Ներկայացնում ենք Arabnews.com պարբերականում հրապարակված թուրք քաղաքագետ Սինեմ Ջենգիզի Turkiye’s crucial role in Armenia’s pivot to the West հոդվածի հայերեն թարգմանությունը:
Սինեմ Ջենգիզ
Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է էական փոփոխություն, որը հաճախ բնութագրվում է որպես «ապառուսականացում»։ Երևանը աստիճանաբար հեռանում է իր պատմական դաշնակից Ռուսաստանից և ավելի ու ավելի է ներգրավվում բարձր մակարդակի քննարկումների և ռազմավարական գործընկերությունների մեջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև արևմտյան հաստատությունների հետ։
Պատմականորեն Հայաստանի անվտանգությունը կապված էր Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքի հետ։ Սակայն Լեռնային Ղարաբաղի կորստի հետևանքով Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի վստահելիությունը էապես տուժեց։ Մոսկվան նաև զբաղված է Ուկրաինայում շարունակվող պատերազմով և սիրիական ռեժիմի տապալմամբ՝ երկուսն էլ առիթ
են հանդիսանում Հայաստանի ղեկավարության համար՝ իր կողմորոշումը փոխելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և քիչ հետաքրքրություն ունի Անկախ պետությունների համագործակցության նկատմամբ, որոնք երկուսն էլ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից։ Որոշ կառավարամետ քաղաքական խմբեր անգամ կոչ են արել հանրաքվե անցկացնել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Ավելին, Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մեղադրանք ներկայացնելուց հետո։
Սակայն Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն ամենանշանակալի զարգացումն էր՝ հաշվի առնելով երկրի աճող հակումը դեպի Արևմուտք։ Երկու երկրները նաև բանակցություններ կսկսեն քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, իսկ Հայաստանը պլանավորում է միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիային։ ԱՄՆ-ն 27 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանի սահմանային անվտանգության համար և 16 միլիոն դոլար՝ աջակցելու Հայաստանի համազգային պարեկային ոստիկանական ծառայության ստեղծմանը, վերապատրաստմանը և սարքավորմանը։ Հայաստանի անվտանգության մեջ արևմտյան ներդրումների ավելացումը և համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսինն էին 2023 եւ 2024թթ. ԱՄՆ հետ անցկացված Eagle Partner վարժանքները, խրախուսում են Երևանին դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից։
Լուսանկարը` REUTERS
Դեպի Արևմուտք այս ռազմավարական փոփոխությունը դիտվում է որպես Հայաստանին տնտեսական դյուրացում եւ անվտանգության զգացում առաջարկելու փորձ։ Որտե՞ղ է այս համատեքստում Թուրքիան՝ Հայաստանի արևմտյան հարևանը։
Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան դիվանագետի հետ վերջերս ունեցած զրույցի ընթացքում հարց ուղղեցի Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի դերի մասին։ Նա պատասխանեց. «Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Հայաստանը մոտենում է արևմտյան գործընկերներին և ԵՄ-ին միանալու ձգտում ունի։ ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ծառայել որպես կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Փակ սահմանը կխոչընդոտի Հայաստանի ավելի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ»։
Թուրքիայի դիրքորոշումը կարևոր է, քանի որ այն և՛ ԵՄ մաքսային միության, և՛ ՆԱՏՕ-ի անդամ է։ Այն նաև ներգրավված է ԵՄ-ին անդամակցության գործընթացում է, չնայած վերջին տարիներին այս առումով նշանակալի առաջընթաց չի գրանցվել։
Մյուս կողմից, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը փակ սահմաններ ունի իր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե Թուրքիայի հետ սահմանը, որը փակ է 1993 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, բացվի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում, սա Հայաստանին կենսական հնարավորություն կընձեռի՝ ընդլայնելու իր առևտրային ուղիները, նվազեցնելու տրանսպորտային ծախսերը, մուտք գործելու նոր շուկաներ և բարելավելու տարածաշրջանային կապերը։
Թուրքիայի միջոցով Միջերկրական ծովի շուկաներ մուտք գործելը կարող է կտրուկ նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Թուրքիան էներգետիկ հանգույց է, որը կապում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, եւ Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանի էներգետիկ ցանցերի ավելի լավ ինտեգրումից։ Հետևաբար, Թուրքիայի հետ սահմանի բացման ռազմավարական արժեքը Հայաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։
Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, եւ տնտեսական խթանները դրանում կարևոր դեր են խաղում։ Հասկանալով, որ Ռուսաստանը օգտակար չի եղել իր արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու հարցում, Երևանը այժմ շեշտադրում է ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և պրագմատիզմը որպես իր նոր առաջնահերթություններ։ Սրան հասնելու համար այն նպատակ ունի ազատվել Ռուսաստանի ազդեցությունից, պահպանել ինքնավար արտաքին քաղաքականությունը և նույնիսկ համագործակցել նախկին հակառակորդների հետ՝ իր տնտեսական շահերը խթանելու համար։ Թուրքիան լիովին համապատասխանում է այս նոր մոտեցմանը։
ԵՄ-ն և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Եթե այդ գործընթացն առաջ գնա, Թուրքիան կարող է հանդես գալ որպես կամուրջ Հայաստանի համար, չնայած Արեւմուտքի հետ հարաբերություններում առկա իր մարտահրավերներին։
Լուսանկարը` REUTERS
ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է խթանել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, քանի որ դա կարող է ճանապարհ հարթել սահմանների բացման համար և թույլ տալ Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է կանխել տարածաշրջանային և գլոբալ ուժերի՝ մասնավորապես Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ազդեցության մեծացումը այս հարևանությունում, Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք ավելի կայուն դարձնելով։
Սակայն հայկական ղեկավարությունը, հավանաբար, կբախվի նշանակալի մարտահրավերների դեպի Արևմուտք շրջադարձի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, քանի որ այս ջանքերին կհակադրվի ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ներքին որոշ ուժեր։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: