2025-ի միտումները. համառոտ ուղեցույց - Mediamax.am

474 դիտում

2025-ի միտումները. համառոտ ուղեցույց


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Тенденции – 2025: краткий путеводитель հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Պետք է չափազանց ինքնավստահ լինել՝ այսօր քաղաքական կանխատեսումներ անելու համար, նույնիսկ մեկ տարվա կտրվածքով։ Իրադարձությունների խտացումը վկայում է, որ տասներկու ամսվա ընթացքում այնքան բան կփոխվի, որքան այլ ժամանակներում՝ տարիների ընթացքում։ Փոփոխությունների արդյունքը կանխատեսելի չէ։ Չափազանց շատ են բազմակողմ ազդեցությունները՝ սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական եւ մշակութային։

Հետեւաբար, գրելով 2025 թվականի մասին, կսահմանափակվենք մարդկանց, միտումների եւ իրադարձությունների ցանկով, որոնց, հեղինակի համեստ կարծիքով, պետք է հետեւել, քանի որ դրանք շատ բան են կանխորոշում։

Դոնալդ Թրամփը/Իլոն Մասկը

Ղեկավար նոր զույգը, որը շուտով կստանձնի իր լիազորությունները, թերեւս ամենազարմանալի քաղաքական-գաղափարախոսական համադրությունն է, որ երբեւէ եղել է ԱՄՆ-ում։ Մերկանտիլիզմ, ազատատենչություն, մեկուսացման բնազդներ՝ զուգորդված ամերիկյան շահերն ամբողջ աշխարհում ուժով առաջ մղելու մտադրությամբ։ Տեխնոուտոպիզմի հետ խառնված ռեյգանյան ռեալիզմը, ձախ-ազատական ոգով մարդկային էության մասին պատկերացումների վերանայումից հրաժարվելը եւ այն ապագա տեխնոլոգիաների միջոցով փոխելու պատրաստակամություն։ Պայթյունավտանգ խառնուրդ՝ անկանխատեսելի հետեւանքներով։

Թրամփին հետաքրքրում են հակառակորդները եւ ոչ թե դաշնակիցները։ Առաջինների հետ նա ձգտում է բանակցել, իսկ երկրորդներին՝ թելադրել։ Առաջինը հազվադեպ է հաջողվում, քանի որ գործարքների մասին նրա պատկերացումը չափազանց պարզունակ է, երկրորդը հաճախ է հաջողվում, քանի որ դաշնակիցները լիովին մոռացել են, թե ինչպես հակադրվել «մեծ եղբորը», անկախ վերջինիս գործողություններից։

Թրամփը սիրում է ուժը, բայց ոչ պատերազմը, իսկ բիզնեսը հասկանում է միակողմանի՝ որպես օգուտ իր/Ամերիկայի համար։

Լուսանկարը` REUTERS


Մասկը հաճույքով ծաղրում է այլ երկրների առաջնորդներին, հատկապես նրանց, ովքեր գտնվում են ամերիկյան ուղեծրում։ Անձնական հսկայական հարստությունը, յուրահատուկ ֆուտուրիստական աշխարհայացքը եւ ճիշտ քաղաքական հիմնահոսքում հայտնվելու զգացողությունը Մասկի մոտ ստեղծում են տիեզերքի տիրակալ լինելու պատրանք։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման տրամադրությունները կարող են կործանել անգամ ամենափայլուն գործիչներին։ Ճիշտ է, Մասկը բացառիկ է։ Հետաքրքիր կլինի դիտարկել ժամանակակից աշխարհի բեկումը նրա անձի պրիզմայով։

Երկու նարցիսների՝ Թրամփի եւ Մասկի բախումն անխուսափելի է թվում։ Բայց  կտեսնենք։

Անդրատլանտյան հարաբերությունները

Եվրոպայում ընդհանուր միտումը սոցիալ-քաղաքական դաշտի մասնատվածությունն է, կուսակցական համակարգերի անկայունությունը, որտեղ չկան կայուն գերիշխողներ։ Դա յուրահատուկ ազդեցություն է թողնում իրականացվող քաղաքականության վրա. վերանում է նույնիսկ միջնաժամկետ պլանավորման հնարավորությունը, մնում է միայն ընթացիկ խնդիրների լուծումը։ Խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան նյութի որակն է, այլ այն, որ տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են նախկին մոտեցումների լուրջ վերանայում, իսկ դրան ոչ ոք պատրաստ չէ։

Գործնականում դա նշանակում է, որ եվրոպական պետությունների քաղաքականությունը հակասական է լինելու։ Մի կողմից՝ իրավիճակային՝ արձագանքող անընդհատ փոփոխվող կոնյունկտուրային, մյուս կողմից՝ դոգմատիկ, որը փորձում է կառչել ծանոթ գաղափարների գործիքակազմից։ Նոր գործոնը Եվրոպայի ներքին գործերին ԱՄՆ-ի՝ նախկինից էլ ավելի անպարկեշտ միջամտելու պատրաստակամությունն է։ Իլոն Մասկը դա անում է առանց ամաչելու, իսկ հետեւանքները կարող են նկատելի լինել։

Սիրիա եւ Իրան/Իսրայել

Սիրիայում իրավիճակը հիմա զարգանում է ոչ ստանդարտ սցենարով։ Արմատական իսլամիստների իշխանության գալը ուղեկցվում է սեփական «նորմալությունը» ցուցադրելու նրանց փորձերով, ինչպես նաեւ արտաքին աշխարհի ցանկությամբ՝ ձեւացնել, թե վստահում է դրան։

Լուսանկարը` REUTERS


Թվում է, Սիրիան դառնում է եւս մեկ փորձադաշտ՝ այս անգամ տարածաշրջանային շահերի հավասարակշռություն հաստատելու համար հենց ծայրահեղական համարվող ուժերի «նորմալացման» միջոցով։

Փորձի հաջողությունը երաշխավորված չէ։

Լարվածության հիմնական գիծը Իսրայել-Իրանն է։ Անցած տարվա ընթացքում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվել է. Իրանի գործընկերներն ու դաշնակիցները տարածաշրջանում ճակատագրորեն թուլացել են կամ անհետացել, իսկ Իսրայելը, ընդհակառակը, զգում է, որ կարող է վերակառուցել ամեն ինչ՝ իր կարիքներին համապատասխան։ Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Իսրայելը կորոշի հարվածել իրանական միջուկային օբյեկտներին՝ ԱՄՆ-ի անմիջական կամ լուռ հավանությամբ։ Մյուս կողմից, արդյո՞ք Իրանը կարագացնի միջուկային զենքի մշակումը՝ կորցնելով սովորական գործիքներից մի քանիսը։

BRICS համայնքը

Անցյալ տարին շրջադարձային էր BRICS-ի պատմության մեջ։ Ռուսական նախագահությունը մեծ ջանքեր էր գործադրել համայնքը նոր մակարդակի հասցնելու համար։ Բոլորն ընդունեցին, որ Կազանի գագաթնաժողովը բարձր նշաձող է սահմանել։ Այժմ նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ հանդիպումը կկայանա հուլիսի սկզբին։ Բրազիլիայի համար BRICS-ը նույն առաջնահերթություն չէ, ինչ Ռուսաստանի համար։ Արդյոք հնարավոր կլինի՞ պահպանել ձեռք բերված թափը՝ բաց հարց է։

Լուսանկարը` REUTERS


Մինչդեռ, հենց հիմա է, որ անցանկալի է BRICS-ի հավաքած տեմպի նվազումը, քանի որ այս պահը շատ առումներով որոշիչ է այս խմբի պետությունների ապագայի համար։

Պատժիչ տնտեսությունը

Թրամփի վերադարձով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առանց այդ էլ հագեցած պատժամիջոցային օրակարգը նոր չափումներ է ստանում։ Ամերիկյան հաջորդ վարչակազմը խիստ հակված է ցանկացած պատճառով օգտագործել տնտեսական ճնշման գործիքները։ Եթե նախորդ թիմը հենվում էր քաղաքական դրդապատճառների վրա, ապա նրա հաջորդները պարզապես ցանկանում են փոխել առեւտրային պայմանները իրենց օգտին։ Երկրորդ դրդապատճառի գերակայությունը չի նշանակում առաջինից հրաժարում, ուստի պետք է ակնկալել տնտեսական միջոցառումների ինտենսիվության աճ եւ թիրախային երկրների շրջանակի ընդլայնում։

Համաշխարհային իրավիճակի փոփոխությունների ընդհանուր ուղղությունը

2025 թվականը կամրացնի միջազգային կառույցների ազդեցության նվազման միտումը։ Կոնկրետ խաղացողների ընթացիկ շահերով թելադրված իրավիճակային որոշումների թիվը կշարունակի աճել։ Պարտադիր չէ, որ դա հանգեցնի համընդհանուր քաոսի, բայց հարաբերություններում կարգավորվածության աստիճանը կնվազի, հատկապես համաշխարհային մակարդակում։

Այնուամենայնիվ, հարեւանների եւ տարածաշրջանների միջեւ հարաբերությունների կարեւորությունը մեծանալու է։

Ռուսաստանի հեռանկարները

Ռուսաստանի առաջնահերթությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջող ավարտն է, եւ Մոսկվայի միջազգային գործունեությունը զգալի չափով ենթարկվում է դրան։ Պետության սոցիալ-տնտեսական կայունության ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն է։ Միջազգային հարաբերությունների աճող բարդության պայմաններում սա պահանջում է հստակ ընտրություն, թե որտեղ կենտրոնացնել ջանքերը։ Տարածաշրջանային ուղղությունը (մեր դեպքում՝ տարածաշրջանը Եվրասիան է՝ հարևան երկրները) տեսանելի ապագայում շարունակելու է մնալ շատ ավելի կարևոր՝ մյուս բոլոր ուղղությունների համեմատ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին