ մարդկանց ձեռքում, բայց արդյո՞ք միայն դա նշանակում է, որ Արեւմտյան իշխանությունը դատապարտված է:

Եվրոպայում անկման պատումին հավատալու լուրջ պատճառներ կան: Ինչպես Հռոմեական կայսրությունը տեղափոխեց իր մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս, որպեսզի եւս մեկ հազարամյակով երկարաձգի իր գերիշխանությունը՝ Հռոմը թողնելով բարբարոսներին, այնպես էլ Արեւմուտքի ծանրության կենտրոնը տեղափոխվեց ԱՄՆ՝ Բրիտանիան եւ Եվրոպան թողնելով լճացման մեջ, որը նրանց դարձնում էր իներտ, հետադիմական ու գնալով ավելի անկարեւոր:

Սակայն փորձագետների մռայլ տրամադրության ավելի խորը պատճառ կա. նրանք շփոթում են Արեւմուտքի անհավատարմությունը իր իսկ արժեհամակարգին (մարդու համընդհանուր իրավունքներ, բազմազանություն եւ բացություն) Արեւմուտքի անկման հետ: Ինչպես օձը, որը փոխում է հին կաշին, Արեւմուտքը հզորանում է՝ մի կողմ նետելով արժեհամակարգը, որը թույլ տվեց պահպանել իր վերելքը 20-րդ դարում, բայց 21-րդում այլեւս չի ծառայում այդ նպատակին:

Ժողովրդավարությունը երբեք կապիտալիզմի վերելքի նախապայման չի եղել, եւ այն, ինչ այժմ պատկերացնում ենք որպես Արեւմուտքի արժեհամակարգ, նույնպես դրա նախապայման չէ: Արեւմտյան իշխանությունը կառուցվել է ոչ թե հումանիստական սկզբունքների, այլ դաժան ներքին շահագործման վրա, որին զուգորդում էր ստրկավաճառությունը, ափիոնի առեւտուրը եւ ցեղասպանությունները Ամերիկայում, Աֆրիկայում եւ Ավստրալիայում:

Արեւմտյան իշխանությունն իր վերելքի ժամանակ իրեն արտասահմանում անզուսպ էր պահում: Եվրոպան միլիոնավոր գաղութարարներ ուղարկեց՝ ժողովուրդներին հպատակեցնելու եւ բնական պաշարներ կորզելու համար: Եվրոպացիները ձեւացրին, որ իրենց տեսած բնիկները մարդ չեն, եւ նրանց հողը փափագող վերաբնակիչների համար հայտարարեցին այն terra nullius՝ երկիր առանց ժողովրդի. ցանկացած ցեղասպանության առաջին գործողությունը՝ Ամերիկայից, Աֆրիկայից եւ Ավստրալիայից մինչեւ Պաղեստին այսօր:

Լուսանկարը` REUTERS


Արտասահմանում անառարկելի արեւմտյան ուժը, սակայն, ներքին մարտահրավերների էր բախվում թշվառ ստորին խավերի կողմից, որոնք ոտքի կանգնեցին ի պատասխան տնտեսական ճգնաժամերի։ Դրանք առաջացել էին այն պատճառով, որ շատերը չէին կարողանում բավարար չափով սպառել քչերին պատկանող գործարաններում իրենց արտադրած ապրանքները: Այս հակամարտությունները վերածվեցին արդյունաբերական մասշտաբի պատերազմի շուկաների համար պայքարող արեւմտյան տերությունների միջեւ եւ երկու համաշխարհային պատերազմների հանգեցրին:

Արդյունքում Արեւմուտքի վերնախավերը ստիպված զիջումների գնացին։ Տեղային մակարդակում նրանք համաձայնվեցին հանրային կրթություն, առողջապահական համակարգ եւ կենսաթոշակներ տրամադրել: Միջազգային մակարդակում Արեւմուտքի դաժան պատերազմների եւ ցեղասպանությունների նկատմամբ վրդովմունքը հանգեցրեց ապագաղութացման, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրերի եւ միջազգային քրեական դատարանների:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի տասնամյակ Արեւմուտքը վայելում էր բաշխիչ արդարության, խառը տնտեսության, բազմազանության, օրենքի գերակայության եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ջերմությունը: Տնտեսապես այս արժեքներին հոյակապ ծառայեց կենտրոնացված, ԱՄՆ-ի կողմից նախագծված համաշխարհային դրամավարկային համակարգը, որը հայտնի է որպես Բրետոն-Վուդս, որը թույլ տվեց Ամերիկային իր ավելցուկը ուղղել Եվրոպա եւ Ճապոնիա՝ դոլարիզացնելով իր դաշնակիցներին՝ սեփական արտահանումը պահպանելու համար:

Բայց հետո՝ 1971 թվականին, Ամերիկան դարձավ դեֆիցիտային երկիր: Գերմանական ոճով ծախսերը կրճատելու փոխարեն ԱՄՆ-ը պայթեցրեց Բրետոն-Վուդսը եւ հսկայական չափերի հասցրեց իր առեւտրային դեֆիցիտը: Գերմանիան, Ճապոնիան եւ ավելի ուշ Չինաստանը դարձան զուտ արտահանողներ, որոնց դոլարային շահույթն ուղարկվեց Ուոլ Սթրիթ՝ գնելու ԱՄՆ պետական պարտքը, անշարժ գույք եւ բաժնետոմսեր այն ընկերություններում, որոնցում ԱՄՆ-ն օտարերկրացիներին թույլ տվեց ներդրումներ կատարել:

Այնուհետեւ ամերիկյան իշխող դասակարգը հայտնություն ստացավ. ինչո՞ւ արտադրել տանը, երբ օտարերկրյա կապիտալիստները կարող են թե՛ իրենց ապրանքը, թե՛ իրենց դոլարները ԱՄՆ ուղարկել: Այսպիսով նրանք արտահանեցին ամբողջ արտադրական գծերը արտասահման՝ խթանելով Ամերիկայի արտադրական կենտրոնների ապաարդյունաբերականացումը:

Ուոլ Սթրիթը այս նոր խիզախ մոտեցման կենտրոնում էր: Իր դերը կատարելու համար այն պետք է անկաշկանդ լիներ։ Սակայն զանգվածային ապակարգավորման համար անհրաժեշտ էր դրան աջակցող տնտեսագիտություն եւ քաղաքական փիլիսոփայություն: Պահանջարկը ստեղծեց առաջարկ, եւ ծնվեց նեոլիբերալիզմը։ Շատ չանցած՝ աշխարհը լցվեց ածանցյալ գործիքներով, որոնք օտարերկրյա կապիտալի ցունամիի օգնությամբ հեղեղեցին Նյու Յորքի բանկերը: Երբ ալիքը ծածկեց մեզ 2008-ին, Արեւմուտքը գրեթե խեղդվելու էր:

Խուճապի մատնված արեւմտյան առաջնորդները թույլ տվեցին 35 տրիլիոն դոլար թողարկել՝ ֆինանսիստներին ջրի տակից հանելու համար՝ միաժամանակ խնայողության ռեժիմ պարտադրելով իրենց բնակչությանը: Այս տրիլիոնների մի մասը տեխնոլոգիական ընկերություններին արեւմտյան բնակչության սրտերին ու մտքերին տիրելու համապարփակ իշխանություն պարգեւեց:

Արդյունքում ծնվեց Չքնաղ Նոր Արեւմուտքը, որի ինքնագոհ վերնախավերը չեն արժեւորում անցյալ դարի արժեքային համակարգը: Ազատ առեւտուրը, հակամենաշնորհային կանոնները, ածխածնի արտանետումների կրճատումը, ժողովրդավարությունը, միգրացիայի ընդունումը, բազմազանությունը, մարդու իրավունքներն ու Արդարադատության միջազգային դատարանը արժանացան նույն արհամարհանքին, որով ԱՄՆ-ը վերաբերվեց բարեկամ բռնապետներին՝ «իրենց սրիկաներին», երբ նրանք այլեւս պետք չէին։

Լուսանկարը` REUTERS


Երբ Եվրոպան անզոր դարձավ՝ չկարողանալով համախմբել քաղաքական իշխանությունը, մինչդեռ համախմբեց իր փողերը, իսկ զարգացող աշխարհն է՛լ ավելի խրվեց պարտքերի մեջ, Արեւմուտքի ճանապարհին մնաց միայն Չինաստանը: Զավեշտն այն է, որ Չինաստանը չի ցանկանում հեգեմոն լինել: Այն պարզապես ցանկանում է առանց արգելքի վաճառել իր ապրանքները:

Սակայն Արեւմուտքն այժմ համոզված է, որ Չինաստանը մահացու վտանգ է ներկայացնում: Ինչպես Էդիպոսի հայրը, որը մահացավ իր որդու ձեռքից, քանի որ հավատում էր մարգարեությանը, որ իր որդին կսպանի իրեն, այնպես էլ Արեւմուտքն անխոնջ դրդում է Չինաստանին լրջորեն մարտահրավեր նետել արեւմտյան ուժին, օրինակ՝ BRICS-ը վերածելով յուանի վրա հիմնված Բրետոն-Վուդսի նման համակարգի:

2024 թվականին Արեւմուտքը շարունակեց ամրապնդվել։ Բայց քանի որ նրա արժեհամակարգը նետվեց աղբանոցը, ամրապնդվեց նաեւ սեփական անկումը նախագծելու ցանկությունը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին